Գեղարվեստական հաղորդում (92)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
«Հայաստան և Իրան. հողի հիշողություն» թանգարանն այցելուների համար այսուհետ հասանելի է առցանց տարբերակով՝ հենց տնից:
Իրանա-հայկական համատեղ պատմություն ներկայացնող թանգարանի ծառայությունների մեջ ավելացվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս կատարել վիրտուալ այցելություններ դեպի թանգարան: Այսուհետ այցելուները հնարավորություն ունեն առանց տնից դուրս գալու ուսումնասիրել ներկայացված վիրտուալ ցուցանմուշները՝ բոլոր ուղղություններով, ինչպես նաև մոտեցնել ու ավելի մոտիկից ուսումնասիրել կոնկրետ տարածքներ, բարձրորակ պանորամա ձևաչափ նկարներով:
Հիշեցնենք որ, հոկտեմբերի 17-ին Իրանի ազգային թանգարանում տեղի ունեցավ «Հայաստան և Իրան. հողի հիշողություն» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Ցուցահանդեսում, առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի համաժամանակյա (Ք. ա. 4-րդ հազարամյակից մինչև Ք. ա. առաջին դար) 303 նմուշ, որը շարունակվելու է մինչև 2018 թվականի հունվարի 17-ը:

Ուրբաթ 1 դեկտեմբեր 2017-ին Թեհրանի հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն ընկերակցությամբ Թեմական Խորհրդի երկու ատենապետների՝ պրն. Ռոբերտ Բեգլարյանի և պրն. Վարուժ Հովհաննիսյանի այցելեց Թեյհրանի «Շիրին» ցուցասրահը, որտեղ հայ նշանավոր ժամանակակից արվեստագետների ջրաներկ ստեղծագործությունները ցուցադրվում էին։
Ցուցասրահում դրված էին Սմբատ Տ. Կյուրեղյանի, Երվանդ Նահապետյանի, Միքայել (Միշա) Շահբազյանի, Եսայի Շահիջանյանի և Ավագ Հայրապետյանի գործերը։
Ցուցասրահի մուտքին Սրբազան հոր և ընկերակիցներին դիմավորեց ցուցասրահի տնօրենուհի տկն. Շիրին Թավաքուլիանն ու իր գործընկեր պրն. Դալիրին։ Սրբազան հայրը պրն. Դալիրիի ընկերակցությամբ շրջագայեց ցուցասրահի բոլոր սրահները և ուրախությամբ ու հպարտությամբ նկատեց արվեստասեր հասարակության ջերմ վերաբերմունքը վերոնշյալ հանգուցյալ արվեստագետների գործերին։ Վերջում Սրբազան հայրը առանձնակի զրույց ունեցավ տկն. Շիրին Թավաքուլիանի և պրն. Դալիրիի հետ մեծապես գնահատելով իրենց այս արվեստաբույր աշխատանքը. «Դուք ձեր այս արարքով վկայությունը տվիք այն ճշմարտության, որ արվեստը վեր է ամեն նկատումներից. ասաց Սրբազան հայրը, ներկայացված արվեստագետները, որոնք Իրանի հայ քաղաքացիներ են, ստեղծագործեցին ի վկայություն իրենց սիրույն և կապվածության իրանյան հայրենիքին և դուք իբրև այդպիսին այս արվեստագետները հասարակության եք ներկայացնում առանց խտրականության. ահա այստեղ է Իրանի և իրանցիների մեծությունը, շեշտեց Սրբազան հայրը»։ Իր զրույցի մի այլ բաժնում Սրբազան հայրն ասաց «Հայաստանն էլ որ հին երկիր է և մշակույթի տեր, ունեցել է նաև մշակութային հարաբերություններ Իրանի հետ, սրա վերջին գեղեցիկ վկայությունը, հոկտեմբերին, Թեհրանի պետական թանգարանում կազմակերպված Հայաստանի և Իրանի հին մշակութային իրերի համատեղ ցուցահանդեսն էր, որտեղ ցուցադրվեցին երկու երկրների հազարավոր տարիների հնությամբ արժևորված պատմական իրերը»։ Սրբազան հայրը անդրադարձավ երկու երկրների և ժողովուրդների մշակութային, քաղաքակրթական պատմական հարաբերություններին հավելելով, որ պատահական չեէ, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բազմակողմանի կերպով հիմնված փոխադարձ սիրո, հարգանքի և շահավետ ռազմավարության վրա։
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 14-ը:
Իրանի սիմֆոնիկ նվագախումբը և Քորալ երգչախումբը գլխավորությամբ Անուշիրավան Ռոհանիի և Ռազմիկ Օհանյանի, կատարումներով հանդես եկան Իտալիայի մայրաքաղաք՝ Հռոմում:
Այս մասին ԻՍՆԱ լրատւական գործակալությունը վկայակոչելով Ռուդաքի ֆոնդի հաղորդմանը, նշել է նաև, որ կատարումները տեղի են ունեցել Հռոմի Սանտա Մարիա եկեղեցում:
Նվագախմբի կատարմամբ հնչել է նաև Քամքարների «Նահատակների», ինչպես նաև Անուշիրավան Ռոհանիի «Անձրևի կաթիլները» և «Իրանական պարտեզ» ստեղծագործությունները, որոնք արժանացել են հանդիսատեսի ուշադրությանը:
Նույն աղբյուրը շարունակում է, որ համերգը երկու երկրների Մշակույթի նախարարությունների, ինչպես նաև «Ռուդաքի» հիմնարկության և Հռոմի Սապիենզա համալսարանի երիտասարդների սիմֆոնիկ նվագախմբի միջև համաձայնության արդյունք է:
Երեկույթին ներկա են եղել Իրանի Մշակույթի նախարարության և «Ռուդաքի» կենտրոնի, ինչպես նաև դեսպանության ներկայացուցիչները, Վատիկանի դեսպանը, և Իտալիայի Մշակույթի նախարարության պատասխանատուները
Ծրագիրը կրկնվել է Թեհրանի «Վահդաթ» օպերետային համալիրում, հինգշաբթի, դեկտեմբերի 7-ին:
Հարավային Կորեայի կղզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում Կոմիտեն Քոչարին Հայաստանի հայտով գրանցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։
Ավելի վաղ այս տարի «Քոչարի. ավանդական խմբապար» ՀՀ հայտը ոչ նյութական մշակութային ժառանգության անկախ փորձագետների կողմից բոլոր չափորոշիչներով դրական էր գնահատվել։
Քոչարի պարը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բնութագրական դրսևորումներից է և տարածված է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ու հայկական սփյուռքում։ Այն ավանդական մշակույթի այն հազվադեպ դրսևորումներից է, որի սերնդե-սերունդ փոխանցման շղթան չի ընդհատվել, կենսունակ է և մեկտեղում է ազգային ինքնության, միասնականության ու համերաշխության բոլոր դրսևորումները՝ որպես կատարյալ ժողովրդական ստեղծագործություն։
Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) տարրերը:
Բացի այդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի նստաշրջանում այս տարի հաստատվել են ՀՀ մշակույթի նախարարության նախապատրաստած հայտերը՝ «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի, հայտնի որպես` Կոմիտաս Վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը» (Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ), և «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» (Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ) խորագրով հայտերը և որոշում է ընդունվել դրանք ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2018-2019 թթ. օրացույցում:
Հայաստանի նկարիչների միությունը դեկտեմբերի 15-ին իր ստեղծման 85-ամյակի առթիվ կազմակերպելու է համապետական ցուցահանդես:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
«Միջոցառմանը հիմնականում կմասնակցեն նկարիչների միության անդամները: Ցուցահանդեսին կընդգրկվեն նաև այն նկարիչների աշխատանքները, ովքեր դեռ միության անդամ չեն, եթե հանձնաժողովը ընդունի նրանց աշխատանքները: Այցելուն ցուցահանդեսի ժամանակ կտեսնի այն գեղեցիկ և զարգացած կերպարվեստը, որը գոյություն ունի Հայաստանում` քանդակ, գրաֆիկա, գեղանկար, կերամիկա… Կներկայացվեն բոլոր ուղղությունների և ժանրերի աշխատանքները»,- ասաց Աղամյանը:
Հայաստանի նկարիչների միությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի երիտասարդ նկարիչները ավելի ակտիվ մասնակցություն ունենան միության շարքերում:
«Այդ կապակցությամբ ստեղծվել է երիտասարդական միավորում և մինչև տարվա վերջ կկազմակերպվի ևս մեկ հավաք` բոլոր երիտասարդ նկարիչների մասնակցությամբ: Կարծում եմ, որ տարեց սերունդը պետք է իր տեղը զիջի երիտասարդներին, քանի որ աշխարհը շատ արագ փոխվում է և նոր մարտահրավերներին նոր մոտեցումներ են անհրաժեշտ»,- նշեց Աղամյանը:
Այս տարի հրատարակվելու է նաև 5 տարի մեկ անգամ լույս տեսնող մեծ ալբոմ, որտեղ զետեղված են միության անդամ բոլոր նկարիչների տվյալները և իրենց աշխատանքները:
«Այս ալբոմը մոտ 4 միլիոն դրամի արժողություն ունի և Մշակույթի նախարարությունը իր աջակցություն է ցուցաբերելու»,- ասաց Աղամյանը:
Նկարիչների միության նախագահի խոսքով` կազմակերպության հիմնական խնդիրը ֆինանսական միջոցներ հայթայթելն է: Միությունը հանդիսանում է Եվրոպայի և Նկարիչների միջազգային միությունների անդամ, սակայն շատ հաճախ չի կարողանում համագումարներին մասնակցել՝ միջոցներ չունենալու պատճառով:
Հայաստանի նկարիչների միությունը ստեղծվել է 1932 թվականին: Այն ունի շուրջ 1200 անդամ։

Ստամբուլի ճարտարապետության մեջ Պալյան ճարտարապետական գերդաստանը մեծ հետք է թողել: Հայ մասնագետներն ուսումնասիրել են Իտալիայից Հայաստան հասած արխիվային փաստաթղթերը և պալյանների ճարտարապետական գործերի պատմությունն ամփոփվել է «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գրքում:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գլխավոր գիտքարտուղար Աշոտ Գրիգորյանը նշեց, որ Պալյանների նախագծմամբ Ստամբուլում կառուցվել են հարյուրավոր շինություններ:
«Պալյանները բավական հայտնի ճարտարապետներ են եղել Թուրքիայում, սակայն իրենց հայ լինելը մերժված էր երկար տարիներ: Նրանք ներկայացվում էին իտալացի ճարտարապետներ: Պալյանների արխիվը գտանք Իտալիայում, բավական մեծ դժվարությամբ այն տեղափոխեցինք Հայաստան: Սկզբում թվում էր, թե շատ արագ կարող ենք ուսումնասիրել և հանրայնացնել, բայց երբ սկսեցինք աշխատանքը, հասկացանք, որ դա բավական բարդ գործ է: Արխիվային փաստաթղթերում գրված էին ֆրանսերեն օսմաներեն, թուրքերեն, հայատառ թուրքերեն, արևմտահայերեն, որոնց զգալի մասն անընթեռնելի էին: Այս փաստաթղթերը 100 և ավելի տարի որևէ ձևով չէր շրջանառվել»,- ասաց Աշոտ Գրիգորյան:
Պալյանների նախագծերով են կառուցվել Դոլմաբահչե համալիրը, որը պալյանների մի քանի սերնդի աշխատանք է, Չըրաղան, Բեյլերբեյի պալատը, զորանոցը, դղյակներ, մենատներ, ամառանոցներ, մզկիթներ, ջրամբարներ և այլն, ընդհանուր առմամբ, 300-ից ավելի կառույցների մասին է խոսքը:
Աշոտ Գրիգորյանը նշեց, որ Պալյանները համագործակցել են հայ մասնագետների հետ և շենքերը կառուցելու գործում 90 տոկոսով հայերի հետ են աշխատել: Տարբեր պատճառներով այդ կառույցների մի մասը հրդեհվել է, վերափոխվել, սակայն մեծ մասը պահպանվել է:
Գիրքն այժմ թարգմանվում է թուրքերեն, որպեսզի տարածվի թուրքական համալսարանական, գիտական շրջանակներում:
«Պալյանների մասին քիչ է խոսվել Հայաստանում: Թարգմանությունների շնորհիվ ողջ աշխարհը պետք է Ստամբուլ գնալիս տեղեկացված լինի, որ այդ շինությունները հայերի ստեղծածներն են: Գիրքը Հայաստանի մշակույթի ճանաչման, պահպանման խնդիր է լուծում»,-ասաց Աշոտ Գրիգորյանը:
Ֆրանսիական Լուվր արվեստների թանգարանի՝ Աբու Դաբիում բացված առաջին մասնաճյուղը նախատեսում է իր հավաքածուում ներառել Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը նոյեմբերին աճուրդում վաճառվել է ռեկորդային 400 մլն դոլարով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչն» ուղարկվում է Աբու Դաբիի Լուվր»,- նշվում է թանգարանի պաշտոնական Twitter-ի էջում:
Նոյեմբերի կեսերին նկարը վաճառվել է Նյու Յորքի Christie's աճուրդում: Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավներից մասնավոր հավաքածուում գտնվող միակ գործը դարձել է ոչ միայն հետպատերազմյան և ժամանակակից արվեստի, այլև ամբողջ 21-րդ դարի գլխավոր լոտը: Աճուրդը տևել է կես ժամ և նկարը բաժին է հասել այն գնորդին, որն առաջարկել է 400 մլն դոլար:
Բրիտանական The Independent հրատարակությունը ընտրել է Սուրբ Ծննդյան տոնին նվիրված բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը: Դա ամերիկացի ռեժիսոր Բիլլի Ուայլդերի «Բնակարան» ֆիլմն է, որը նկարահանվել է 1960 թվականին:
Գլխավոր դերերում հանդես են եկել Ջեկ Լեմոնը և Շիրլի Մաքլեյնը: Ֆիլմը «Օսկար» մրցանակի է ներկայացվել և ստացել 5 արձանիկ:
«Սա մի տոն է, որը երբեմն ուրախալի է, երբեմն՝ առօրեական, երբեմն՝ միայնակ», - գրում է պարբերականը: