Հոկտեմբեր 24, 2018 01:37 Asia/Yerevan

Իրանում մյուս եկեղեցիների համեմատությամբ մեծ նշանակություն ունեն Սուրբ Թադեոս և Սուրբ Ստեփանոս վանքերը թե քրիստոնեական պատմության և թե արվեստի ու ճարտարապետության առումով: Թավրիզի մոտակայքում գտնվող այդ երկու վանքերը զբոսաշրջության կարևորագույն գրավչություններից են համարվում: Իսլամական սրբավայրերի կողքին այդ երկու վանքերը Իրանում միաստվածային կրոնների հետևորդների խաղաղ համակեցության խորհրդանիշ են համարվում:

Իրանը կրոնների ու ցեղերի խաչմերուկ է ճանաչված: Շատ քիչ կրոններ կլինեն, որոնց հետքը Իրանում նկատելի չլինի: Իրանցի միաստված մարգարե Զրադաշտից բացի, Իրանում հետևորդներ են ունեցել Աբրահամյան կրոնները՝ հրեականությունը, քրիստոնեությունն ու իսլամը: Բնականաբար Իրանի ընդարձակ տարածքում հիշատակություններ են մնացել մեծ կրոնների անցյալից, որոնք Իրանում կրոնների հետևորդների խաղաղ համակեցության մասին են վկայում և մարդկային մշակութային ժառանգության մի մասն են համարվում:

Իրանի Արևելյան ու Արևմտյան Ատրպատական նահանգներում, Թեհրանում,  Սպահանում և այլ քաղաքներում եկեղեցիները պատմական մեծ նշանակություն ունեն և աշխարհի բոլոր քրիստոնյաների կողմից հարգված լինելուց բացի, արվեստի ու ճարտարպետության տեսանկյունից ևս շքեղ ու հիասքանչ են: ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2008 թվականին Իրանի Ատրպատական նահանգում գտնվող շուրջ 20 եկեղեցիներն ու քրիստոնեական սրբավայրերն ընդգրկել է համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում:

Ս Թադեոս (Թադե) Առաքյալի վանքը գտնվում է Չալդրանի Ղարաքիլիսա գյուղում Չալդրանի դաշտավայրի հյուսիս-արևելքում: Ավանդության համաձայն, վանքը կառուցվել է այնտեղ, որտեղ նահատկվել է Ս. Թադեոս առաքյալը:

Վանքի ներկա շենքը բաղկացած է երկու մասից՝ սև և սպիտակ քարերով: Ս. Թադեոս Առաքյալի վանքը մի քանի անգամ երկրաշարժից ավերվել է և կրկին վերանորոգվել։Վանքը 1814 թ. վերանորոգվել է Ֆաթհալիշահի գահաժառանգ՝ Աբբաս Միրզայի հրամանով։

1946 թ. վերանորոգւել է Թաւրիզի հայոց առաջնորդարանի ջանքերով: Վանքի կենտրոնական և արևմտյան հատվածները երկրաշարժից հետո կառուցապատվել են սպիտակ քարերով։ 

19-րդ դարի սկզբում, երբ Ռուսաստանի ցարը Կովկասի քրիստոնյաներին հովանավորելու պատրվակով գրոհեց Իրանի դեմ, Ղաջարների իշխանությունը հայերին սիրաշահելու համար Թադեի վանքը դեպի արևմուտք ընդարձակեց: Սպիտակ քարերով վերանորոգված շինության պատերին պարսկերեն լեզվով գրառումներ է թողնում Աբբաս Միրզան, անդրադառնալով շահի արդարությանն ու վանքի վերանորոգմանը:

Ս. Թադեոսի վանքը

Վանքի առաստաղը և ներսի պատերը պարզունակ են, բայց դրսի պատերը պատված են արծվի և կենդանիների քանդակներով, սրբաքանդակներով ու զարդաքանդակներով։ 

Սուրբ Թադեի արտաքին հարդարանքն ուսումնասիրողները նկատում են ուշ միջնադարյան պարսկական արվեստի ազդեցություն: Հետաքրքիրն այն է, որ վանքի որոշ զարդաքանդակներում հատվածներ կան նաև Շահնամեից: 

Ս. Թադեի վանքը, Սեֆյանների Շահ Էսմայիլի վեզիր՝ Սեյեդ Սադրեդդինի դամբարանն ու Չալդրանի պատերազմի նահատակների հուշակոթողն ու այլ պատմական շինություններ տարեկան մեծ թվով ներքին ու արտասահմանցի զբոսաշրջիկներ են բերում Չալդրանի տարածք:

Ս. Թադեի վանք

Սուրբ Ստեփանոս վանքը (նաև՝ Մաղարդավանք) 9-րդ դարի հայկական կրոնական համալիր է Իրանի հյուսիսում, Ջուղա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք: Վանքը գտնվում է այժմ լքված հայկական Դարաշամբ գյուղից մոտ մեկ կիլոմետր դեպի արևելք: Այս տարածքում վանքի գոյությունը վկայում է այն մասին, որ այդ տարածքի շրջակայքի բնակիչները հայեր են եղել, որոնք առաջին աշխարհամարտն սկսվելուց հետո, գաղթել են այլ շրջաններ:

Աշխարհի հայերը տարվա մեջ մեկ օր ուխտի են գնում Ս. Ստեփանոսի վանք, ուր աղոթում ու մոմեր են վառում: Վանքը հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը: Հայերիս համար մեծ նշանակություն ունի այս տարածքը:

Եկեղեցու շրջակա զառիվայր տարածքում կարելի է կայանել ավտոմեքենաները: Առաջին հայացքից բարձր ծառերի արանքից երևում է եկեղեցու գմբեթը: Կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված պարիսպներով շրջապատված ուղղանկյուն համալիրի շենքերը խմբավորված են երկու բակերում: Ուխտավորներն ու զբոսաշրջիկները վանքն այցելելուց հետո, կարող են հանգստանալ բարձր ծառերի ու սառնորակ առվակի կողքին:

Ջուլֆայում ձմեռները ցրտաշունչ, իսկ ամռանը շոգ է լինում: Գարնանն ու աշնանը եղանակը մեղմ է լինում: Թավրիզից Ջուլֆա երկու ժամ ճանապարհ է , ուստի Թավրիզ այցելողները նաև այցելում են պատմական այս տարածք:

Ս. Ստեփանոս վանք

Ծոր-Ծորը հայկական վանք է, որը գտնվում է Իրանի տարածքի Արևմտյան Ատրպատական նահանգում: Սուրբ Աստվածածնի մատուռը վանքի միակ կանգուն շինությունն է: 1987-1988 թվականներին մատուռը մոտ 600 մ տեղափոխել են, քանի որ Մակուչայ գետի վրա ամբարտակ է կառուցվել: Այդ տեղափոխումն Իրանում պատմամշակութային ժառանգությունների պահպանման հարցում շատ կարևոր ու աննման է համարվում: Ծոր-Ծորի վանքում եղել է հայկական հոգևոր դպրոց: Դպրոցն աչքի է ընկել Իրանի հայերի մշակութային կյանքում, երկրի քաղաքական և տնտեսական զարգացման նկատելի վերելքի պայմաններում: Դպրոցի հիմնադիրն է Հովհաննես Երզնկացին: Վանքի տարածքը հիասքանչ է:

Ծորի Ծորի վանք

Թավրիզում աստվածային կրոնների խաղաղ համակեցության խորհրդանիշները կողք-կողքի են գտնվում:   Միլ Լի պատմական մզկիթը կառուցվել է Աֆշարինների դինաստիայի օրոք և քաղաքը Մետաքսի ճանապարհին լինելով, մզկիթը շիաների, սունիների ու հրեաների միասնության վայր է դարձել: Գոյություն ունեցող փաստերի համաձայն, մզկիթի պատմական շինությունը պատկանում է Նադիր Շահի թագավորության շրջանին: Միլ Լի մզկիթում աղոթում էին շիաները, սունիները և հրեաները: Մզկիթում տարբեր կրոնների սիմվոլների գոյությունը  հին ժամանակներում Թավրիզում տարբեր կրոնների հետևորդների միասնության ու միաբանության մասին է վկայում:

Միլ Լի մզկիթի մուտքի երկու կողմերում Սեֆյանների օրոք երկու մինարեներ են կառուցվել: Մզկիթն ունի երկու առանձին մուտքեր, երկու որմնախորշեր՝ միհրաբներ, որտեղ միաժամանակ կարող էին աղոթել թե շիա և թե սուննի մուսուլմանները:

Պատմական փաստերի ու վկայությունների համաձայն, մզկիթում նաև աղոթել են հրեաները և մզկիթի մուտքի ճակատին փակցված էր այդ կրոնի վեցթևանի աստղի խորհրդանշանը: Մզկիթը գտնվում էր Նաջաֆղոլիխանի ամրոցի մոտակայքում, որտեղից անցնում էին կարավանները և երկու մինարեների գոյության պատճառով մզկիթը կոչվել է նաև «Միլ Լի Մեչիդ»:

Անցյալում կարավաններին ուղեցույց լինելու համար, հատկապես ձմռանը ձյան տեղումների ժամանակ, ճանապարհը դիտելու համար օգտվում էին երկու մինարեներից: Պատմական աղբյուրներում տեսնում ենք, որ  մինարեներ են տեղադրվել  նաև կամուրջների մոտ:

Պիտակ