Հունվար 16, 2018 20:30 Asia/Yerevan
  • Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (162)

Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք լուսնային հիջրեթի 6-րդ դարի՝ փրկչական 12-րդ դարի խոռասանցի ականավոր մոհադես, իսլամագետ, գրականագետ ու պատմագիր Աբու Սաըդ Սամըանիի հետ:

Ողջույն թանկագին բարեկամներ, «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում ձեզ կծանոթացնենք իրանցի հանրահայտ գործիչներից ևս մեկին: Այսօր մեր զրույցը նվիրված է լուսնային հիջրեթի 6-րդ դարի՝ փրկչական 12-րդ դարի խոռասանցի ականավոր մոհադես, իսլամագետ, գրականագետ ու պատմագիր Աբու Սաըդ Սամըանիին:

-----------------

Աբու Սաըդ Սամըանին լուսնային հիջրեթի 6-րդ դարի՝ փրկչական 12-րդ դարի իրանցի ականավոր մոհադես, շաֆեի իսլամագետ, գրականագետ ու պատմագիր է:

Աբդոլքարիմ Սամըանին ծնվել է լուսնային հիջրեթի 506 թվականի շաըբան ամսվա 21-ին՝ 1113 թվականի փետրվարի 9-ին, Խոռասանի Մարվ քաղաքին ենթակա Սամըանում, գրականությամբ ու գիտությամբ հետաքրքրված մի ընտանիքում: Սամըանը Թամիմում գտնվող վայր է և Սամըանիի պապերը բոլորն էլ այդտեղից են սերում: Երեք տարեկան հասակում Սամըանիի հայրը նրան գիտություն վաստակելու նպատակով  Նեյշաբուր է տանում ու ինչպես ինքն է գրում «Ալ-Անսաբ» գրքում դրանից մեկ տարի անց նրա հայրը վախճանվում է և նրա դաստիարակության պարտականությունը հանձն են առնում հորեղբայրները: Սամըանցիները բոլորն էլ գիտության ու գրականության հետևորդներ են եղել: Նրա մեծ հորեղբայրը՝ Աբու Մոհամմեդ Հասան Էբն Աբի Ալ-Մոզաֆար Սամըանին  բարեպաշտ գիտնական էր և երիտասարդ Սամըանին նրա մոտ սերտում է Մոամեր Բեն Ռաշեդի «Ալ-Ջամե», Ահմեդ Էբն Սայարի «Թարիխ», Աբի զաքարիա Մազաքքիի «Ամալի» աշխատասիրությունները: Նաև փոքր հորեղբոր Աբոլղասեմ Ահմեդ Էբն Մանսուր Սամըանիի մոտ իսլամագիտության ու հադիսի դասեր է առնում: Ասվում է, որ Սամըանիի քույրն էլ գիտնական կին է եղել և Աբի Ղալեբ Մոհամմեդ Էբն Հասան Բաղլանի Բաղդադիից հադիս փոխանցելու արտոնություն է ունեցել: Սամըանին իր «Ալ-Անսաբ» աշխատության մեջ վկայում է, որ նրանից շատ հադիսներ ու հեքիաթներ է սովորել:

Ուսուցիչներից մեկը, որին Սամըանին ակնարկել է Աբի Շոջա Օմար Էբն Աբի Ալ-Հասան Բասթամին է: Նա էր, որ Սամըանին խրախուսում է աշխատասիրել ու գրի առնել «Ալ-Անսաբ»-ը:

Սրանցից բացի Սամըանին նաև աշակերտել է շատ ուրիշ մեծերի: Հադիսներ լսելու և ուսումնասիրություն կատարելու նպատակով նա բազմաթիվ ուղևորություններ է կատարել ու այցելել է Սպահան, Խոռասան, Համադան, Միջին Ասիա, Իրաք, Հիջազ, Շամ, Թաբարեսթան ու Երուսաղեմ: Էբն Նաջջարը գրել է, որ նա 7000 շեյխերից հադիսներ է լսել: Սամըանին հմայված էր հադիսներ գրելով ու հղում կատարելով նախարար Սահեբ Էբն Էբադին մեջբերել է հետևյալ գեղեցիկ նախադասությունը. «Ով հադիս չի գրել չի ճաշակել իսլամի քաղցրությունը»:

Սամըանիի կյանքի ու կենսագրության մասին հենց այսքանը գիտենք ու նրանից միայն մեզ հիշատակ են մնացել նրա արժեքավոր ստեղծագործությունները: Սամըանին վախճանվեց լուսնային հիջրեթի 562 թվականի ռաբի-ալ-ավալ ամսին՝ փրկչական 1166 թվականի դեկտեմբերին:

Գիտություն սերտելու նպատակով Սամըանին իր կյանքի մեծ մասն անց է կացրել ճանապարհորդելով ու մեկնել է Իրանի, Իրաքի, Շամի, Հիջազի ու Միջին Ասիայի տարբեր քաղաքներ ու օգտվել է այդ քաղաքների գիտնականների գիտելիքներից: Սամըանին բազմաթիվ գրքեր է գրել, որոնցից ամենահայտնին «Ալ-Անսաբ»-ն է, որը հայտնի է «Անսաբ Սամըանի» անունով: «Մարվի պատմությունը» Սամըանի մյուս ստեղծագործությունն է, որը Մարվի տարածքի մասին ուսումնասիրության համար արժեքավոր աղբյուր է համարվում: Սամըանին նաև վերջաբան է գրել Խաթիբ Բաղդադիի «Բաղդադի պատմությունը» աշխատության համար: «Ալ-Անսաբ»-ը լուսնային հիջրեթի  6-րդ դարում գրված կարևոր աշխատություններից է: «Ալ-Անսաբ»-ում Սամըանին ընդգծել է, որ դա գրել է իր ուսուցչի՝ Աբի Շոջա Օմար Էբն Աբի Ալ-Հասան Բասթամիի խրախուսանքով և դրա վրա սկսել է աշխատել լուսնային հիջրեթի 505 թվականին (1155)՝ Սամարղանդ քաղաքում:

 

«Ալ-Անսաբ»-ը բաղկացած է ութ հատորներից և դրա թեման արաբների ծագումնաբանություն է: Թեև այս գիրքը հիմնական վերաբերում է ծագումնաբանությանն ու կենսագրություններին կամ ինչպես արաբներն են ասում «Ալ-Թաշջիր» է համարվում, այդուհանդերձ պարունակում է նաև այլ տեղեկություններ: Յուրաքանչյուր բաժնում տարբեր մարդկանց ծագումնաբանությունից բացի նաև պատմության ու աշխարհագրության հետ կապված արժեքավոր տեղեկություններ են փոխանցվում ընթերցողին: Սամըանին այդ տեղեկությունները հավաքագրել է իր ուղևորությունների ընթացքում: Այդ ճանապարհորդությունների ժամանակ նա հանդիպել է բազմաթիվ գիտնականների ու մտավորականների: Այս գրքի արժեքը կրկնապատկում են պատմական ու աշխարհագրական այն ճշգրիտ ու ստույգ տեղեկությունները, որոնք այդ գրքից կարելի է քաղել Իրանի ու Միջին Ասիայի մասին: Այդ առումով հիշյալ ստեղծագործությունը եզակի ու գլխավոր աղբյուր է համարվում:

«Ալ-Անսաբ»-ի մյուս նշանակությունը վերաբերում է այն գրքերի ու հեղինակների անունների հիշատակմանը, որոնց հնարավոր չէ հանդիպել մյուս աղբյուրներում: Սամըանին իր ուղևորությունների ժամանակ մեծ ու փոքր գյուղերում ու քաղաքներում հանդիպել է բազմաթիվ գրքերի կամ լսել է դրանց մասին և տեսակցելով բազմաթիվ մոհադեսների ու բանասերների դրանց արդյունքը ներկայացրել է «Ալ-Անսաբ» գրքում: Ալ-Անսաբ»-ում Սամըանիի հիշատակած գրքերը վերաբերում են Ղուրանի մեկնաբանությանը նաև գրականությանը, միստիցիզմին, պատմությանը: Դրանց մեջ են մտնում նաև ուղեգրություններ ու բանաստեղծական դիվաններ, որոնցից շատերից որևէ օրինակ չի պահպանվել ու նույնիսկ աղբյուրագիտության այլ աշխատություններում էլ դրանց մասին հիշատակություն չկա: «Ալ-Անսաբ»-ի կարևորությունն այն աստիճան է, որ հայտնվել է Սամըանիին հաջորդած բանասերների ուշադրության կենտրոնում ու շատերը դրա մասին բացատրություններ են գրել կամ դա ամփոփել են: Դրանց միջից կարելի է հիշատակել Էզեդդին Աբոլհասան Ալի Էբն Մոհամմեդ Ասիր Ջոզիի անունը, ով ամփոփելով «Ալ-Անսաբ Սամըանի»-ն ու դրան որոշ հավելումներ կատարելով մշակել է «Ալ-Լոբաբ»-ը, որը բաղկացած է երեք հատորներից:

Ջալալեդդին Աբդոլռահման Սիվաթին էլ ամփոփել է Սամըանիի «Ալ-Անսաբ»-ը և դրան հավելելով Յաղութ Հոմավիի «Մոաջամ-ալ-Բոլդան»-ից քաղվածքներ: Լուսնային հիջրեթի 873 թվականին ստեղծել է «Լոբ-ալ-Լոբաբ»-ը: Ղազի Ղոթբեդդին Մոհամմեդ Էբն Մոհամմեդ Խազիրի Աֆըին էլ ամփոփել է «Ալ-Անսաբ Սամըանի»-ն և դրան ավելացնելով Էբն Ասիրի, Ռաշաթի ու ուրիշների հավելումները և  իր աշխատությունը կոչել է «Ալ-Էքթեսաբ»:

Սամըանին «Ալ-Անսաբ»-ի նախաբանում իր աշխատասիրության մեթոդաբանությունը ներկայացնելով գրում է. «Իմ գիրքը դասավորված է քաղաքների, ցեղախմբերի և կամ գյուղերի անունների այբբենական կարգով: Այնուհետև ամեն մի քաղաքի կամ ցեղախմբի կամ գյուղի անվան ներքո ներկայացրել եմ դրանց հայտնի գործիչներին ու գիտնականներին և նրանց համառոտ կենսագրականը»:

Սամըանին «Ալ-Անսաբ» աշխատասիրության մեջ հայտնի գործիչների անվան, ծննդյան ու վախճանման թվականի ու վայրի, նրա ուսուցիչների ու նրա մասին վկայողների անունները հիշատակելուց բացի նաև անդրադարձել է նրանց ստեղծագործություններին, մասնագիտությանն ու որոշ այլ հարցերի: Սամըանին «Ալ-Անսաբ» գրքի նախաբանում նաև գրում է. «Իմ լսած որոշ հեքիաթներն ամփոփել եմ ու կրճատել եմ դրանց աղբյուրները: Քաղաքների անվան այբբենական կարգում բացի առաջին տառից նկատի եմ առել երկրորդ ու երրորդ տառերը և դա շարունակել եմ մինչև վերջ»:

Սամըանին իր աշխատության առաջին հատորում կենսագրությունների գիտության կարևորության մասին մեջբերում է կատարել իսլամի մեծ մարգարեից ու «Ֆի Ալ-Հաս Էլա Թաալոմ Ալ-Անսաբ վա Մաարեֆաթոհա» գլխի ներքո մեջբերում է կատարել մարգարեից, որտեղ նա անդրադարձել է կենսագրությունները սերտելու նշանակության ու դա նմանեցրել է հարազատներին տեսության գնալուն: Սամըանին որպես օրհնություն իր գրքում տեղադրել է «Ֆի Նասաբ Ռասուլ Ալլահ» կոչվող գլուխը: Նա այդ գլխում նշելով մեծ մարգարեի ծագումնաբանությունը, նաև անդրադարձել է Բանի Հաշեմի, Ղորայշի, ու արաբական մի քանի այլ ցեղախմբերի ծագումնաբանությանը:

Բացի բանավոր աղբյուրներից ու ճանապարհորդությունների ժամանակ իր դիտարկումներից, Սամըանին իր աշխատությունը գրելիս օգտվել է «Նեյշաբուրի պատմությունը», «Բաղդադի պատմությունը», «Բոխարայի պատմությունը» գրքերից ու նաև հարյուրավոր այլ աղբյուրներից: