Ճանաչենք իսլամը (190)
«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում կշարունակենք իսլամ կրոնի գլխավոր սկզբունքներից համարվող «Մաադ»-ի կամ մեռելների հարության թեմայի քննարկումը՝ ներկայացնելով այդ կապակցությամբ որոշ պատճառներ:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում կշարունակենք իսլամ կրոնի գլխավոր սկզբունքներից համարվող «Մաադ»-ի կամ մեռելների հարության թեմայի քննարկումը՝ ներկայացնելով այդ կապակցությամբ որոշ պատճառներ:
Աստծո հատկանիշներից մեկն արդարություն է: Արդարություն, որ նկատելի է գոյության աշխարհի բոլոր անկյուններում և տարածվում է, բոլոր արարածների պարագային ու դրա նշանները նշմարելի են: Գոյության աշխարհը հիմնված է արդարության վրա: Արդարությունն իր ընդլայնված իմաստով կազմում է արարչագործության համակարգի հիմքը: Հազրաթ Ալին ասում է. «Արդարության շնորհիվ է, որ կանգուն են երկինքներն ու Երկիրը»։ Մի փոքր ուշադրություն դարձնելով արարչագործության աշխարհին նկատում ենք, որ աշխարհում ցանկացած երևույթ հետևում է մի շարք օրենքների: Մարդու մարմնում այս արդար համակարգն այնքան նրբությամբ է ձևավորված, որ դրա մեջ ամենաչնչին փոփոխությունն ու անհավասարակշռությունը հիվանդության կամ մահվան պատճառ է դառնում: Աչքի, սրտի, ուղեղի և մարմնի այլ օրգանների կառուցվածքում ամեն ինչ տեղադրված է անհրաժեշտ չափերով և անհրաժեշտ դիրքում: Այս արդարությունն ու կարգը նկատելի է ոչ միայն մարդու մարմնի կառուցվածքում, այլ գոյության ամբողջ աշխարհում և աշխարհում որևէ փոքր կամ մեծ երևույթ այս հրաշալի կարգից չի բացառվում:
Արդյոք Աստված որ նման հաշվված ու արդար օրենքներ է մշակել գոյության համակարգում կարող է անտարբեր գտնված լինի մարդկանց արարքների ու վերաբերմունքի հանդեպ:
Մարդն օժտված է որոշում կայացնելու ուժով, լիազորությամբ ու ազատությամբ: Այս ազատությունն ու լիազորությունը երաշխավորում է նրա առաջադիմությունն ու կատարելագործումը: Այս յուրահատկությունը պատճառ է դառնում, որ մարդիկ իրենց ճանապարհն ընտրելիս ազատություն ունենան, ոմանք հավատքով ու բարի աշխատանքներով իրենց հոգու ու մարմնի վեհացման ուղղությամբ ջանք գործադրեն ու ոմանք էլ բռնության ու ոտնձգության ուղին ընտրեն: Հիմա եթե մարդիկ առանց իրենց գեշ ու գեղեցիկ արարքների արդյունքը տեսնելու մահվան միջոցով ոչնչանան, արդյոք կարելի է ասել, որ աշխարհում աստվածային արդարություն գոյություն ունի: Աշխարհի վրա տիրող արդարությունը, որ տարածվում է ամեն ինչի վրա պարտադրում է, որ մարդիկ մի օր ներկայանան մի ատյանում և նրանց գործունեության թղթածրարը քննարկման դրվի, որպեսզի ամեն մարդ աշխարհում տիրող արդարությունից իր բաժինն ստանա: Սա իրականության մեջ մեռելների հարության պահն է:
Ղուրանը «Ղալամ» սուրայի 35-րդ և 36-րդ այաներում ասում է.«Ուրեմն արդյոք հնազանդներին վերաբերվելու ենք չարագործների նման: Դուք ի՞նչ եք մտածում: Ինչպե՞ս եք դատում»:
Մենք բոլորս ականատես ենք եղել, որ երբեմն չարագործ իշխանավորներն ու ոճրագործները շքեղ կյանքով են ապրում ու մինչև կյանքի վերջը փախչում են օրենքի ու արդարության ճիրաններից: Միևնույն ժամանակ կան մարդիկ, ովքեր չարության ու բռնության դեմ պայքարի ճամփին անձնազոհություն են կատարում, բայց այս աշխարհում իրենց ի գործ դրած ջանքերից արդյունք չեն ստանում: Եթե լավ ու վատ մարդկանց գործերի վկայականը հենց այս աշխարհում ամփոփվի, ապա ո՞ւր է մնալու իր արարածների հանդեպ Աստծո անսահման բարությունն, իմաստնություն ու արդարությունը:
Ուշագրավ կետն այն է, որ որոշ ոճրագործությունների ու չարագործությունների ծավալների պատճառով անհնարին է լինում այս աշխարհում դրանց հեղինակներին պատժվել: Այլ խոսքով մարդկանց հանցանքներն այնքան ծանր են, որ աշխարհիկ որևէ պատիժ չի կարող արժանի կերպով նրանց արածները պատժել: Ինչպե՞ս կարելի է մեկին պատժել ով ոտնահարել է անհամար մարդկանց իրավունքները կամ ցեղասպանություն է գործել: Հազարավոր մարդկանց սպանած հանցագործին արժանի պատիժը վեր է այս աշխարհում գոյություն ունեցող հնարավորություններից: Ենթադրենք, որ հիշյալը մահապատժի էլ ենթարկվի, դրանով սպանված մարդկանցից միայն մեկի արյան վրեժն է լուծվելու: Ապա ինչպե՞ս պիտի փոխարինվի մյուս անմեղ մարդկանց արյունը:
Հենց այնպես որ իրական պատիժը հավիտենական կյանքում է լինում, իսկական ու լիարժեք պարգևատրումն էլ կատարվում է հավիտենական կյանքում: Քանի որ աշխարհը ոչ բռնահարիչների բռնությունը պատժելու և ոչ էլ լիարժեք բարությամբ ապրած մարդկանց պարգևատրելու տարողությունը չունի: Բազմաթիվ հիվանդների կյանքեր փրկած բժիշկը և կամ նա ով բարեգործությամբ օգնել է ընչազուրկներին, ինչպե՞ս են կարող այս աշխարհում իրենց պարգևը ստանալ: Իրապես եղել են բազմաթիվ բարեգործ ու ուղղամիտ մարդիկ, ովքեր իրենց կյանքն ամբողջությամբ նվիրել են ժողովրդի ծառայությանն ու չարագործների դեմ պայքարին և այդ ճամփին նույնիսկ զոհաբերել են իրենց թանկագին կյանքը: Արդարության ու բարու ճամփին անձնազոհություն կատարած նման անձինք այս աշխարհում ներկա չեն, որպեսզի քաղեն իրենց գործադրած ջանքի արդյունքը: Սրանք ե՞րբ ու ինչպե՞ս են կարող իրենց աշխատանքին համապատասխան պարգև ստանալ:
Նյութական աշխարհի յուրահատկություններից մեկն էլ սահմանափակությունն է և չունի մարդկանց պատիժների ու պարգևների տարողությունը: Քանի որ հնարավոր չէ աշխարհում բոլոր մարդկանց պատժել կամ պարգևատրել, Աստծո արդարությունը թելադրում է աստվածային արդարության ատյանը մեկ այլ աշխարհում կազմվի և մարդիկ արժանի կերպով ստանան իրենց լավ ու վատ արարքների պարգևը կամ պատիժը: Այդ աշխարհը հավիտենականություն է: Այդտեղ Արարչի արդարության լույսի ներքո ամեն մարդ ստանալու է իր կատարած աշխատանքի արդյունքը և բարեգործներն առանձնացվելու են չարագործներից:
Ղուրանի մշակույթում հանցագործների ու արժանավորների հավասարեցումը պախարակվել է: Ղուրանի մեկնաբանությամբ երկինքների ու Երկրի արարման վերջնական նպատակներից մեկն այն է, որ ամեն մարդ իր աշխատանքին համարժեք պատիժ կամ պարգև ստանա, այնպես որ որևէ մեկի պարագային անարդարություն չլինի: Օրինակ «Ջասիա» սուրայի 21-րդ և 22-րդ այաներում ասված է.
«Արդյոք նրանք ովքեր չար գործեր են կատարել ենթադրում են, որ նրանց համազոր ենք դարձնելու նրանց ովքեր հավատք ունեն և արժեքավոր աշխատանքներ են կատարել և նրանց կյանքն ու մահը նույնն է լինելու: Ինչքան սխալ են դատում և Աստված արարել է երկինքներն ու Երկիրը, որպեսզի ամեն մարդ իր կատարածի համարժեք ստանա և նրանց պարագային անարդարություն չի լինելու»:
Այս այաները, որոնք անդրադառնում են «Մաադ»-ի թեմային, ընդգծում են. «Արարչի արդարությունը պահանջում է, որ չարագործների ու բռնահարիչների խումբը չնույնացվի բարեգործների խմբի հետ: Անկասկած թե բարի ու արժանի գործերը և թե չարագործություններն ու մեղքերը դերակատար են մարդկանց կյանքի ու մահվան դեպքում: Հետևաբար չարագործ ու բարեգործ մարդիկ կյանքի տարբեր բնագավառներում տարբերվում են իրարից:
Ղուրանն այս այաում նաև ասում է, որ միթե չգիտեն, որ երկինքն ու երկիրն արարվել են արդարության հիմքերի վրա: Այո, նկատի առնելով Աստծո իմաստնությունն աշխարհը հիմնվել է արդարության հիման վրա և նպատակաուղղված է: Ամբողջ գոյության աշխարհը վկայում է այն մասին դրա արարիչը դա արարել է արդարության ու բարու հիման վրա և ամենուր տիրում է բարին ու արդարությունը: Անկասկած բարի հիմքերի վրա դրված աշխարհում լավ ու վատը չեն կարող հավասար լինել: Ինչպես կարելի է, որ Աստված բարի գործեր կատարած հավատացյալներին հավասարեցնի անհավատ հանցագործներին և ոտնահարի հանրային արդարությունը:
Հետևաբար աստվածային արդարությունը պահանջում է, որ մի այլ աշխարհ գոյություն ունենա, որպեսզի մարդիկ ստանան իրենց գործերի պատասխանը և ամեն մարդ ստանա իրենարժանի պարգևը կամ պատիժը:
Ղուրանի դիտանկյունից եթե մեռելների հարություն, հավերժական կյանք և մյուս աշխարհում պատիժ ու պարգև գոյություն չունենա դա թե Աստծո արդարության և թե նրա իմաստնության դեմ կլինի: Մինչդեռ Աստծո կողմից երբևե անարդարություն չի գործադրվում արարածների պարագային ու երբևե անօգուտ կամ իմաստնությանը դեմ որևէ քայլ չի կատարում:
Հետևաբար «Մաադ»-ն ապացուցելու համար օգտագործվում է, թե արդարության և թե իմաստնության պատճառաբանությունները, որոնց երկուսին էլ ակնարկ է կատարվել «Ջասիա» սուրայի հիշյալ այաներում:
Իհարկե բնական է, որ նրանք ովքեր բարու և արդարության օրենքի հետ ներդաշնակ են առաջ ընթանում նաև վայելում են գոյության աշխարհի բարիքներն ու աստվածային շնորհները և նրանք ովքեր դրան դեմ են քայլ վերցնում արժանանում են Աստծո զայրույթին:
Թեև ընդհանուր պատիժը տրվում է մյուս աշխարհում, սակայն հավիտենական կյանքում տրված այդ պարգևը կամ պատիժը որևէ հակասություն չունի այս աշխարհում տրվող պատժի կամ պարգևի հետ: Հետևաբար որոշ չարագործներ հենց այս աշխարհում էլ ստանում են իրենց կատարածի պատիժը: Այնպես որ շատ ու քիչ աշխարհի որոշ բռնակալների ու հանցագործների նվաստացուցիչ ու նողկալի ճակատագրի ականատեսը եղել ենք: Աստված «Զմար» սուրայի 26-րդ այաում անդրադառնում է այս աշխարհում չարագործների պատժին և ասում է. «Հետևաբար Աստված նրանց ճաշակել տվեց այս աշխարհի կյանքում նվաստացման ու խայտառակության համը, իսկ հավիտենականության պատիժը շատ ավելի մեծ կլինի»:
Մի խումբ հանցագործներ այս աշխարհում շոշափում են իրենց արարքների պատժի միայն մեկ բաժինը, սակայն մի փոքր ուշադրություն դարձնելով պարզվում է, որ այդ պատիժներից որևէ մեկը հանցագործների մեղքի ու չարագործության համազոր չէ: Այդուհանդերձ մեծ է այն հանցագործների թիվը, ովքեր փորձում են տարբեր միջոցներով խույս տալ պատժից:
Նման անձանց և ընդհանրապես մարդկանց համար պիտի արդար դատ ու դատաստան լինի, որպեսզի նրանց ամենաչնչին լավ ու վատ գործն էլ հաշվի առնվի, այլապես արդարություն իրագործված չի լինի:
Այսպիսով Արարչի ու նրա անծայրածիր արդարության գոյության ընդունումը նաև մեռելների հարության փաստն ընդունելու իմաստով է և այս երկուսը չեն կարող իրարից առանձնացվել: Ղուրանը «Անբիա» սուրայի 47-րդ այաում մեռելների հարության օրը աստվածային արդարության ատյանի կայացման կապակցությամբ ասում է. «Մենք մեռելների հարության օրը կանգնեցնելու ենք արդարության կշիռները: Ուրեմն որևէ մեկի պարագային նվազագույն անարդարություն չի լինի ու եթե մանանեխի հատիկի չափ լավ կամ վատ գործ կատարած լինի դա կներկայացնենք ու բավարար կլինի, եթե մենք լինենք հաշիվ պահանջողը»: