Դրվագներ՝ Իմամ Ռեզայի կյանքից
Ներկայացնում ենք հատուկ թողարկում` շիա մուսուլմանների ութերորդ առաջնորդ, Իմամ Ռեզայի նահատակության տարելիցի կապակցությամբ:
Իմամ Ալի Իբն Մուսա Ալ Ռեզան շիաների ութերորդ առաջնորդն է: Նա սերում է իսլամի մարգարեից: Իր հոր՝ Իմամ Մուսա Քազեմի նահատակվելուց հետո, Իմամ Ռեզան 35 տարեկանում շիաների առաջնորդության առաքելություն ստացավ և 20 տարի առաջնորդեց մուսուլման ժողովուրդներին: Իմամ Ռեզայի առաջնորդության վերջին երեք տարիներն անցան Մաամունի իշխանության կենտրոնը համարվող՝ Մարվ քաղաքում: Իմամ Ռեզան լույս աշխարհ է եկել հիջրեթի 148 թ.-ի Զիղաադա ամսի 11-ին` Մադինա քաղաքում: Նա նահատակվել է լուսնային հիջրեթի 203 թվականին սաֆար ամսի 30-ին : Իմամ Ռեզայի նահատակության տարելիցի օրը տարբեր ազգությունների հազարավոր ուխտավորներ հավաքվում են Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանում և իրենց սերն ու հարգանքն են մատուցում նրա հիշատակին: Ամենուրեք լսվում են Ղուրանի ընթերցման ու աղոթքի ձայներ: Հավատացյալ ուխտավորներն Իմամ Ռեզայի նահատակության տարելիցի օրը արտասվալից աչքերով այցելում են դամբարան՝ իրենց սրտերի ժանգը մաքրելու և հոգին թարմացնելու ու խաղաղվելու համար: Դամբարանում աննկարագրելի մթնոլորտ է տիրում : Այս օրն առիթ է, որպեսզի Իմամ Ռեզայի երկրպագուներն իրենց ուխտը վերանորոգեն իմամի գաղափարների հետ:
Ցավակցություն ենք հայտնում Իմամ Ռեզայի նահատակության տարելիցի կապակցությամբ:
Ներկայացնում ենք դրվագներ Իմամ Ռեզայի կյանքից: Շարունակեք մնալ մեզ հետ:
Իմամ Ռեզան լույս աշխարհ եկավ բարեպաշտ ընտանիքում: Նրա հայրը Իսլամի մարգարեի ծոռներից էր և մայրը՝ Նաջմե անունով բանիմաց ու առաքինի տիկին էր: Նա Մարոկկոյից էր: Իմամ Ռեզայի բարեբաստիկ անունն Ալի է:Նրան անվանում են նաև Աբու Ալ-հասան: Նրա ամենահայտնի անունը Ռեզա է, որը նշանակում է «Գոհունակություն»: Նրա որդին` Իմամ Ջավադը, իր հոր անվան մասին ասել է.«Աստված նրան անվանեց Ռեզա, որովհետև Աստված և աստծո մարգարեն ու մարգարեի շառավիղները գոհ են եղել նրանից: Իմամ Ռեզայի անսահման բարի բնավորության պատճառով, նրա ընկերներն ու հարազատները և նույնիսկ թշնամիները շատ են սիրել նրան»:
Իսլամի մարգարեի գերդաստանից սերած Իմամ Ռեզան Ղուրանի պատվիրաններն էր սովորեցնում մարդկանց: Իմամ Ռեզայի գիտությունը, համբերությունը, քաջությունը, բարեպաշտությունը և նրա երկնային անհատականությունն այն աստիճան բարձր էին, որ ոչ ոք չէր կասկածում նրա վեհ արժանիքներին: Իմամ Ռեզան հենց այն ժամանակ հայտնի դարձավ որպես Մուհամմեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) գերդաստանի գիտունը:
Իմամ Ռեզայի օրոք մուսուլմանական աշխարհը մեծ զարգացում ապրեց աշխարհագրական, տնտեսական բարգավաճման և գիտության առումով: Այնուամենայնիվ այդ ժամանակաշրջանում Աբբասյան իշխանության բռնապետությունը շարունակվում էր: Հազրաթ Ռեզայի իմամության ժամանակաշրջանը համընկնում է Բանի Աբբասյան խալիֆայության երեք խալիֆների՝ Հարունի, Ամինի ու Մաամունի իշխանության ժամանակաշրջանին: Իմամ Ռեզայի իմամության վերջին հինգ տարիներին իշխում էր Մաամուն խալիֆան , ով համարվում է Աբբասյան խալիֆայության ամենախարդախ ու ամենախորամանկ խալիֆը: Նա իր եղբորը` Ամինին սպանելուց հետո, իշխանությունը վերցրեց իր ձեռքը: Մաամունն իր ուշիմ նախարար՝ Ֆազլ Իբն Սահլի օգնությամբ փորձեց ամրապնդել իր իշխանության հիմքերը: Նա Իմամ Ռեզային իր տեղապահ դառնալու առաջարկ ներկայացրեց, որպեսզի Մարգարեի գերդաստանի երկրպագուներին սիրաշահի ու իր իշխանությունն օրինականացնի: Իհարկե նա յուրահատուկ նրբությամբ ու վարպետությամբ փորձեց այնպես ձևացնել ,որ բարի նպատակով և Իմամ Ռեզայի նկատմամբ մեծ հարգանքից ու հավատքից ելնելով է նման որոշում ընդունել:
Աբբասյան խալիֆայության կողմնակիցները բողոքեցին Մաամունի որոշման դեմ: Մաամունն իր որոշումը արդարացնելու համար իր կողմնակիցներին ասաց.«Այս մարդը (Իմամ Ռեզային նկատի ուներ) իր գործերը թաքցնում էր մեզանից և մարդկանց կոչ էր անում ընդունել իր իմամությունը: Ուրեմն նրան նշանակել եմ իմ տեղապահը, որպեսզի նա մարդկանց հրավիրի ծառայել մեզ: Նա նաև կընդունի մեր խալիֆայությունը և միաժամանակ նրա համակիրները կհասկանան, որ խալիֆայությունը ոչ թե նրան այլ մեզ է արժանի»: Մաամունը մտածում էր, որ եթե իմամ Ռեզան ընդուներ իր առաջարկը , դա կնշանակեր ,որ նա ընդունել է Բանի Աբբասյանների խալիֆայությունը և դա մեծ առավելություն կլիներ նրանց համար: Փաստորեն Մաամունի խարդախությունն ու խորամանկությունը հաշվարկված էին: Բայց ինչպե՞ս արձագանքեց Իմամ Ռեզան այդ սադրանքին:

Նա նախ հրաժարվեց մեկնել Մաամունի իշխանության կենտրոնը համարվող Մարվ: Սակայն Մաամունի մարդիկ նրան պարտադրեցին այդ ուղևորությունը: Մեծ գիտնական՝ Շեյխ Սադուղի գրչին պատկանող «Այուն Ախբար Ալ Ռեզա» գրքում ասված է.«Իմամը Մոհամմեդ մարգարեին հրաժեշտ տալու համար այցելեց նրա դամբարանը: Մի քանի անգամ դամբարանից դուրս եկավ ու նորից վերադարձավ ու սկսեց բարձրաձայն լաց լինել: Այնուհետև ընտանիքի անդամներին հավաքեց իր շուրջը ու նրանց ասաց.«Ես այլևս չեմ վերադառնա ձեզ մոտ»:
Նշենք, որ Իմամն իր ընտանիքի անդամներից և ոչ մեկին իր հետ չտարավ Մարվ: Եվ այս բոլորը ցույց են տալիս, որ իմամին պարտադրել են գնալ այդ ճանապարհորդությունը:
Հաջորդ փուլում Իմամը փորձեց իրեն տեղապահ նշանակելու Մաամունի որոշումը ներկայացնել որպես խալիֆայության հարցում մարգարեի գերդաստանի իրավունքը ճանաչելու ուղղությամբ արված քայլ: Քանի որ մինչ այդ Աբբասյան և Ումմայան խալիֆները չէին ընդունել մարգարեի գերդաստանի իմամությունն ու խալիֆայությունը: Մաամունի այդ քայլը կարող էր չեզոքացնել նախորդ խալիֆների հայեցակետը:
Իմամ Ռեզան մեկ այլ խելամիտ քայլ կատարեց: Նա իր տեղապահ նշանակվելու որոշումը վերջնականացվելուց առաջ աղոթքի քարոզներում ասաց, որ այն պայմանով կընդունի խալիֆի տեղապահության առաջարկը, եթե ինքը չմիջամտի քաղաքական հարցերին և ոչ մեկին ո'չ նշանակի որևէ պաշտոնում և ո'չ էլ ազատի որևէ պաշտոնից: Այլ խոսքով, Իմամ Ռեզան ոչ մի միջամտություն չկատարեց Մաամունի իշխանության գործերին, որպեսզի նրա բռնապետական ու ոչ-իսլամական արարքները իր հաշվին չգրվեն ու մարդիկ չկարծեն ,որ Իմամ Ռեզան հաստատում է Աբբասյան խալիֆայությունը:
Մաամունն իմամ Ռեզային Մարվ տեղափոխելուց հետո բազմաթիվ գիտական նիստեր գումարեց տարբեր գիտնականների մասնակցությամբ:Նա այդ քայլով փորձում էր ցույց տալ, որ գիտությունն իր համար մեծ նշանակություն ունի : Իմամին հրավիրելով նիստերին, նա մտադիր էր հակակշռի տակ առնել Իմամ Ռեզայի գիտելիքները: Սակայն Իմամ Ռեզայի գիտական բարձր մակարդակը աստիճանաբար դարձավ խնդիր Մաամունի համար: Շեյխ Սադուղն այդ մասին գրել է.«Մաամունը փորձում էր բարձր մակարդակի գիտնականների և իմամի միջև գիտական բանավեճեր անցկացնել, որպեսզի նրան հեղինակազրկի,բայց բոլորը խոստովանում էին ,որ իմամը գիտական առումով շատ բարձր մակարդակում է գտնվում: Երբ Մաամունը հասկացավ, որ նման բանավեճերը ավելի են բացահայտում Իմամի գիտական կարողությունները, վտանգ զգաց և սահմանափակեց իմամին»:
Մյուս միջադեպը, որ դարձյալ բացահայտեց Մաամունի պլանները, Ֆեթր տոնի առիթով Իմամ Ռեզայի աղոթքն էր: Մաամունն իմամից պահանջեց, որ ինքը կատարի տոնի աղոթքը: Իմամը սկզբում մերժեց, բայց Մաամունը պնդում էր: Ու նա ասաց.«Ուրեմն ես իմ պապի` Մոհամմեդ մարգարեի նման նամազ կանեմ: Մաամունն ընդունեց: Մարդիկ սպասում էին ,որ իմամն ինչպես խալիֆները արքունական արարողակարգով տնից դուրս կգա: Բայց նա բոլորին զարմացրեց: Իմամ Ռեզան ոտաբոբիկ ճանապարհվեց: էմիրները , որ պաշտոնական հագուստով պատրաստվում էին մասնակցել արարողությանը, այդ հոգևոր տեսարանը տեսնելով իջան իրենց ձիերից և իրենց կոշիկները հանեցին ու հետևեցին իմամին: Ասում են թե Սահլ Իբն Ֆազլը Մաամունին ասաց.«Եթե իմամը հասնի աղոթավայր, մարդիկ կդառնան նրա երկրպագուները, ավելի լավ է նրան ասես, որ վերադառնա: Մաամունը վտանգ զգաց: Նա սկսեց մտածել ,որ Իմամը ոչ միայն իրեն պետք չէ, այլև նրա ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը: Ուստի մարդիկ նշանակեց, որպեսզի հսկեն նրա յուրաքանչյուր քայլը:
Իմամը ճշմարիտ խոսքն ասելու համար չէր վախենում Մաամունից: Նա բազմիցս քննադատել է Մաամունի արարքները: Երբ Մաամունը ոչ-իսլամական երկրներում ռազմական քայլեր է իրականացնում , իմամը խոսքն ուղղելով նրան ասում է .«Ինչու չես մտածում մահմեդական ժողովուրդների մասին ու չես փորձում բարեփոխել նրանց»:Այդ արտահայտությունը զայրացնում է Մաամունին: Նա սկսում է մտորել, որ իմամին Մարվ տեղափոխելը ցանկալի արդյունք չունեցավ և եթե այսպես շարունակվի, ապա ինքը անփոխարինելի վնասներ կկրի:
Մաամունը իր խալիֆայությունը պահպանելու համար պատրաստ էր ամեն քայլի գնալ: Նա նույնիսկ հանուն իր խալիֆայության սպանեց Աստծո առաքյալի ծոռանը: Այդպիսով Ալի Իբն Մուսա Ալ-Ռեզան, ինչպես իր պապերը, նահատակվեց բռնության դեմ պայքարի ճանապարհին ու չհանձնվեց Մաամունի ավտորիտար իշխանությանը:
Վերստին ցավակցություն հայտնելով Իմամ Ռեզայի նահատակության տարելիցի կապակցությամբ, ծրագիրն ավարտում ենք իմամի իմաստուն խոսքերով.
Երբևե չլքեք բարի գործերը` ապավինելով Մոհամմեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) բարեկամությանը և երբևե չկորցնեք Մոհամմեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) բարեկամությունը՝ ապավինելով բարի գործերին,քանզի այդ երկուսից ոչ մեկը միայնակ ընդունելի չէ:
Լուսանկարներ՝ Իմամ Ռեզայի նահատակության առիթով կազմակերպված արարողությունից
تصاویری از خطبه خوانی در شب شهادت امام رضا(ع)