Հունվար 20, 2018 08:39 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

«Լորիս Ճգնավորյան. 80 տարի» ծրագրի շրջանակներում, Թեհրանի «Վահդաթ» դահլիճում ներկայացվելու են իրանահայ անվանի կոմպոզիտոր, դիրիժոր, մաեստրո Լորիս Ճգնավորյանի մինչ այժմ չհնչած երաժշտական ստեղծագործությունները:

Ծրագիրը կազմակերպող մշակութային ու գեղարվեստական հաստատության տնօրեն Նասիմ Շոջաին, Լորիս Ճգնավորյանի մեծարման շաբաթվա ծրագրերին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծելով, որ Իրանում ու նաև միջազգային ասպարեզում ցանկացած ճյուղում մեծ ներդրում ունեցած գործիչների մեծարումը երկրի պարտականությունն է, ասել է. «Հունվարի 4-ին և 5-ին Թեհրանի «Վահդաթ» դահլիճում կազմակերպվելիք երկու համերգներում հնչելու են Լորիս Ճգնավորյանի ստեղծագործությունները»:

«Համերգներում ներկայացվելու են ստեղծագործություններ, որոնք մեծ ճանաչում ունեն միջազգային ասպարեզում, սակայն Իրանում շատ չեն հնչել»,-հավելել է Շոջաին:

Համերգի ընթացքում ներկայացվելու է նաև 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ճգնավորյանի «Ռեքվիեմ»-ը, որը մինչ այսօր Իրանում չի կատարվել ու թեև հորինվել է տարիներ առաջ, սակայն իր տեսակի մեջ չափազանց մոդեռն ստեղծագործություն է համարվում:

Լորիս Ճգնավորյանի մեծարման ծրագրերի շրջագծում կատարվելու են նրա ստեղծած «Ֆանտաստիկ պար» բալետը և «Փարդիս ու Փարիսա» օպերան: Նաև ցուցադրվելու է «Գյումրիի ուխտագնացություն» ֆիլմը, որը նվիրված է Սպիտակի երկրաշարժից հետո Լորիս Ճգնավորյանի դրամահավաքին, երբ նա արտասահմանից Երևան մեկնելով, ոտքով ուղևորվեց Գյումրի և ճանապարհին հանգանակած գումարը հատկացրեց մշակութային կյանքի վերականգնմանը:

 

Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության փոխանցմամբ՝ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի առիթով Իրանի գրքի և գրավոր ժառանգության թանգարանում դեկտեմբերի 25-ից երկու շաբաթով ցուցադրվելու են քրիստոնեական արժեքավոր գրքեր և ձեռագիր ավետարան:

Թանգարանում  աչքի են ընկնում 1639 թվականին «Քրիստոսի պատմությունը» խորագրով  գիրքը, որը լատիներենից թարգմանվել է պարսկերեն և լույս  է տեսել  Նիդերլանդների  Լայդենում, և 1895 թվականին Լոնդոնում տպագրված Նոր և Հին կտակարանները, որոնք Իրանի ժամանակի արքայազնի այդ երկիր կատարած առաջին այցի ժամանակ նվիրել են նրան:

Արխիվների բաժնում ցուցադրվել են Վահիդ պարբերականում լույս տեսած Մոհամմեդ Ալի Ջամալզադեի հեղինակած «Քրիստոսի ծննդյան գիշերը» խորագրով հոդվածը, և Անգլիայի ու  Հունգարիայի վարչապետների կողմից Նոր տարվա առիթով Իրանի ժամանակի վարչապետին (Փահլավիների օրոք) ուղարկված երկու բացիկները :

«Մենակը» վեպը

 

Թեհրանում մեծ տպաքանակով լույս է տեսել գրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը: Այն Հայաստանում համարվում է ամենավաճառվող գրքերից մեկը:

Գիրքը թարգմանել է պարսկահայ հայտնի թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը: «Մենակը» վեպը հեղինակի պարսկերեն թարգմանված երկրորդ գիրքն է: Առաջինը «Ռեզիդենտը» վեպն է, որը թարգմանել է պարսիկ դիվանագետ Հոսեյն Թաբաթաբային 2015 թվականին: Ընթերցողների պահանջով Թեհրանում այն մեծ տպաքանակով վերահրատարակվել է 2016 և 2017 թ.թ.: Պարսիկ հանրահայտ կինոռեժիսոր Բեհրուզ Աֆղամին, պարսկերեն ընթերցելով վեպը, որոշել է բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ նկարահանել:

Բ. Աֆղամին ժամանել է Երևան և պայմանավորվածություններ ձեռք բերել վեպի հեղինակի հետ: Ֆիլմը կլինի 12 մասից: Սցենարի հեղինակը Աշոտ Աղաբաբյանն է: Ֆիլմի ստեղծագործական խումբն արդեն աշխատում է: Բազմասերիանոցի առաջին երեք մասի սցենարն արդեն գրվել է և ուղարկվել Թեհրան: Սա առաջին դեպքն է, երբ հայ ժամանակակից գրողի վեպը ֆիլմի է վերածում արտերկրի հանրահայտ կինոռեժիսորը:

«Վերադարձ Փանջիռութ»

 

Անդրեյ Վոլոսի «Վերադարձ Փանջիռութ» պատմավեպը թարգմանվել է հայերեն: Գրքում ներկայացվում է միջնադարը, և այդ ֆոնին՝ իրանական դասական պոեզիայի դեմքերից մեկի՝ Ռուդաքիի կյանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 27-ին Հայաստանի գրողների միությունում կայացավ գրքի շնորհանդեսը:

«Գիրքը ոչ թե փաստավավերագրական, այլ գեղարվեստական լուրջ ստեղծագործություն է: Ներկայացվում է, թե ինչպես է Ռուդաքին զնդանից հանվում կուրացած, և նրան թողնում են, որ ոտքով մի ուղեվարի հետ հասնի ծննդավայր: Եվ այդ ողջ ճանապարհի հիշողություններն ու  դեպքերը ամբողջացնում են ողջ ժամանակաշրջանը, գրողի կյանքը»,-ասաց գրքի թարգմանիչ Շանթ Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ ինքը փորձել է գիրքը «հայացնել»: Գիրքը ճանաչողական մեծ արժեք ունի հայերի համար՝ ճանաչելու իրանական իրականությունը, կենցաղը, բարքերը

«Ռուսաստանը դրամաշնորհ է տրամադրում ռուսաց գրականությունը այլ լեզուներով թարգմանելու համար: Ռուսաստանում գործող «Թարգմանությունների ինստիտուտ»-ի պետական հովանավորությամբ իրականացվող գրանտներից մեկը շահել էր Ստեփանակերտի հրատարակչություններից մեկը: Արդյունքում ես կատարեցի այս թարգմանությունը: Ի սկզբանե առաջարկը եղել էր իմ կողմից»,- նշեց Մկրտչյանը:

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարիի խոսքով՝ ինքը նախքան Հայաստան գալը պաշտոնավարել է Ուզբեկստանում և Տաջիկստանում: Եվ այս գիրքը, բացի նրանից, որ Ռուդաքիի կերպարն է վերակենդանացնում, նաև վերակենդանացնում է իր անցած տարիներն այդ երկրներում: «Ինձ համար արժեքավոր է, որ այս հեղինակը, ծնված լինելով Տաջիկստանում, կարողացել է ճիշտ զգալ արևելյան կյանքի նրբությունները և գրքում միահյուսել այդ կյանքի գեղեցիկ դրվագները: Վստահ եմ, որ թարգմանիչը կարողացել է շատ գեղեցիկ ձևով վերարտադրել գրքի բովանդակությունը և մեզ հասցնել այն բոլոր նրբությունները, որ նկարագրել է Անդրեյ Վոլոսը»,-եզրափակեց նա:

«Ազատ հեռանկար»

 

Իրանական «Ազատ հեռանկար» անիմացիոն ֆիլմը ԱՄՆ-ի ASIANS ON FILM սեզոնային փառատոնում լավագույն անիմացիա անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի, իսկ լավագույն սաունդթրեք անվանակարգում՝ պատվոգրի:

«Ազատ հեռանկար» անիմացաին խոսում է մոր մասին, ով ապասում է պատերազմից որդու վերադարձին:

ASIANS ON FILM միջազգային փառատոնը անցկացվում է ամեն տարի ԱՄՆ-ի Լոս Անջելեսում և այստեղ ներկայացվում են ասիական ռեժիսորները:

ASIANS ON FILM փառատոնի հաղթողների անունները հայտարարվում է տարվա յուրաքանչյուր եղանակի ավարտին և այդ հաղթողները տարբեր անվանակարգերում մրցում են 2018թ. փառատունում:

Հովհաննես Չեքիջյան

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն դեկտեմբերի 30-ին,  հայտնի դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին  շնորհեց «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան:

ՀՀ նախագահի համախատասխան հրամանագրում ասված է․

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսեւորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաեւ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար ժողովրդական արտիստ Հովհաննես Հարությունի Չեքիջյանին շնորհել «Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչում՝ հանձնելով Հայրենիքի շքանշան»:

«Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը

 

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի  կենտրոնում գտնվող Ամաղլեբա փողոցի թիվ 18  հասցեում է գտնվում  «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը, որի բացումը եղել է օգոստոսի 5-ին։

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը իր ընտանիքի հետ 1903թ-ին տեղափոխվել ու մինչև մահ ապրել է հենց այս բնակարանում։ Թեև «Վերնատուն» գրական խմբակն այլևս չի գործել, բայց այս բնակարանում էլ նրան շարունակել են այցելել ժամանակի նշանավոր մշակութային ու հասարակական դեմքերը, ինչպես օրինակ՝ Ղազարոս Աղայանը, դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Նիկողայոս Մառը, Կոմիտասը և ուրիշներ։

Դեռևս 2012թ-ին Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ ու Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկայանի աջակցությամբ գնվել է տան գրադարանի հատվածը, իսկ 2015թ-ին IDEA հիմնադրամի միջոցներով գնվել է նաև տան ժառանգություն մնացած հատվածը։ Շենքի 3-րդ հարկում գտնվող բնակարանն այժմ ծառայում է ի նպաստ թումանյանական մշակութային ավանդույթների պահպանմանը։ 

«Մենք նպատակ չունենք այս տունը դարձնել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։ Մենք ունենք ազգային հպարտություն հանդիսացող Թումանյանի թանգարանը Երևանում, ունենք Դսեղում Թումանյանի տուն-թանգարանը, և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը գալիս է ամբողջացնելու և կանգնելու նշված երկու թանգարանների կողքին։ Կենտրոնի նպատակն է Հովհաննես Թումանյանի տան, այնտեղ տիրող մթնոլորտի ու բարի ավանդույթների վերակենդանացումը»,-նշում է կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը։

Թումանյանի տանը կարելի է տեսնել նրա ընտանիքին պատկանած հինավուրց հայելին և բուխարին, հարուստ գրադարան, հին լուսանկարներ։  Այնտեղ են գտնվում նաև գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի երկու որմնանկար, վրացահայ ընտանիքի կողմից նվիրաբերված իրեր՝ 170 տարվա վաղեմության պահարան, ռոյալ, աթոռներ ու այլ պարագաներ, որոնք այցելուին վերադարձնում են 20-րդ դարասկզբի թիֆլիսյան իրականություն։

 

Վատիկանի թանգարանի մաքրման ժամանակ հայտնաբերվել է իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտիի երկու նկարներ, հայտնում է CNN-ը:

Փորձագետները կարծում են, որ սա 1520 թվականին մահացած նկարչի վերջին աշխատանքներն են: Երկու նկարները մոտ 500 տարեկան են:

«Դա անհավանական զգացում է: Իմանալով, որ սա, հավանաբար,  նրա վերջին գործերն են, գրեթե զգում ես վարպետի ներկայությունը»,–նշել է Վատիկանի գլխավոր  ռեստավրատոր  եւ  նախագծի համար պատասխանատու Ֆաբիո Պյաչենտինին:

Աշխատանքները  ներկայացնում  են Արդարադատությունն ու Ընկերությունը խորհրդանշող երկու կնոջ: Նկարները պահպանվել են թանգարանների սենյակներից մեկի պատերին, որտեղ վերջերս մաքրման աշխատանքներ են  սկսվել:

Ռաֆայելի նկարների, ինչպես նաեւ պատերի նկարչության տարրերի  վերականգնումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2022 թվականը: Սենյակի վերականգնման համար կհատկացվի  2,7 մլն եվրո:

Ռոբերտ Գիվենս

 

ԱՄՆ-ում 99 տարեկան հասակում վախճանվել Է նկարիչ, դիզայներ եւ մուլտիպլիկատոր Ռոբերտ Գիվենսը, որն ստեղծել Է Բագզ Բաննի ճագարի կերպարը:

Գիվենսը մուլտիպլիկատորի իր կարիերան սկսել Է 1937 թվականին Disney ստուդիայում: Այնտեղ նա, մասնավորապես, մասնակցել Է «Ձյունանուշիկը եւ յոթ թզուկները» մուլտֆիլմի եւ Դոնալդ Դաքի մասին կարճամետրաժ ֆիլմերի ստեղծմանը:

1940 թվականին Գիվենսն աշխատանքի Է անցել Warner Bros. ստուդիայում: Հենց այնտեղ Է նա ստեղծել Բագզ Բաննի ճագարի կերպարը, որը դարձել Է գլխավոր հերոսներից մեկը Warner Bros.-ի մի քանի անիմացիոն ծրագրերում, այդ թվում՝ Looney Tunes Show-ում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծնունդով Քենտուկիի նահանգից Գիվենսը մեկնել Է օվկիանոսից այն կողմ՝ ծառայելու ռազմաճակատում: Վերադառնալով տուն՝ նկարիչը շարունակել Է զբաղվել անիմացիայով: Նա, մասնավորապես, նկարել Է այնպիսի հայտնի գործող անձերի, ինչպիսիք են Դաֆֆի Դաք բադիկը, նավաստի Փոպայը, մասնակցել Է «Թոմը եւ Ջերին» սերիալի ստեղծմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: