Գեղարվեստական հաղորդում (99)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ազգային կոմիտեի անդամը տեղեկացրեց Իրանի արժեքավոր ու պատմական նշանակություն ունեցող երեք ստեղծագործությունների, այդ թվում՝ Կյուրոսի հռչակագրի այդ կազմակերպության համաշխարհային հիշողության ցուցակում գրանցվելու մասին:
Սուսան Ասիլին շաբաթ օրն Իրանի արևմտյան Համադան քաղաքում կազմակերպված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային հիշողության պարզաբանման ուսուցողական առաջին նիստին առընթեր ԻՌՆԱ-ի հետ զրույցում հավելել է. «Սանայիի «Քոլլիաթ»-ը, Կյուրոսի հռչակագիրը և Էբն Մաջեդի «Ալ-Ֆավաեդ» աշխատասիրությունը Համաշխարհային հիշողության ցուցակում գրանցվելու համար, Իրանի կողմից ներկայացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին»:
Կյուրոսի հռչակագիրը Բաբելոնը նվաճելուց հետո նոր բաբելոներենով կավե գլանի վրա գրված Աքեմենյան Մեծն Կյուրոս արքայի հրամանագիրն է, որը պատկանում է Իրանին և պահվում է Բրիտանիայի թանգարանում:
Այս հռչակագիրն աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ գլխավոր փաստաթուղթն է համարվում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային հիշողության ազգային կոմիտեի քարտուղար Ֆարհադ Նազարին ասաց. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային հիշողության ցանկում 10 ստեղծագործություններ գրանցելով Իրանն այդ տեսակետից աշխարհում 7-րդ տեղն է զբաղեցնում»:
«Փրկություն դրախտից» իրանական մուլտֆիլմը մասնակցելով ԱՄՆ-ի Ֆլորիդայում կազմակերպված Խաղաղության միջազգային 4-րդ կինոփառատոնին շահեց «Լավագույն ավանգարդ ֆիլմ», «լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Լավագույն նկարահանում» անվանակարգերի գլխավոր մրցանակները:
ԱՄՆ-ի Խաղաղության միջազգային 4-րդ կինոփառատոնը 45 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ հունվարի 18-ից 20-ը կայացավ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում:
Ի դեպ, Թվայնացված մեդիայի մուլտֆիլմերի միջազգային 4-րդ փառատոնն անց է կացվելու Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքում: Փառատոնի առանցքում են լինելու ինտերնետը, սոցիալական ցանցերը, թվայնացված խաղերն ու զվարճանքը, թվայնացված կենսակերպը, բովանդակության կիսելը, մանուկներն ու պատանիները և անձնական սահմանները:

Նախաձեռնութեամբ Թեհրանի Հայկական հարցերի ուսումնասիրական կենտրոնի (ՀՈՒՍԿ) եւ համագործակցութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ «Բոխարա» հանդէսի, ի մասնաւորի դրա հրատարակիչ՝ Ալի Դեհբաշիի, յունւարի 22-ին, «ՀՈՒՍԿ»-ի կենտրոնատեղիում կազմակերպւեց մեծարանքի երեկոյ ի պատիւ իրանցի բանաստեղծ, հայերէնագէտ մտաւորական եւ թարգմանիչ Ահմադ Նուրիզադէի:
Մտաւորական, ով սովորելով եւ տիրապետելով հայերէն լեզւին ու գրականութեանը եւ ինչու չէ տիրապետելով պարսից գրականութեանը, թարգմանեց եւ հրատարակեց բազմաթիւ գրքեր:
Նման անհատի գնահատանքի եւ մեծարման երեկոյին «ՀՈՒՍԿ»-ի անունից ներկաներին ողջոյնի խօսք ասելով Սարինէ Թորոսեանը անդրադարձաւ Ահմադ Նուրիզադէի կենսագրական տւեալներին եւ հրաւիրեց նրա տիկնոջը Մանդանա Փարնիանին՝ իր խօսքը փոխանցելու:
Նա իր գնահատանքի խօսքն ուղղելով Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին, «Ալիք»-ին, «ՀՈՒՍԿ»-ին, «Չեշմէ» հրատարակչութեանը եւ բազմաթիւ անհատների, ովքեր միշտ եղել են Նուրիզադէի կողքին, անդրադարձաւ նրա անհատականութեանը եւ իւրայատկութիւններին եւ ընդգծեց, որ Ահմադ Նուրիզադէի համար հայերէնը նման չէր որեւէ այլ լեզւի, հայերէնը բոյն էր դրել նրա հոգում:
Երեկոյին, որպէս դասախօս էր հրաւիրւել Իսլ. Ազատ համալսարանի հայերէնագիտական ամբիոնի ռեկտոր դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը, ով անդրադառնալով դոկտ. Ահմադ Նուրիզադէի կենսագրական տւեալներին եւ գրական ստեղծագործութիւններին, մէջբերումներ կատարեց զանազան անձանց եւ հրատարակիչների տեսակէտներից՝ Ահմադ Նուրիզադէի մասին:
Միջոցառմանը ցուցադրւեց «ՀՈՒՍԿ»-ի պատրաստած տեսաֆիլմը, որը պատկերում էր Ահմադ Նուրիզադէի անցած ճանապարհը:
Յայտագրի այլ բաժնում «Պայման» հանդէսի խմբագրակազմի անդամ ճրտ. Էդւարդ Յարութիւնեանը ներկայացրեց Նուրիզադէի վերջին հրատարակութիւններից «Ամալիա» գիրքը:
Ընթացքում հրաւիրւեց արտայայտւելու «Չեշմէ» հրատարակչութեան տնօրէն պրն. Քիայեանը:
Վերջում հրաւիրւեցին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը եւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը, որոնց ձեռամբ նրա տիկնոջը եւ ընտանիքին յանձնւեցին գնահատագրեր «Ալիք» օրաթերթի խմբագրակազմի, «ՀՈՒՍԿ»-ի եւ Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի կողմից:
Յատկանշական է, որ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը մինչ այդ նիւթական օժանդակութիւն է ցուցաբերել թէ՛ «Քահրիզաք»-ի կենտրոնին, եւ թէ՛ Ահմադ Նուրիզադէի խնամակալութեան համար:
Աւարտին Իսիկ Իւնանէսեանը «ՀՈՒՍԿ»-ի անունից իր ողջոյնի խօսքն ուղղելով ներկաներին եւ Ահմադ Նուրիզադէի ընտանիքին, ընթերցեց Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի ուղերձը:
Amazon.com առցանց խանութում վաճառքի է հանվել Los-Angeles Times պարբերականի ամենատարեց լրագրող Ուիլյամ Ռեմփելի հեղինակած «Խաղացողը. ինչպես առանց գրոշի մնացած Քըրք Քրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը» գիրքը:
Գրքի գինը տատանվում է 11.43-25.19 դոլարի սահմաններում (էլեկտրոնային տարբերակը՝ 14.99, պինդ կազմով գիրքը՝ 19.90, փափուկ կազմովը՝ 11.43, աուդիո սկավառակը՝ 25.19 դոլար):
Հեղինակը փորձել է ականավոր հային ներկայացնել որպես հակասական անձ՝ հանճար՝ առանց կրթության, չափազանց ամաչկոտ մի մարդ, որը պատրաստ էր ամենահավակնոտ բիզնես-խաբեությունների և ունեցած ամենը խաղասեղանին դնելու ռիսկին:
Քրքորյանը մահացել է 2015թ.: Ժամանցի ու խաղային բիզնեսի ոլորտում իր գործունեության համար նրան անվանում էին «Լաս Վեգասի արքա»:
Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանն անդրադարձել է Վատիկանի թանգարանում պահվող հայկական խաչքարին: «Խաչքարերը մեր պատմության ու մշակույթի, թերևս, ամենախորհրդանշական վկաներն են: 2014 թվականին Վատիկանյան թանգարաններում բացվեց և մշտական ցուցադրության դրվեց հայկական միջնադարյան խաչքար։ 1246թ. թվագրվող խաչքարն այդ օրվանից իր պատվավոր տեղն ունի Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ։
Ամեն օր Վատիկանյան թանգարաններ է այցելում միջինում 27 հազար մարդ՝ աշխարհի տարբեր ծայրերից: Թանգարանի մասնագետների կարծիքով՝ միայն 2016 թվականին հայկական խաչքարին ծանոթացել է ավելի քան 5 միլիոն այցելու: Ինձ համար անչափ խորհրդանշական է, որ տարեկան միլիոնավոր մարդիկ ծանոթանում են հայկական խաչքարի արվեստին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆեյբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանը:

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքի Գեղարվեստի պատկերասրահում պահվող միջնադարյան հազվագյուտ հայկական ձեռագրի որոշ հատվածներ թվայնացվելու են՝ պատկերասրահի առցանց կատալոգում օգտագործվելու նպատակով:
«Ձեռագիրը ստեղծվել է 13-րդ դարում: Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարիներին ձեռագրի հատվածները փոխանցվել են ձեռքից ձեռք՝ 1950թ. հասնելով Գեղարվեստի պատկերասրահ»,-նշում է Rochester.edu կայքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ձեռագրի թվայնացման գործով կզբաղվեն Ռոչեսթերի համալսարանի լավագույն մասնագետները:
Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը չեղարկել է իտալացի Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» ֆիլմը կինոթատրոններում ցուցադրելու թույլտվությունը, քանի որ արվեստի ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաները «սև» կատակերգությունը դիտելուց հետո այն վիրավորական ու ծայրահեղական են որակել:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, խորհրդատվական հանձնաժողովն ավելի վաղ կոչ էր արել նախարարությանը հետաձգել ֆիլմի ցուցադրումը, որպեսզի այն չհամընկնի Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակի հետ ու ավելորդ լարվածության առիթ չտա:
«Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրման արտոնագիրը չեղարկվել է»,- «Ֆրանս Պրես» գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ մշակույթի նախարարության խոսնակը:
ՌԴ Պետդումայի մշակութային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ելենա Դրապենկոն հայտարարել է, որ երբևէ այդ աստիճան տհաճ ֆիլմ չէր դիտել:
«Բոլոր ռուսները, որոնց ֆիլմը ցուցադրել ենք, այդ թվում՝ նաև ռուսական մամուլի ներկայացուցիչները, հավանել են այն: Նրանք նշել են, որ այն զավեշտալի է, բայց ճշմարիտ»,-ասել է ռեժիսորը:
Սակայն ֆիլմի փակ դիտմանը ներկա գտնված անձինք բաց նամակով դիմել են մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն՝ նշելով, որ կինոնկարն անարգում է ֆաշիզմի դեմ պայքարած ու հաղթանակած մարդկանց հիշատակը: Ոմանց կարծիքով՝ այն վիրավորում է ԽՍՀՄ օրհներգն ու պատմական խորհրդանիշները:
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ գեներալ Ժուկովը, որը նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակում գլխավոր դերակատարում ունեցող դեմքերից է, ֆիլմում հիմարի կերպարով է ներկայացված:
Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը փետրվարի 28-ին Լոնդոնում վաճառքի կհանի Պաբլո Պիկասոյի կտավներից մեկը, որի մեկնարկային գինը 50 մլն եվրո է:
Ինչպես նշում է euromag.ru-ն, «Բերետով և վանդականախշ զգեստով կինը» կտավը նախկինում երբեք աճուրդի չի հանվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ մինչ փետրվարի 28-ը գլուխգործոցը կցուցադրվի Հոնկոնգում, Թայբեյում, Նյու Յորքում և Լոնդոնում՝ արվեստի գործի նկատմամբ գնորդների հետաքրքրությունը շարժելու համար:
Պիկասոն կտավը նկարել է 1937թ.: