Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք (24)
Կենտրոնական Ասիան Ասիայի մայրցամաքում գտնվող ընդարձակ երկրամաս է, որը ոչ մի սահման չունի աշխարհի ազատ ջրերի հետ: Չնայած այս աշխարհագրական տարածքի համար ճշգրիտ սահմաններ որոշված չեն, այդուհանդերձ այն համարվում է Ուզբեկստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը և Ղրղզստանը ընդգրկող տարածքը: Այս շաբաթ «Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կխոսենք Կենտրոնական Ասիայի հետ Իրանի տնտեսական հարաբերությունների մասին:
Բիզնեսի քաղաքականության մեջ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար թիրախային շուկաների որոշման ցուցանիշներից մեկը հարևանության ցուցանիշն է: Այս ցուցանիշը, որն իր հերթին ազդում է առևտրի շատ ցուցանիշների վրա, պատճառ է դարձել, որ Կենտրոնական Ասիայի երկրները լինեն Իրանի տնտեսության թիրախային շուկաների շարքում: Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը պատմական տարբեր ժամանակաշրջաններում եղել է Իրանի քաղաքակրթության մաս: Այդ պատճառով Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև կան բազմաթիվ ընդհանրություններ: Իրանը խորը մշակութային և կրոնական ընդհանրություններ ունի Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Մահմեդականների զգալի մասը ապրում է Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի հանրապետություններում: Մետաքսի ճանապարհի առկայությամբ հանդերձ անցյալում այդ երկրների միջև հաստատվել են նաև պատմամշակութային կապեր: Այս հանգամանքն ավելի դյուրինացրեց տարածաշրջանի գործարարների միջև շփումներն ու վստահությունը:
Այս երկրների տնտեսական ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տալիս նրանց բարենպաստ դիրքը բնակչության, ՀՆԱ-ի, մեկ շնչի հաշվով եկամտի և սոցիալական ցուցանիշների առումով, որոնք կարող են խոստումնալից լինել տարածաշրջանի երկրների միջև լավ տնտեսական փոխգործակցության համար: Նախկին Խորհրդային Միության ժամանակաշրջանից մնացած արդյունաբերությունների վիճակի, իրենց առաջնային ռեսուրսների տեսակի և չափի առումով Կենտրոնական Ասիայի երկրները ունեն տարբեր տնտեսական պայմաններ: Թուրքմենստանն ու Ղազախստանը ավելի լավ դիրք ունեն՝ նավթի և գազի զգալի ռեսուրսներով: Իր գազի, ոսկու և ուրանի ռեսուրսներով Ուզբեկստանը բավականին գրավիչ երկիր է: Ղրղզստանի և Տաջիկստանի տնտեսությունները հիմնականում հիմնված են գյուղատնտեսական եկամուտների վրա:
Կենտրոնական Ասիայի երկրներում հիմնական խնդիրներից մեկը պահանջվող արտադրանքը արտահանելու կամ ներմուծելու համար բաց ջրերի հասանելիության բացակայությունն է: Այս երկրները կոչվում են «Land Lock» կամ «ցամաքում շրջափակված»: Կենտրոնական Ասիայի տարբեր երկրների համար Իրանը գերակայություն ունի միջազգայն առևտրի ընտրության հարցում: Օգտվելով իր ուրույն աշխարհաքաղաքական առանձնահատկություններից՝ Իրանը կարող է Կենտրոնական Ասիայի երկրների համար ապահովել ամենակարճ ճանապարհը դեպի ազատ ջրեր՝ Չաբահարի նավահանգստի և Հյուսիս-հարավ միջազգային միջանցքի միջոցով: Չաբահարի նավահանգիստը Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի լավագույն և ամենաքիչ ծախսատար տարանցիկ ուղին է: Հյուսիս-հարավ միջանցքի միջոցով Կենտրոնական Ասիայի շատ երկրների համար հասանելի են դառնում իրենց թիրախային շուկաները՝ Չաբահարի, Օման ծովի և Հնդկական օվկիանոսի միջոցով: Իրանի երթուղիները լիովին անվտանգ են և կարող են օգտագործվել ամբողջ տարվա ընթացքում: Երթուղիների երկարությունը դեպի աշխարհի արևելյան շրջանների մեծ մասը ավելի կարճ է, քան ցանկացած այլ երթուղի: Իրանում կան արդյունավետ և հուսալի ավտոճանապարհային և երկաթուղային հնարավորություններ, և որ ամենակարևորն է՝ Իրանի տարածքով ապրանքների փոխադրումը շատ ավելի էժան է, քան մյուս երթուղիներով:
Իրանցի առևտրականներն ու ընկերությունները կարող են Կենտրոնական Ասիայի երկրների հետ տնտեսական փոխագործակցության մեջ մտնել տարբեր բնագավառներում, ինչպիսիք են դեղագործության և բժշկական սարքավորումների ոլորտները, տեխնոլոգիական ոլորտները, գիտելիքահենք արտադրանքների, շինանյութերի, քիմիական արտադրանքների, նավթաքիմիկայի ու պլաստմասի, ավտոմեքենայի, գյուղատնտեսական արտադրանքների և հատկապես սննդամթերքի ոլորտները: Իրանական ինժեներատեխնիկական ծառայություններ մատուցող ընկերություններն ունեն մեծ հնարավորություններ ու կարողություններ՝ բնակելի, առևտրային և վարչական համալիրների, ամբարտակների ու էլեկտրակայանների, ավտոճանապարհների, կամուրջների կառուցման, լոգիստիկ և օժանդակ համալիրների, նավթի վերամշակման համալիրների կառուցման ոլորտում: Այս առումով կարող ենք նշել Տաջիկստանում Իրանի շինարարական նախագծերը:
Տաջիկստանի Հանրապետությունը Կենտրոնական Ասիայի այն երկրներից է, որտեղ ջրային ռեսուրսների գրեթե կեսը բխում է այդ երկրի լեռներից: Փաստորեն, այս երկրի տնտեսական առավելություններից մեկը ջրային ռեսուրսների առատությունն է, այլ խոսքով Տաջիկստանը աշխարհի ջրառատ երկրներից մեկն է: Տաջիկստանում այս տնտեսական ներուժի օգտագործումը մշտապես՝ անկախացումից առաջ և հետո, եղել է ուշադրության կենտրոնում: Ամբարտակների կառուցումը և ջրային ռեսուրսների կառավարումը, ջրային պաշարների կարիք ունեցող արդյունաբերությունների ստեղծումը, հիդրոէլեկտրակայանների միջոցով ջրից էներգիայի արտադրությունը քայլեր են, որոնք կատարվել են երկրի ջրային ռեսուրսների օպտիմալ օգտագործման ուղղությամբ։
Տաջիկստանում Իրանի մասնավոր հատվածը ակտիվ ներկայություն ունի, ինչպես էներգետիկ, այնպես էլ ջրային ռեսուրսների ոլորտում: Այս երկրում Իրանի ներդրումներն ու տեխնիկաինժեներական ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև ամբարտակների կառուցման, ճանապարհաշինության և արդյունաբերական զարգացման ծրագրերին մասնակցությունը Իրանի ակտիվություններից են Տաջիկստանի Հանրապետությունում: Այս ոլորտում տաջիկ պաշտոնյաների և նույնիսկ միջազգային ընկերությունների հիացմունքին արժանացած ծրագրերից է «Սանգ-Թուդեհ 2» ամբարտակի և էլեկտրակայանի նախագիծը, որը կառուցվել է 320 միլիոն դոլար բյուջեով: Մեկ այլ նախագիծ է Տաջիկստանի մայրաքաղաքի ջրի զտման կայանը: Ռագուն ամբարտակի և էլեկտրակայանի խոշոր նախագծում ևս ներգրավված են մի շարք իրանական ընկերություններ և տեխնիկներ, որոնք մատուցում են տեխնիկական ծառայություններ:
Տաջիկստանում իրանցի ինժեներների կողմից մատուցած ծառայություններից է նաև 5 կմ երկարությամբ Էնզաբ (Անկախություն) թունելի կառուցումը: Թունելի ռազմավարական նշանակությունը, որը կառուցվել է Դուշանբեից դեպի Խոջանդ երթուղու վրա, կայանում է նրանում, որ ցուրտ եղանակին Տաջիկստանի հյուսիսն ու կենտրոնը միացնում է իրար՝ նկատի առնելով լեռնային շրջաններում տեղացող առատ ձյունը: Տաջիկստանում իրանցի ինժեներների կողմից իրականացված ծրագրերից են եղել նաև «Չահար-Մաղզաք» թունելը և բնակելի համալիրների կառուցումը։ Կենտրոնական Ասիայի երկրների, այդ թվում Տաջիկստանի համար իրանական ընկերությունների տեխնիկաինժեներական ծառայությունների ամենակարևոր առանձնահատկությունը, մրցակիցների համեմատ, նրանց բարձր որակն ու գնային առավելությունն է:
Տաջիկստանը արտադրում է որոշ արդյունաբերական արտադրանքներ և լայնորեն կիրառվող նյութեր, ինչպիսիք են որոշ մետաղները`պղինձը, ցինկը և կապարը: Այս երկիրը ալյումինի արտադրության ոլորտում առաջատար արտադրողներից մեկն է: Չնայած այս բոլոր ապրանքատեսակները նույնպես գոյություն ունեն և արտադրվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում, այդուհանդերձ Թեհրանում տաջկական որակյալ ապրանքների համար շուկա գտնելը կարող է նպաստել ընդհանուր շուկայի ստեղծմանը, որն կարող է ազդել այդ ապրանքների համաշխարհային գների վրա: Տաջիկստանը առաջատար երկրներից է նաև տեքստիլի արդյունաբերության, հատկապես բամբակի արտադրության ոլորտում: Իրանի տեքստիլ արդյունաբերության վերականգնումը Տաջիկստանից անհրաժեշտ նյութերի ներմուծման միջոցով ևս առանցքային կետերից է, որը կարող է դիտարկվել երկու երկրների կողմից:
Իրանական ապրանքները Տաջիկստան արտահանելու հարցում իրանցի առևտրականները կենտրոնացած են հիմնականում դեղորայքի, սննդամթերքի, ներառյալ քաղցրավենիքի, մի շարք մրգերի, չրեղենի, թեյի, երկաթե և պողպատե արտադրանքների, շինանյութերի, ներառյալ ցեմենտի, սալիկների ու կերամիկաների, աղյուսների, ինչպես նաև քիմիական արտադրանքների վրա: Վերջին տարիներին արտահանումը դյուրացնելու համար փոխհարաբերություններում կարևորագույն քայլերից է եղել երկու երկրների միջև տնտեսական համաձայնագրերի ստորագրումը, մասնավոր հատվածի կողմից արդյունաբերական ծրագրերի իրականացումը այդ թվում ներարկիչի և շիճուկի գործարանի, PVC խողովակների գործարանի, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը, ինչպես նաև ուղիղ չվերթների գործարկումը։
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում իրանական ապրանքների թիրախային շուկաներից մեկն է նաև Ղրղզստանը՝ մոտ 200,000 քառակուսի կիլոմետր տարածքով և 6 միլիոն բնակչությամբ: Վերջին տարիներին Իրանը կարողացել է երկրի մայրաքաղաք Բիշքեկում ստեղծել իր արտադրանքների մասնավոր շուկան և Ղրղզստանում տեխնիկաինժեներական ծառայություններ մատուցելու կողքին, իրանական ընկերությունների համար ապահովել է բարենպաստ ներդրումների հնարավորություն քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության, ծովային արդյունաբերության, պլաստմասսայի, շինանյութերի արտադրության և այլ ոլորտներում:
Ղրղզստանի հյուսիսում է գտնվում Ղազախստանը: Ղազախստանի տարածքի ավելի քան 70 տոկոսը նպաստավոր է գյուղատնտեսական գործունեության համար, և ցորենից բացի, այդ երկրում արտադրվում և արտահանվում են գյուղամթերք, ինչպիսիք են ՝ յուղային սերմերը, շաքարի ճակնդեղը, բամբակը, բրինձը և կարմիր միսը: Ղազախստանն Իրանին անհրաժեշտ յուղային սերմերի մատակարարներից է: Վերջին տարիներին իրանական արտադրանքները կարողացել են մուտք գործել Կենտրոնական Ասիայի այդ երկիր: Դեպի Ղազախստան Իրանի արտահանումներից են Կակաոն, քաղցրավենիքը, պտուղները և ցիտրուսային մրգերը, տեքստիլի արտադրանքները՝ հագուստը և կոշիկը, փայտե առարկաները, մսամթերքը և ձկնամթերքը, կահույքը, կոսմետիկայի և հիգիենայի պարագաները, էլեկտրական և կենցաղային տեխնիկան, կերամիկական արտադրանքները, կաշին և սննդամթերքի արտադրանքները:
Կարող է Ձեզ հետաքրքիր լինել այն, որ Իրանը, ունենալով աշխարհի ամենամեծ գազի պաշարները, Թուրքմենստանից գազ է ներմուծում: Նախկին Խորհրդային Միության տարածքում Թուրքմենստանը բնական գազի և նավթի չորրորդ խոշոր արտադրողն է: Իրանի և Թուրքմենստանի միջև առևտրի մեծ մասը կատարվում է գազի գնման և տարանցման միջոցով: Իրանի հյուսիսային հատվածների գազի կարիքների մեծ մասը ապահովվում է Թուրքմենստանի միջոցով: Գնային առավելության առումով Իրանի համար ավելի ձեռնտու է, որ երկրի հյուսիսային շրջաններին գազ մատակարարելու նպատակով Թուրքմենստանից գազ ներմուծել: Այսպիսով այն հնարավորություն է ստանում այլ երկրներ արտահանել Իրանի մյուս շրջանների գազը:
Իրանը և Թուրքմենստանը ունեն ընդհանուր սահման: Թուրքմենստանի երկաթուղին միացված է Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Սարախս քաղաքին, որի միջոցով Թուրքմենստանը ելք ունի դեպի Բանդար-Աբբաս և ազատ ջրեր: Իրանի և Թուրքմենստանի միջև տնտեսական հարաբերություններում Իրանի ջանքերը ուղղված են ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանն ու տեխնոլոգիայի, կապիտալի և փորձի փոխանցմանը՝ ապահովելով ամուր տնտեսական ենթակառուցվածքներ Թուրքմենստանի համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը Թուրքմենստանի կարևոր տնտեսական և առևտրային գործընկերներից է: Թուրքմենստանից Իրան հիմնական արտահանումներն են Բամբակը, գազը, բենզինը, արդյունաբերական յուղերը, քուսպը և մետաքսը, իսկ Իրանից Թուրքմենստան արտահանվում են շինարարության, գյուղատնտեսական և սննդամթերքի, դեղորայքի ու կենցաղային տեխնիկայի արտադրանքներ: