Քեյհան Քալհորը՝ 2019թ. երաժշտության ոլորտի Տարվա մարդ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i113122-Քեյհան_Քալհորը_2019թ._երաժշտության_ոլորտի_Տարվա_մարդ
Իրանցի անվանի երաժիշտ, կոմպոզիտոր Քեյհան Քալհորը, Ֆինլանդիայի WOMEX համաշխարհային երաժշտական ​​փառատոնի կողմից, հոկտեմբերի 27-ին, ստացավ Տարվա արվեստագետ մրցանակը: Նա առաջին իրանցի երաժիշտն է, ով շահել է այս համաշխարհային մրցանակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2019 10:54 Asia/Tehran

Իրանցի անվանի երաժիշտ, կոմպոզիտոր Քեյհան Քալհորը, Ֆինլանդիայի WOMEX համաշխարհային երաժշտական ​​փառատոնի կողմից, հոկտեմբերի 27-ին, ստացավ Տարվա արվեստագետ մրցանակը: Նա առաջին իրանցի երաժիշտն է, ով շահել է այս համաշխարհային մրցանակը:

Քեյհան Քալհոր

 

Քամանչան այն գործիքներից է,որ նվագում են Իրանում և Արևելքի երկրներում: Այն ունի երկար պատմություն և շատ երկրպագուներ: Քեյհան Քալհորն  աշխարհի լավագույն երաժիշտներից մեկն է: Ծնվել է 1963թ. դեկտեմբերին, Քերմանշահում, երաժշտասերների ընտանիքում: Քամանչան նրա մասնագիտությունն է, սակայն դրան զուգահեռ, նա նվագում է նաև սեթառ և շահքաման*:

Քեյհան Քալհորը նվագել սկսել է  5 տարեկանից: Իսկ 12 տարեկանում նա արդեն պրոֆեսիոնալ էր: 13 տարեկանում, սկսեց աշխատել Քերմանշահի ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի հետ: Որոշ ժամանակ, Քալհորը համագործակցում էր Չավվուշի արվեստի կենտրոնում գործող Շեյդա խմբի հետ: Տասնյոթ տարեկան հասակում մեկնել է Իտալիա, այնուհետև Կանադա՝ Օտտավայի Կառլթոնի համալսարանում երաժշտագիտության աստիճան ստանալու համար: Մի շարք ելույթներում ու հարցազրույցներում, Քեյհան Քալհորը նշել է, որ իր համար օրինակ է եղել քամանչահար, պրոֆեսոր Ալի Ասղար Բահարին: Նա մեծ դերակատարություն է  ունեցել իրանական երաժշտությունն օտարերկրացիներին ներկայացնելու հարցում: Քալհորը համագործակցել է նաև հնդիկ արվեստագենտերի հետ, մի շարք հնդիկ արվեստագետների, այդ թվում «Շոջաաթ Հուսեյն խանի » (Ղազալ), «Կրոնոս քվարտետ» խմբի, ինչպես նաև հոլանդական Ռեմբրանդտ տրիոյի հետ: Այս բոլոր համագործակցությունները նպաստել են, որ նա դառնա համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ և ունենա օտարեկրյա մեծ լսարան:

Որոշ ժամանակ, անդամակցել է Դասթան նվագախմբին, և համերգներով ելույթ է ունեցել Շահրամ Նազերիի հետ: Նրա գործերից են «Ուղևորություն դեպի մյուս կողմ» ստեղածոգրծությունները:  Քեյհան Քալհորի լավագույն աշխատանքները զետեղված են վեց ալբոմներում՝ «Ձմեռ է», «Առանց քեզ չի ստացվում», «Ճիչ», «Լուռ գործիք», «Գիշեր, լռություն, անապատ» և «Մեհրի  երգը»:

Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ, Քեյհան Քալհորը, Քերմանշահում իրականացված հրթռիային հարձակման ժամանակ, կորցրեց իր ընտանիքի բոլոր անդամներին:

Քալհորը միակ իրանցի երաժիշտն է, ով չորս անգամ առաջադրվել է ամերիկյան Գրեմմի մրցանակին և մի անգամ «Մետաքսի ճանապարհ» նվագախմբի հետ միասին, ստացել  մրցանակը:

Քեյհան Քալհորը «Մետաքսի ճանապարհ» նվագախմբի հետ միասին

 

Քալհորն արժանացել է Գերմանիայի երաժշտական քննադատների մրցանակին, երկու անգամ առաջադրվել է ԱՄՆ-ում անցկացվող Ազգային հարստության մրցանակի համար: Միջազգային բազմաթիվ համագործակցւթյունների շնորհիվ, նա դարձել է համաշխարհային մակարդակով ճանաչված երաժիշտ: Քալհորը տարեկան անցկացնում է  ավելի քան 100 համերգ և համարվում է Իրանի երաժշտության ոլորտի դեսպանն աշխարհում: Նա  նաև անվճար համերգներ է ունենում Իրանի աղքատ շրջանների բնակիչների համար:

Իրանցի երաժիշտների հետ համագործակցելուց բացի, Քեյհան Քալհորը աշխատել է  տարբեր երաժիշտների հետ ամբողջ աշխարհում: Հարցին, թե ինչպես է  իրեն կապում իրանական երաժշտության հետ, նա պատասխանում է. «Նայում եմ հայելու մեջ ու տեսնում եմ ինչպիսին է դեմքս: Հիշում եմ, որ իրանցի եմ: Մենք երբեք չենք կարող ծնվել մի մշակույթի մեջ և մտածել այլ մշակույթի նման: Իրանական երաժշտությունն ինձ  համար անմոռանալի երաժշտություն է այն իմ հարստությունն է: Այն ամենն ինչ ունեմ, իրանական երաժշտության շնորհիվ  է և փորձում եմ  որևէ բան ինքս վերադարձնել իրանական երաժշտությանը: Իրանական երաժշտությունը պատմության կարևոր մասն է: Եվ նույնիսկ երբ ես նվագում եմ ուրիշների հետ, դա անում եմ որպես իրանցի»:

Քալհորի ամենագեղեցիկ աշխատանքներից է «Լուռ քաղաք» ալբոմը՝  դասական և մերձավորաևելյան ոճի մեջ, որը համաշխարհային հանրությանը ներկայացվեց 2008թ:

Ալբոմը բաղկացած է 4 մասից, ընդհանուր 53 րոպե տևողությամբ: Գլխավոր ստեղծագոործությունը «Լուռ քաղաքն» է: Այս կտորը նվիրված է Սադդամ Հուսեյնի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ Հալաբչե քաղաքում իրականացված քիմիական հարձակման զոհերին: Ստեղծագործության անունը ընտրվել է հենց այդ պատճառով: Քալհորն իր ստեղծագործությամբ ընդգծում է այս ողբերգության նկատմամբ ոչ բավարար ուշադրությունը:

 

«Լուռ քաղաք» ալբոմը արևելյան և արևմտյան երաժշտությունը կապելու ամենահաջող փորձերից մեկն է: Այս շարքում օգտագործված իմպրովիզացիայի հիմքում իրանական երաժշտության ակունքներն են: Որոշ քննադատներ «Լուռ քաղաք» կտորը անվանում են 30 րոպեանոց պատմություն աղետից որը ներկայացնում է խուճապային մթնոլորտը, ինչպես նաև մարդկային ողբերգությունը: «Լուռ քաղաք» ալբոմի ստեղծագործությունները տարբեր երկրներում, այդ թվում նաև Եվորայում ու ԱՄՆ-ում, կատարվել են կենդանի հնչողությամբ:

WOMEX  մրցանակը, որը հայտնի է որպես World Expo Music Prize, հիմնադրվել է 1999թ.: Մրացանակաբաշխությունը հենց սկզբից մեծ ճանաչում գտավ միջազգային մակարդակով: Այն ներկայացնում է երաժշտության կարևորությունը, սոցիալական նշանակությունը, առևտրային հաջողությունները, քաղաքական ազդեցությունը և գեղարվեստական ​​նվաճումները: Յուրաքանչյուր տարի հոկտեմբերին, WOMEX մրցանակաբաշխության ժամանակ, մրցանակ է շնորհվում այն ​​մարդուն, ով արժանի է աշխարհի լավագույն արվեստագետի կոչմանը: 2008թ սկսած, մրցանակը շնորհվել է արվեստագետներին՝ մասնագիտական բարձր կարողության համար:

Այս տարի մրցանակը շնորհվել է Քեյհան Քալհորին՝ որպես հմուտ քամանչահարի, ազդեցիկ երաժշտություն ստեղծողի և իրանական դասական ու ավանդական երաժշտությունը ամբողջ աշխարհի երաժշտասերներին ներկայացնողի: Մրցանակաբաշխության կայքը Քալհորին մրցանակը շնորհելու կապակցությամբ գրել է. «Քալհորի համար, քամանչան իր ձայնն է: Նվագելիս նա խոսում է մի կատարյալ լեզվով, շփվելով աշխարհի բոլոր մարդկանց հետ, կապ հաստատելով նրանց հետ անցյալից մինչև ապագա»: Իր մասնագիտական կյանքի ընթացքում, Քեյհան Քալհորը համագործակցել է Իրանի տարբեր շրջանների երաժիշտների հետ: Նա ուսմունասիրել է Իրանի Խորասան նահանգի և այլ շրջանների քրդերի երաժշտությունը: Քեհյան Քալհորը, երաժշտության լեզվով խոսում է այլ ազգերի երաժիշտների հետ և նրանց թույլ տալիս իր ձայնը տարածել աշխարհում:

 

Մրցանակը ստանալուց հետո, Քալհորը նշել է. «Շատ կարևոր է, որ մեր կյանքի ընթացքում նկատվենք ու աջակցություն ստանանք: Ես այս մրցանակը չեմ համարում իմ անձնական ձեռքբերումը: Կարծում եմ այս մրցանակի հետևում կանգնած են պատմությունը, քրտնաջան աշխատանքը: Ես ինձ համարում եմ համաշխարհային երաժշտության ներկայացուցիչը և հպարտ եմ դրա համար»:

Քամանչան երաժշտական ​​գործիք է և տարածված իրանական որոշ էթնիկ խմբերի շրջանում: Իրանի ազերիները, քրդերը, լոռերը, մազանդարանցիներն ու ղաշղայի ցեղի ներկայացուցիչները, նվագում են այս երաժշտական գործիքը: Գործիքն ունի որովայնային հատված, դաստակ և գլուխ, իսկ դրա ներքևի հատվածում կա հարմարանք, որով այն հենվում է կատարողի ծնկին կամ հատակին:

Քամանչայի մասին ամենահին պատմական վկայությունները հանդիպում են հիջրեթի. IV դարում Աբոնասր Ֆարաբիի «Ալ-Քաբիրի երաժշտությունը» գրքում: Այս գրքում Քամանչան հիշատակվում է իր արաբական անունով ՝ Ռոբաբ: Քամանչան եղել է իրանական երաժշտության հիմնական գործիքներից մեկը ՝ Սեֆևյանների և Ղաջարների դարաշրջանում: Քամանչայի առաջին ձայնագրությունը վերադառնում է 20-րդ դարի սկզբին:

Քամանչան պատրաստվում է թթի փայտից: Քամանչայի  իրանը  գնդաձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով։ Կլոր կոթից իրանի միջով անցնում է մետաղյա կաղապարաձող, որը նվագարանի համար ծառայում է նաև որպես «ոտք»: Ունի ուղիղ ձգված վզիկ: Այն միանում է գլխիկին՝ չորս լայնակի ականջներով: Առջևի կողմում կա մի խոռոչ: Նվագում են ծնկի վրա ուղղաձիգ բռնած դիրքում՝ փայտյա բարակ աղեղով՝ վրան ձիու պոչի ձգված մազերով։ Քամանչայի նախնական ձևն ունեցել է մեկ լար: Պարսկական քամանչայի կոթը ուղիղ է, իսկ դեկան՝ օձի կամ ձկան բարակ կաշվից կամ էլ՝ ցլի միզապարկից: Աղեղը պատրաստվում է ձիու պոչի մազերից: Դասական քամանչան ունի երեք լար՝ կվարտային լարվածքով: Հանդիպում է նաև երկու կամ չորս լարանի քամանչա՝ այլ լարվածքով: Կոթի վրա լադեր չկան: Պարսկական քամանչան նվագում են՝ նվագարանի ոտքը ծնկին հենած, սակայն որոշ երաժիշտներ նախընտրում են նվագել առանց ոտքի, գործիքի իրանը բռնելով ծնկներով: Քամանչայի երկարությունը հասնում է մինչև 80 սմ:

Քամանչա

 

Թավջութակի Իրան մուտք գործելուց հետո, քամանչային ավելացան թավջութակի լարը ձգող պտուտակները, որպեսզի երաժիշտները հնարավորություն ունենան գործիքն ավելի ճշգրիտ հնչեցնել: Քամանչան հնարավորություն է տալիս հնչեցնել տարբեր գեղեցիկ ձայներ:

Քամանչան նվագում են նստած դիրքում: Երաժիշտն այն դնում է ծնկներին կամ հենում հատակին: Նվագելու ընթացքում, քամանչան թեթևակի  պտտվում է իր առանցքի շուրջը, հեշտացնելով աղեղի շփումը լարերի հետ: Երաժիշտը ձախ ձեռքով, ուղղաձիգ դիրքով պահում է գործիքը, նույն ձեռքի մատերով շարժելով լարերը, իսկ աջ ձեռքում պահում է  աղեղը, որը սահեցնում է լարերի վրայով:

Բացի Քեյհան Քալհորից, իրանցի այլ հայտնի քամանչահարներ են Հոսեյն Խան Էսմայիլզադեն, Ալի Ասղար Բահարին, Ֆարաջ Ալիփուրը, Ալի Աքբար Շեքարչին և Արդեշիր Քամքարը:

 Ասում են, որ քամանչան  ունի մեղմ հնչողություն: Քամանչայի ձայնը հիշեցնում է հին պատկերներ, տանում է հիշողությունների գիրկը:

Քեյհան Քալհորի մրցանակի նկատմամբ համաշխարհային արձագանքը շատ մեծ էր: Աշխարհի մեծ թվով արվեստագետներ ու լրատվամիջոցներ, շնորհավորեցին իրանցի արվեստագետին՝ մրցանակին արժանանալու կապակցությամբ: Իրանցի հանրահայտ կոմպոզիտոր Հոսեյն Ալիզադեն, Քեյհան Քալհորի ու նրա համաշխարհային հաջողության կապակցությամբ գրել է.

Սիրելի Քեյհան

Երկինքների ճամփորդ…

Երկրների ճամփորդ…

և

Տիեզերքի սիրահարների ճամփորդ…

Այն բոլոր լուրերն ու ավետիսները որ հնչում են իրար հետևից, համեստ վարձատրություն են Ձեր քրտնաջան աշխատանքի, տառապանքի ու համբերության համար:

Սեղմում եմ Ձեր ձեռքը և իմ  ամբողջ հոգով ու ամբողջ հոգով բարձրաձայն ասում եմ.

Ողջույն Քեզ, սիրո դեսպան…
Ողջույն Քեզ, ընկեր…
Ողջույն Քեզ հայրենակից...

 

* Շահքամանը Քեյհան Քալհորի և Պիտեր Բիֆենի ստեղծած գործիքն է: Այն իրենից ներկայացնում է 8 լարանի քամանչա: