Ապրիլ 02, 2018 17:26 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Շնորհավորելով իրանական նոր տարին և գարնանամուտը Ձեզ ենք ներկայացնում գեղարվեստական հաղորդաշարի այս տարվա առաջին համարը: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Միխայիլ Վռուբելի Երևանում Ռուսական արվեստի թանգարանից գողացված «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի Հայաստան վերադարձի կապակցությամբ օպերային թատրոնում նոր ներկայացում է բեմադրվել:

«Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վռուբել» գրական-երաժշտական ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ մարտի 16-ին Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ բեմադրությունը հարուստ է գեղեցիկ, ժամանակակից անիմացիոն լուծումներով:

Նա նշեց, որ երգիչները՝ Սիրանուշ Գասպարյանը, Դավիթ Բաբայանցը և այլք, մեծ հետաքրքրությամբ են պատրաստվել բեմադրությանը:

«Վռուբելի կտավի գողության անհայտ պատմությունը շատ զարմանալի է: Լավ է, որ այն գտնվել, վերականգնվել և վերադարձել է Հայաստան»,-ընդգծեց Օրբելյանը և հավելեց, որ ինքը Տրետյակովյան պատկերասրահում էր, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այն հանձնում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Ներկայացման մեջ մեկտեղված են հատվածներ Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմից և Անտոն Ռուբինշտեյնի համանուն օպերայից, որոնք ուղեկցվում են Միխայիլ Վռուբելի վերը նշված պոեմի նկարազարդումներով՝ մատուցված ժամանակակից անիմացիոն լուծումներով:

Ներկայացումը Երևանում Ռուսական արվեստի թանգարանի և օպերային թատրոնի համագործակցության լավագույն օրինակ և արդյունք է:

Միխայիլ Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի կապակցությամբ Միխայիլ Վռուբելի ստեղծած «Դևն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը Ռուսական արվեստի թանգարանից գողացվել էր 1995 թվականին:

22 տարի  միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվեց 2017 թվականի մարտին ռուսական հատուկ ծառայությունների կողմից և նույն թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում «Ռուսաստանում Հայաստանի օրեր»-ի շրջանակում պետական Տրետյակովյան պատկերասրահի Վռուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հանձնվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Շարլ Ազնավուր

 

Հանրային տան Սմետանայի անվան շքեղ դահլիճում բացվել է Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ հոբելյանական կինոփառատոնը, որի գլխավոր հյուրը դարձել է աշխարհահռչակ շանսոնյե, կոմպոզիտոր և դերասան Շարլ Ազնավուրը։ 
«Օրեր» պարբերականի փոխանցմամբ, կինոփառատոնի 25 տարիների ընթացքում նա 44-րդ հանրահայտ կինոգործիչն է, որ արժանանում է նման պատվավոր մրցանակի՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար։ Մրցանակը հանձնելուց առաջ ցուցադրվել է  նաև նրա խաղացած ֆիլմերից  մի տեսաշար, իսկ «Քրիստիան» արձանիկը հանձնելու պահին ողջ դահլիճը հոտնկայս ողջունել է Շարլ Ազնավուրին։

Մաեստրոն շնորհակալական խոսքը սկսել է՝ ուղղելով խոսափողն ու կատակելով, որ ամենուր ստիպված է այն հարմարացնել իր հասակին։  Նա խոստացել է կրկին վերադառնալ Պրահա, քանի որ դեռ շատ լավ չի կարողացել ծանոթանալ Չեխիային։

Էնթոնի Վիթ

 

«Գրեմմի», «Էմմի», Կաննի Classical Award մրցանակակիր, հանրահռչակ դիրիժոր Էնթոնի Վիթն առաջին անգամ ղեկավարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը:

Համերգը տեղի ունեցավ մարտի 16-ին, Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ծրագրում հնչեցին Մոցարտ՝ թիվ 41 սիմֆոնիան և Բրուկների թիվ 3 սիմֆոնիան:

Էնթոնի Վիթը Լեհաստանի ամենահայտնի և հարգարժան դիրիժորներից է: Նա հանդես է եկել Եվրոպայի, Ամերիկայի և Հեռավոր Արևելքի հեղինակավոր նվագախմբերի հետէ Դրեզդենի ֆիլհարմոնիկ, WDR Sinfonieorchester Köln, Tonhalle-Orchester Zürich, Լա Սկալա Ֆիլհարմոնիկ, Մոնրեալի սիմֆոնիկ, Չինաստանի սիմֆոնիկ, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ, BBC Symphony:

Մաեստրո Վիթը 7 անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության Պենդերեցկու «Սբ. Ղուկասի կրքեր» (2004թ.), «Լեհական Ռեքվիեմ» (2005թ.), «Երուսաղեմի յոթ դարպասներ» (2007թ.) և Շիմանովսկու «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունների ձայնագրությունների համար (2008թ.):«Գրեմմի» մրցանակ է ստացել Պենդերեցկու Fonogrammi, «Գալարափողի կոնցերտ», «Պարտիտ», The Awakening of Jacob, Anaklasis ստեղծագործութնունների ձայնագրության համար (2013թ., Naxsos ֆիրմա):

1971-ին մաեստրո Վիթն արժանացել է Հերբերտ ֆոն Կարայանի անվան դիրիժորների միջազգային մրցույթի բարձրագույն մրցանակին և Զալցբուրգի Զատկի փառատոնի ժամանակ եղել է Կարայանի ասիստենտը: 2001-2013 թթ. եղել է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը, մինչ այդ հանդես է եկել Լեհաստանի առաջատար բոլոր նվագախմբերի հետ՝ երկար տարիներ ղեկավարելով դրանք, որպես գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Ներկայումս Էնթոնի Վիթը Նավարրայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է (Իսպանիա) և Կրակովի ֆիլհարմոնիկի պատվավոր դիրիժորը (Լեհաստան):

 

«Միջազգային հրապարակախոսության մրցույթ»-ին երկար դադարից հետո այս տարի կմասնակցի նաև Հայաստանը: Մրցույթը մասնակցին մեծ փորձ և իր երկիրը ևս մեկ անգամ ներկայացնելու հնարավորություն կտա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում մարտի 14-ին «Ազգային հրապարակախոսության» մրցույթի եզրափակիչ փուլին հայտնի դարձավ հաղթողի անունը` 17 տարեկան Անի Իվանյանը Գյումրիից:

«Ազգային հրապարակախոսության» մրցույթի հաղթողը մայիսին կմեկնի Լոնդոն՝ մասնակցելու միջազգային հրապարակախոսության մրցույթին: Այն արդեն 38-րդ տարին է, ինչ անցկացվում է: Աշխարհի շուրջ 50 երկրներից մասնակիցներ են լինում, որոնք ներկայացնում են իրենց երկիրը: Հայաստանը, մոտ 8 տարի է, ինչ մրցույթին մասնակից չէր ունեցել, քանի որ «Անգլախոսների միություն»-ն այլևս չի գործում այստեղ: Սակայն մեր ասոցիացիան «Անգլախոսների միության» կողմից լիազորվել է  իրականացնել այս ծրագիրը»,-ասաց  «Շեքսպիր ակումբ անգլախոսների ասոցիացիա»-ի  տնօրեն Նարինե Քոչարը:

Նրա խոսքով` շատ հպարտ են, որ այս տարի Հայաստանը կլինի մասնակից երկրների ցանկում: «Սա մեր երկրին ևս մեկ անգամ ներկայացնելու հնարավորություն կտա: Մեր հարևան երկրները ևս մասնակցում են»,-ասաց Քոչարն ու հույս հայտնեց, որ ապագայում կունենանք նաև հաղթող:

«Շեքսպիր ակումբ անգլախոսների ասոցիացիա»-ի  նախագահ Նատալի Ջրյանը կարևորեց մրցույթին մասնակցությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս մեր պատանիներին զարգացնել իրենց խոսքը:

«Խոսքը կարող է լինել շատ արժեքավոր, սակայն, եթե ըստ արժանվույն չմատուցես, այն կմնա օդի մեջ: Եթե հրապարակախոսը կարողանում է իր ձայնը,խոսքը հասցնել լսարանին, այն ավելի ծանրակշիռ է դառնում: Մենք հենց այդ ուղղությամբ ենք աշխատում»-ասաց նա:

Անի Իվանյանը դեռ չի որոշել, թե «Միջազգային հրապարակախոսության մրցույթ»-ին ինչ թեմայով է ներկայանալու: «Սակայն կարծում եմ` գնալ Լոնդոն, մեծ բեմ բարձրանալն ու Հայաստանը ներկայացնելը մեծ պատիվ է: Բոլոր մասնակիցները մեծ փորձ ձեռք բերեցին այստեղ»,-եզրափակեց նա:

 

«Կենդանի դասական» պատանի ասմունքողների միջազգային մրցույթի հաղթողներ են դարձել Ջուլետա Թումասյանը (Վանաձոր), Լիզա Նալբանդյանը (Երևան), Արթուր Բաղրամյանը (Երևան)։

Հաղթողները մայիսին կմենեն Ղրիմ` գլխավոր մրցանակի համար պայքարելու։

Մարտի 13-ին տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են 19 աշակերտներ Երևանի և մարզերի դպրոցներից։ Մրցույթն ուղղված է առոգանությամբ արձակ ստեղծագործությունները կարդալու հմտություն ունեցող երեխաներին բացահայտելուն։

Մրցույթի հիմնադիրն ու կազմակերպիչը «Կենդանի դասական» հիմնադրամն է, որը գործում է ՌԴ կրթության և գիտության նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Ռոսսոտրուդնիչեստվոյի, Ռոսպեչատի և «Ռուսկի միր» հիմնադրամի աջակցությամբ։

Մրցույթի ընթացքում 10-17 տարեկան աշակերտները ռուսերենով ցանկացած հեղինակի արձակ ստեղծագործությունից հատվածներ են ներկայացնում։

Մրցույթի ազգային փուլի հաղթող են համարվում առավելագույն միավոր հավաքած 3 մասնակից։ Նրանք պարգևատրվում են ազգային փուլի հաղթողի դիպլոմով և ներկայացնելու են իրենց երկիրը «Կենդանի դասական» պատանի ասմունքողների միջազգային մրցույթում, որն անցկացվելու է 2018 թվականի մայիսին Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում։

Ստեֆանո Մորելլիի Suspension ֆոտոշարքը

 

Sony World Photography Awards հեղինակավոր միջազգային ֆոտոմրցույթի ժյուրին ընտրել է 2018 թվականի մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին. համապատասխան ցուցակը հրապարակվել է մրցույթի պաշտոնական կայքում:

Մրցույթի ժյուրին կազմել է երկու կարճ ցանկ՝ ներառելով մասնագիտական և սիրողական լուսանկարիչների, որոնցից յուրաքանչյուրում ներկայացվել է 10-ական անվանակարգ:

Պրոֆեսիոնալ լուսանկարիչների «Ժամանակակից խնդիրներ» անվանակարգում ներառվել է իտալացի լուսանկարիչ Ստեֆանո Մորելլիի Suspension ֆոտոշարքը, որը պատմում է Մեծամոր քաղաքի և ատոմակայանի հետևանքով առաջացած խնդիրների մասին:

2017 թվականին Ստեֆանո Մորելլին այցելել է Մեծամոր, լուսանկարել ու ներկայացրել հիմնականում ատոմակայանի աշխատակիցների և բնակիչների առօրյան:

2017 թվականի նոյեմբերին Մորելլիի ֆոտոշարքը հրապարակվել է The Washington Post-ում, որտեղ Մեծամորն անվանել են «կասկածների ու վախերի, աղքատության ու գոյատևման, կյանքի ու մահվան մեջտեղում կախված քաղաք»:

 

Արվեստի ստեղծագործությունների համաշխարհային շուկայի ծավալը 2017 թվականին աճել Է 12 տոկոսով եւ հասել 63,7 մլրդ դոլարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մարտի 13-ին հրապարակված տարեկան զեկույցում, որը կազմվել Է UBS շվեյցարական բանկի եւ Art Basel արվեստի ստեղծագործությունների միջազգային տոնավաճառի պատվերով:

Համաշխարհային արտ-շուկայի աճը ձեռք Է բերվել դրա ծավալի երկամյա անկումից հետո: Այդուամենայնիվ, ճյուղին չի հաջողվել գերազանցել 2014 թվականի պատմական ռեկորդը (ավելի քան 68 մլրդ դոլար), ինչպես նաեւ 2007 թվականին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախաշեմին, ձեռք բերված ծավալը (66 մլրդ դոլար):

2017 թվականին վաճառքների 53 տոկոսը բաժին Է ընկել արտ-դիլերներին, իսկ 47 տոկոսը՝ աճուրդային տներին:

Համաշխարհային վաճառքների մեծ մասը (83 տոկոս) բաժին Է ընկնում երեք երկրների, որոնք արվեստի ստեղծագործությունների խոշորագույն շուկաներն են: Առաջին տեղում ԱՄՆ-ն Է (գլոբալ շուկայում կատարվող գործարքների արժեքի 42 տոկոսը), Չինաստանը (21 տոկոս) տարվա արդյունքներով գրավել Է երկրորդ տեղը՝ երրորդ հորիզոնականը մղելով Մեծ Բրիտանիային (20 տոկոս):

2017 թվականին շուկայի շարժիչ ուժը դարձել են արվեստի գերթանկ ստեղծագործությունները, ինչպես, օրինակ, Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը Նյու Յորքում Christie՚s-ի նոյեմբերյան աճուրդում վաճառվել Է 450 մլն դոլարով:

10 մլն դոլար եւ ավելի բարձր արժեքով ստեղծագործությունների վաճառքների միագումար ծավալները վերջին տասը տարվա ընթացքում ավելացել են 148 տոկոսով, իսկ անցյալ տարի՝ 125 տոկոսով: Միեւնույն ժամանակ 1 մլն դոլարից պակաս արժեքով ստեղծագործությունների վաճառքների ծավալները վերջին տասը տարվա ընթացքում կրճատվել են: Զեկույցի հեղինակները նշում են, որ արվեստի համաշխարհային շուկայի ծավալի գրեթե երկու երրորդը բաժին Է ընկնում դրանում ներկայացված նկարիչների 1 տոկոսի ստեղծագործություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Ջութակը, որը նախկինում պատկանում էր ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկին՝ Ալբերտ Էյնշտեյնի,  Bonhams-ի Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 516,500 դոլարով: Այս մասին գրում է eurasiadiary.com-ը:

Ջութակը վաճառվել է մեկնարկային գնից 3 անգամ թանկ:

Երաժշտական գործիքը 1933 թվականին Էյնշտեյին նվիրել է ամերիկացի երաժիշտ Օսկար Սթեջերը: Ջութակը պատրաստել է Սթեջերը և վրան փորագրել. «Պատրաստված է աշխարհի լավագույն գիտնական, պրոֆեսոր Ալբերտ Էյնշտեյնի համար: Օսկար Սթեջեր, 1933թ. փետրվար, Փենսիլվանիա»: