Գեղարվեստական հաղորդում (93)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
«Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվել էր նաեւ Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Այն դուրս է մնացել 90-րդ «Օսկար»-ի կարճ ցուցակից: Կարճ ցուցակից նաև դուրս է մնացել իրանցի կինոբեմադրիչ Նարգես Աբիարի «Շունչ» ֆիլմը:
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի ռեկորդային թվով երկրներ էին հայտեր ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ: Այս անվանակարգի կարճ ցուցակում 9 երկրի հայտ է մնացել:

Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն: Առիթը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացված լինելն էր:
Նշենք, որ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:
Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում ներկայացված «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար։ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ մեր հայրենակիցներից շատերն են մասնակցել և Գրեմմիի արժանացել: Նախարարը նշեց, որ Աստված մարդկանց արվեստի չափաբաժինը շատ տարբեր է բաշխում, դրա համար մեծ մասը հանդիսատես են, մյուս մասն էլ արվեստագետներ:
«Մեզ մնում է հուսալ, որ մեր միավորված սրտերը և ցանկությունները անպայման իրականություն կդարձնեն այն երազանքը, որը կոչվում է Գրեմմի մրցանակ՝ երկու սիրելի մաեստրոներին»,- ասաց նա: Կոնստանտին Օրբելյանը նշեց, որ հուզիչ է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ իրար կողք կանգնելը՝ հանուն Հայաստանի ու հայ մշակույթի:
Տիգրան Մանսուրյանն անկեղծացավ, որ հուզված է, նշեց, որ այս իրադարձությունն ինքնին նշանակալի է՝ Գրեմմիի են ներկայացվել միաժամանակ երկու հայ երաժիշտ՝ երկու տարբեր ստեղծագործական ճանապարհին այս ամենին հասած երաժիշտ: «Ես իմ գործը նվիրել եմ Եղեռնի զոհերի հիշատակին, որոնց մեջ նաև իմ ընտանիքի անդամներն են եղել: Իմ կողքին են նաև այդ մրցանակին սպասող ևս չորս հոգի»,-ասաց նա:
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը հայտարարում է երկու նոր ծրագրի մեկնարկի մասին: Դեկտեմբերի 14-ին տուն-թանգարանում գործարկվեց «Իմ նվագախումբը» վիրտուալ խաղը և ներկայացվեց նոր հուշանվերների շարքը։
Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 50-ամյա թանգարանի երկու նոր ծրագրերը մատչելի կդարձնեն թանգարան այցելությունը: «Այս ծրագրերն, իհարկե, նպատակ ունեն ընդլայնելու մեր լսարանը: Ծրագրերից առաջինն ինտերակտիվ խաղ է, որը ստեղծվել է տուն-թանգարանի հանրահռչակման բաժնի աշխատակիցների կողմից: Սրանից հինգ տարի առաջ մենք հասարակությանը ներկայացրեցինք «Վիրտուալ դիրիժոր»-ը: Այս հինգ տարիների ընթացքում դիտարկեցինք, որ իրոք նմանատիպ միջոցներն ընդլայնում են մեր լսարանը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ մենք 21-րդ դարում ենք ապրում, և այս դարի այցելուի պահանջներն այլ են»,- ասաց նա:
Օթարյանի խոսքով՝ նոր ինտերակտիվ խաղն ուսուցողական է, այն այցելուին հնարավորություն կտա Սպենդիարյանի տուն-թանգարանում շրջելուց, կոմպոզիտորի կյանքին, ստեղծագործական ժառանգությանը ծանոթանալուց հետո ստուգել՝ որքանով է ինքը ճանաչում նվագախումբը, տեղյա՞կ է՝ ինչ գործիքներ են այնտեղ ներգրավված, որ գործիքի տեղը նվագախմբում որտեղ է: Օթարյանը նշեց, որ երկրորդ ծրագիրը նույնպես նորարարություն է տուն-թանգարանի պատմության մեջ, այն է՝ հուշանվերների վաճառք: Հայաստանում առաջին երաժշտական թանգարանից՝ հիսունամյա տուն-թանգարանից այցելուները կարող են հեռանալ՝ իրենց հետ տանելով հուշանվերներ:
Տուն-թանգարանի ցուցափեղկում այցելուներին են սպասում 50 հուշանվերներ, որոնցից յուրաքանչյուրն իր վրա կրում է Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության դեմքը: «Կարծում եմ՝ այցելուն շրջելուց և այդ դրական զգացողությունները ստանալուց հետո այստեղից մի փոքր հուշանվեր կտանի՝ իր սիրելիների և հարազատների համար»,- ասաց թանգարանի տնօրենը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով առաջինը ձեռք բերեց թանգարանի հուշանվերներից, կարևորեց նորարար այս ծրագրերը: Նախարարի գնահատմամբ՝ սա անչափ կարևոր նշանակություն կունենա նաև օտարերկրյա այցելուների, զբոսաշրջիկների համար: «Կարևոր է, որ այցելուն թանգարանի մի շոշափելի մասն իր հետ տանի իր երկիր, իր բնակավայր, իր բնակարան, որպեսզի այս հուշանվերն իրեն նորից հետ բերի թանգարան, այնպես որ շատ գովելի և շատ ուրախալի է, գեղեցիկ և հրաշալի հուշանվերներ են»,- ասաց նա:
Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը մասնակցեց նոր ինտերակտիվ խաղին, փորձեց ղեկավարել վիրտուալ նվագախումբը: Հարցին՝ ո՞րն է ավելի հեշտ՝ իրական նվագախմբի հետ աշխատել, թե վիրտուալ, նա պատասխանեց, որ առաջին անգամ է վիրտուալ նվագախումբ «ղեկավարում»: «Այս թանգարանը պատմական տեղ պիտի դառնա: Սա նորություն է, ոչ թե սովորական մի թանգարան, ուր եկար, նայեցիր, գնացիր: Նոր մի բան պիտի կատարվի, որ այցելուները նորից ու նորից ցանկանան վերադառնալ այստեղ»,- ասաց նա:
Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ հույս ունի երգել մինչև 100 տարեկան դառնալը։
«Հուսով եմ, տեսնենք...»,- ասել է շանսոնյեն լրագրողին։
93-ամյա լեգենդար երգիչը հայտնել է, որ նա «գործող» ամենածեր երգիչն է աշխարհում։ «Թոնի Բենեթն ընդամենը 91 տարեկան է, երեխա է դեռ»,- կատակել է շանսոնյեն։
Պարբերականը գրում է, որ Ազնավուրը, չնայած իր տարիքին, չի կորցրել իր պատանեկան ոգին։ 93 տարեկանում նա դեռ համերգներ է տալիս և դահլիճներ լցնում։
Հիշեցնենք, որ օգոստոսին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է աշխարհահռչակ շանսոնյեի անվանական աստղը:
Ազնավուրի ժողովրդականությունը տարածվել է տարբեր սերունդների շրջանում: Պատահական չէ, որ 1998-ին CNN-ի և Time-ի առցանց հարցման արդյունքում Շառլ Ազնավուրը ճանաչվել է «20-րդ դարի արտիստ»՝ շրջանցելով այնպիսի հանրահայտ կատարողների, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Բոբ Դիլանը և Ֆրենկ Սինատրան:
Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: Իր կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակն ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն:
Կյանքի 77-րդ տարում մահացել է Հայաստանի գրողների միության անդամ, գրականագետ Ֆելիքս Մելոյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր»,- նշեց Միլիտոնյանը:
Ֆելիքս Հակոբի Մելոյանը ծնվել է 1940 թվականի փետրվարի 23-ին, Երևանում: Գրողների միության անդամ է 1977թ: Ֆելիքս Մելոյանը 1962 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1962-1964 թվականներին եղել է «Մետալուրգ» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1964-1968 թվականներին աշխատել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում որպես կրտսեր գիտաշխատող։ 1966-1971 թվականներին եղել է «Գրական թերթի» քննադատության բաժնի վարիչը, 1971-1978 թվականներին «Գրական թերթի» խմբագրի տեղակալը։ 1978 թվականի օգոստոսից եղել է «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը։ 1996-2001 թվականներին եղել է ՀԳՄ վարչության քարտուղար։ ՀԳՄ «Նորք» հանդեսի խմբագիրն է։
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի այցելուների թիվն ընթացիկ տարում անցել է 100 հազարից: Նախորդ տարի այդ թիվը կազմել է 93 հազար, 2015 թվականին` 87 հազար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ամեն տարի այցելությունների թիվը մի քանի հազարով ավելանում է:
«Այս տարի զբոսաշրջային սեզոնն ավելի շուտ սկսվեց: Հավանաբար, մինչև տարվա վերջ էլ կշարունակվի: Այստեղ երկու հանգամանք պետք է շեշտեմ: Առաջինն այն է, որ Հայաստան այցելողների թիվն է ավելացել, երկրորդ գործոնն այն է, որ տարվա ընթացքում ունեցանք մի քանի նոր ցուցադրություններ»,- ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը: Մատենադարանի ցուցասրահներն այս տարի թարմացվեցին և նոր ցուցադրություններ կազմակերպվեցին: Մասնավորապես, նվիրված` Ղրիմի հայ մանրանկարչությանը, ինչպես նաև լեհահայ գրչությանը: Ցուցադրվեցին նաև Գիրակ Միրման գերդաստանի վերջին ժառանգորդի կողմից Մատենադարանին նվիրաբերված ընտանեկան կարևոր փաստաթղթեր՝ տոհմածառեր, հրամանագրեր:
Կազմակերպվեց ցուցադրություն նվիրված Ամստերդամում Ոսկան Երևանցու հրատարակած հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին: Ներկայացվեցին հնատիպ, արժեքավոր գրքեր: Այս տարի կազմակերպվեց նաև ցուցադրություն` նվիրված Լազարյանների տոհմին և Լազարյան ճեմարանին: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես Ռուսաստանից ժամանած այցելուների մոտ: Այս տարի լրացավ Վենետիկի Մխիթարյան միաբանության 300-ամյակը: Այդ առթիվ Մատենադարանում կազմակերպվեց ցուցահանդես, ներկայացվեցին հնատիպ գրքեր, արժեքավոր լուսանկարներ:
«Այլ երկրներից Մատենադարան այցելողների հիմնական մասը Ռուսաստանից է, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Իրանից: Այցելուներ կան Ֆիլիպիններից, Կորեայից, Չինաստանից: Մատենադարանն ունի 7 լեզվով բացատրող զբոսավարներ: Ըստ անհրաժեշտության` ևս 4-5 լեզվով կարող ենք կազմակերպել գիտաշխատողների ուժերով»,-ավելացրեց Վահան Տեր-Ղևոնդյանը:
Մատենադարանի ձեռագրերի հավաքածուն գերազանցում է 20 հազարը: Ձեռագրերից 17 հազարը հայերեն է, մնացածը` արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, եբրայերեն, եթովպերեն, վրացերեն և այլն:
Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ» կտավը 15 մլն կրոնով (շուրջ 705 հազար դոլար) վաճառվել Է Պրահայում անցկացված աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Չեխիայի մայրաքաղաքի առավել հեղինակավոր պատկերասրահներից մեկի՝ «Գեյթմանեկի արվեստների տան» տնօրենության ներկայացուցիչ Յանա Բրինդովան:
«Հովհաննես Այվազովսկու՝ 1889 թվականով թվագրված նկարը դարձել Է մեր պատկերասրահի կազմակերպած աճուրդի գլխավոր զարդը, -ընդգծել Է փորձագետը:-Այն աճուրդի Էր դրվել Պրահայի մասնավոր գեղարվեստական հավաքածուներից մեկից: Դրա մեկնարկային արժեքը 11 մլն կրոն (շուրջ 517 հազար դոլար) Էր: Աճուրդն անցկացնողի մուրճի հարվածը վաճառքը գրանցել Է 15 մլն կրոնի դիմաց»:
Հանրագումարային գինը, աճուրդի կազմակերպչի տոկոսների հետ միասին, կազմել Է 18,6 մլն կրոն (մոտավորապես 874 հազար դոլար): Յանա Բրինդովայի խոսքով՝ գնորդը դարձել Է ռուսաստանցի մի հավաքորդ:
Պրահան այն քաղաքներից մեկն Է, ուր Հովհաննես Այվազովսկին առավել հաճախ Էր այցելում Եվրոպա ուղեւորությունների ժամանակ: Այստեղ կայացել են նրա անհատական ցուցահանդեսներից առնվազն երեքը: Դրանցում ներկայացված կտավները նկարիչն իր տաղանդի երկրպագուներին վաճառել Է Ավստրո-Հունգարիայում, որը բաղկացուցիչ մասը Չեխիան Էր:
Դրանցից մի քանիսը ներկայում գտնվում են հանրապետության Ազգային պատկերասրահի եւ Ազգային թանգարանի հավաքածուներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: