Ռուհոլլահի դպրոցում (16)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i100544-Ռուհոլլահի_դպրոցում_(16)
Այս հաղորդման ընթացքում կպարզաբանենք հասարակության մեջ և ընտանիքում կանանց դիրքն ու դերակատարությունն Իմամ Խոմեյնիի դիտանկյունից:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 10, 2018 21:12 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կպարզաբանենք հասարակության մեջ և ընտանիքում կանանց դիրքն ու դերակատարությունն Իմամ Խոմեյնիի դիտանկյունից:

Ողջույն թանկագին բարեկամներ: Նախորդ մի քանի հաղորղումների ժամանակ անդրադարձանք Իմամ Խոմեյնիի դիտանկյունից երկրի ճակատագրի կերտման հարցում համալսարանի կառույցի դիրքին և ուսանողների ու դասախոսների դերակատարությանը: Նկատի առնելով հասարակության մեջ կանանց կարևոր դերակատարությունն ու նաև ժամանակակից հասարակություններում կանանց իրավունքների ու դիրքի հետ կապված հարցերի շուրջ զգայնությունները կփորձենք այս հաղորդման ընթացքում ձեզ ծանոթացնել այս կապակցությամբ Իմամ Խոմեյնիի տեսակետներին:

 

Կանայք կազմում եմ աշխարհի բնակչության կեսն ու չնայած մարդկային սերնդի գոյության հարատևումը շարունակ պայմանավորված է եղել ընտանիքում ու հասարակության մեջ կանանց դերակատարությամբ, պատմական շատ ժամանակահատվածներում նրանք բազմաթիվ հասարակություններում բռնությունների ու անարդարության են ենթարկվել և շատ դեպքերում ոտնահարվել են նրանց իրավունքները: Բացի այդ որոշ դեպքերում իրավունքներից բացի նաև ոտնձգության է ենթարկվել կանանց արժանապատվությունը և նրանց հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունք է ցուցաբերվել: Որոշ հասարակություններում էլ թեև կանանց իրավունքների վերականգնման ուղղությամբ ջանքեր են իրագործվել, սակայն նրանց արժանապատվությունը նկատի չի առնվել և կանայք չարաշահվել են տնտեսական ու քաղաքական նպատակներով և կամ նույնիսկ դիտվել են, որպես տղամարդկանց սեռային ցանկություններին ու կարիքներին հագուրդ տվող միջոց: Այդ պատճառով էլ չնայած կանանց իրավունքների և արժանապատվության վերականգնման ուղղությամբ գործադրված գաղափարական ու քաղաքական մեծ ջանքերին, կանայք դեռ իրենց արժանի իրական ու վեհ դիրքը չեն գտել հասարակության մեջ: Ժամանակակից հասարակություններում կանանց իրական ու արժեքավոր դիրքի խաթարումն իրականացվել է տարբեր անձանց ու վարդապետությունների միջոցով, որի մեկ ծայրը եղել է անհատական ու հասարակական ասպարեզներում կանանց տարրական ու անվիճելի իրավունքների ոտնահարումը, իսկ դրա մյուս ծայրը՝ տղամարդկանց հետ նրանց հավասարության ու նմանության հարցում ծայրահեղությունը, որն անտեսում է կանանց տղամարդկանցից առանձնացնող ֆիզիոլոգիական, զգացական ու վարքագծային յուրահատկությունները և այդպիսով անտեսում է կանանց յուրահատուկ դիրքն, արժանապատվությունն ու իհարկե իրավունքները:

Նման  միջավայրում Իմամ Խոմեյնիի մտածողության, նաև իսլամական հեղափոխության գաղափարախոսության և ԻԻՀ համակարգի քաղաքական ու իրավական շրջանակներում կանանց դիրքի պարզաբանումը մեծ նշանակության տեր է դառնում: 1979 թվականին հաղթանակած հեղափոխությունը միայն Իրանում իշխող քաղաքական համակարգի տապալմանը չհանգեցրեց, այլ գաղափարական, մշակութային ու արժեքային ոլորտներում ձևավորեց նոր պարադիգմ, որի գլխավոր բաժինը հատկացված էր կանանց: Այս պարադիգմի մեջ  կանանց մարդկային դիրքի և նրա անհատական ու հասարակական կյանքի մասին նոր հայացքներ ներկայացվեցին: Իսլամական հեղափոխության գաղափարախոսության մեջ կանայք յուրահատուկ ու բարձր դիրքի տեր դարձան, քանի որ նախորդ համակարգի արժեքային ու իշխանական ձևաչափում կանանց հանդեպ որոշակի հայացքներ գոյություն ունեին: Իշխող համակարգի դեմ հեղափոխության հանգեցրած ժողովրդի հանրային դժգոհությունը միայն քաղաքական ասպարեզով սահմանափակված չէր, այլ թագավորական համակարգը ոտնահարելով հասարակությանը տիրող արժեքներն ու նորմերը, մասնավորապես շատ ասպարեզներում կանանց դիրքը խաթարելով, ժողովրդի լայն մասսաների և մասնավորապես մուսուլման ու հավատացյալ կանանց մոտ դժգոհության ալիք էր առաջացրել: Շուրջ կես դար տևած առաջին և երկրորդ Փահլավիների իշխանության շրջանում կիսամոդեռն արևմտամետ մտածողության տիրապետությունը կանանց խրախուսեց ու նույնիսկ պարտադրեց ընդունել արևմտյան հասարակություններում տիրող ձևաչափը և հենց դա էլ հանրային դժգոհության առիթ ստեղծեց:

 

Իմամ Խոմեյնին, որպես Իսլամական հեղափոխության հիմնադիր հասարակությանը ներկայացրած նոր գաղափարախոսության մեջ վեհ ու արժեքավոր դիրք վերապահեց կանանց և վերականգնելով հասարակության կրոնական ու ազգային արժեքներն ու նորմները, որոնց ժողովուրդը խորապես հավատացած էր,  քաղաքական ու հասարակական ասպարեզներում կանանց լուրջ ու ազդեցիկ ներկայության ենթահող պատրաստեց: Իմամը ոչ միայն ձգտեց վերականգնել կանանց խլված քաղաքական ու հասարակական իրավունքները, այլև փորձ կատարեց վերադարձնել նախկին համակարգի ժամանակ խաթարված կանանց արժանապատվությունը և այդ կարևոր նպատակն իրականացվեց իսլամ կրոնի և Իմամ Խոմեյնիի մտածողության հիմքը կազմող շիիզմի իշխանության վերակենդանացմամբ: Իմամ Խոմեյնին վերականգնելով կրոնական արժեքներն ու նորմերը նոր անհատականություն փոխանցեց կանանց, որպեսզի արժանապատվություն զգալով ու նաև պահպանելով իրենց բարոյական պարկեշտությունը, քաղաքական ու հասարակական իրավունքների տեր դառնան: Իմամ Խոմեյնին հավատացած էր, որ իսլամը խավարամտության ու անարդարության միջավայրում մեծարեց կանանց և իսլամի մեծ  մարգարեն մեծարելով իր դստերը՝ Հազրաթ Զահրային, պատվեց կանանց: Հազրաթ Զահրան ծնվեց մի ժամանակաշրջանում ու միջավայրում, որտեղ կինը որպես մարդ ներկայացված չէր և նրա գոյությունը խավարամտության շրջանում ապրող ընտանիքներում ամոթանքի արժանի էր: «Նման նեխած ու սարսափազդու միջավայրում, իսլամի  մեծ մարգարեն բռնեց կնոջ ձեռքը և նրան փրկեց խավարամտության շրջանի սովորությունների ճահճից: Իսլամի պատմությունը վկայում է իր դստեր հանդեպ Աստծո մարգարեի անսահման քայլերի մասին, որոնք միտված էին ապացուցելու, որ կինը հասարակության մեջ յուրահատուկ բարձր դիրք է գրավում ու եթե չգերազանցի տղամարդուն, նրան չի էլ զիջում»:    

Իմամ Խոմեյնիի և իսլամական համակարգի դիտանկյունից կնոջ դիրքի նշանակությունն այն աստիճան է, որ Հազրաթ Զահրայի ծննդյան օրը, որպես Կնոջ օր է հռչակված: Այդ օրվա ընթացքում բոլոր տղամարդիկ ու նաև  նրանց զավակները մեծարում են կանանց ու մայրերին և նրանց ջանքերին ի նշան գնահատանքի ամբողջ երկրում տոնախմբություններ են կազմակերպվում: Իմամ Խոմեյնին Իրանում Կնոջ օր հռչակելու նախաձեռնողն էր, որպեսզի բարձրացնի հասարակության մեջ նրա իրական դիրքն ու պատիվը: Նա Հազրաթ Զահրայի ծննդյան տոնը Կնոջ օր հռչակելու մասին ասում է.«Եթե մի օր պիտի կնոջ օր կոչվի, որը կարող է ավելի պատվաբեր ու վեհ լինել քան Հազրաթ Զահրայի ծննդյան տոնը: Կին, ով մարգարեի գերդաստանի պարծանքն է և Արեգակի նման փայլում է սիրելի իսլամի երկնակամարում: Կին, ում առանձնահատկությունները հավասար են իսլամի մեծ մարգարեի և նրա գերդաստանի առանձնահատկություններին»: Նա Կնոջ օրը կապելով Հազրաթ Զահրայի ծննդյան տոնին փորձում է հասարակությանը ներկայացնել մի ձևաչափ, որտեղ կանանց անհատական ու հասարակական աճին զուգահեռ նաև դաստիարակվում են մեծ մարդիկ: Նա ասում է. «Հազրաթ  Զահրայի ծննդյան տոնը, որ Կնոջ օր է, կնոջ հաղթանակի օրն է: Կինը հասարակության մեջ մեծ դերակատարություն ունի: Կինը մարդկային իղձերի իրագործման խորհրդանիշն է: Կինը դաստիարակում է արժանավոր կանանց ու տղամարդկանց և  կնոջ  գրկից է, որ տղամարդը բարձր դիրքերի է հասնում: Կնոջ գիրկը մեծ կանանց ու մեծ տղամարդկանց դաստիարակության վայրն է: Սա մեծ օր է, երբ ծնվեց մի կին, ով մարդու տիպար է»:

 

Իմամ Խոմեյնին նախահեղափոխության շրջանի բռնապետական իշխանության օրոք կանանց վիճակի լուրջ  քննադատներից էր: Նա այդ շրջանում կանանց անընդունելի վիճակի մասին ասում է. «Կինը երկու փուլերում չափազանց բռնահարված է եղել: Մեկը խավարամտության շրջանն է, որ շնորհիվ իսլամի կինը և մարդը փրկվեցին խավարամտության շրջանի բռնահարումներից: Խավարամտությունն այն շրջանն է, երբ կնոջը կենդանու նման էին վերաբերվում ու նրան նույնիսկ դրանից էլ ավելի ստոր էին համարում: Իսլամը կնոջը փրկեց խավարամտության այս ճահճից: Երկրորդ անգամ կնոջ նկատմամբ անարդություն եղավ Իրանում և նախկին Շահի օրոք: Շահը այն անվան ներքո, որ  ցանկանում է կնոջը ազատել նրան բռնահարման ենթարկեց: Կնոջ անվամբ կնոջը զրկեցին իր արժանապատիվ դիրքից: Կնոջն իր բարոյական դիրքից իջեցնելով ապրանքի վերածեցին և ազատության անվան ներքո կնոջից ու տղամարդուց խլեցին ազատությունը և մեր կանանց ու երիտասարդներին անբարոյական դարձրին»: Նա կանանց հանդեպ Շահի բռնապետական իշխանության անարդարությունը շատ ավելի մեծ է համարում հասարակության մյուս խավերից և  այդ կապակցությամբ ասում է. «Ես կարող եմ ասել, որ այս հայր ու որդու շրջանում կանանց հանդեպ մյուս խավերի  համեմատությամբ ավելի մեծ անարդարություն տեղի ունեցավ: Չգիտեք թե կանանց հետ ինչ արեցին: Ինչ չարիքներ գործեցին այն անվան ներքո, թե ցանկանում ենք Եվրոպայի օրինակով Իրանն էլ առաջադեմ դարձնենք և ցանկանում ենք Իրանի բնակչության կեսին ներգրավել հասարակության մեջ»:

Իմամ Խոմեյնին քննադատելով կանանց իրավունքների հանդեպ թագավորական համակարգի արևմտամետ ու մակերեսային հայացքը, օրինակելի սրատեսությամբ հայտարարում է, որ ծածկոցի վերացման պարտադիր ծրագիրը ոտնահարում է կանանց ազատությունները և ասում է. «Ռեզա Խանի ժամանակ մենք Ղոմում ու Իրանի այլ քաղաքներում կանանց հանդեպ ինչ տեսարանների ականատես եղանք: Նա հետևելով ուրիշներին, ծածկոցի վերացման անվան ներքո անպատվեց կանանց ու հավատացյալներին: Նրա պաշտոնյաներն ինչպես վերաբերվեցին մեր կանանց հետ: Ինչքան չադրաներ պատռեցին...ինչքան չադրաներ ու գլխաշորեր հափշտակեցին...Աստված է իմանում, թե ծածկոցի վերացման ժամանակ ինչեր տեղի ունեցան մեր ժողովրդի հետ...Կանանց ազատությունն այն է, որ սվինների ու ոստիկանության օգնությամբ մեր հարգելի ժողովրդին պարտադրում էին...Միթե հնարավոր է, որ մեկը մուսուլման լինելով նաև կողմ լինի ծածկոցի վերացման ցինիկությանը: Իրանցի կանայք էլ ընդվզեցին դրա դեմ և հայտարարեցին, որ մենք չենք ցանկանում այսպես լինի: Մենք ուզում ենք ազատ լինել: Այս մարդուկն ասում է, որ ազատ եք բայց պիտի առանց չադրայի ու գլխաշորի դպրոց գնաք: Սա ազատությո՞ւն է»:

 

Նման իրավիճակի հակադարձելով էր, որ կանայք տղամարդկանց հետ ուս-ուսի  տված և նույնիսկ առավել մեծ մղումով ու արիությամբ նետվեցին Շահի ռեժիմի դեմ պայքարի ասպարեզ և ժողովրդին համախմբելու և պայքարի շարքերը հզորացնելու ուղղությամբ ազդեցիկ դերակատարություն ունեցան: Անկասկած եթե կանայք տղամարդկանց հետ համաքայլ Շահի ռեժիմի դեմ պայքարի ասպարեզ դուրս եկած չլինեին, իսլամական շարժումը չէր կարող հաղթանակել: Իմամ Խոմեյնին հաստատելով հեղափոխության հաղթանակի հարցում կանանց կարևոր ու ազդեցիկ դերակատարությունը իսլամական շարժման հաջողությունը պայմանավորում է քաջարի կանանց ջանքերով և ասում է. «Աստված ձեզ բոլորիդ պահապան լինի: Այս հաղթանակը տղամարդկանցից առավել մենք պարտական ենք կանանց: Հարգելի կանայք շարքերի սկզբում էին կանգնած: Մեր սիրելի կանայք պատճառ դարձան, որ տղամարդիկ էլ քաջություն ու համարձակություն ձեռք բերեն: Մենք պարտական ենք ձեր ջանքերին»: Նա մեկ այլ առիթով հեղափոխության հաղթանակի գործում կանանց դերակատարության մասին ասում է. «Անսահման ողջույն կանանց: Աստծո փառքն ու պատիվը ձեզ՝ քաջարիներիդ, որոնց վճռակամության շնորհիվ իսլամը փրկվեց օտարների գերությունից: Դուք՝ կանայք, տղամարդկանց հետ ուս-ուսի տված հեղափոխությունը երաշխավորեցինք իսլամի համար, ես շնորհակալություն եմ հայտնում Իրանի և Ղոմի բոլոր կանանց...Դուք ձեր փոքր երեխաներով փողոցներ դուրս եկաք ու պաշտպանեցիք իսլամը: Ես լսելով Ղոմի ու այլ քաղաքների լուրերը հպարտություն էի զգում իրանցի կանանց այս արիության պատճառով, որ այս հաղթանակում առաջատար դիրք էին զբաղեցնում: Նրանք համախմբեցին տղամարդկանց: Մեր տղամարդիկ պարտական են ձեր՝ առյուծասիրտ կանանց արիությանը»:

Իրանի կանանց դերակատարությունն ու քաջարիությունը միայն հեղափոխության հաղթանակով չի սահմանափակվում: Բռնապետական համակարգի տապալման գործին մասնակցելուց բացի նրանք նաև  ուշագրավ դերակատարություն են ունեցել հասարակական արդարության ոլորտում ու երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության հետ կապված հեղափոխության նպատակների իրագործման ճանապարհին, որոնց կանդրադառնանք հաջորդ հաղորդման ընթացքում: