Հունվար 20, 2018 08:56 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետն ասել է. «Արվեստագետների մեծարումը մեզ մոտ պակասում է և մենք դա պիտի սովորենք մուսուլմաններից»:

Նոր տարվա կապակցությամբ իրանահայ արվեստագետների մեծարմանը նվիրված «Հանդիպում 2» միջոցառումը կայացավ  երեքշաբթի օրը՝ Թեհրանի Իրանական արվեստի թանգարան-պուրակում:

Միջոցառմանը մասնակցում էին Թեհրանի իսլամական քաղխորհրդի մշակութային հանձնաժողովի նախագահ Մոհամմեդ Ջավադ Հաղշենասը, Թեհրանի քաղաքապետարանի մշակութային-գեղարվեստական կազմակերպության տնօրեն Մահմուդ Սալահին և գեղարվեստական հարցերով տեղակալ Ամիր Աբդոլհոսեյնին, Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարյանը, թեմական խորհրդի անդամներ, իրանահայ արվեստագետներ, Ռազմիկ Օհանյանը, Վարդան Սահակյանը, Արման Ստեփանյանը, Սերժ Ավագյանը, Լիլիթ Տերյանը, Գառնիկ Տեր Հակոբյանը, Վահիկ Հարությունյանն ու Սիմոն Այվազյանը և Թեհրանի հայոց թեմի «Արտակ Մանուկյան» թանգարանի տնօրեն Ալիս Շահմուրադյանը:

Միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարյանը մեծարելով նման միջոցառում կազմակերպելու Թեհրանի քաղաքապետարանի մշակութային-գեղարվեստական կազմակերպության նախաձեռնությունն, ասել է. «Արվեստագետները բարության ու գեղեցկության պատգամաբերներ են ու այդ տեսակետից նման են մարգարեներին: Նրանք մարդկանց համար բացահայտում են աստվածային հատկանիշների գեղեցկությունն ու նրբությունը: Նրանց ներկայությունը գեղեցկություն ու նրբություն է պարգևում մեր կյանքին և մեզ երախտապարտ է դարձնում նրանց նկատմամբ»:

Թեհրանի քաղաքապետարանի մշակութային-գեղարվեստական կազմակերպության տնօրեն Մահմուդ Սալահին նույնպես իր կարճ ելույթի ընթացքում շնորհավորելով նոր տարվա կապակցությամբ, ասել է. «Իրանահայ արվեստագետներն իրենց արվեստով պատմում են Իրանի պատմության մասին»:

«Ճգնավորյանը և կինոն»

 

Իրանի արվեստագետների տանը տեղի ունեցավ «Ճգնավորյանը և կինոն» թեմայով միջոցառում նվիրված մաեստրո Լորիս Ճգնավորյանին: Այս մասին հաղորդում է Մեհր լրատվական գործակալությունը:

Երգահան, խմբավար մաեստրո Լորիս Ճգնավորյանին նվիրված միջոցառումը տեղի է ունեցել ուրբաթ օրը:

Միջոցառման ժամանակ, Խոսրո Սինային, Բեհնամ Սաբուհին և Մոհսեն Սաղաֆին հանդես են եկել ելույթով:Նրանք խոսել են կինոյի ոլորտում Ճգնավորյանի ստեղծագործությունների մասին:

Միջոցառման ժամանակ ցուցադրվել է «Ուխտագնացություն դեպի Գյումրի» վավերագրական ֆիլմը: Ֆիլմը նվիրված է  1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած մեծ ավերիչ երկաշարժից  հետո մաեստրոյի կազմակերպած դրամահավաքին և  դեպի Գյումրի ոտքով կատարած ուղևորությանը:Այդ տարի մաեստրո Լորիս Ճգնավորյանը երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով ԱՄՆ-ում մեծ համերգով հանդես եկավ:Նա համերգի ամբողջ հասույթը փոխանցեց երկրաշարժից տուժածներին:

Ճգնավորյանը արտասահմանից Երևան մեկնեց,որտեղ, ոտքով ուղևորվեց դեպի Գյումրի և ճանապարհին հանգանակած գումարը հատկացրեց Գյումրիի մշակութային կյանքի վերականգնմանը:

«Եվա»

 

«Փալմ Սփրինգզ» միջազգային 29-րդ կինոփառատոնը հյուրընկալեց իրանական երեք ֆիլմեր:

«Փալմ Սփրինգզ» միջազգային 29-րդ կինոփառատոնն իր ««Մրցանակների սեզոն» բաժնում հյուրընկալեց Անահիտ Աբադի «Եվա» գեղարվեստական ֆիլմը:

«Փալմ Սփրինգզ» միջազգային կինոփառատոնն իր «Մրցանակների սեզոն» բաժնում ընդհանրապես ցուցադրում է Օսկարի մրցանակաբաշխության լավագույն արտասահմանյան ֆիլմի անվանակարգի համար ներկայացված արտասահմանյան ֆիլմերը, որոնց շարքին այս տարի Հայաստանին ներկայացվել էր «Եվա»-ի թեկնածությունը:

Իրանահայ կինոռեժիսոր Անահիտ Աբադի պատրաստած «Եվա» գեղարվեստական ֆիլմը հայ-իրանական համատեղ արտադրություն է, որը մինչ այժմ ցուցադրվել է «Մոնթրեալ»-ի, ԱՄՆ-ի «Միլվաքի»-ի, ու «Լոս Անջելեսի ասիական աշխարհ» և Թբիլիսիի միջազգային կինոփառատոներում և շահել «Նուռ» կինոփառատոնի հանդիսատեսի ընտրությամբ լավագույն ֆիլմի մրցանակը:

«Փալմ Սփրինգզ»-ի միջազգային 29-րդ կինոփառատոնի ընթացքում Իրանից ցուցադրվելու են նաև Մաջիդ Մաջիդիի «Ամպերից այն կողմ» և Վահիդ Ջալիլվանդի «Առանց թվական, առանց ստորագրություն» ֆիլմերը:

«Փալմ Սփրինգզ»-ի միջազգային 29-րդ կինոփառատոնը տեղի կունենա հունվարի 2-ից 15-ը: Փառատոնի ընթացքում «Եվա»-ն ունեցավ երկու ցուցադրություն՝ հունվարի 7-ին և 10-ին:

Գառնու տաճարը

 

Ինչպե՞ս է Հայաստանում հունահռոմեական ճարտարապետության ոճի տաճար հայտնվել, ու ի՞նչ նպատակով է կառուցվել այն։ Այս հարցերի պատասխանը փորձել է տալ Smithsonianmag գիտական պարբերականի հեղինակներից մեկը։

Smithsonianmag հեղինակավոր ամսագրի հեղինակ Բենջամին Քեմպերն իր հրապարակումներից մեկում փորձել է բացահայտել Գառնու՝ նույնանուն գյուղում գտնվող հեթանոսական տաճարի գաղտնիքը։

«Գաղտնիքներով պարուրված Գառնու տաճարը ստիպում է նորովի ընկալել նախաքրիստոնեական Կովկասը… Այստեղ՝ Հռոմից 2,5 հազար ու Աթենքից 1,5 հազար մղոն հեռավորության վրա, Հարավային Կովկասի հեռավոր անկյունում տպավորիչ մեծության մի իսկական հունական տաճար կա` նախկին ԽՍՀՄ տարածքում պահպանված միակ նմանատիպ կառույցը։ Բերանս բաց նայում էի տաճարի սյուներին, որոնք հիշեցնում էին Ֆրանսիայի Մեզոն Կարրենը կամ Աթենքի Պարթենոնը, փորձում էի հասկանալ՝ ինչպես է Հայաստանում հունահռոմեական ճարտարապետության գլուխգործոց հայտնվել, ու ի՞նչ նպատակով է այն կառուցվել», — գրում է Քեմպերը։

Նա հեթանոսական տաճարի ստեղծման տարբեր վարկածներ է ներկայացնում։

«Կառույցի պատերից մեկի հունական գրառումը վկայում է, որ տաճարը արևի աստծու՝ Միհրի տաճարն է եղել։ Իսկ կառուցվել է մթա 77 թվականին՝ Տրդատ I-ի օրոք, որին թագադրել էր հռոմեացի կայսր Ներոնը։ Բայց ոչ բոլոր գիտնականներն են համամիտ այս տեսությանը։ Օրինակ` Էլիզաբեթ Ֆագանը` Տրումենի պետական համալսարանի պատմության պրոֆեսորի օգնականը, կարծում է, որ հունական գրառումը չի կարող հիմք հանդիսանալ այդ վարկածի համար», — գրում է հոդվածի հեղինակը։

Նրան հետաքրքրում է նաև մեկ այլ հարց` ինչպես է տաճարը կանգուն մնացել հայերի քրիստոնեություն ընդունելուց հետո։

«Չէ՞ որ Տրդատ III-ի օրոք, երբ Հայաստանը 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն ընդունեց, հեթանոսական կառույցները ոչնչացվեցին», — նշում է Քեմպերը։

Նա նաև հիշատակում է՝ ինչպես է 1679 թվականի ավերիչ երկրաշարժը մինչև հիմքը քանդել տաճարը, որը Խորհրդային տարիներին է վերակառուցվել ։

«Այսօր տաճարն ամեն տարի 136 հազար զբոսաշրջիկ է ընդունում»,— նշում է Քեմպերը։

 

2017-ի տարեսկզբից Մշակույթի նախարարությունը հայտարարեց հայ կինոյի ոլորտում լուրջ բարեփոխումներ կատարելու մտադրության մասին: Ըստ այդմ՝ նախատեսվում էր մշակել և կառավարությանը ներկայացնել հայ կինոյի զարգացման հայեցակարգը՝ Կինոյի մասին օրենքի նախագիծը, որոշակի փոփոխություններ կատարել Ազգային կինոկենտրոնի գործառույթներում, կառավարման համակարգում և այլն:

2017-ի հուլիսին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ազատվեց աշխատանքից, նախարարի մեկ այլ հրամանով կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Շուշանիկ Միրզախանյանը՝ ազատվելով «Հայկ» կինոստուդիայի տնօրենի պաշտոնից: Շուշանիկ Միրզախանյանի հրամանով էլ Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար (ֆիլմ-հանձնակատար) նշանակվեց Արսեն Բաղդասարյանը: Մշակույթի նախարարը վստահեցրեց` ֆիլմ-հանձնակատարի ինստիտուտը հայ կինոյի ոլոտում լուրջ փոփոխությունների երաշխիքներ է բերում:

Անցած տարի վախճանվեց անվանի կինոռեժիսոր, Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Նրա մահվանից մի քանի ամիս անց կինոգործիչների արտահերթ համագումարը միության նոր նախագահ ընտրեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանին:

Միության նախագահի ընտրություններում իրենց թեկնածությունն էին առաջադրել նաև կինոկենտրոնի նախկին ղեկավար Գևորգ Գևորգյանը և Ռուբեն Գևորգյանցի որդին՝ Վահե Գևորգյանցը: Ուշագրավ է, որ, ինչպես պնդում են կինոգործիչներից շատերը, Կինոգործիչների միության այս արտահերթ համագումարի ընթացքում կայացած ընտրությունները պառակտում չեն առաջացրել կինոգործիչների շրջանում:

 

Մեծ Բրիտանիայում բնակվող իրանցի Օմիդ Ասադին պատկերներ է կտրատում չորացած տերևների վրա, որոնք աչքի են ընկնում իրենց մանր ու հետաքրքիր նախշերով և թեթևությամբ:

38-ամյա նախկին ինժեներ և բռնցքամարտի չեմպիոնի խոսքով՝ արվեստի միջոցով ինքը փորձում է նորովի նայել աշխարհին և իր շրջապատին:

«Իմ արվեստը սկիզբ է առնում մանկությունից, երբ իմ ու բնության միջև խորը զգայական կապ կար: Փոքր ժամանակ ես ասեղի օգնությամբ նախշեր էի անում տերևների կամ վարդերի ընկած թերթիկների վրա: Այնուհետև ես երկար ժամանակով թողեցի այս զբաղմունքն ու վերադարձա իմ հոբբիին 2012 թվականին՝ օգտագործելով տերևները որպես ստեղծագործելու համար հիմնական նյութ», - պատմել է նկարիչը:

Ասադիի խոսքով՝ կտրելու տեխնիկայի միջոցով ինքը ձևափոխում է սովորական տերևները՝ ժամանակատար գործընթացի արդյունքում վերածելով դրանք արվեստի գործերի:

«Ընդհանուր առմամբ, սա մեր շրջակա միջավայրի ընկալման տարբերությունները ցուցադրելու իմ մոտեցումն է. ուզում եմ ցույց տալ, որ մենք չենք նկատում սովորական իրերը, մինչև դրանց վրա ուշադրություն է հրավիրվում», - իր աշխատանքը մեկնաբանել է նա:

 

Դևիդ Ռոքֆելերի անունը վաղուց արդեն անչափելի հարստության և ազդեցիկության խորհրդանիշն է, որը շուտով կարող է մտազուգորդվել նաև բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր աճուրդի անցկացման հետ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, նյույորքաբնակ միլիարդատիրոջը պատկանող արվեստի գործերի հավաքածուն, որում ներառված են Պիկասոյի, Մոնեի, Մատիսի, Գոգենի գլուխգործոցները և որոնք ժամանակին զարդարել են մեծահարուստի առանձնատան պատերը, կհանվեն աճուրդի:

Կտավներից բացի հավաքածուում ներառված է Նապոլեոն Բոնապարտին պատկանած ճենապակյա սպասքի հավաքածուն:

Ոլորտի վերլուծաբանների կանխատեսմամբ՝  վաճառքից ստացված ընդահնուր գումարը կարող է գերազանցել 1 մլրդ դոլարը, ինչն արդեն ռեկորդ կհամարվի:

Աղբյուրը մանրամասնում է, որ աճուրդը կազմակերպվելու է հեղինակավոր Christie’s աճուրդի տան կողմից՝ Նյու Յորքում: Ընդհանուր առմամբ, վաճառքի կհանվի 1.600 նմուշ:

Հավելենք, որ Ռոքֆելերը մահացել է այս տարի: Նա 101 տարեկան էր: