Փետրվար 06, 2018 00:57 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Իրանի ու Հայաստանի ժողովուրդներն ապագայում էլ շարունակելու են ամուր կապեր ունենալ, որի արմատները գտնվում են երկու երկրի պատմության ու մշակույթի ծալքերում:

Երեքշաբթի օրը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանում կայացած «Իրան-Հայաստան, հողի հիշողություն» ցուցահանդեսի փակման և Հայաստանի մշակույթի գիշերվա հանդիսության ժամանակ ասել է. «Իրանն ու Հայաստանը հարևան երկրներ են և երկու ժողովուրդները  միասին պատմական երկար ուղի են անցել: Իրանի ու Հայաստանի միջև երբեք լուրջ խնդիրներ չեն եղել և երկու երկրների պատասխանատու կառույցներն առանց որևէ բարդության համագործակցում են»:

Իրանում Հայաստանի դեսպանը հայտարարել է, որ այս ցուցահանդեսը նպատակ ուներ միմյանց ծանոթացնել երկու երկրների մշակույթի ու արվեստհ հետ:

Իրանի Ազգային թանգարանի գերատեսուչ Ջեբրեիլ Նոքանդեն  հանդիսության ժամանակ ասել է. «Իրանի Ազգային թանգարանը երեք ամիս պատիվ ունեցավ Թեհրանում հյուրընկալել Հայաստանի վաղեմի մշակույթի արժեքավոր ցուցանմուշները: Անցած երեք ամիսների ընթացքում ցուցահանդեսին կից կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, այդ թվում,  4 իրանցի և 2 հայ գիտաշխատողների մասնակցությամբ, գումարվեցին գիտական վեց նիստեր»:

Նա ընդգծել է, որ ցուցահանդես է այցելել շուրջ 45,096 մարդ: «Ցուցահանդեսի այցելուների ավելի քան 70 տոկոսը իրանցիներ, իսկ շուրջ 30 տոկոսը արտասահմանցիներ են եղել». հավելել է Նոքանդեն:

Էդվարդ Միլիտոնյան

 

Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հայ գրականության առաջընթացի համար շատ կարևոր է համարում ոչ միայն գրական առնչությունները, շփումները տարբեր երկրների գրողների հետ, նաև հայ ժամանակակից գրականությունը թարգմանաբար համաշխարհային հանրությանը ներկայացնելը։

«Շատ դեպքերում մեր ստեղծագործական միության անդամ սփյուռքահայ գրողները իրենք նաև կապավորն են մեր ժամանակակից գրականության, և իրենց երկրների միջև․ Վրաստանի, Պարսկաստանի մեր բաժանմունքների գրողները թարգմանում են այդ երկրների լեզուներով»,-մանրամասնեց Միլիտոնյանը:-«Նաև թարգմանական գրականության լիանիստ արեցինք, որտեղ քննարկվեց՝ ինչն է թարգմանվում, ինչպես պիտի գործի այդ մեխանիզմը, որն է, որ արժանանում է պետական միջոցների հրատարակությամբ, որը՝ հրատարակիչները, որը՝ Գրողների միությունը»:

Հայաստանի ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով մեր գրողները ժամանակ առ ժամանակ հրավիրվում նաև մասնակցելու այս կամ այն միջազգային գրական հանդիպման կամ փառատոնի՝ օրինակ Լեհաստանում, Հունգարիայում, Սերբիայում և այլուր: Ինքը նույնպես անցյալ տարի մասնակցել է նաև Անդերսենի անվան մանկապատանեկան գրքի փառատոնին․ «Անդերսենի համաշխարհային մանկապատանեկան գրքի մրցանակաբաշխությունում իրենց հայաստանյան կազմակերպությունը ներկայացրել էր իմ գրականությունը, և դա քննարկմամբ վերջնական ցանկում է հայտնվել: Դա էլ մանկապատանեկան գրականության ամենաբարձր հարթակն է»:

Ցավոք առայժմ գրական միջազգային մրցանակաբաշխություններին հաղթողներ մենք դեռ չենք ունեցել, բայց ԳՄ նախագահի խոսքով թարգմանական լուրջ աշխատանքի շնորհիվ ի վերջո առաջիկայում կարող ենք և նման առաջընթաց գրանցել: - «Թարգմանական վերջին հինգ տարվա հայ գրողների ցանկը մենք տպագրեցինք «Գրական թերթում», երկու էջում: Ուրեմն՝ հարյուրավոր պարբերականների անթոլոգիաների և գրքերի տպագրությունն է հայ գրողների հրատարակումները եղել աշխարհի տարբեր երկրներում: Սովետական Միության օրոք անգամ նման բան չի եղել», - պատմեց Միլիտոնյանը:

Գրողների միության նախագահը վստահություն է հայտնում, որ հայ ժամանակակից գրականությունը չի կարող չհետաքրքրել արտասահմանյան ընթերցողին, անգամ եթե նույնիսկ հայ ընթերցողն է անտարբեր հայ ժամանակակից գրականությանը: - «Հայաստանը ինքը պատրաստ չէ այսօր գնահատելու իր մեծ գրողներին», - վստահ է Էդվարդ Միլիտոնյանը:

Տիգրան Զարգարյան

 

Հայաստանի ազգային գրադարանը  2017 թվականին մի շարք ձեռքբերումներ է ունեցել` մատենագիտական աշխատանքների կազմում, Գրատպության թանգարանի բացում և այլն: Նախորդ տարի կատարված աշխատանքի և այս տարի սպասվող ծրագրերի մասին հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

«Նախորդ տարվա ամենածանր իրադարձությունը Հայաստանի ազգային գրապալատի ձուլումն էր Հայաստանի ազգային գրադարանին: Մենք գրապալատի ողջ հավաքածուն տեղափոխեցինք մեզ մոտ: Աշխատակիցներից ոչ մեկը դուրս չմնաց: Այն գործառույթները, որոնք կատարում էր գրապալատը, այժմ շարունակում է իրականացնել  գրադարանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Զարգարյանը:

Նրա խոսքով` իրենք նկուղային ապահով տարածք են հատկացրել «ազգային անձեռնմխելի հավաքածու» համարվող գրքերին: Այնտեղ են պահվում տարբեր հրատարակիչների տրամադրած արժեքավոր գրքերից օրինակներ, որոնք կփոխանցվեն սերունդներին:

Տնօրենը շեշտեց, որ գրադարանում գրանցված է  31 755 ընթերցող: «2017-ին գրանցվել է  3367 մարդ, նրանցից  2357-ը ուսանողներ են, 1010-ը` գիտական ընթերցասրահի ընթերցողներ:  Գրքատածքը կազմել է 1 մլն 499 հազար միավոր, այսինքն` տարվա ընթացքում այդքան անգամ գիրք է սպասարկվել, իսկ ընթերցողների հաճախումների թիվը հասել է 247 828-ի»,-ասաց նա:

Անդրադառնալով միջազգային համագործակցություններին` Տիգրան Զարգարյանը նշեց`նախորդ տարի ռուսերեն և հայերեն հրատարակել են մատենագիտական կատալոգ «Պատրաստված է ԽՍՀՄ-ում. Հայաստան 1950-1991  թվականներ» խորագրով: Այնտեղ ներառված են Հայաստանի գիտնականների ատենախոսություններ, ընդգրկվել են գիտության բոլոր ճյուղերը:

Կազմվել է Բոստոնում հրատարակվող «Armenian review» հայագիտական հանդեսի հոդվածների մատենագիտությունը 1950-ական թվականներից մինչև  2010-ը:

Գրադարանի համար մեծ ձեռքբերում էր Գրատպության թանգարանի բացումը: Այն  գործում է, ունի և’ հայ, և’ օտարազգի այցելուներ, շատ են դպրոցականներն ու ուսանողները:

«Մեր ուշադրության կենտրոնում է գրքերի թվայնացումը: Մենք աշխարհով մեկ սփռված տպագիր գիր և մամուլ ունենք: Շատ համարներ մեզ մոտ չկան: Դրանք գտնելով, թվայնացնելով և թվայնացված պատճենները մեզ մոտ պահելով, հասանելի ենք դարձնում ընթերցողներին, հետազոտողներին: Այդ նպատակով ստացել ենք նոր թվայնացման սարքեր: Սա մեզ հնարավորություն տվեց առաջ քաշել  Համահայկական թվային գրադարան ստեղծելու գաղափարը, որը ամբիցիոզ է, բայց իրականանալի»,-ընդգծեց տնօրենը:

«Նշանակալի էր համագործակցությունը Ստամբուլի Աթաթուրքի անվան գրադարանի հետ: Հոկտեմբերին մեր գրադարանից մասնագետներ այցելեցին այնտեղ և, ստուգելով գրքերի հայատառ հավաքածուների կեսը, գտան  57 գիրք, որոնք հայ մատենագիտական ցանկերից ոչ մեկում ներառված չէին: Նկարեցին և չորս հնատիպ գիրք բերեցին, որոնք մենք  ընդգրկեցինք համապատասխան ցանկում:

Երուսաղեմում գտանք Ոսկան Երևանցու Աստվածաշնչի այն օրինակը, որը հրատարակվել է հատուկ կաթոլիկ եկեղեցու համար»,-ասաց նա:

Խոսելով խնդիրներից` Զարգարյանը նշեց, որ լուրջ բացթողումներ կան համայնքային գրադարաններում: «Շարունակում ենք դրանց վերազինումը: Նախորդ տարի Մարալիկի և Ամասիայի համայնքային գրադարանները դրամաշնորհ են շահել»,- եզրափակեց նա:

«Գրական ավտոբուս»

 

Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի փողոցներում «Գրական ավտոբուս» է հայտնվել, որի վրա տեղ են գտել մեջբերումներ տարբեր ազգերի գրողների, այդ թվում՝ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններից: Այս մասին հայտնում է Vladimir.kp.ru-ն:

«Դրսից ավտոբուսը նկարազարդված է Սիլվա Կապուտիկյանի, Ռուվիմ Ֆրաերմանի և Ռասուլ Գամզատովի ստեղծագործություններից մեջբերումներով: Սրահում ուղևորներին սպասվում է գրողների ստեղծագործությունների վերաբերյալ մրցույթ: Քաղաքի բնակիչները, որոնք ճիշտ կպատասխանեն հարցերին, որպես նվեր կստանան այս հեղինակների գրքերը», - ասվում է կայքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Գրական ավտոբուսի» հայտնվելը հնարավոր է դարձել Ազգային մշակույթների մարաթոնի «Բաց պատուհաններ» նախագծի շնորհիվ: Այն կսպասարկի 31-րդ երթուղին այսօրվանից մինչև մարտ:

Նշվում է, որ մարաթոնի նպատակը ռուս, հայ, թաթար, դաղստանցի և հրեա գրողների արվեստի մասին պատմելն է:

Շվեյցարական Modus Quartet քառյակը

 

Շվեյցարական Modus Quartet քառյակը ներկայացրել է իր վերջին՝ Facing East ալբոմը, որում տեղ են գտել Կոմիտասի ստեղծագործությունները: Այս մասին հայտնում է շվեյցարական Der Bund պարբերականը:

«1915 թվականի ապրիլին Կոմիտաս Վարդապետը վերապրել է մի քանի հարյուր հայ մտավորականների զանգվածային սպանությունը: Սակայն նա դարձել է այնքան շատ դեպքերի ականատես, որ իր կյանքի վերջին տարիները՝ 1922-1935 թվականները, անցկացրել է Փարիզի հոգեբուժարաններից մեկում: Այսպիսով՝ իր մեջ տարբեր երաժշտական մշակույթներ համադրող այս ալբոմը նույնպես հարգանքի տուրք է դարձել ժամանակակից հայկական դասական երաժշտության հայր-հիմնադրի հիշատակին», - ալբոմի թողարկումը մեկնաբանել է պարբերականը:

Նշվում է, որ Facing East ալբոմում ներառվել են «Ալ Այլուղս», «Չեմ կըրնա խաղա», «Գլորիգ այ լորիգ» և այլ ստեղծագործություններ: Երաժիշտների խոսքով՝ այս ալբոմը ջազի և արևելյան մոտիվների համադրություն է:

Հայտնի է, որ Modus Quartet-ի մենակատարը հայազգի Ուրի Դորա Ապատյանն է, ակորդեոնահարը՝ իտալացի Անտոնելո Մեսինան, կոնտրաբասիստը՝ շվեյցարացի Լորենց Բայելերը, իսկ թմբկահարը՝ իսրայելցի Օմրի Հասոնը:

«Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում»

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին Մայքլ Վուլֆի գրած սկանդալային գիրքը հեռուստասերիալի հիմք կհանդիսանա: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» բեսթսելլերի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Endeavor Content ընկերությունը:

Նշվում է, որ հեռուստասերիալի գործադիր պրոդյուսեր կդառնա գրքի հեղինակը:

Հայտնի է, որ «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գիրքը վաճառքի է հանվել հունվարի իննին՝ դառնալով բեսթսելլեր ԱՄՆ-ում: Գրքում, մասնավորապես, նշվում է, որ Դոնալդ Թրամփը չէր ակնկալում դառնալ ԱՄՆ նախագահ, նրա կին Մելանյային ցնցել է առաջին տիկին դառնալու հեռանկարը, իսկ Թրամփի մի շարք խորհրդականների անհանգստացրել է նրա հոգեկան առողջության վիճակը:

Սպիտակ տունը կտրականապես հերքել է Վուլֆի գրքի բովանդակությունը, իսկ Թրամփի անձնական փաստաբանը նամակ է հղել հեղինակին և հրատարակողին՝ պահանջելով դադարեցնել գրքի հրատարակումը և տարածումը:

Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը»

 

Մեծ Բրիտանիայի Տետֆորդ քաղաքում գողացել են գրող Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը, որի գինը 40 հազար ֆունտ ստեռլինգ է, ինչպես նաև՝ մի շարք այլ գրքեր:

Նախնական տվյալների համաձայն՝ կողոպուտը տեղի է ունեցել հունվարի 8-9-ին։ Հարի Փոթերի մասին գրքից բացի կորել է ևս մի քանի հազվադեպ գիրք, այդ թվում՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթի» առաջին հրատարակությունը, Ալան Ալեքսանդր Միլնի՝ Վինի Թուխի մասին հեքիաթների առաջին չորս հրատարակությունը, ինչպես նաև՝ Թերրի Փրաթչեթի «Հրաշքի գույները» գրքի առաջին հրատարակությունը:

Նշվում է, որ ոստիկանությունը կոչ է արել հասարակայնությանը, մասնավորապես՝ գրքավաճառներին և մասնագիտացված գրախանութների աշխատակիցներին, զգոնություն ցուցաբերել, եթե այս գրքերն առաջարկվեն վաճառքի համար:

Վինսենթ Վան Գոգ

 

Նիդեռլանդների Վինսենթ Վան Գոգի թանգարանը հայտարարել է, որ նկարչի հավաքածուն համալրվել է երկու՝ նախկինում ոչ հայտնի աշխատանքներով, որոնք թվագրված են 1886 թվականին։

Թանգարանի աշխատակիցները  հաստատել են, որ նկարներից մեկը պատկանում է նրա վրձնին։ Այդ աշխատանքին նման ևս մեկ կտավ , որն ավելի վաղ հրաժարվել էին ներառել նկարչի աշխատանքների շարքում, նույնպես հայտարարվել է Վան Գոգի աշխատանք։