Մի գավաթ անդորր - 118 - Հույզերի կառավարում
Հոգեբան ՝ Լիլիթ Խաչատրյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ Շտապ օգնություն հաղորդում
Հաղորդակցման ընթացքում առաջացող փոխըմբռնման դժվարութունները հաղթահարելը հեշտ չէ: Դրա համար անհրաժեշտ է հասկանալ դիմացինի հոգեբանության նրբությունները, ներառյալ նաև ձեր սեփականը: Որպեսզի չառաջանան շրջապատող անձանց հետ փոխըմբռնման դժվարություններ, մարդը պետք է իմանա հաղորդակցության հոգեբանական կանոնները և նախևառաջ իմանա, թե ինչպես կառավարել իր հույզերը, որոնք հաճախ դառնում են միջանձնային հակամարտությունների աղբյուր:
Հուզականությունը խանգարում է գործունեության կարգավորմանը :
«Հույզերի վնասակարությունը հայտնի է բոլորիս: Պատկերացրեք մի մարդու ,ով պետք է անցնի փողոցը,բայց վախենում է ավտոմեքենաներից : Նա կկորցնի ինքնատիրապետումը եւ կվազի
Տխրությունը, ուրախությունը, զայրույթը, վիրավորանքը հաճախ ստիպում են մեզ անցանկալի գործողություններ կատարել,մթագնում են մեր միտքը, և մենք, ինչպես հարկն է, չենք ճանաչում ինքներս մեզ եւ «կորցնում ենք մեր գլուխը»։
Համոզված լինելով, որ հույզերի հետ պայքարը հաղթողին ավելի շատ փուշ է բերում, քան դափնիներ, մարդիկ փորձել են գտնել իրենց հուզական դաշտի վրա ազդելու ուղիներ: Նման երևույթն հոգեբանության մեջ անվանվում է հուզական կառավարում:
Սա թույլ է տալիս ներթափանցել սեփական հոգեկանի խորքային մեխանիզմների մեջ եւ օգտագործել այդ մեխանիզմները ավելի իմաստալից, քան առաջ էր:
Հույզերի կառավարման այդպիսի համակարգ է առաջարկվել յոգայում: Սա հիմնված է որոշակի մարմնամարզական վարժությունների վրա: Սակայն որոշ հոգեբաններ, որոնցից է Ի.Շուլցը , առաջադրել է մի հոգեթերապևտիկ մեթոդ, որում կան նաև յոգայի տարրեր , բայց հիմքում ընկած է մարդուն բնորոշ մի հատկություն` ինքնաներշնչանքը: Աուտոթրենինգի ընթացքում առաջացող հանգիստ վիճակը (ռելաքսացիան) վերացնում է մկանային, ինչպես նաև հոգեկան լարվածությունը, վախը և հուզմունքը: Հայտնի է, որ մկանային տոնուսի և հուզական վիճակների միջև առկա է մշտական կապ: Եթե մկանները թուլացած են, անձն իրեն հանգիստ է զգում (և հակառակը): Արդյունքում անձը դառնում է ավելի վստահ և հանգիստ:
Հոգեբանական գրականության մեջ կան հույզերի կառավարման վերաբերյալ տարբեր մոտեցումներ:
Ցանկալի է կարողանալ կառավարել հույզերը և կարողանալ ղեկավարել դրանց արտաքին դրսևորումները:
Հույզերի կառավարման արդյունավետ եղանակներից մեկը տվյալ իրավիճակը տարբեր կողմերից ընկալելն է: Մեր սեփական դիրքորոշումներն ու սպասելիքները, մեկնաբանությունները և ստերեոտիպերը մեզ ստիպում են եզրակացություններ անել և հաղորդակցման գործընթացում համապատասխան դիրք գրավել ՝որոշակի հույզեր դրսևորելով։ Շրջապատող սոցիալական աշխարհում մենք հաճախ տեսնում ենք այն, ինչ ցանկանում ենք, և դրա համար էլ պատրաստ ենք տեսնելու։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մենք ուշադրություն ենք դարձնում որոշակի փաստերի՝ չնկատելով ուրիշները, կամ էլ նրա համար, որ, ընկալելով կոնկրետ մարդու՝ մենք նրա մեջ տեսնում ենք ուրիշին, ում հետ նախկինում փոխազդեցություն ենք ունեցել։
Ինչպես նշում են կոգնիտիվ հոգեբանության ներկայացուցիչները ՝«Կարևոր չէ , թե ինչ է կատարվել , կարևորը մեր վերաբերմունքն է դրա նկատմամբ»:
Ուրեմն հաջորդ անգամ, երբ զգաք, որ ոչ ադեկվատ հուզական արձագանք եք դրսևորում ,ուրեմն իմացեք, որ իրավիճակը վերլուծելու ճիշտ ժամանակն է :
Բայց պետք չէ նաև միշտ զգոն լինել , քանի որ դա իր հերթին կարող է լարվածություն և գրգռվողականություն առաջացնել եւ բացասաբար անդրադառնալ հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների վրա:
Վերլուծեք ձեր հուզական հակազդումները , թե դրանք ինչ դրսևորումներ ունեցան շրջապատի մարդկանց , հարաբերությունների և ձեզ վրա:Երբեմն պատահում է, որ մեզ հետ իրոք վատ են վարվում, սակայն այստեղ նույնպես մենք ազատ ընտրություն ունենք, թե ինչպես արձագանքել: Մենք կարող ենք զայրանալ, վիրավորվել և կարող ենք ընդունել, ներել: Բայց միշտ հիշեք, որ բացասական հույզերով մենք առաջին հերթին ինքներս մեզ ենք վնաս հասցնում:
Հուզական կառավարումը եւ կայունությունը ձեզ կօգնի պարուրվել հոգեկան ներդաշնակությամբ: Մի փնտրեք ներդաշնակություն արտաքին աշխարհում: Այն ձեր ներսում է :Բացասական զգացողությունները` բարկությունը, վախը, անհանգստությունը երբեք էֆֆեկտիվ չեն լուծում ոչ մի դժվարություն: Ձեր կյանքում առաջացած յուրաքանչյուր խնդիր փորձեք լուծել հանգիստ, գիտակցված, առանց ավելորդ էմոցիաների: Թույլ մի տվեք, որ բացասական հույզերը ղեկավարեն ձեզ,միշտ հիշեք, որ դուք ունեք սիրո , խաղաղության ու հանգստության պաշար ձեր ներսում և օգտագործեք դրանք , երբ արտաքին աշխարհում պակաս զգաք:
Միայն թե պետք է վերադառնաք դեպի ձեզ, տեսնեք ձեզ, հասկանաք ձեզ, վստահեք , սիրեք ձեզ, այդ դեպքում կզգաք այն խաղաղության ու անսահման հանգստության զգացողությունը, որը հուզական կայունության արդյունքն է:
Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ: Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է: Նոր աշխատանքը, բնակության նոր պայմանները, նոր ծանոթները կարող են Ձեզ հանել հուզական հավասարակշռությունից: Բացասական մտքերը կարող են լինել չզսպվածության պատճառ և պետք է սովորել ազատվել դրանցից: Սակայն պետք չէ սեփական անզսպվածությունը գցել արտաքին գործոնների վրա: Որքան Դուք ունենաք հմտություններ և գիտելիքներ, այնքան վստահ կլինեք և ավելի հեշտ կվերահսկեք Ձեր հույզերը:
Եթե չկառավարեք Ձեր այնպիսի հույզերը, ինչպիսիք են՝զայրույթը, գրգռվածությունը, ապա շատ հեշտ կարող եք վիրավորել մյուսներին: Մինչև արտահայտել սեփական զայրույթը նախ մի պահ մտածեք ինչո՞ւ է այդ մարդը իրեն այդ կերպ պահում: Հնարավոր է որպես նպատակ չի եղել Ձեզ վիրավորելը, հնարավոր է, որ ընդամենը ցանկացել են Ձեր ուշադրությունը գրավել, Ձեզնից որևէ հուզական արձագանք ստանալ, որը շփման համապատասխան հմտություններ չունենալու դեպքում այլ կերպ են արտահայտել: Եթե հաշվի առնել բոլոր հանգամանքները, ավելի հեշտ կլինի ներել մյուսների սխալները և չզայրանալ:
Հույզերը կարգավորելու արդյունավետ միջոցներից մեկը ֆիզիկական վարժություններն են: Հետազոտությունները վաղուց ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մարդու օրգանիզմում պարունակվող հորմոնները և արյան մեջ թթվածնի պարունակությունը փոխվում են: Իսկ սրանից լավանում է տրամադրությունը: Պարտադիր չէ լինի կոնկրետ որևէ սպորտաձև, այլ կանոնավոր զբոսանքները և ակտիվ հանգիստը ևս կարող են լինել: Չի կարելի մոռանալ նաև առողջ սննդի մասին, օրվա ճիշտ սննդակարգի, քուն-արթմնի վիճակ շրջափուլերի պահպանման մասին: