Գեղարվեստական հաղորդում (91)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
ԻԻՀ ջանքերի շնորհիվ, իրանական Նովռուզը գրանցվել է ՄԱԿ-ի պաշտոնական օրացույցում:
Լրատվական ցանցի հաղորդման համաձայն՝ կայացած բանակցությունների արդյունքում իրանական Նովռուզը գրանցվել է ՄԱԿ-ի պաշտոնական օրացույցում:
Ամեն տարի Նովռուզի օրերին Իրանի ներկայացուցիչների և դեսպանի ներկայությամբ ՄԱԿ-ում պաշտոնապես նշվում է այս տոնը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իրանի այդ քայլը:
Անտոնիո Գուտրեշն ասել է.-«Նովռուզը հարմար առիթ է վերանորոգելու համակեցության ուխտը և վերականգնելու խաղաղությունը, բարեկամությունը և մարդկային արժեքներն աշխարհում»:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլյան 2010 թ.-ի փետրվարի 23-ին մի բանաձևով Մարտի 21-ը Նովռուզի միջազգային օր հռչակեց:
Դեկտեմբերի 12-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու իրանական «Կոկորդիլոսի արցունքներ» ֆիլմի պրեմիերան: Այն հայ հանդիսատեսի համար հետաքրքիր կլինի նաև այն բանով, որ ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Հայաստանում:
Ֆիլմի ռեժիսոր Ռեզա Հուսեյն Աբադին Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ նկարահանումները տեղի են ունեցել նախորդ տարի ձմռանը, ապա կատարել են մյուս աշխատանքները և այն արդեն պատրաստ է էկրաններ բարձրանալ:
««Կոկորդիլոսի արցունքներ»-ը հայ-իրանական համատեղ արտադրության աշխատանք է: Հուսանք դեկտեմբերի 12-ին երևանյան պրեմիերայից հետո այն կցուցադրենք նաև Գյումրիում»,- նշեց ռեժիսորը:
«Կոկորդիլոսի արցունքներ»-ն իրանական դասական դարձած «Փեթակ» ֆիլմի հիման վրա է նկարահանված: Ի դեպ` այդ ֆիլմի ռեժիսորը ժամանակին եղել է Ռեզա Հուսեյն Աբադիի դասախոսը: Ռեժիսորի խոսքով` միշտ սիրել է իր ուսուցչի աշխատանքները, ինչից ելնելով էլ որոշել է նոր շունչ հաղորդել դրանց: Սցենարը գրելուց հետո խնդիրներ առաջացան և պարզ դարձավ, որ նկարահանումները պետք է Իրանից դուրս իրականացվեն: Հաշվի առնելով հայ-իրանական բարեկամությունը և հարևանությամբ գտնվելը, որոշում կայացվեց «Կոկորդիլոսի արցունքներ»-ը հենց Հայաստանում նկարահանել:
Ըստ ռեժիսորի` սա առաջին դեպքը չէ, երբ Իրանից Հայաստան են գալիս նկարահանումներ իրականացնելու: Վերջերս Հայաստանում կայացել էր իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադիի «Եվա» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան, թեպետ դրա նկարահանումներն ավելի ուշ էին տեղի ունեցել, պարզապես այն ավելի շուտ էր հայտնվել էկրաններին:
Ռեզա Հուսեյն Աբադին զրույցում նշեց, որ հայերի հետ աշխատելն իրենց շատ հաճելի էր, առավել ևս, որ աշխատել են ըստ իրենց` լավագույն հայ դերասանուհիներից մեկի` Անահիտ Կիրակոսյանի հետ.
«Երբեմն բավական բարդ նկարահանումներ էլ ենք ունեցել, եղել են դեպքեր երբ առանց որևէ փորձի Անահիտ Կիրակոսյանը պետք է պարսկերեն խոսեր, այն դեպքում, որ լեզվին չի տիրապետում: Երբ իրականացնում էինք նկարահանումները բավական ցուրտ էր, բարդ էր, սակայն հայկական կողմը մեզ շատ է օգնել»
Նշենք, որ իրանական ֆիլմում Անահիտ Կիրակոսյանից բացի այլ հայ դերասաններ էլ են ներգրավված, ինչպես նաև մարդիկ, ովքեր մասնակցել են բուն նկարահանումներին:
«Կոկորդիլոսի արցունքներ»-ի ռեժիսորը մեծ հույսեր ունի, որ ֆիլմը դուր կգա հայ լսարանին և կինոթատրոններից գոհ կհեռանան:
«Պետք է նաև հավելեմ, որ Հայաստանում այնպես ենք նկարահանել, որ շատ իրանցիներ, ովքեր արդեն դիտել են ֆիլմը, հետաքրքրվել են Երևանով:
Փորձել ենք կադրերին գեղեցկություն հաղորդել, ինչ խոսք, ձյունը և երեկոյան նկարահանումները մեզ օգնել են այդ հարցում»:
Հավելենք, որ իրանցի ֆիլմարտադրողները «Կոկորդիլոսի արցունքներ»-ից հետո Հայաստանում այլ ֆիլմեր նկարահանելու մտադրություն ունեն:
Հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրված է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության երկու անվանակարգում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:
Մանսուրյանի պրոդյուսեր, ECM records-ի հիմնադիր Մանֆրեդ Այխերն առաջադրված է «Դասական ոճում տարվա պրոդյուսեր» անվանակարգում:
Հիշեցնենք, որ «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2018-ի հունվարի 28-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում:
Մանսուրյանը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռեքվիեմ-ի մասին ասել է.
«Այս կտավը կյանքիս տասը տարին է արժեցել: Պետք էր ներխուժել արդեն ստեղծված ռեքվիեմների աշխարհը: Համարձակությունս ներեց, մուտք գործեցի ու երաժշտությանս մեջ հայ միաձայնության սկզբունքով պահանջվող բազմաձայնության բոլոր տեսակները կիրառեցի: Որոշ հատվածներ եմ ներմուծել ռեքվիեմ, որտեղ սոպրանոն և բարիտոնը առանց նվագակցության ներկայացնում են հայկական երաժշտարվեստի հպարտ ու անսասան մտածողության ձևը…
Չափազանց շատ է այս տեքստով երգվել, ու ես գտա իմ բանալին` իրար եմ միացրել լատինական լեզուն ու բնիկ հայկական երգեցողությունը:
Երգեցողությունն իրենով էր արել «Ռեքվիեմի» լատինական տեքստը: Ներկայացրել եմ հայ ժողովրդի համընհանուր ցավը, ինչպես նաև` իմ ընտանիքի պատմությունը»:
Նշենք, որ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ նույնպես առաջադրվել է «Գրեմմիի» «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվելուց 39 օր անց Հարություն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այս օրերի ընթացքում կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները։
«Մշակվել է կինեմատոգրաֆիստների միության նոր կանոնադրությունը, որը համապատասխանեցվել է ինչպես Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի պահանջներին, այնպես էլ միության ժամանակակից հասարակության պահանջներին։ Ամբողջովին նոր ստեղծված կանոնադրությամբ նոր խնդիրներ և նոր նպատակներ են դրվել միության առջև»,-նշեց Հարություն Խաչատրյանը։
Միության նախագահն ասաց, որ այս պահին իրենց գլխավոր նպատակը մեծ դահլիճի վերանորոգումն է, որի համար իրենց անհրաժեշտ են հովանավորներ. «Մեծ դահլիճի մասնակի վերանորոգումը սկսվել է։ Այս պահին նորոգվում են նաև դահլիճին հարակից սրահները։ Վարդանանց փողոցից բացվել է դահլիճ տանող փոքր մուտքը, այստեղ նույնպես սկվել են նորոգման աշխատանքներ։ Ֆինանսական բավարար միջոցներ գտնելու դեպքում կկարողանանք կինոցուցադրություններ իրականացնել այնտեղ»։
Հարություն Խաչատրյանը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում նաև կինոթանգարանի ստեղծման ուղղությամբ։
«Նամակներ են ուղարկվել աշխարհի բազմաթիվ կինոթանգարաններին, որպեսզի հնարավոր լինի համագործակցել նրանց հետ և ստեղծել ժամանակակից թանգարան։ Այց ենք ունեցել նաև «Հայֆիլմ» կինոստուդիա, ուսումնասիրել այն ամենը, ինչ մնացել է հայկական կինոյից, որպեսզի հնարավոր լինի թանգարանի համար այնտեղից վերցնել համապատասխան իրեր։ Ձևավորվել է նաև թանգարանի ստեղծման աշխատանքները համակարգող հանձնաժողով»,- ասաց Խաչատրյանը։
Երկարատև ընդմիջումից հետո բացվել է նաև Կինոյի տան հայտնի «Բուխարու սրահը», որտեղ, Խաչատրյանի խոսքով, ամեն օր հավաքվում են կինոյի մարդիկ։
«Առաջին անգամ կազմվել է կինեմատոգրաֆիստների բյուջե, որպեսզի միության ծախսերը լինեն ոչ թե կամայական, պահի ազդեցությամբ, չհիմնավորված, այլև նախապես ծրագրված»,- տեղեկացրեց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է «Կինեմատոգրաֆիստների մասին» ՀՀ օրենքի նախագծին, միության նախագահը տեղեկացրեց, որ ստեղծված հանձնաժողովի առաջարկներն արդեն ներկայացվել է մշակույթի նախարարությունը. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության հետ, որ օրենքի նախագիծը կներկայացվի նաև կինեմատոգրաֆիստների միությունում»։
Հարություն Խաչատրյանը հավելեց նաև՝ ստեղծվել է «Երիտասարդական հարթակ», որը միավորում է երիտասարդ և անկախ կինոգործիչներին՝ քննարկելու ներկայացված կինոնախագծերը։
Ասուլիսից հետո լրագրողներին հնարավորություն ընձեռվեց շրջել Կինեմատոգրաֆիստների միության և Կինոյի տան տարածքով, ծանոթանալ ներկա վիճակին ու կատարվող աշխատանքներին։
Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը ֆրանսիական Nouvelles d’Arménie պարբերականին տված հարցազրույցում պատմել է ֆիլմի անվան ընտրության մասին:
Ռեժիսորը նշել է, որ ֆիլմի վերնագրի հիմքում ընկած է միանգամից երեք «խոստում»:
«Առաջին խոստումն ամենապարզն է՝ խոստումն է, որ Միքայելը տվեց Մարալին: Երկրորդը՝ Քըրք Քրքորյանի՝ ինքն իրեն տված խոստումը ֆիլմ նկարահանելու մասին: Եվ երրորդը հայերի՝ ապրելու խոստումն է», - ասել է Ջորջը:
Նա նաև նշել է, որ ֆիլմի նկարահանման համար նրան ոգեշնչել է հայ ժողովրդի փրկվելու ու գոյատևման փաստը, ինչպես նաև այն, որ հայերը ցանկացան պատմել այդ մասին ամբողջ աշխարհին:
Հիշեցնենք, որ օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է այս տարվա ապրիլին: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտ Լը Բոնը:
Ի դեպ, ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը հետմահու հայտնվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկում իր «Խոստումը» երգի համար:
Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համանուն սաունդթրեքը հանդիսացող երգն առաջադրվել է «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում:

Իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի ստեղծած փորագրանկարների շարքի մաս կազմող արվեստի գործերից մեկը, որոնք նա պատրաստել է 30-ականներին փարիզցի վաճառականի պատվերով, վաճառվել է 1.9 մլն եվրոյով:
Euromag-ի հաղորդմամբ՝ Փարիզի Ader Nordmann աճուրդի տունը ներկայացրել է աճուրդի արդյունքները, որոնց ներկայացված են եղել «Վոլարի շարքից» փորագրանկարները:
Ընդհանուր առմամբ, հանգստյան օրերին կայացած վաճառքից, որին 622 իր է ներկայացված եղել, 3 320 000 եվրո շահույթ է ստացվել: