Հունվար 20, 2018 09:08 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Հունվարի  12-ի երեկոյան, «Ռուդաքի» համերգասրահում, «Ֆաջր» երաժշտական փառատոնի շրջանակներում մայեստրօ Ռազմիկ Օհանյանի ղեկավարությամբ՝ Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի երգչախումբը, ելույթով ներկայացավ հանրությանը:

Ձեռնարկին անդրադարձել է իրանահայ «Ալիք» օրաթերթը գրելով. «Ծրագրի սկզբում, հնչեցին դասական երաժշտության կատարումներ՝ Վիվալդիի, եւ այլ անձանց ստեղծագործություններից: Ծրագրի երկրորդ բաժնում նվագախումբը դաշնակահարներ Ալվին Ավանեսյանի եւ Աֆշին Նոսրաթիի ընկերակցությամբ հանդես եկավ Իրանական հեղափոխական եւ տարատեսակ ֆոլկլոր կատարումներով, այդ թվում՝ իրանահայ կոմպոզիտոր Ռուբեն Գրիգորյանի, Ալֆրեդ Մարդոյանի, Սերգեյ Աղաջանյանի եւ իրանահայ դասական երաժշտության աշխարհահռչակ վարպետ՝ Լորիս Ճգնավորյանի «Իրան» ստեղծագործության կատարումներով:

Ծրագրի վերջին բաժնում, նվագախմբի ղեկավար մայեստրօ Ռազմիկ Օհանյանը, «Իրան» ստեղծագործությունը հանդիսատեսին ներկայացնելու համար, բեմ հրավիրեց մայեստրօ Լորիս Ճգնավորյանին, որպեսզի նրա ղեկավարությամբ հնչի այդ կատարումը:

Երգչախմբի հաջողության գաղտնիքը երգերի մատուցման պարզության եւ կոմպոզիտորի կողմից կազմված հայտագրի բազմազանության եւ ժողովրդականության մեջ էր:

Ամենադասական ու ծանր ստեղծագործությունը, նույնիսկ, ներկայացվեց շատ պարզ ու թեթեւ, որից չէր տուժում որակը: Սերնդեսերունդ փոխանցված իրանական ժողովրդական երաժշտության կատարումներն ու ազգային երգարվեստի տարատեսակ դրսեւորումներն էլ, արտացոլված էին, «Վարուն Վարունէ», «Լէյլամէ» եւ իրանահայ կոմպոզիտոր Ալֆրեդ Մարդոյանի թուրքերեն լեզվով հնչած «Դիլբար» ստեղծագործություններում, որն ներկայացնում էր Իրանի ժողովրդի տիպային առանձնահատկություններն ու մտածողության հիմնական կերպն՝ ընդունելի եւ հասկանալի դառնալով բոլորի կողմից: Եթե այս ամենին ավելացնենք Ռազմիկ Օհանյանի անմիջականությունն ու համերգի ժամանակ մերթ ընդ մերթ հանդիսատեսի հետ մտերմիկ զրույցները՝ համեմված անզուգական կատարումներով պարզ է դառնում թե, որն է իրանահայ երաժիշտի ասելիքը «Ֆաջր»-ի բեմում»:

Սպահանի Ամենափրկիչ վանք

 

Սպահանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության գերատեսուչն ասել է. «Իրանական եկեղեցիների, այդ թվում՝ Սպահանի Ամենափրկիչ վանքի համաշխարհային գրանցման աշխատանքն ընթացքի մեջ է»:

Ֆերեյդուն Ալլահյարին անդրադառնալով Սպահանի Ամենափրկիչ վանքի համաշխարհային գրանցմանն, ասել է. «Մենք հետևում ենք Իրանի եկեղեցիների համաշխարհային գրանցման ընթացքին: Որոշված է, որ հիշյալ կոթողները գրանցվեն մի ամբողջական հավաքածուի մեջ, որի մաս է կազմում նաև Սպահանի Ամենափրկիչ վանքը»:

«Բազմաթիվ պատմական կոթողներ գտնվում են համաշխարհային գրանցման հերթի մեջ և եկեղեցիներին զուգահեռ նաև օրակարգի մեջ է գտնվում կենտրոնական մզկիթների ու իրանական տների գրանցումը, որոնց մեջ են մտնում նաև Սպահանի որոշ տներ». ասել է նա:

Սպահանի Ամենափրկիչ վանքը բաղկացած է «Ս. Հովսեփ Հարեմաթացի» եկեղեցուց, թանգարանից ու մատենադարանից, որտեղ պահպանվում են պատմական արժեքավոր ցուցանմուշներ ու ձեռագրեր և համարվում է Սպահանի տուրիստական գրավչություններից մեկը:

 

Իրանցի ծաղրանկարիչը շահեց Լեհաստանի կերպարվեստի միջազգային փառատոնի ծաղրանկարի բաժնի առաջին մրցանակը:

Լեհաստանի կերպարվեստի միջազգային փառատոնը 102 երկրների 700 արվեստագետների մասնակցությամբ կայացավ Վարշավայում:

Լեհաստանի կերպարվեստի միջազգային փառատոնում իրանցի ծաղրանկարիչ Ամին Դոլաթխահի ստեղծագործությունը շահեց ծաղրանկարի բաժնի առաջին մրցանակն ու փառատոնի հատուկ մեդալը:

Իրանցի երիտասարդ ծաղրանկարիչը մինչ այս շահել է Շվեյցարիայի ծաղրանկարի միջազգային փառատոնի և Կանադայի ծաղրանկարի միջազգային փառատոնի առաջին, Եգիպտոսի կերպարվեստի միջազգային փառատոնի ծաղրանկարի բաժնի երկրորդ, և Ֆրանսիայի ծաղրանկարի միջազգային փառատոնի երրորդ մրցանակները:

Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես

 

Հայաստանի ազգային պատկերասրահը, հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի հանդեպ, տեղեկացրել է, որ նշված ցուցահանդեսը կարելի վայելել ևս մեկ ամիս:

Հիշեցնենք, որ պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դեկտեմբերի 20-ին հայտարարել էր, որ Այվազովսկու ցուցահանդեսը շուրջ 44 հազար այցելու է ունեցել: «Արարում» խորագրով ցուցահանդեսը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին, նվիրված է ծննդյան 200-ամյակին: Ցուցահանդեսի փակումը նախատեսված էր հունվարի 15-ին:

Ցուցահանդեսում ներկայացված է 52 գեղանկար, 26  գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։

 

Գիրքը որպես նվեր ընտրելու մշակույթը զարգանում է Հայաստանում։ Սրա մասին է վկայում տոնական օրերին վաճառված գրքերի քանակը։ Panorama.am-ի հետ զրույցում Երևանի գրախանութների աշխատակիցներն ընդգծեցին՝ անքննելի է, որ գրքի նկատմամբ հետաքրքությունը մեծանում է։

«Նախատոնական օրերին գրքի վաճառքի աշխուժությունն ակնհայտ էր։ Որպես նվեր ավելի շատ գնել են մանկական գրքեր»,- մեզ հետ զրույցում նշեց «Բուկինիստ» գրախանութի PR-մենեջեր Անի Ղազարյանը։

Նա նշեց, որ ընդհանրապես ավելացել է հայերեն լեզվով գրքերի վաճառքը, ինչը վերաբերում է թե թարգմանություններին, թե հայ հեղինակներին։

«Հինգ տարի առաջ ավելի շատ գնում էին ռուսերեն լեզվով գրքեր»,- ասաց կայքի զրուցակիցը։

Գրախանութի աշխատակիցը տեղեկացրեց, որ տոնական օրերին նոն ֆիքշն՝ ոչ գեղարվեստական գրքերից ամենավաճառվածներն են՝ «Dorling Kindersley» հրատարակչության «Գիտելիքների հանրագիտարան» գրքի հայերեն թարգմանությունը, Սամվել Գևորգյանի «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» և Վահագն Դիլբարյան «100 բիզնես գաղտնիքներ» գրքերը։

«Բուկինիստ»-ում գեղարվեստական գրքերից ամենավաճառվածն են Նարինե Աբգարյանի «Մանյունյան»,  Մարկ Արենի «Վայրի վարդերը», որոնց տպաքանակն այդ օրերին ամբողջությամբ սպառվել է, իսկ երրորդ ամենավաճառվածը Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքն է եղել։

Panorama.am-ի հետ զրույցում «Զանգակ» գրատան տնօրեն Արմեն Գասպարյանը ևս նշեց, որ տոներին հիմնականում մանկական գրքեր են վաճառվել։

«Ամենաշատը գնել են Հադսոն Բառնեթի «Խորհրդավոր պարտեզը», Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը», Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարանը», ավելի թարմ թարգմանվածներից՝ Հարի Փոթերի փաթեթը»,- ասաց Արմեն Գասպարյանը։

Էդիթ Պրինտ հրատարակչությունից էլ տեղեկացրել են, որ իրենց թարգմանությամբ գրքերից ընթերցողներն առավել շատ գնել են «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն, դրան հաջորդել է «100 բիզնես գաղտնիքներն»  ու Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը։ Բեսթսելլերների շարքում է հայտնվել նաև «Աննա Ֆրանկի օրագիրը», «Դորիան Գրեյի դիմանկարն» ու «Երեք ընկերը» գրքերը:

Արա Գյուլերի անունով վերանվանված փողոց

 

Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Թոսբողա փողոցն արդեն պաշտոնապես Արա Գյուլերի անունով է կոչվում։

Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերն իր անունով վերանվանված փողոցում «Արա Գյուլերի փողոց» անունը կրող ցուցանակը լուսանկարել եւ տեղադրել է Twitter–ի իր էջում։ «Բեյօղլուի Թոմթոմ թաղամասում Թոսբողա փողոցի անունը փոխվել է որպես Արա Գյուլերի փողոց»,–գրել է Արա Գյուլերը Twitter–ում։

Նշենք, որ «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք»,  ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի,  Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:

«Շշուկների մատյան» վեպի անգլերեն տարբերակ

 

Լոնդոնում հունվարի 5-ին տեղի ունեցավ ամերիկյան հեղինակավոր Յեյլ Յունիվերսիթի պրես/Yale University Press, հրատարակչութան կողմից  լույս ընծայված Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի անգլերեն տարբերակի շնորհանդեսը, որն առաջադրվել է PEN America-ի մրցանակի «Լավագույն թարգմանություն» անվանակարգում՝ ամենալավ տասը այլ թարգմանությունների շարքում։         

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախկինում «Շշուկների մատյանի» իսպաներեն և գերմաներեն տարբերակները եղել են «Տարվա լավագույն թարգմանություն» անվանակարգի հինգ թեկնածուների շարքում, իսկ 2013-2015թթ. ընթացքում Ռումինիայի, Իսրայելի և Հայաստանի գրողների միությունների կողմից գիրքն առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի:

Թոմ Հենքս

 

Կինոդիտողներն ու երկրպագուները ընտրել են բոլոր ժամանակների մեծագույն դերասաններին և դերասանուհիներին: Քվեարկությունը, որին մասնակցել են մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից, անցկացվել է Ranker մասնագիտացված կայքի կողմից:

Ինչպես հայտնում է The Independent-ը, հարցման արդյունքները ստացվել են 1.1 մլն քվեարկողի կարծիքների հիման վրա: Առաջատար տասնյակում հայտնված դերասաններից ոմանք նույնիսկ հանդես չեն եկել որևէ նախագծում վերջին մի քանի տարիներին:

Այսպիսով, բոլոր ժամանակների լավագույն դերասանների տասնյակը գլխավորում է Թոմ Հենքսը, որի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Ֆորեսթ Գամփ», «Փրկել շարքային Ռայանին», «Խաղալիքների պատմություն» ժապավենները:

Բոլոր ժամանակների լավագույն դերասանների տասնյակն այսպիսի տեսք ունի. Թոմ Հենքս, Բեթ Դեյվիս, Մառլոն Բրանդո, Ջեյմզ Ստյուարտ, Քեթրին Հեփբորն, Ռոբերտ դե Նիրօ, Ջեք Նիկլսոն, Մորգան Ֆրիման, Էնթոնի Հոփքինս և Դասթին Հոֆման:

 

Իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլլիանիի գեղանկարների ցուցահանդեսը բացվել էր դեռևս անցյալ տարվա մարտին՝ Վենետիկի Պալացո Դուկալեյում, սակայն չորս ամիս անց ցուցահանդեսը ստիպված են եղել փակել, քանի որ փորձագետները կասկածի տակ են դրել ներկայացված նկարների իսկությունը։

Կասկածի տակ են հայտնվել այնպիսի նկարներ, ինչպիսիք են «Մորիկանդայի դիմանկարը», «Հաիմա Սուտինայի դիմանկարը», «Կնոջ գլուխը», «Կարմրահեր կինը», «Կնոջ դիմանկարը», «Մովսես Կիսլինգի դիմանկարը», «Նստած կինը» աշխատանքները։

Առաջինն, ով կասկածի տակ է դրել աշխատանքները, եղել է արվեստագետ և Մոդիլիանիի ստեղծագործությունների փորձագետ Կարլո Պեպին։ Իր կասկածների մեջ նա ծանուցել ոստիկանությանը։ Կասկածի տակ են հայտնվել շուրջ 21 աշխատանք, բայց հայտնի է դարձել բնօրինակն է միայն մեկը։

Կարլո Պեպին ենթադրում է, որ հայտաբերված կեղծ գեղանկարները ստեղծվել են 1980-ականներին։

Ամադեո Մոդիլիանին 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ամենահայտնի արվեստագետներից մեկն է։ Նա ներկայացրեց այնպիսի ուղղություն, ինչպիսին է էքսպրեսիոնիզմը: