Հունվար 20, 2018 08:20 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իրանական «Իմ շրջապտույտը» ֆիլմը շահել է Չիլիի SFAAF միջազգային փառատոնի երկու շքանշաներ:

«Իմ շրջապտույտը» ֆիլմի ռեժիսորն է Ղազալե Սոլթանին: «Իմ շրջապտույտը» ֆիլմը այս անգամ մասնակցել է Չիլիում կայացած SFAAF միջազգային փառատոնին:

Փառատոնի ավարտին  գնահատվել են դերասան Մեհրվարե Շարիֆինիան, և բեմահարդար Ֆարհնազ Նադերին:

«Իմ շրջապտույտը» ֆիլմը սցենարը մի 30 ամյա կնոջ մասին է որն իր երազանքներն է փնտրում այսօրվա Թեհրանում:

Ի դեպ, Չիլիում անցկացված South Film and Arts Academy Festival փառատոնի ժամանակ ռեժիսոր Մարտին Մաթևոսյանի «Դիանայի նվերը» ֆիլմը հաղթող է ճանաչվել միանգամից 3 անվանակարգում:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող, ռեժիսոր Մարտին Մաթևոսյանի խոսքով՝ մրցանակի են արժանացել ինքը՝ որպես դեբյուտային լիամետրաժ ֆիլմի ռեժիսոր, Անուշ Առաքելյանը՝ որպես լիամետրաժ դրամայի լավագույն դերասանուհի, իսկ Վարդան Հարությունյանը պարգևատրվել է լիամետրաժ ֆիլմի օպերատոր անվանակարգում:

Արման Ծատուրյան

 

2017 թվականը Հայաստանի ազգային պատկերասրահն ամփոփում է դրական գնահատականով։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը։

«Այն սանդղակը, որ դրել էինք Հայաստանից դուրս հայկական մշակույթը քարոզելու հետ կապված, մեզ ինչ-որ չափով հաջողվել է հասնել դրան»,- նշեց նա։

Այս տարի ազգային պատկերասրահը ցուցադրություն է ունեցել Միլանի «Mudes» թանգարանում, Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի, ինչպես նաև Տրետյակովյան պետական պատկերասրահում, Բելառուսի ազգային պատկերասրահում։

Արման Ծատուրյանը տեղեկացրեց, որ այս տարի ՀԱՊ-ում 12 խոշոր ցուցահանդես է բացվել. «Այս տարի պատկերասրահում բացված ցուցահանդեսների թվում են եղել «Լվովի հայկական տաճարի վերածնունդը, որը կազմակերպվել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ միասին, «100 կտավ» ցուցահանդեսը՝ IDEA հիմնադրամի հետ համատեղ, Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսը»,- ասաց տնօրենը։

Ծատուրյանը հայտնեց նաև, որ պատկերասրահի մասնաճյուղերում իրականացվել է 42 միջոցառում, «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում` 14 շրջիկ ցուցահանդես։

«Տարեց աշխատակիցները ոգևորված էին, երբևէ այսքան այցելու չէին տեսել։ 2017 թվականի հունվարի 3-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային պատկերասրահը և 12 մասնաճյուղերն ունեցել են շուրջ 80 հազար այցելու, որից 43,529-ը այցելել է դիտելու Հովհաննես Այվազովսկու «Արարում» ցուցահանդեսը։ Կրթական ծրագրերին մասնակցել են 5-16 տարեկան այցելուների 219 խումբ՝ շուրջ 3 հազար մասնակից»,- ներկայացրեց Ծատուրյանը։

Պատկերասրահի տնօրենը հավելեց նաև, որ այս տարվա մայիսից գործում է պատկերասրահի առցանց խանութը, որտեղ ներկայացված են թանգարանի հրատարակած գրքերն ու թողարկված հուշանվերները։

 

2018 թվականին Հայաստանում մի շարք թանգարաններ են բացվելու, այդ թվում Լուսանկարչության թագարան: Այս մասին դեկտեմբերի 22-ին, ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Խոսքը Արա Գյուլերի անհատական ցուցադրության կազմակերպման եւ Լուսանկարչական թանգարանի մասին է: Հավանաբար թանգարանը կլինի Արա Գյուլերի անվան»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, բացի Լուսանկարչական թանգարանից, հաջորդ տարի կբացվի նաեւ գորգերի թանգարանը. «Արդեն տեղն ու ժամանակը հայտնի է»,-ընդգծեց Արմեն Ամիրյանը:

Արման Ծատուրյան

 

Սայաթ Նովայի թանգարանը ծրագրված է բացել 2018-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«2018-ին ծրագրված է Սայաթ Նովայի թանգարան բացել Հաղպատում: Մենք արդեն բանավոր պայմանավորվածություն ունենք Սերգեյ Առաքելյանի հետ, ով ունի և կտրամադրի Սայաթ Նովային վերաբերող նյութեր»,-ասաց Արմեն Ամիրյանը:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը տեղեկացրեց, որ Սերգեյ Առաքելյանն ունի Սայաթ Նովային վերաբերվող 2500 փաստ, ինչպես նաև Շիրվանզադեի, Թումանյանի ձեռագրերից՝ Սայաթ Նովային մասին:

Վիգեն Չալդրանյան

 

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել Վիգեն Չալդրանյանը:

Վիգեն Չալդրանյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 4-ին՝ Երևանում: 1975-ին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, սովորել դերասանական, ապա նաև ռեժիսուրայի բաժիններում: Ուսումը շարունակել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում:

Երկու տասնյակից ավելի ֆիլմերի և չորս դեմադրության հեղինակ է: Միջազգային կինոփառատոններում արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների:

1998-ից մինչև 1999 թվականը պաշտոնավարել է որպես ՀՀ մշակույթի փոխնախարար: 2001-ին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով: 2007-ից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է:

Դասախոսել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում:

«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

 

«Արմենպրես» լրատվական գործակալության կողմից 2015թ. նախորդ տարվա մանկական բեսթսելեր ճանաչված «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն ներկայանում է նորովի: Գրքում ներառվել են նոր հեքիաթներ՝ հետաքրքիր նկարազարդումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 23-ին կայացավ գրքի շնորհանդեսը:

«2014-ին լույս էինք ընծայել հետաքրքիր հեքիաթների մի ժողովածու, որը 2015-ին «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից համարվել էր տարվա բեսթսելեր: Առաջին գրքի հրատարակությունից հետո ավելացել էին հեքիաթներ, որոնք ևս ցանկացա ընդգրկել ժողովածուում: Դրա համար որոշեցինք փոփոխություններով լույս ընծայել: Հանվել է 3 հեքիաթ, ավելացել՝ 13 նորը»,-ասաց գիրքը կազմող Շավարշ Կարապետյանն ու հավելեց՝ շատ երեխաների համար այն կարող է դառնալ մանկության սիրելի գիրք:

Գիրքը լույս է տեսել 1500 օրինակով: Այն նաև առանձնանում է նոր նկարներով և դիզայնով: Գրքի նկարիչ-ձևավորող Արաբո Սարգսյանի կարծիքով՝ ստեղծել են Հայաստանում նախադեպը չունեցող նկարազարդումներով մի գիրք: «Յուրաքանչյուր հեքիաթի համար առանձին նկարազարդում է արված: Հեքիաթներից յուրաքանչյուրը խոր միտք է փոխանցում, ես փորձել եմ այդ միտքը նաև նկարով ցույց տալ»,-նշեց նա:

«Փայլուն մտահղացում, որակյալ դիզայն և նկարազարդումներ, հրաշալի հեքիաթներ և յուրահատուկ դրական էներգիա.մի խոսքով՝ իմաստության գանձատուփ, իսկական բեսթսելեր…»,-«Արմենպրես» լրատվական գործակալության այս կարծիքը զետեղված է գրքի շապիկի դարձերեսին:

Հեքիաթների այս ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային 50 հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված ճշմարտություններ ու արժեքներ: Ուսուցանելով մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, արժանապատվությունը, ազնվությունը, հավատարմությունը, կամեցողությունը,հաստատակամությունը՝ հեքիաթները ոչ միայն կարևորում են դրանք, այլև ցույց են տալիս դրանցով ապրելու և հիմնավոր հաջողության հասնելու ուղիները: Աշխարհի իմաստուն հեքիաթներ նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլև նաև բոլորի համար:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի մեծապես կարևորեց հեքիաթների ճիշտ ընտրությունը: «Շատ կարևոր է նաև ,որ գիրքը ներկայացնում է տարբեր ժողովուրդների հեքիաթներ: Այն ենթադրում է իմացության նոր շրջանակներ՝ ճանաչել նոր ժողովուրդների, նրանց նիստուկացը, սովորույթները»,-եզրափակեց գրականագետը:

 

Հանրահայտ սուրբծննդյան Jingle Bells ստեղծագործությունը իրականում ուրիշ տոնակատարության համար է ստեղծվել:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, երգը, որը գրվել է 1857 թվայանին Ջեյմս Լորդ Պիերպոնտի կողմից, կոչվում էր One Horse Open Sleigh և նվիրված էր Գոհաբանության օրվան: Իրականում երգը պատմում է ձմեռային զվարճանքների և ուրախութան մասին և, հավանաբար, սուրբծննդյան խորհրդանիշ դառնալուն նպաստել է սահնակի հիշատակումը երգում:

Բացի այդ, երգում հիշատակվում է ոմն միսս Ֆանի Բրայթի մասին, ինչը հուշում է երգի առավել ռոմանտիկ բնույթի մասին:

 

ԱՄՆ-ում Ակիմ Թամիրովին անվանում էին առաջին հայ դերասանը Ռուսաստանից, որին հաջողվել է կարճ ժամանակահատվածում գրավել Հոլիվուդը և հավերժացնել իր անունը հոլիվուդյան կինոաշխարհում:

Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, հոլիվուդյան կինոյի աստղ Ակիմ Թամիրովը ծնվել է 1899-ին Թիֆլիսում բնակվող հայկական ընտանիքում: 19 տարեկանում ապագա դերասանը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նախ սովորել է գեղարվեստա-թատերական դպրոցում, ապա մասնակցել նկարահանումների:

1923-ին Թամիրովը թատերական խմբակի կազմում մեկնում է ԱՄՆ հյուրախաղերի, որտեղից այլևս չի վերադառնում:

Առաջին տարիներն անցել են աշխատանքի որոնումներով. հայ դերասանն ստիպված է եղել որոշ ժամանակով թողնել իր ստեղծագործական կարիերան և ապրուստ վաստակել տաքսի վարելով:

1930-ականներին Թամիրովին ժպտում է հաջողությունը, և նրան փոքր դեր են առաջարկում «Կրիստինա թագուհին» ֆիլմում:

Նրա դերասանական տաղանդն աննկատ չի մնում, և մեկ տարում նա հաջողացնում է նկարահանվել 13 ֆիլմում:

Ֆիլմերում նա հիմնականում արտասահմանցիների կերպարներ էր կերտում: Տարբեր տարիներին նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են եղել Մառլեն Դիտրիխը, Գրետա Գարբոն, Ջինա Լոլոբրիջիտան:

1943-ին Ակիմ Թամիրովն ստացել է «Ոսկե գլոբուս» ամերիկյան կինոմրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

Թամիրովը 1969-ին կերտել է Սանչո Պանսայի դերը Օրսոն Ուելսի «Դոն Կիխոտ» անավարտ ֆիլմում:

Նա նկարահանվել է ավելի քան 140 ֆիլմում և ստեղծագորական կարիերայով զբաղվել մինչև մահը: Ակիմ Թամիրովը մահացել է 1972-ին: