Նոյեմբեր 13, 2017 19:14 Asia/Yerevan
  • Գեղարվեստական հաղորդում (87)

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդման նախարարության գեղարվեստական հարցերով տեղակալն ասել է. «Լորիս Ճգնավորյանի բոլոր ստեղծագործությունները Երաժշտության թանգարանին նվիրվելն Իրանում երաժշտության նոտաների բանկի ստեղծման նախաքայլն է համարվում»:

Ալի Մորադխանին երեքշաբթի երեկոյան Լորիս Ճգնավորյանի ստեղծագործությունները Երաժշտության թանգարանին նվիրվելու հանդիսության ընթացքում նշել է. «Այս թանգարանին վստահվող բոլոր ստեղծագործությունների հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են նվիրաբերող արվեստագետին»:

«Ստեղծագործությունների մեկտեղման նպատակն է բանասերների ու ուսանողների համար արժեքավոր ու հարուստ աղբյուր ստեղծել և եթե այդ ստեղծագործությունները որևէ տնտեսական շահ ապահովեն, դա պատկանելու է ստեղծագործության հեղինակին»,-հայտարարել է Մորադխանին:

Մորադխանին նշել է, որ Լորիս Ճգնավորյանն Իրանի մեծահամբավ  գործիչներից է: «Մենք արժևորելու ենք ձեր ստեղծագործությունները և դրանց պահպանման համար ապահով պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի բոլորը կարողանան դրանցից օգտվել». ասել է նա:

Հանդիսության ժամանակ Լորիս Ճգնավորյանն ասել է. «Իրանի  ողջ ժողովուրդն իր բաժինն ունի իմ ստեղծագործություններում, քանի որ արվեստը միայն արվեստագետին չի պատկանում, այլ Աստծո կողմից տրված շնորհ է»:

Ջոնդի Շափուր համալսարանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մեծարման ցուցակում

 

Իրանի պատմական Ջոնդի Շափուր համալսարանը (University of Gundi-Shapur) ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մեծարման ցուցակում:

Այս մասին հայտնել է Ջոնդի Շափուրի միջազգային խորհրդաժողովի քարտուղար Մոհամմադ Ռեզա Ասարին, որը տեղեկացրել է, թե Ջոնդի Շափուրի համալսարանի հիմնադրման 1750-ամեակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մեծարման ցուցակում ներառելու մասին համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նոյեմբերի 3-ին, Փարիզում կայացած կազմակերպության տարեկան համագումարի ընթացքում:

«Սա երկրի գիտա-քաղաքակրթական խոշորագույն ձեռքբերումներից մեկն է, քանզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթուղթը Ջոնդի Շափուրը պաշտոնապես ճանաչում է որպես աշխարհի առաջին համալսարանն ու գիտական կենտրոնը»,- ասել է  Մոհամմադ Ռեզա Ասարին:

Նշենք, որ Ջոնդի Շափուրի համալսարանը հիմնադրվել է 1750 տարի առաջ Սասանյան Շապուհ Ա. Արքայի հրամանով՝ նույնանուն քաղաքում: Այն մարդկությանը հայտնի առաջին գիտական կենտրոնն է, որտեղ դասավանդվել են բժշկություն, փիլիսոփայություն եւ աստղագիտություն:

Ջոնդի Շափուր քաղաքի եւ համալսարանի ավերակները գտնվում են Դեզֆուլ քաղաքից 12 կմ. հեռավորության վրա:

 

«Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակում նոյեմբերի 15-ին Մոսկվայի պատկերասրահում բացվելու է Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը:  Ցուցադրվելու է շուրջ 30 գեղանկար աշխատանք, որոնք հիմնականում արված են 1910-ական թվականներին, երբ արվեստագետն արդեն ձեռք էր բերել մեծ վարպետություն, մեծ ճանաչում ուներ:

Ներկայացվելու են աշխատանքներ, որոնք վարպետն արել է Մերձավոր Արևելքի երկրներ ճանապարհորդության ժամանակ և դրանց մասին հիշողությունների մոտիվներով:

Ցուցահանդեսում ընդգրկվել են կտավներ  Հայաստանի Ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2018 թ. հունվարի 14-ը:

 

Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի առիթով Sotheby's աճուրդային տունը նոյեմբերին կազմակերպելու է «Խորհրդային միության արվեստը» վաճառք: Ինտերֆաքսի հաղորդմամբ, աճուրդում ներկայացվելու է ավելի քան 300 լոտ:

«Մենք նախկինում էլ վաճառել ենք խորհրդային արվեստի գործեր, բայց այս տարի՝ Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի առիթով, առաջին անգամ որոշել ենք կազմակերպել առանձին վաճառք նոյեմբերի 28-ին: Սա հետաքրքիր է ոչ միայն  քաղաքական, այլ նաև գեղարվեստական տեսանկյունից՝ տեսնել, թե ինչպես է փոխվել իրավիճակը: Վաճառքում ներկայացվելու է 323 ցուցանմուշ»,-  հայտնել են աճուրդային տնից: 

Աճուրդային տան ներկայաուցչի խոսքով, արվեստի խորհրդային շուկան գրավում է ոչ միայն ռուս, այլ նաև հավաքում է կոլեկցիոներների աշխարհի տարբեր երկրից:

Հաղորդվում է, որ Լոնդոնում նոյեմբերի 28-ին Sotheby's-ը կազմակերպվելու է նաև «Ռուսական գեղանկարչություն», «Ռուսական դեկորատիվ-կիրառական արվեստ» աճուրդներ: Առաջինը նվիրված է ռուսական արվեստին, ներկայացվելու է 166 լոտ:

Նոյեբերի 1-2-ին Մոսկվայում  կազմակերպվել է լոտերի նախաաճուրդային ցուցադրություն, ներկայացվել է 35 աշխատանք ռուսական գեղանկարչության և «Խորհրդային միության արվեստը» նոյեմբերյան աճուրդներից: Ցուցադրվել են Հովհաննես Այվազովսկու, Կոնստանտին Սոմովի, Լև Բակստի, Ալեքսանդր Էկստերի և այլ վարպետների աշխատանքներ:

 

Հայոց պատմության մի ողջ ժամանակաշրջան կներկայացվի համաշխարհային հեղինակավոր մշակութային կենտրոններից մեկում` Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում: 4-17-րդ դարերի հայ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող բացառիկ ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2018թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով ԱՄՆ «Ասպարեզ» օրաթերթին, հայտնում է, որ ցուցահանդեսի մասին մանրամասներ է ներկայացրել «Մետրոպոլիտեն»-ի Միջնադարյան արվեստի և վանքերի վարչության Բյուզանդական բաժնի համակարգող Հելեն Էվանսը:

«Ցուցահանդեսում կներկայացվի վաղ միջնադարից մինչև 17-րդ դար հայոց պատմությունն ու մշակույթը`  քրիստոնեության ընդունելության, Մեսրոպ Մաշտոցի կողմից Հայ գրերի ստեղծման ու դրա ազդեցության, Կիլիկիայի Հայոց թագավորության տարիների մասին ցուցանմուշներ,  տարբեր դարերի ձեռագրեր, հայերեն առաջին տպագիր գրքեր»,- տեղեկացրել է Հելեն Էվանսը:

Ցուցադրությունը հիմնականում կազմված կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի, Մատենադարանի և Պատմության թանգարանի նմուշներից, նաև կներառվեն Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Մխիթարյան միաբանությունում պահվող հայ միջնադարյան մշակույթի որոշ գանձերից, նմուշներ կտրամադրեն «Գյուլբենկյան» հիմնարկությունը և որոշ ոչ հայկական աղբյուրներ:

Հելեն Էվանսը նշել է, որ բացառիկ առիթ է ընձեռվել աշխարհի հնամենի մշակույթներից մեկը կրող ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը ժամանակակից ձևով ներկայացնելու:

 

Ստամբուլում հրատարակվել է արևմտահայ հայտնի գրող Հակոբ Մնձուրիի «Ստամբուլյան հուշեր» գրքի թուրքերեն թարգմանությունը: Տեղեկացնում է Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչության պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին: Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր:

Մնձուրիի՝ «Ստամբուլյան հուշեր» գիրքը ներառում է հայ գրողի՝ 1897-1940 թվականների հուշերը, որոնք ներկայացնում են Օսմանյան կայսրության փլուզման, Թուրքիայի հանրապետության հիմնադրման ու դրան հետևած բեկումնային շրջանների մասին պատմող մարդկային պատմությունները՝ համեմված տեղական կոլորիտով: Մնձուրին պատմում է վաղուց պատմություն դարձած Կ.Պոլիսի, Բեշիքթաշի, Հիսարի հացթուխների, հայ, հույն, թուրք, ալբանացի, մակեդոնացի արհեստավորների կյանքի մասին:

Մնձուրիի այս գործը առաջին անգամ հրատարակվել է 1993 թվականին:

1866 թվականին Էրզրումում ծնված Հակոբ Մնձուրին մահացել է 1978 թվականին Ստամբուլում: Նրա առաջին պատմվածքը՝ «Հարս ու կեսուր»-ը լույս է տեսել 1906 թվականին:

Քևին Սփեյսի

 

«Քարտերի տնակ» հեռուստասերիալի նկարահանող խմբի ութը աշխատակից դերասան Քևին Սփեյսիին մեղադրել է սեռական ոնտձգությունների համար, հայտնում է CNN-ը:

Աշխատակիցներից մեկը հայտնել է CNN-ին, որ Սփեյսին սեռական ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ հեռուստասերիալի առաջին եթերաշրջաններից մեկի ժամանակ, երբ նա ավտոմեքենայով դերասանին բերելիս է եղել նկարահանման տաղավար:

Աշխատակիցների խոսքերով՝ Սփեյսին իր գործողություններով, որոնք հիմնականում կապվածեն եղել ոչ պատշաճ հպումների և սեռական բնույթի մեկնաբանությունների հետ, նկարահանումնան աշխատանքներում ներգրավված երիտասարդ տղաների համար «թունավոր միջավայր» էր ստեղծել:

Սփեյսիի ոտնձգությունների զոհ դարձած աշխատակիցների անունները չեն նշվում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քևին Սփեյսին որոշել է բուժում անցնել նրա շուրջ բռնկված սկանդալի ֆոնին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Էմմի» հեռուստամրցանակաբաշխությունը հրաժարվել է մրցանակ հանձնել Քևին Սփեյսիին: Դերասանը պետք է նոյեմբերին Հեռուստատեսային միջազգային ակադեմիայի կողմից «Էմմի» պատվո մրցանակ ստանար:

Ամերիկյան Netflix մեդիաընկերությունն իր հերթին հայտարարել է դերասան Քևին Սփեյսիի շուրջ ծագած սկանդալից հետո «Քարտերի տնակ» (House of Cards) հեռուստասերիալն այլևս չցուցադրելու որոշման մասին:

Հիշեցնենք, որ դերասան Էնթոնի Ռեփը Սփեյսիին հրապարակավ մեղադրել էր 1986թ. իր դեմ սեռական ոտնձգություններ կատարելու համար: Հայտնի է, որ Սփեյսին այդ ժամանակ եղել է 25, իսկ տուժողը՝ 14 տարեկան: Դրան ի պատասխան հոլիվուդյան դերասանը հայտարարել է, որ թեև չի հիշում այդ միջադեպը, սակայն ներողություն է խնդրում դրա համար, ինչպես նաև խոստովանել է, որ ինքը միասեռական է:

Ֆրեդերիկ Շոպեն

 

Գիտնականներն ուսումնասիրել են լեհ մեծ կոմպոզիտոր և դաշնակահար Ֆրեդերիկ Շոպենի՝ կոնյակի լուծույթի մեջ պահվող սիրտը, ինչի արդյունքում պարզել են նրա մահվան իրական պատճառը:

Ինչպես նշում է The Guardian-ը, Շոպենը մահու չափ վախեցել է, որ իրեն կարող են ողջ թաղել, ուստի՝ մահամերձ ժամանակ խնդրել է քույրերից մեկին՝ Լյուդվիգային, որպեսզի, իրեն սկզբում դիահերձեն, հետո նոր հուղարկավորեն:

Երեսունիննամյա կոմպոզիտորի մահից հետո նրան դիահերձել են, մինչդեռ նրա սիրտը հեռացվել է ու տեղափոխվել Լեհաստան՝ Վրաշավայի Սուրբ խաչ եկեղեցի:

Այժմ գիտնականներն ուսումնասիրել են սիրտը ու պարզել, որ Շոպենը մահացել է ոչ թե տուբերկուլյոզից, այլ դրա հետևանքով առաջացած պերիկարդիտից (սրտակրանքի բորբոքում՝ սրտի արտաքին թաղանթի, հիմնականում ընդերային թերթիկի, բորբոքում):

Շոպենը մահացել է 1849թ. հոկտեմբերին՝ Փարիզում, որտեղ էլ հուղարկավորվել է Մարսել Պրուստի, Օսկար Ուայլդի ու Ջիմ Մորիսոնի հետ նույն գերազմանատանը: