Ապրիլ 02, 2018 17:14 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Սրտի կաթվածից  մարտի 10-ին կյանքից հեռացավ իրանահայ դերասան Լևոն Հաֆթվանը, ով դերեր է կատարել «Քուփալ» եւ «Փարվիզ» ֆիլմերում: Նա 51 տարեկան էր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Թեհրան Թայմս»-ը՝ Հաֆթվանը ուրբաթ գիշերը սրտի կաթված է ստացել `«Մթության հարսնացու» հեռուստասերիալում նկարահանման ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է հաջորդ օրը:

Հաֆթվանը մի քանի տարի ապրել է Կանադայում և 2010թ. վերադարձել Իրան՝ խաղալու համար Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» սև կատակերգություն-դրամայում։

Նա 2014թ-ին լավագույն դերասան է ճանաչվել Դակկայի 13-րդ միջազգային կինոփառատոնում:

«Փարվիզ» ֆիլմին «Արծաթե ծիրան» է շնորհվել 2013թ-ին Երևանում կայացած «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնում։

Հաֆթվանն լավագույն դերասանի կոչմանն է արժանացել 2017 թ-ին Համիլթոնի միջազգային կինոփառատոնում՝ Կազեմ Մոլլայի «Քուփալ» դրամայում մարմնավորած դերի համար:

Նա նաեւ կերպարներ է կերտել Ամիր-Հոսեյն Սաքաֆիի «Ձի դարձած մարդը», Ռեզա Աթարանի «Դրակուլա» և մի շարք այլ հայտնի կինոնկարներում:

Լևոն Հաֆթվանին կհուղարկավորեն Թեհրանի հայկական գերեզմանոցում:

 «Լուվրը Թեհրանում»

 

Լուվրի թանգարանի տնօրենն ասել է.«Իրանի քաղաքակրթությունը մեծ դեր է ունեցել Եվրոպայի ներկա քաղաքակրթության ձևավորման գործում»:

 «Լուվրը Թեհրանում» ցուցհանդեսի բացման առիթով կազմակերպված մամլո ասուլիսում, հիշեցնելով, որ Իրանի ազգային թանգարանի շենքը նախագծվել ու կառուցվել է ֆրանսիացի ճարտարագետ Անդրե Գոդարդի կողմից, Լուվրի թանգարանի տնօրեն Ժան Լյուկ Մարտինեսն ասել է.«19-րդ դարում Իրանի ու Ֆրանսիայի միջև հնեաբանական պեղումների մասին պայմանագրեր են կնքվել »:

Մարտինեսը հավաստիացրել է, որ Իրան-Ֆրանսիա համագործակցությունների շրջանակում, մարտի 28-ին, Ֆրանսիայում կայանալու է Իրանի ղաջարական շրջանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Թեհրանում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվելու են Լուվրի թանգարանի 56 ցուցանմուշներ, այդ թվում՝ ավելի քան 50 արձաններ, քանդակագործություն, գեղանկարչություն, վիմագրություն և երկու իրեր, այդ թվում բրոնզե կացին՝ էլամի թագավորի արձանագրությամբ և բրոնզե իր Լոռեստանից:

«Ժխտման ճարտարապետները»

 

«Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական կինոնկարը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Այն դատապարտում է ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ` մեր օրերում աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող էթնիկ զտումները: Ֆիլմի մասին մարտի 5-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ժապավենի գործադիր արտադրողներ դերասան, հաղորդավար Դին Քեյնը և նախկին զինվորական, հաղորդավար, «Էմմի » մրցանակի դափնեկիր Մոնթել Վիլիամսը:

Մոնթել Վիլիամսի խոսքով` երբ Դին Քեյնն իրեն ներկայացրել է նախագիծը, ինքը հարցրել է, թե ի՞նչ Հայոց ցեղասպանության մասին է խոսքը: «Այդ ժամանակ մտածեցի, որ քսաներկու տարի եղել եմ զինվորական, ինձ համարում եմ ռազմական պատմաբան, իմ հաղորդման ընթացքում խոսում եմ բազմաթիվ խնդիրների շուրջ և տեղյակ չեմ Հայոց ցեղասպանությունից,  ուրեմն շատերն են անտեղյակ: Հասկացա, որ անհրաժեշտ է մարդկանց պատմել, բացահայտել այդ եղելությունը, քանի որ ճանաչված չլինելով` հայերի ցեղասպանությունը կարող է հանգեցնել այլ ցեղասպանությունների: Բավական է, պետք է այս հարցը բարձրացվի և լուծում ստանա»,-շեշտեց Վիլիամսը:

Նրա համոզմամբ` աշխատանքը Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ նաև կապված է ատելությունը դադարեցնելու հետ, քանի որ ցեղասպանությունն ի վերջո մի ազգի ատելության դրսևորում է մեկ այլ ազգի նկատմամբ:

Գործադիր արտադրողները հույս հայտնեցին, որ այն մարդիկ, որոնք կդիտեն ֆիլմը,  կհասկանան` քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել այն շարունակվելու է:

Ժապավենում ներառված են մի շարք փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում ենպատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղիունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ:

Ֆիլմի նկարահանման համար պահանջվել է ավելի քան չորս տարի: Այն ցուցադրվել է հարյուր հեռուստաընկերություններում, կինոթատրոններում և լայն արձագանքի է արժանացել ողջ աշխարհում:  Այն Հայոց ցեղասպանությանն անդրադարձող միակ կինոժապավենն է, որտեղ ցեղասպանության թեման կապվում է  Հայաստանի խորհրդային պատմության հետ, զուգահեռներ են անցկացվում այն ամենի միջև, ինչ կատարվել է անցյալում, Հայ ազգային ազատագրական շարժման ժամանակ և ներկայումս:

Հնարավոր է, որ այն առաջադրվի «Էմմի»-ի:

«Ժխտման ճարտարապետները»

 

Ամերիկյան Starz կաբելային վճարովի հեռուստաալիքը, որն ունի ավելի քան 20 մլն բաժանորդ, Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի նախօրեին՝ ապրիլի 23-ին, կցուցադրի 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի մասին «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմը:

Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ռեժիսորն ամերիկացի Ջո Բերլինգերն է:

Asbarez-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը լավագույնն էր ճանաչվել Լոս Անջելեսի 2016թ. կինոմրցանակաբաշխության փաստավավերագրական ֆիլմերի անվանակարգում:

Ֆիլմը, որի պրոդյուսերական կազմում ընդգրկված են Բերլինգերը, Էրիկ Էսրայիլյանը և Չիփ Ռոզենբլումը, պատկերում է Թուրքիայի կառավարության կողմից մեկ դար շարունակվող ժխտողականության արշավները:

Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Քրիստիան Բեյլը, Մայք Մեդավոյը, Էրիկ Պողոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սառաֆյանը, Շորե Աղդաշլուն և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

 

Հանճարեղ նկարիչ, ռուսական մոդեռնի նախահայր Միխայիլ Վրուբելի` գողացված «Դևն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը Հայաստանում է, շուտով հատուկ ցուցադրությամբ այն կներկայացվի արվեստասերներին: 1995 թ. Ռուսական արվեստի թանգարանի պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածուից գողացվել էր նկարչի այս ստեղծագործությունը:  22 տարի միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվեց 2017 թվականի մարտին: Այն բավական անմխիթար վիճակում էր, մասնատված էր բազմաթիվ կտորների, կորցրել էր գույնը: Անհրաժեշտություն կար ոչ միայն հավաքել նկարի մասերը, այլև վերականգնել դրա ամբողջականությունը: Ահա այս բավական բարդ և պատասխանատու աշխատանքը ստանձնեց Մոսկվայի  Տրետյակովյան պատկերասրահը:

2017 թ. նոյեմբերի 15-ին Մոսկվայում, Ռուսաստանում Հայաստանի օրերի շրջանակում, Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գեղանկարն արդեն վերականգնված վիճակում հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ստեղծագործությունը Հայաստան բերվելուց հետո վերադարձվել է հասցեատիրոջը` Ռուսական արվեստի թանգարանին:

Արդյունքում սպասվում է  «Գողացված «Վրուբելի» վերադարձը» խորագրով միջոցառումների շարք:

 

Հայաստանցի ընթերցասերների համար տարին ուրախալի կլինի. այս տարի նրանց դատին կհանձնվեն Էրիխ Մարիա Ռեմարկի  «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է», Անտուան դը Սենտ- Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն», Ջոն Գրինի «Անվերջ կրիաներ» և մի շարք այլ գրքեր:

Մարտի 10-ին Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար» գրքի շնորհանդեսին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանն ասաց, որ իրենք ձգտում են բնագրից թարգմանել և ընթերցասեր հանրությանը տրամադրել այն գրքերը, որոնք միշտ կհետաքրքրեն մարդկանց:

Անդրադառնալով Էրիխ Մարիա Ռեմարկին` նա շեշտեց, որ նրա գրքերը միշտ սիրված են եղել, իսկ «Հաղթական կամար»-ի նախկին թարգմանություններում բացթողումներ և թերություններ կան: Իրենք այն ամբողջությամբ և նոր շնչով են մատուցել:

Գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է: Այն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ «Հաղթական կամարը» բնագրից թարգմանությամբ և նոր մոտեցմամբ ներկայացվեց ընթերցողներին:

Image Caption

 

Ջութակը, որը պատկանում էր ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկին՝ Ալբերտ Էյնշտեյնին (1879-1955 թթ.), ուրբաթ օրը  Bonhams-ի Նյու Յորքի աճուրդում աճուրդում վաճառքի կհանվի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍգործակալությունը՝ վկայակոչելով Daily Express-ին,  որի տվյալներով՝  նախնական լոտը գնահատվում է 100-150  հազար դոլար:

Ֆիզիկոսը սկսել է ջութակ նվագել 6 տարեկան հասակում: Սակայն միայն 13 տարեկանում, երբ Էյնշտեյնն իր համար բացահայտել է Մոցարտի ջութակի սոնատները, երաժշտությունը դարձել է նրա կյանքի մի մասը:

Նրա երկրորդ կնոջ՝ Էլզայի վկայությամբ, երաժշտությունն օգնում էր նրան, երբ նա խորհում էր իր տեսությունների մասին: Նշվում է նաև, որ Էյնշտեյնը հազվադեպ էր ճանապարհորդում առանց ջութակի:

 

Մարտի 4-ին Լոս Անջելեսում կայացել է «Օսկար-2018» կինոմրցանակաբաշխությունը, որն այս տարի դիտել է 26.5 մլն մարդ:

Ինչպես նշում է deadline.com-ը, վերջին 10 տարվա ընթացքում սա մրցանակաբաշխության դիտելիության ամենացածր մակարդակն է եղել:

Այս ցուցանիշը 20%-ով ցածր է 2017թ. «Օսկար»-ը դիտած հեռուստադիտողների թվից: Հայտնի է, որ նախորդ տարի մրցանակաբաշխությունը դիտել էր 33 մլն մարդ:

Նշվում է, որ մրցանակաբաշխության հեռուստալսարանը տարեցտարի նվազում է այն պարզ պատճառով, որ Կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ակադեմիան սկսել է ավելի հաճախ պարգևատրել ոչ այդքան շահութաբեր ֆիլմերը:

Հիշեցնենք, որ տարվա ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը: