Գեղարվեստական հաղորդում (108)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Երևանի քաղաքապետարանի՝ մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանմանը միտված միջոցառումների ծրագրով Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է արդեն ավանդական դարձած «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված իրանական մշակույթին: Բացման արարողությանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Ցուցահանդեսում ներկայացված է 17-19-րդ դարերին վերագրվող ավելի քան 50 ցուցանմուշ, այդ թվում՝ գեղանկարներ, գորգեր, մանրանկարներ, տարազներ, կենցաղային և ծիսական իրեր:
Երևան քաղաքի պատմության թանգարանում «Մշակութային երկխոսություն» խորագրի ներքո պարբերաբար կազմակերպվում են տարբեր երկրների մշակույթը ներկայացնող ցուցահանդեսներ:

Իրանական Նոռուզ տոնի առիթով, մազանդարանցի լուսանկարիչները ցուցահանդես են կազմակերպել Երևանում:
«Իրանը և զբոսաշրջության ընդհանուր ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը մեկնարկեց մարտի 23-ին՝ Երևանում և շարունակվեց մինչև մարտի 26-ը:
Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդn ԻՌՆԱ-ի թղթակցին ասել է.«Ցուցահանդեսը կազմակերպել են Մազադրանի երեք լուսանկարիչներ՝ Ահմեդ Թահերփուրը, Հոսեյն Շաֆինիան և Ռամին Թաբարին:
Նա նշել է, որ ցուցադրվում են 40 պատկերներ բնության, մարդաբանության, ծեսերի ու սովորույթների և զբոսաշրջության գրավչությունների մասին:
Անդրադառնալով Իրանի ու Հայաստանի մշակութային ընդհանրություններին, Հեյդարին ասել է.«Մշակութային ու արվեստի ոլորտում գործակցությունը հույժ նշանակալի է երկու երկրի հարաբերությունների ամրապնդման հարցում: Նրա խոսքերով, Իրանն ունի պատմական, մշակութային ու բնական աննախադեպ գրավչություններ, որոնց մասին պատմելու լավագույն լեզուն արվեստն է»:
Իրանցի ճարտարապետ Մանդանա Յազդանշենաս Հաշեմին ֆրանսերենից պարսկերեն է թարգմանել աշխարհահռչակ իրանահայ ճարտարապետ Գաբրիել Գևրեկյանի ստեղծագործական ժառանգության մասին պատմող ֆրանսիացի տեսաբան Էլիզաբետ Վիտոյի «Մեկ այլ մոդեռն ճարտարապետություն» գիրքը:
«Վիեննայի կիրառական արվեստների ակադեմիայի ճարտարապետական դպրոցում (L'Academie des Arts Appliques de Vienne) ուսանած մեր տաղանդավոր հայրենակիցը 1928թ. Լե Կորբյուզեի (Le Corbusier) և Զիգֆրիդ Գիդեոնի (Siegfried Gideon) հետ համատեղ հիմնել է «Մոդեռն ճարտարապետության միջազգային համագումարը»` CIAM-ը (Congress International d'Architecture Moderne):
Առաջին համագումարը կայացել է նույն թվականին Շվեյցարիայի Լա Սարա քաղաքում, որտեղ Գևրեկյանը զբաղեցրել է համագումարի գլխավոր քարտուղարի պաշտոնը:
1933թ. վերադառնալով Թեհրան` նա նշանակվել է Թեհրանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ: Թեհրանում ապրած տարիների ընթացքում Գևրեկյանը ծավալել է բուռն գործունեություն` ժառանգություն թողնելով ավելի քան 20 իրականացված նախագծեր: Նա բազմաթիվ ուշագրավ նախագծեր է իրականացրել Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայում «Եվա» ֆիլմի ցուցադրումն արգելելու վերաբերյալ: Միությունն ընդգծում է, որ Հայաստանի իշխանությունները երբեք արգելք չեն հանդիսացել, չեն գրաքննել մշակութային համագործակցության ոլորտը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանություններն արգելել են հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլում անցկացվող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որպես պատճառաբանություն ունենալով մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջները, կապված «Եվա» ֆիլմի նկարահանումների մի մասը ԼՂ-ում իրականացնելու հետ:

Մարտի 23-ին տեղի ունեցավ tatron-drama.am կայքի շնորհանդեսը, որի նպատակն է մեկ ընդհանուր հարթակ բերել դասական ու արդի հայ դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ ազգային թատրոնի և ազգային դրամատուրգիայի համար:
Հայ դրամատուրգին նման հարթակ տալու գաղափարն արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանինն է, որը նպատակ ունի այս հարթակը դարձել «հայ դրամատուրգի տունը»: Նա նշեց, որ հարթակի բացման շրջանը պատահական չի ընտրված, քանի որ մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է:
«Հիմքը 2000թ.-ից տպագվող «Դրամատուրգիա» ամսագիր է, որն արդեն իսկ 400-ից ավելի պիես է տպագրել: Ցանկանում ենք բեմադրիչների և թատերագիրների համար ընդհանուր հարթակ ստեղծել՝ նպաստելով երկուստեք ստեղծագործական հետաքրքրությանն ու հետագա համագործակցությանը»,- ասաց նա:
Դրամատուրգի խոսքով՝ սա դեռևս սկիզբն է, քանի որ հետագայում վիրտուալ մատենաշար է ստեղծվելու, լինելու են այնպիսի գործեր, որոնց մասին շատերը միայն լսել են:
Միևնույն ժամանակ դրամատուրգը նշեց, որ, եթե ընթերցողն այցելի իրենց կայք և պարզապես ծանոթանա, թե ինչ է կատարվում թատերական աշխարհում, ապա ինքը կհամարի, որ իրենց առջև դրված խնդրը կատարված է:
Կարինե Խոդիկյանը ներկայացրեց կայքի վեբ-դիզայներին՝ նշելով, որ «գաղափարն իրենն է, իսկ բենզինը՝ վեբ-դիզայներ Նաիրա Վարդանյանինը»:
«Կայքը փորձել ենք սարքել հնարավորինս մատչելի, հնարավորինս տարողունակ ու բովանդակ, որպեսզի ցանկացած փնտրտուքի արդյունքում գտնեք Ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան: Կայքում կարող եք գտնել նաև «Դրամատուրգիա» ամսագրի բոլոր համարները: Սա դառնալու է թատերական մեծ հարթակ»,- ներկայացրեց Նաիրա Վարդանյանը:
Կայքի բացման արարողությանը ներկա էին հայ անվանի թատերագիրներ դրամատուրգներ և ռեժիսորներ, որոնք փաստեցին, թե այս հարթակի անհրաժեշտությունն իսկապես առկա էր:

Ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնում են` հայ ռեժիսորները հաճախ նախընտրում են բեմադրել արտասահմանյան պիեսներ: Զարգացած չէ նաև թատերագիտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց մասնագետները:
«Մեր ռեժիսորների աչքը ամերիկյանի, եվրոպականի կողմն է: Նրանք առավել հաճախ հենց այդ երկրների գործերն են բեմադրում: Խաղացանկերը նայելով հասկանում եմ, որ մեծ սեր կա դեպի ամերիկյան և անգլիական ժամանակակից պիեսներ: Յուրաքանչյուր թատրոն անպայման պետք է ունենա հայ դասական և ժամանակակից հեղինակների գործեր»,-ասաց բեմադրիչ, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:
Նրա խոսքով` իրենց թատրոնում ունեն նաև ռուսական գործեր, սակայն գերակշռողը պետք է լինի հայ դասական և ժամանակակից դրամատուրգիան:
Հպարտությամբ նշեց, որ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկայում բեմադրում են Սունդուկյանի Պարոնյանի, Շիրվազադեի, Օտյանի գործերը: «28 ներկայացումից 16-ը հայ ժամանակակիցների հեղինակածներից է: Հայ մարդն ուզում է տեսնել իրեն, իր շրջապատը: Պատահական չէ, որ այդ պիեսների վրա ստեղծված ներկայացումները գրեթե 15 տարի մեր խաղացանկում են, և մինչ հիմա հետաքրքրում են հանդիսատեսին»,-նշեց Ղազանչյանը:
Դրամատուրգ Խոդիկյանը նկատեց, որ այսօր կան նաև արևմուտքում ստեղծվող գործեր, որոնք հայ հանդիսատեսը պարտավոր է տեսնել:
Բարձրաձայնելով թատրոնի անբաժան մասը կազմող թատերագիտության մասին` թատերագետ Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ ներկայացումների մասին վերլուծական հոդվածներ գրելը տքնաջան աշխատանք է: Նրա խոսքով` ծավալուն թատերախոսական նյութ, վերլուծություն գրելը գրեթե երկու ամիս է պահանջում: Նման նյութի համար ընդամենը 15 000 դրամ են վարձատրում, իսկ այդ գումարով ոչ բոլորը կհամաձայնեն աշխատել:
Թատերգությունը թատրոնի հեռահար և երկարաժամկետ ներդրումներ պահանջող հենարաններից, ենթակառուցվածքներից է, առանց որի չի կարող գոյություն ունենալ իրական, կենդանի թատրոնը առանց թատրոնի էլ`թատերագիտությունը:

Հայ գրականության ամենահետաքրքիր և ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր, գեղանկարիչ Աղասի Այվազյանի ծննդյան կապակցությամբ մարտի 22-ին Հայաստանի գրողների միությունում «Այվազյանական ընթերցումներ» խորագրով միջոցառում անցկացվեց: Գրողները, ասմունքողները հատվածներ կարդացին արձակագրի գործերից` նորովի և յուրովի մեկնաբանելով դրանք:
«Առաջին անգամ ընթերցել եմ Աղասի Այվազյանի 1960-70-ականների արձակը: Արդեն նրա սցենարով նկարահանվել էր «Եռանկյունի» ֆիլմը: Այդ տարիների հայկական կինոյում այն զրնգուն էր, հետաքրքիր: Երկու թիֆլիսահայ Աղասի Այվազյանը և կինոյի, թատրոնի ռեժիսոր Հենրիկ Մալյանը կարողացան մեր կինոարվեստ բերել թեթև, պայծառ, թախծոտ հումոր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Հայաստանի գրողների միության արձակի և հրապարակախոսության բաժանմունքի համանախագահ, միջոցառման նախաձեռնող Ալիս Հովհաննիսյանն ասաց, որ իրենք ձգտում են ժամանակ առ ժամանակ անդրադառնալ մեր գրողներին, նրանց գործերը վերարժևորելու համար:
«Բախտ եմ ունեցել Աղասի Այվազյանի հետ աշխատել «Էկրան» ամսագրում, «Հայություն» թերթում: Նա ինձ համար և’ ուսուցիչ էր, և’ ընկեր: Նրա գործերը պետք է պարբերաբար վերընթերցել, քանի որ դրանք մեծ արժեք ունեն»,-շեշտեց Հովհաննիսյանը:
«Աղասի Այվազյանը մեր գրականության մեծերից է: Նրա ստեղծածը կարող ենք բնորոշել որպես կենսասեր գրականություն: Նա կյանքով լեցուն անձնավորություն էր, արտիստիկ գրող: Մի առիթով ասել եմ, որ եթե Աղասին լիներ Փարիզյան միջավայրում, այսօր նրա անունը շատ ավելի հնչեղ կլիներ ողջ Եվրոպայում: Այվազյանի պատմվածքները կարդալով` ոչ միայն գեղագիտական հաճույք ես ստանում, այլև նորը սովորում մարդու, կյանքի մասին»,-ընդգծեց գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ Պետրոս Դեմիրճյանը:
Խոսելով Այվազյանի կտավների մասին` Դեմիրճյանն ասաց, որ Աղասին իրեն նկարիչ չի համարել: Նա մեծամասամբ ինքնադիմանկարներ էր նկարում` փորձելով հասկանալ ինքն իրեն:
Արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր, գեղանկարիչ Աղասի Այվազյանի ստեղծագործական ժառանգությունն ազգային հարստություն է: Նա ականավոր վիպասան էր, դրամատուրգ, նկարիչ, «Էկրան» պարբերականի, «Հայություն» թերթի խմբագիր, կինոռեժիսոր, սցենարների հեղինակ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի, պետական և մի շարք այլ մրցանակների դափնեկիր: Աղասի Այվազյանը կյանքից հեռացել է 2007 թվականին՝ սերունդներին թողնելով 25 հեքիաթ, 11 վիպակ և վեպ, 23 պիես, 200 պատմվածք և էսսե, 100 նկար (թե՛ գեղանկարչություն, թե՛ գրաֆիկա):