Մուսուլմանները և ոչ մուսուլմանները Արբաինի քայլերթի ժամանակ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i100005-Մուսուլմանները_և_ոչ_մուսուլմանները_Արբաինի_քայլերթի_ժամանակ
Երբ Արբաինի ուխտավորները քայլում են դեպի Քարբալա տանող ճանապարհներով, նրանց շարքերում կարելի է հանդիպել ոչ միայն Հուսեյնին սեփական անձից ավելի շատ սիրող շիա մուսուլմանների, այլ նաև շատ մարդկանց, ովքեր նոր են մուսուլման դարձել կամ այլ կրոնների հետևորդներ են։ Հոսեյնը նրանց համար անձնվիրության և վեհության մեծ խորհրդանիշ է։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 29, 2018 03:37 Asia/Tehran

Երբ Արբաինի ուխտավորները քայլում են դեպի Քարբալա տանող ճանապարհներով, նրանց շարքերում կարելի է հանդիպել ոչ միայն Հուսեյնին սեփական անձից ավելի շատ սիրող շիա մուսուլմանների, այլ նաև շատ մարդկանց, ովքեր նոր են մուսուլման դարձել կամ այլ կրոնների հետևորդներ են։ Հոսեյնը նրանց համար անձնվիրության և վեհության մեծ խորհրդանիշ է։

Արբաինի քայլերթը, որն իրականացվում է Իմամ Հոսեյնի նահատակության քառասուներորդ օրը, ամենամեծ ու մարդաշատ ուխտագնացություններից է: Իրաքը ուխտագնացներին ընդունելու համար ունի շատ  սահմանափակ պայմաններ։ Անվտանգության տեսանկյունից ևս այդ երկիրը լավ վիճակում չէ։ Այնուամենայնիվ, ամեն տարի, առանց համաշխարհային լրատվական հսկաների գովազդների, Իրաքն ընդունում է միլիոնավոր ուխտագնացների, որոնք Քարբալայի ճանապարհով  քայլում են դեպի Իմամ Հոսեյնի գերեզմանը, որպեսզի հաղորդակից լինեն կրոնական միջոցառումներին։

Արդեն 14 դար է անցել այն օրվանից, երբ առաջին ուխտագնաց Ջաբիր Իբն Աբդոլլահ Անսարին Հոսեյնի մահվան քառասուներորդ օրը Մադինայից ոտքով հասավ Քարբալա։ Չնայած ամեն տարի ուխտագնացության օրերին բազմաթիվ դժբախտ պատահարներ են տեղի ունենում և ուխտագնացների կյանքը հաճախ վտանգվում է, դա չի խանգարում որպեսզի հավատացյալ մուսուլմանները ճանապարհվեն դեպի Քարբալա։ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս մասին ասել է․«Արբաինի օրը հոսեյնական հզոր մագնիսի ձգողությունը Ջաբիր Իբն Աբդոլլահին Մադինայից  տարավ դեպի Քարբալա։ Դա այն ձգողությունն է, որ մինչ այժմ՝ դարեր անց, դեռ մնացել է սրտերում»։ Իրաքում Սադդամի և բաասական ռեժիմի տապալումից հետո՝ նույնիսկ անվտանգության բացակայության և ահաբեկչական վտանգների առկայության պայմաններում, Արբաինի ուխտագնացությունը անցկացվում է ավելի շքեղ կերպով քան երբևէ։ Անկասկած այս իրադարձությունը հայտնվել է հոսեյնական սխրանքներն իրենց սրտերում պահող ու փայփայող մարդկանց ուշադրության կենտրոնում։

         Միլիոնավոր ուխտագնացները հոսեյնական Արբաինի օրը Քարբալայում

 

Երբ Արբաինի ուխտավորները քայլում են դեպի Քարբալա տանող ճանապարհներով, նրանց շարքերում կարելի է հանդիպել ոչ միայն Հուսեյնին սեփական անձից ավելի շատ սիրող շիա մուսուլմանների, այլև նաև շատ մարդկանց ովքեր նոր են մուսուլման դարձել։ Իմամ Հոսեյնը նրանց համար դարձել է վեհության և անձնազոհության մարմնավորում։ Նոր մուսուլման դարձած հյուրերը, որոնք ուխտագնացության են եկել շատ հարուստ երկրներից պատրաստ չեն Հոսեյնի դամբարան տանող հողեղեն ճանապարհները փոխել աշխարհում ոչ մի հարստության հետ։ Շատերը՝ արևմուտքի կյանքի միապաղաղությունից հոգնած, ուրախությամբ ընտրել են  Հոսեյնի ճշմարտության ուղին, այն համարելով փրկության առագաստ` վայրիվերումների անծայրածիր օվկիանոսում։ Վերջերս իսլամ ընդունած մի հոլանդացի կին այն մարդկանցից է, ովքեր ուսումնասիրելով Ղուրանը սկսել են ըմբռնել իսլամի ողջ խորությունը և միացել են Արբաինի ուխտագնացությանը։ Նա դեպի Քարբալա ուխտագնացությունը ներկայացնում է որպես մեծ երազանք և ասում․«Այս անգամ Իմամ Հոսեյնը մեզ ընտրեց և այս ճանապարհորդությունը հրավեր է նրա կողմից»։

Իսլամ ընդունած հոլանդացի կինը մասնակցել է Արբաինի քայլերթին

 

 

Հոլանդացի   կինն իր ամուսնու և ժպտերես փոքրիկի հետ քայլում է դեպի Քարբալա։ Հողեղեն ճանապարհների փոշին նստել է երեխայի երեսին, սակայն նա չի հուսահատվում, այլ փոքրիկ քայլերը ավելի արագացնելով, փորձում է իր մայրիկին ավելի արագ հասցնել դեպի այդքան երազած Քարբալա։ Առաջին անգամ ուխտագնացության եկած այս կինն ասում է․«Դուք չեք կարող նման բան տեսնել Հոլանդիայում։ Հոլանդիայում պետությունը շատ միջոցներ ունի և օգնում է ձեզ, բայց ես այստեղի կյանքը ավելի շատ եմ սիրում: Ինձ համար կարևոր չէ, որ այստեղ բարեկեցիկ ապրելու հնարավորությունները շատ քիչ են։ Հոլանդիայում կյանքն ու մարդկային հարաբերությունները շատ շատ սառն են դարձել և ես ուզում եմ ապրել  այստեղի ջերմության պայմաններում»։

 

                  Հատվածներ «Ես եկել եմ Հոլանդիայից » վավերագրական ֆիլմից

 

       

Մեկ այլ վայրում Արբաինի ուխտագնացների մեջ հանդիպեցինք Ռոման անունով մի ուկրաինացի երիտասարդի։ Չնայած նա մուսուլման չէ, բայց այս մեծ իրադարձությունը տեսնելու և դրա մասնակիցը դառնալու համար միացել է իր մուսուլման ընկերներին և եկել Իրաք։  Տեսնելով դեպի Քարբալա շտապող միլիոնավոր ուխտագնացների հոսքը, զգալով թե ինչպիսի սիրառատ զգացումներ ունեն մուսուլմանները դեպի հոսեյնական սխրանքները և վերջապես, հասկանալով, թե որքան են այս մարդիկ սիրում Հոսեյնին, ուկրաինացի երիտասարդը խոստովանել է, որ մի աներևույթ ուժ իրեն կապում է Հոսեյնի հետ։ Այժմ տեսնելով այս ամենը, Ռոմանը սկսում է մտորել«Տեսնես իրականում ո՞վ է եղել Հոսեյնը և ի՞նչ ուժով է նա կարողանում իր մահվանից 14 դար հետո հավաքել այսքան մարդու մեկ ընդհանուր նպատակի շուրջ»։ Որքան ավելի է մտորում այս ուղղությամբ և որքան ավելի շատ է շփվում մյուս ուխտավորների հետ, այնքան ավելի լավ է սկսում հասկանալ ամեն ինչ։ Վերջապես Ռոմանը նստում է և ասում․«Ես մուսուլման եմ դառնալու»։ Երիտասարդի խոսքերից փոքր-ինչ զարմացած ներկաների հարցերին Ռոմանը այսպես է պատասխանում․«Ամենազարմանալին ինձ համար Իրաքի մուսուլմանների բարությունը, սրտաբացությունն ու ջերմությունն է։ Դեպի սուրբ վայրեր իմ այս ճանապարհորդության ընթացքում ես ամբողջովին փոխեցի իմ կարծիքը շիա մուսուլմանների վերաբերյալ։ Նրանք ճիշտ հակառակն են այն պատկերացումների, որոնք արևմտյան լրատվամիջոցները փորձում են ներարկել մարդկանց։ Մուսուլմանները բարի և խաղաղասեր մարդիկ են»։ Նա շարունակում է․«Այս ճանապարհորդության ընթացքում ես համոզվեցի, որ Իսլամը ներողամտության և խաղաղության կրոն է։ Որոշել եմ Իմամ Հոսեյնի օրհնությամբ հենց նրա դամբարանում մուսուլման դառնալ»։

Ռոման՝ ուկրաինացի երիտասարդ, ով Արբաինի քայլերթի ժամանակ    մուսուլման  դարձավ                                                                                     

 

 Վերջերս իսլամ ընդունած մեկ այլ ուկրաինացի ուխտագնաց` Իգոր Սլադանիուկը, ով առաջին անգամ է մասնակցում Արբաինի քայլերթին, ասում է․«Երբ Նաջաֆ եկանք և մտանք Իմամ Ալիի դամբարանը, ապշահար եղանք․ այդ տեղը մի արտասովոր հանգստություն է պարունակում, պետք է նշեմ նաև, որ իրաքցիների բարյացակամ ու սիրալիր վերաբերմունքը մեր նկատմամբ ուխտագնացության ողջ ընթացքում ճիշտ հակառակն է այն ամենի, ինչ մեզ պատմում էին մինչև Իրաք գալը»։ Ուկրաինացի մուսուլման ուխտագնացը հավելում է․«Այն ինչ տեսանք այստեղ, պատմելու ենք բոլոր նրանց, ում ճանաչում ենք, ինչպես նաև ասելու ենք, որ իսլամ կրոնի իրական արժեքն ու ողջ իմաստը բացահայտել ենք մարգարեի շառավիղների սխրագործությունների մեջ»։ Իգորին և Ռոմանին պետք է նայել որպես իսլամական նոր իրողությունների ներկայացուցիչներ, իրողություններ որոնք աշխարհում առաջանում են հոսեյնական անսպառ լույսի ճառագայթների ներքո։ Արբաինի քայլերթը այն մեծ իրադարձությունն է, որ կարող է հաջող պայքար մղել իմպերիալիստների ստի կայսրության դեմ։ Այս ուխտագնացությունը կարող է ճշմարտության ճառագայթներ հասցնել աշխարհի բոլոր արդարների սրտերին։

 Իգոր Սլադանիուկը Իմամ Ալիի դամբարանում․ Նաջաֆ

Կլաուդիա Բորժան իտալացի լուսանկարչուհի է, ով մի քանի տարի առաջ Հռոմում անցկացրել է Աշուրայի օրվան նվիրված ցուցահանդես։ Կլաուդիան քրիստոնյա է։ Իրանում ներկա գտնվելով Իմամ Հոսեյնի նահատակությանը նվիրված սգո արարողությանը և տեսնելով թե ինչ նվիրվածություն ունեն իրանցիները դեպի մեծ Իմամը, նա որոշեց նկարահանել այդ ամենը, որպեսզի նման կերպ Իտալիայում ներկայացնի այն բոլոր գեղեցիկ տեսարանները, որոնք տեսել է Իրանում։ Կլաուդիան ասում է․«Իմամ Հոսեյնի նահատակության համար իրանցիների սուգը այնպիսի մեծ ազդեցություն գործեց ինձ վրա, որ ինքս էլ լաց եղա»։ Կլաուդիան անցած տարի մասնակցել է Արբաինի քայլերթին և համոզված է, որ Իմամ Հոսեյնն է հրավիրել իրեն։ Իտալացի լուսանկարչուհին, ով կաթոլիկ քրիստոնյա է, Արբաինի ուխտագնացությանը մասնակցելը մեծ պատիվ է համարում իր համար։ Նրա խոսքերով․«Նոր եմ սկսում հասկանալ, որ Իմամ Հոսեյնը պարզապես մի մարդ չէ, այլ  լուսավոր ճանապարհ է դեպի կյանքը, կյանքը հանուն ճշմարտության։ Ես հենց սա եմ սիրում, ցանկանում եմ այսպիսի կյանք ունենալ և անել ամեն հնարավոր բան` արդարության ու ճշմարտության համար»: Իտալուհին համոզված է, որ այս քայլերթին մասնակցելով մարդիկ շատ բաներ են բացահայտում ինչպես իրենց, այնպես էլ Իմամ Հոսեյնի մասին։ Կլաուդիան խոստովանել է, որ Իրանում և ուխտագնացության ժամանակ ապրած պահերը իր կյանքում լավագույններից են եղել։

 

 

Այս հաղորդման ընթացքում խոսեցինք վերջերս իսլամ ընդունած մուսուլմանների մասին, ովքեր ականջալուր լինելով Իմամ Հոսեյնի խոսքերին, ընտրել են ճշմարտության ուղին։ Այս հաղորդման վերջին մասում կխոսենք նաև շիա մուսուլմանների մի խմբի մասին, որը այնքան էլ ճանաչված չէ։ Նիգերիայի շիաները դեռևս քառասուն տարի առաջ այդ երկրում փոքրամասնություն էին կազմում, սակայն հիմա՝ ընդհամենը չորս տասնամյակ անց, բնակչության մեծ մասը Իսլամի շիա ուղղությունն է ընդունել։ Շեյխ Զաքզաքին, ով արդեն ամիսներ շարունակ առանց դատավճռի գտնվում է բանտում, երկրի շիաների առաջնորդն է։ Նրանք իրենց զարթոնքը կապում են շեյխ Զաքզաքիի բարոյական սկզբունքների և իմաստության հետ։ Նիգերիայի շիաներից շատերը ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում մասնակցել Արբաինի ուխտագնացությանը դեպի Քարբալա։ Այդ իսկ պատճառով նրանք ամեն տարի՝ Արբաինի ուխտագնացության շեմին ոտքով ճանապարհվում են դեպի Զարիա քաղաք, որպեսզի մասնակցեն քաղաքի Հոսեյնիե թաղամասում իրականացվող կրոնական  միջոցառումներին։  Բնականաբար ուխտավորների այս հոսքի մասին ևս չկան  լուսաբանումներ։ Նիգերիայի շիա մուսուլմանները չեն հուսահատվում հնարավորությունների նկատելի պակասի պատճառով և շարունակում են մասնակցել իրենց ավանդույթ դարձած կրոնական միջոցառումներին։ Չնայած այս երկրում նույնպես շատ են ահաբեկչական սպառնալիքները, դա չի խանգարում,  որպեսզի ամեն տարի ուխտավորների թիվը ավելանա։