Գեղարվեստական հաղորդում (131)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Երկուշաբթի՝ 2018 թվականի սեպտեմբերի 3-ին Նոր Ջուղայի «Ջուլֆա» հրապարակում տեղի ունեցավ Սպահանում ծնված ու գործունեություն ծավալած՝ հայ կինոքննադատ եւ ռեժիսոր հանգուցյալ Զավեն Ղուկասյանի կիսանդրիի բացումը:
Ծրագիրը կազմակերպվել էր Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետարանի քաղաքի Բարեզարդման կազմակերպության միջոցով՝ մանկա-պատանեկան ֆիլմերի 31-րդ միջազգային փառատոնի շրջանակում:
Միջոցառմանը ներկա էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեճյանը, Սպահանի քաղաքապետ դոկտ. Նոռուզին եւ իրեն ուղեկցող պատվիրակությունը, քաղխորհրդի անդամները, թեմիս Թեմական խորհրդի անդամ Վահիկ Թորոսյանը, կինո-թատրոնի բնագավառի անվանի դեմքեր, Զավեն Ղուկասյանի հարազատները, ընկերները, համագործակիցները, աշակերտները, մանկա-պատանեկան ֆիլմերի 31-րդ միջազգային փառատոնի պատանի իրավարարներն ու լրագրողները եւ ժողովուրդ:
Ծրագրում հնչած արտահայտությունների շարանում, Սպահանի քաղաքապետը այսպես բնութագրեց անվանի ռեժիսորին. «Զավենը Սպահանի կինոյի ինքնությունն էր. նա երբեք չլքեց իր քաղաքը: Նրա հիշատակը հավերժացել է Սպահանում եւ միշտ մնալու է որպես սիրված անձնավորություն»։ Քաղաքապետն իր խոսքի շարունակության մեջ Սպահանը քաղաքակրթության, մշակույթի եւ արվեստի կենտրոն համարելով՝ ավելացրեց. «Այս քաղաքը բարձր տարողություն ունի բոլոր բնագավառներում եւ փոքրամասնությունները համարվում են քաղաքի հարստություններից»:
Արտահայտությունների ավարտին ձեռամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեճյանի, Սպահանի քաղաքապետ դոկտ. Նոռուզիի եւ Սպահանի քաղխորհրդի մշակութային հանձնաժողովի նախագահ տկն. Ռոշանի կատարվեց Զավեն Ղուկասյանի արձանի հանդիսավոր բացումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել են Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակները նշող հոբելյանական հանձնաժողովներ և հաստատվել դրանց անհատական կազմերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հոբելյանական հանձնաժողովներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հանձնաժողովների նախագահ է նշանակվել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում տեղի է ունենալու համաշխարհային պրեմիերա. ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը կատարելու է Վաղարշակ Զաքարյանի «Ջութակի կոնցերտը»։ Համերգին հնչելու է նաև Մոցարտի Սիմֆոնիա թիվ 41 «Յուպիտեր» ստեղծագործությունը։
Դիրժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համերգը կայանալու է սեպտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահումը։
Նշենք, որ փառատոնի բացումն արեց Սերգեյ Խաչատրյանը սեպտեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Փառատոնը նվիրվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին։
Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը։
Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ–դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքով բնակվում են Գերմանիայում։ 9 տարեկանում Խաչատրյանն առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 15 տարեկանում նա դառնում է Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը, նաև ստանում «կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը։
Սերգեյը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի բոլոր խոշոր նվագախմբերի հետ: Սերգեյ Խաչատրյանը 2013 թվականին ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»:
«Սոսե» միջազգային կինոփառատոնը կերտում է իր հինգերորդ պատմությունը։ Անցած հինգ տարիների ընթացքում կինոփառատոնի կազմակերպիչներին հաջողվել է ոչ միայն փառատոնի շուրջ համախմբել կինոսիրող պահանջկոտ հանդիսատեսի բանակը, այլև գրավել հենց կինոհեղինակների ուշադրությունը։ Փառատոնի կազմակերպիչները հայտնում են, որ եթե տարիներ առաջ փառատոնը մեկնարկեց հայ հեղինակների ընդամենը 8 ֆիլմով, ապա այս տարի արդեն «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնի մասնակցության հայտ է ներկայացրել 39 երկրի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա) 742 հեղինակ, մրցութային փուլ է անցել 172 ֆիլմ։
«Ուրախալի է նշել, որ փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի տարբեր անկյուններում գործող ֆիլմարտադրողներ։ Մեզ համար դա իհարկե այս տարիների կատարած աշխատանքի լավագույն գնահատականն է, բայց պիտի խոստովանեմ, որ դա նաև «դժվարացրել է» մեր աշխատանքը։ Մեր նախնական ընտրական հանձնախումբը կանգնած էր շատ պատասխանատու և բարդ ընտրության առաջ՝ լավագույներից ընտրել լավագույնը»,- ասում է «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը։
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնին կներկայացվեն նաև հեղինակավոր կինոփառատոններին մասնակցած և մրցանակների արժանացած ֆիլմեր։ Օրինակ՝ ռուս ռեժիսոր Իգոր Պոպլաուխինի «Օրացույց» ֆիլմը 2018 թ-ին Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է երկրորդ, «Կինոտավր»-ի՝ գլխավոր մրցանակներին, Եվրասիա միջազգային կինոփառոտնի՝ ժյուրիի հատուկ մրցանակի, ֆրանսիացի երիտասարդ խոստումնալից ռեժիսոր Սելին Դյուվոյի «Մեծ վիշտ» ֆիլմը Վենետիկի միջազգային կինոփառատոնում արժանացել է վենետիկյան հորիզոն մրցանակի՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ, շվեդ ռեժիսոր Մարիա Էրիքսսոն-Հեշթի «Դպրոցական դժվարություններ» ֆիլմն արդեն ներկայացվել է Չեխիայի հայտնի Կարլովի Վարեի, Տորոնտոյի միջազգային և Նեշվիլլի կինոփառատոններում։
Կինոփառատոնի մրցութային փուլ անցած ֆիլմերը կներկայացվեն հիմնական մրցութային ծրագիր, «Բովանդակությունը՝ կին» և «Ուսանողական» անվանակարգերում։
Փառատոնի գեղարվեստական ղեկավարը կարևոր առանձնահատկություններից մեկը համարում է այն, որ ցուցադրությունները չեն կենտրոնանա միայն մայրաքաղաքում․ «Արդեն երրորդ տարին է մարզերի հանդիսատեսը ևս հնարավորություն է ունենում դիտել մեր փառատոնի ֆիլմերը։
Նախատեսվում է խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ցուցադրություն նաև արտամրցութային ծրագրում։ Կինոփառատոնը կանդրադառնա նաև Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 -ամյակին։ Սարոյանական օրերը կանցկացվեն «Ըստ Սարոյանի» խորագրով։ Արտամրցութային ծրագրում կներկայացվեն նաև Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր։
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի սեպտեմբերի վերջին և կտևի մոտ երկու ամիս։
Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթղը» թատերական միությունը ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում կանցկացնի իրանական ծագում ունեցող Ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Սաթէ-Աթղը» թատերական միության նպատակն է հայ ընթերցողին և հանդիսատեսին ճանաչելի դարձնել Ռեզայի հետաքրքիր ժառանգությունը:
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կբեմադրվի Ռեզայի «Սպանդի Աստվածը» պիեսը:
Նույն պիեսը կբեմադրվի նաև ֆրանսերեն և կցուցադրվի երկու անգամ՝ բացառապես ֆրանկոֆոն հանդիսատեսի համար: Արտիստները կանցկացնեն նաև վարպետության դասընթացներ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ուսանողների համար) և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (պրոֆեսիոնալ դերասանների համար): Կդասավանդվի, մասնավորապես. Մայզների տեխնիկան:
Վարպետության դասընթացներ կլինեն նաև ֆրանսերեն ուսումնասիրողների համար՝ «Սովորել ֆրանսերեն թատրոնի միջոցով» խորագրով:
Կթարգմանվի և «Զանգակ» հրատարակչատան կողմից կհրատարակվի Յասմինա Ռեզայի վեց պիես: Գրքի շնորհանդեսը կկայանա «Զանգակ» գրատանը: Նույն վայրում կցուցադրվի նաև Ռեզայի «Արվեստ» պիեսի թատերականացված ընթերցումը, որը «Սաթէ-Աթղը» թատերական միությունը իրականացնում է «Ագորա» թատերախմբի հետ: Ռեզայի պիեսների ժողովածուի հայերեն գրքի շնորհանդեսը կկայանա նաև Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:
«LOFT»-ում կցուցադրվի Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» պիեսը, որը կբեմադրեն երեք ռեժիսորներ: Բեմադրությունն իրականացվում է «Ագորա» թատերախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ՝ Սերժ Մելիք-Հովսեփյան):
«Սաթէ-Աթղը» թատերական միությունը կմեկնի նաև Գորիս՝ «Սպանդի Աստվածը» բեմադրությունը տեղի հանդիսատեսի դատին ներկայացնելու: Ներկայացումից բացի, կլինեն նաև վարպետության դասընթացներ:
Միությունը վարպետության դասընթացներով հանդես կգա նաև Սևանում:
Ամերիկյան կինոակադեմիան հետաձգել է «Օսկարի» նոր անվանակարգի ստեղծումը։ Օգոստոսին հաղորդվել էր, որ Կինոակադեմիան որոշել էր «Օսկար» մրցանակ շնորհել «Լավագույն հանրաճանաչ ֆիլմ» -ի համար։ Hollywood Reporter-ը գրում է, որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կինոակադեմիայի կառավարիչների խորհուրդը որոշել է հետաձգել այդ գաղափարը։ Այդպես, «Օսկար-2019»-ին «Լավագույն հանրաճանաչ ֆիլմ» -ի համար մրցանակ չի տրվելու։
Կինոակադեմիայում նշել են, որ իրենց առաջարկության վերաբերյալ տարաբնույթ արձագանքներ են հնչել, այդ պատճառով հետագա ուսումնասիրության կարիք ունեն։
91-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է 2019 թվականի փետրվարի 23-ին Լոս Անջելեսում։
Աբու-Դաբիում ֆրանսիական Լուվր թանգարանի մասնաճյուղը հայտարարել է, որ հետաձգվել է Լեոնարդո դա Վանչիի «Աշխարհի փրկիչը» նկարի շնորհանդեսը։
«Աբու-Դաբիի մշակույթի և տուրիզմի վարչությունը հայտարարում է, որ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» նկարի շնորհանդեսը հետաձգվել է։ Այլ մանրամասներ կբացահայտվեն առաջիկայում»,-նշված է թանգարանի Թվիթերում։
Թե ինչն է հետաձգման պատճառը և երբ կկայանա շնորհանդեսը, դեռ չի հաղորդվում։
Նկարի շնորհանդեսը, որը համարվում է ամենաթանկն աշխարհում, նախատեսված էր սեպտեմբերի 18-ին։
«Աշխարհի փրկիչը» համարվում էր կորած, բայց նորից «հայտնվել է» 2017-ին, երբ մասնավոր կոլեկցիոները ձեռք էր բերել այն ավելի քան 400 միլիոն դոլարով։
Աբու Դաբիում Լուվրը բացվել է 2017-ին։ Ֆրանսիայի տարածքից դուրս այն միակ կառույցն է, որը կարող է օգտագործել Լուվր բրենդը։