Դեկտեմբեր 07, 2017 00:59 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» հայ-իրանական համատեղ արտադրության ֆիլմը, որի պրոդյուսերն է Թաղի Ալի Ղոլիզադեն, հատուկ էկրանավորմամբ ցուցադրվեց Թեհրանի «Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոնի «Աբբաս Քիառուսթամի» դահլիճում:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոն հիմնադրամի համատեղ աջակցությամբ և ներկայացվել է «Օսկար» կինոփառատոնի արտասահմանյան ֆիլմերի անվանակարգում:

«ևա» ֆիլմը դրամա է և ներկայացնում է մի կնոջ՝ Եվային, ով ցանկանում է հեռու մնալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած ծանր պատմությունից՝ կապված ամուսնու սպանության հետ: Նա դստեր հետ հեռանում է Երևանից, վերադառնալով իր ակունքներին և հաստատվում իր ծանոթ բարեկամների մոտ: Սակայն, անցյալից խոյս տալը չի հաջողվում նրան:

Ֆիլմը ներկայացնում է համամարդկային աղետ՝ հետպատերազմյան արհավիրքները, թե ինչպես պատերազմից հետո առօրյա կյանքով զբաղվող խաղաղ բնակչությունը զոհ է դառնում պատերազմի հետևանքներին: Կինոնկարի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակն է Անահիտ Աբադը, օպերատորը՝ Հասան Քարիմին, կոմպոզիտորը Վահան Արծրունին, իսկ պրոդյուսերը Թաղի Ալի Ղոլիզադեն:

Ֆիլմը ցայսօր ցուցադրվել է Հայաստանում և այսօր արդեն Թեհրանում հատուկ էկրանավորմամբ, այն ցուցադրվեց հինգշաբթի նոյեմբերի 23-ին, հատուկ հրավիրյալների համար, որին ներկա էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը և առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարյանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, մայեստրօ Լորիս Ճգնաւորյանը և հրավիրյալներ: Այս բաժնում ներկաներին խոսք ուղղեցին «Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Ալի Ռեզա Թաբեշը և ռեժիսոր Անահիտ Աբադը:

Երևանում  աճուրդի կհանվեն հայ հանճարեղ նկարիչների ճանաչված գործեր։

 

Երևանում առաջին անգամ կենդանի աճուրդի կհանվեն հայ հանճարեղ նկարիչների ճանաչված գործերը։ 80-200 հազար դոլար` մեկ նկարի դիմաց։ Ովքե՞ր են վաճառում, և ովքե՞ր են պատրաստ գնել հայ նկարիչների գործերը։ Աճուրդի կազմակերպիչները որոշ մանրամասներ են ներկայացրել։

Մինասի «Հիսուսի իջեցումը խաչից» նկարը աճուրդի կհանվի 200 000 դոլար նախնական արժեքով։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեցին «Հայ կոլեկցիոներների ակումբի» ներկայացուցիչները։

Ակումբի նախաձեռնած աճուրդը կկայանա դեկտեմբերի 2-ին, և առայժմ հայտնի չէ` Մինասի նկարի համար նման գին վճարող արվեստասեր կգտնվի, թե ոչ, բայց պարզ է, որ այս արժեքն արդեն վկայում է` Մինասն արդեն բարձր գնահատվող հեղինակների շարքում է։

Աճուրդի ներկայացված նկարների թվում, Մինասից բացի, Հովհաննես Այվազովսկու, Երվանդ Քոչարի և Արշիլ Գորկու գործերն են, որոնց արժեքները տատանվում են 80-100 հազար դոլարի սահմաններում։

Թե ովքեր են նկարների ներկայիս տերերը և ինչու են որոշել վաճառել դրանք, աճուրդի կազմակերպիչները չեն բացահայտում` նշելով, որ նրանք ցանկացել են գաղտնի մնալ։ Հայտնի է միայն, որ նկարների գերակշիռ մասը հայ արվեստասերների մասնավոր հավաքածուներից են, բացառությամբ Մինասի վերոհիշյալ նկարից, որն աճուրդի կազմակերպիչներին են տրամադրել նրա ժառանգորդները։

Վաճառողներից բացի գաղտնի է պահվում նաև գնորդների ով լինելը։ «Ոչ գնորդը գիտի` ումից է գնել, ոչ էլ կոլեկցիոները գիտի, թե ում է վաճառել ։ Դա հենց աճուրդի աշխատանքն է` միջնորդ հանդիսանալ և չհրապարակել այդ տեղեկատվություն»,- ասաց աճուրդի տան գլխավոր տնօրեն Աննա Գրիգորյանը։

Այդուհանդերձ, աճուրդի կազմակերպիչները չեն թաքցնում, որ հայ նկարիչների գործերով այսօր առավելապես հետաքրքրվում են հայ կոլեկցիոներները։ Բայց իրենց նպատակն է դրանք ճանաչելի դարձնել նաև աշխարհին, ինչին, իրենց համոզմամբ, մեծապես կնպաստի նաև կենդանի աճուրդին զուգահեռ կազմակերպվող առցանց վաճառքը։

Աճուրդի կազմակերպիչները նշեցին, որ նկարների Հայաստանից դուրս գալն իրենց չի անհանգստացնում։ Հակառակը` երկրից դուրս գալով դրանք կդառնան ոչ միայն հայ, այլև համաշխարհային արվեստի արժեքներ։

Ինչ վերաբերում է Հայաստանյան թանգարաններում ներկայացվելուն, մեր թանգարաններն այսօր դրանք գնելու հնարավորություն չունեն, բայց կազմակերպիչները չեն բացառում, որ որևէ բարերար այն ձեռք բերելուց հետո կնվիրաբերի թանգարանին։

Դեկտեմբերի 2-ին նախանշված աճուրդում վաճառքի է հանվելու հայ նկարիչների տասնյակ գործերից բաղկացած ընտրանին՝ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Երվանդ Քոչարի, Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունները։

 

Մարսելի Լը Սեզար կինոսրահում նախօրեին կայացել է Շառլ Ազնավուրի անվան ամենամյա գրական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայազգի աշխարհահռչակ շանսոնյեի նախաձեռնությամբ և նրա բարձր հովանու ներքո անցկացվող մրցանակաբաշխության հիմքում դրված է մշակութային և մարդասիրական արժեքների գնահատումը և յուրաքանչյուր տարի Շառլ Ազնավուրի անվան մրցանակը շնորհվում է որևէ գրական ստեղծագործության հեղինակի: 2017 թվականի մրցանակին արժանացել է ֆրանսիացի գրող Նիկոլա Պանյոլը` «Մարսել Պանյոլ, 1895-1974թթ. մի կյանքի ալբոմ» գրքի համար:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ միասին ներկա է գտնվել ամենամյա գրական մրցանակի հանձնման արարողությանը։

Մինչ գրական մրցանակի հանձնումը, տեսաուղերձով ներկաներին ողջունել է Շառլ Ազնավուրը, ով առիթն օգտագործելով նաև շնորհավորել է Երևանի և Մարսելի քաղաքապետերին՝ երկու քաղաքների համագործակցության և բարեկամության 25-ամյակի առթիվ:

 

Տարբեր երկրների քանդակագործներն ու արվեստագետները 10-15 նոր աշխատանքներ են ստեղծելու, որոնք հետագայում անորոշ ժամկետով կփոխանցեն պետական հաստատություններին։ Այս մասին ասաց Հայաստանի Քանդակագործության Ազգային թանգարանի տնօրեն, «Գյումրու մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» կազմակերպության նախագահ Արթուր Գևորգյանը։

Վարպետները Գյումրիում կհավաքվեն «Վերելք» երիտասարդական ծրագրի կազմակերպած քանդակագործության Երրորդ սիմպոզիումի շրջանակում։ Նոյեմբերի 23-30-ը անցկացվող միջոցառմանը կմասնակցեն արվեստագետներ և արվեստի գործիչներ Հայաստանից, Մոլդովայից, Բելառուսից, Ղրղըզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Ղազախստանից։

«Մենք տալիս ենք թեման, և քանդակագործները սկսում են աշխատել ու կերտել։ Այս անգամ սահմանափակումներ չեն լինելու, բայց հեղինակները ստեղծագործելու են «վերածնունդ» թեմայի շրջանակում», — ասաց Գևորգյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում։

Նրա խոսքով` այս տարի քանդակները կերտելու են կավից, գիպսից և ձեռքի տակ եղած միջոցներից։

Քանդակագործը նշեց, որ մասնակիցները կփորձեն գտնել մի շարք հարցերի պատասխաններ. ի՞նչ է տեղի ունեցել ԽՍՀՄ փլուզումից հետո, օրինակ, գեղարվեստի հետ։ Ինչպե՞ս են բոլոր երկրները պայքարել մարտահրավերների հետ, և որքա՞ն է զարգացել մշակույթը։

Սիմպոզիումը, նրա խոսքով, կմիավորի մշակույթի ոլորտի ձեռքբերումները և այն ազգերի խնդիրները, որոնք գոյություն ունեն և զարգանում էին միևնույն միջավայրում։ Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր երկրում, ինչպես նշեց Գևորգյանը, պետք է հնարավորինս շատ քանդակներ լինեն, որոնք կարևոր դեր են կատարում աճող սերնդի դաստիարակման գործընթացում։

«Գյումրու մշակութային էքսպերիմենտալ կենտրոնը» գործում է 2013 թվականից և միջազգային սիմպոզիումներ է անցկացնում քանդակագործության վերաբերյալ։ Արդյունքում Գյումրիում երկու թեմատիկ պարկեր են ստեղծվել։ Բացի այդ, շուտով կկառուցվի Քանդակագործության Ազգային թանգարանի հիմնական մասը։

Ծրագրի իրականացմանը մասնակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Գյումրու քաղաքապետարանը, ինչպես նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան։

«Սիրահարները»

 

Հանրահայտ նկարիչ Մարկ Շագալի կտավը, որը շուրջ 90 տարի պատկանել է մեկ ընտանիքի, վաճառվել է նկարչի աշխատանքների համար ռեկորդային գնով՝ 28.5 միլիոն դոլարով:

Ինչպես նշում է Euromag-ը, Շագալը «Սիրահարները» անվանումով կտավը նկարել է իր կյանքի թերևս ամեներջանիկ փուլերից մեկում: Արդյունքում կտավը դարձել է Բելլա Ռոզոնֆելդի և Փարիզի հանդեպ սիրո յուրահատուկ խոստովանություն:

Կտավը վաճառվել է Նյու Յորքում՝ Sotheby's-ի կողմից կազմակերպված աճուրդի ժամանակ: Աճուրդը տևել է մոտ 10 րոպե, և կտավի համար պայքարել է երեք գնորդ:

Հետաքրքրական է, որ նախքան աճուրդը ոլորտի փորձագետները կանխատեսում էին, որ կտավը կվաճառվի 12-18 միլիոն դոլարով:

 Քան կինոփառատոնի «Սիրահարները»

 

Հեղինակավոր Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները մտադիր են մի շարք նորամուծություններ անել ու հաջորդ տարվանից վերջ տալ գլխավոր մրցանակը՝ «Արմավենու ոսկյա ճյուղը» կիրակի օրը հանձնելու՝ տասնամյակների պատմություն ունեցող ավանդույթին: Ըստ այդմ՝ գլխավոր մրցանակն այսուհետ կշնորհվի շաբաթ օրը:

Այս մասին հայտնել է կինոփառատոնի նախագահ Պիեռ Լոսկուռը:

«Կինոփառատոնի պատմության մեջ նոր փուլ է սկսվում»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ փոփոխությունը թարմ շունչ կհաղորդի նշանակալի  մշակությաին միջոցառմանը:

Հայտնի է, որ Կաննի 71-րդ կինոփառատոնը մեկնարկելու է մայիսի 8-ին՝ երեքշաբթի, ինչը ևս նորարարություն է, քանի որ այն ավանդաբար մեկնարկում էր չորեքշաբթի:

Միքելանջելոյի հանրահայտ «Դավիթ»-ը

 

Միքելանջելոյի հանրահայտ «Դավիթ» մարմարե արձանի պատկերն այսուհետ արգելվում է կոմերցիոն նպատակներով օգտագործել Իտալիայի և Եվրոպայի ողջ տարածքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այդպիսի որոշում է ընդունել Ֆլորենցիայի տրիբունալը՝ պետական փաստաբանական գրասենյակի Visit Today ընկերության դեմ հայցի վերանայման արդյունքում: Վերջինս բարձր գներով վաճառել է  Ֆլորենցիայի Նրբագեղ արվեստների ակադեմիայի պատկերասրահի տոմսերը, որտեղ պահվում է Վերածննդի նկարչի ու քանդակագործի գլուխգործոցը՝ առանց համապատասխան թույլտվության օգտագործելով արձանի պատկերը գովազդային վահանակների և այլնի վրա:

Բացի այդ, ընկերությանն ստիպել են առգրավել «Դավիթի» պատկերով  տպագրական և այլ բնույթի ողջ աարտադրանքը, ինչպես նաև կայքից հանել նրա պատկերը: Ցանկացած շեղում և խախտում կտուգանվի օրը 2 հազար դոլարի չափով: 

Դատարանը ճանաչել է հեղինակային իրավունքների ու  արվեստի ազգային մշակութային ժառանգություն ներկայացնող ստեղծագործության պատկերի տնօրինման իրավունքների խախտում: 
Ակադեմիայի ղեկավարությունը դատական որոշումը պատմական է համարել:

Բիլ Գեյթս

 

Microisoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Լեոնարդո դա Վինչիի XVI դարի սկիզբի ձեռագիրը, որը հայտնի է որպես Լեսթերյան օրենսգիրք, կփոխանցի ֆլորենցիայում գտնվող Ուֆիցի պատկերասրահին, հաղորդում է El Periodico-ն՝ վկայակոչելով Ֆլորենցիայի թանգարանի տնօրեն Էյքե Շմիդտին:

Լեսթերյան օրենսգիրքը թանգարանում կցուցադրվի Լեոնարդո դա Վինչիի ծննդյան 500-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակներում: Այն կբացվի 2018-ի հոկտեմբերին և կտևի մինչև 2019-ի հունվար:

Լեոնարդո դա Վինչիի Լեսթերյան օրենսգիրքը 72 էջանոց աշխատություն է, որը ներկայացնում է Ֆլորենցիայում 1506-ից մինչև 1508 թվականի ընթացքում հեղինակի արված դիտարկումներն ու մտորումները: 1510-ին այն լրացվել է Միլանում գրված էջերով:

Տետրում կան նաև մեծ թվով մաթեմատիկական և ճարտարագիտական հաշվարկներ, դիագրամներ, նկարազարդումներ և նկարներ: