Պարսից լեզվի ու գրականության ազդեցությունը՝ Համաշխարհային գրականության վրա
Սեպտեմբերի 17-ը պարսից գրականության ու պոեզիայի օրն է: Պոեզիան ու գրականությունն իրանցիների ինքնության հավաստագիրն է և հին ժամանակներից սկսած Իրանը ճանաչվել է, որպես ծաղկի, բուրմունքի, գեղեցկության ու հաճելի հեքիաթների երկիր: Այդ թեմային է նվիրված մեր զրույցը:
Ֆրանսիացի բանաստեղծ Աբել Բոնարն ասում է. «Կարող է պատահել նա ով այցելել է ասիական բոլոր երկրներն ու շրջագայելով տարբեր վայրերում շփվել է նրանց ժողովուրդների հետ հիացած լինի հնդկական փիլիսոփայությամբ, նրան հիացմունք պատճառած լինի Չինաստանի մեծությունը և կամ Ճապոնիայի տաղանդը, սակայն նա անկասկած կախարդվելու է իրանական արվեստով: Այս ժողովուրդը, որ բոլոր արվեստների բնագավառում կատարելագործման մակարդակի փայլել է առավելապես հակված է եղել դրանցից մեկին և դա գրականությունն ու պոեզիան է»:
Արևելքում պարսից պոեզիայի ու գրականության ծանոթացման անցյալը վերադառնում է ղազնավիների շրջանին, իսկ արևմուտքում՝ Խաչակրաց արշավանքներին: Արևելագետների համոզմամբ իրանական առասպելները, պոեզիան ու պատմություններն Իսպանիայի միջոցով իսլամ աշխարհից մուտք գործեցին միջնադարյան Եվրոպայի գրական ավանդույթներ և դարձան դրանց բաղադրիչ տարրը: Նրանց մոտ հատուկ հետաքրքրություն առաջացավ արևելքի և մուսուլմանների առեղծվածային ու գեղեցիկ երկրների հանդեպ, ինչն էլ իր արձագանքն է գտել Եվրոպայի միջնադարյան շատ պատմվածքներում:
Ֆրանսիացի արևելագետ Գրուսեն Իրանի մասին գրում է. «Եթե որպես մի արտասահմանցի արտահայտվելու իրավունք ունենամ, պիտի ասեմ, որ մարդկությունը շատ բան է պարտական Իրանին: Քանի որ պատմության վկայությամբ Իրանն իր հզոր մշակույթով ու իսլամական նրբություններով դարերի ընթացքում ժողովուրդների միջև համախոհության, համաձայնության ու համադրման միջոց է դարձել, այնպես որ նրանք ընդհանուր իդեալի, մտածողության ու փիլիսոփայության տեր են դարձել: Իրանի մտածողության ու պոեզիայի շնորհիվ տարբեր ցեղեր ընդհանուր հավատքի ու համոզումների տեր են դարձել: Իրանի բանաստեղծները սնել են մի ամբողջ աշխարհ: Իրանցի բանաստեղծների արտահայտած զգացմունքը ֆրանսիացուն ազդում է հնդիկի, իսկ թուրքին վրացու նման: Պիտի ասել, որ թեև իրանցի միստիկները մուսուլման են, սակայն մի քրիստոնյայի սիրտը տրոփեցնում են մի բրահմանի սրտի չափ ու այդ պատճառով էլ պատկանում են ողջ մարդկությանը»:
Չեխոսլովակցի գիտնական Երժի Բեչկան համոզված է. «Պարսից գրականությունն առաջին տեղն է գրավում համաշխարհային քնարական գրականության մեջ և պարսից պոեզիայի երկու հազարամյա ամբողջ պատմության ընթացքում գերազանց դիրք է վայելել Հաֆեզը: Հաֆեզն այս ժանրում բոլոր ժամանակների համաշխարհային գրականության ամենամեծ դեմքն է համարվում»:
Գերմանացի բանաստեղծ Գյոթեն հիացած է եղել Հաֆեզի պոեզիայով և նրա գաղափարներով տարված երազել է նրա եղբայրը լինելու մասին և իր «Արևելյան երկեր» հավերժական ստեղծագործության մեջ ասում է. «Ով Հաֆեզ, քո խոսքը հավերժության չափ մեծ է, քանի որ սկիզբ ու վախճան չունի: Քո խոսքը երկնքի գմբեթի նման միայն քեզ է կապված ու գազելի մեջտեղը չի տարբերվում նրա սկզբից ու ավարտից, քանի որ դրանք բոլորն էլ կատարյալ գեղեցկություն են»:
«Դու բանաստեղծության ու հրճվանքի անհատակ այն աղբյուրն ես, որից ամեն պահ մի ալիք է ծփում: Քո շուրթերը շարունակ պատրաստ են համբույրի համար, ոգևորությունդ՝ բանաստեղծելու, իսկ սիրտդ՝ սիրելու համար»:
«Ու թե աշխարհը հասնի ավարտին, ես փափագում եմ ով երկնային Հաֆեզ, լինել քեզ հետ ու քո կողքին և եղբոր նման կիսել քո վիշտն ու ուրախությունը: Քեզ պես սիրել, քանի որ դա իմ կյանքի պատիվն ու կենսատու աղբյուրն է»:
«Ով Հաֆեզ, ուզում եմ ընդօրինակել քո գազելները: Քո նման հանգավորել ու իմ գազելները զարդարել քո ասած նրբություններով: Նախ իմաստի մասին խորհեմ ու հետո նրա բառերից հագուստ կարեմ: Նույն հանգի մեջ երկու անգամ նույն խոսքը չկրկնեմ միթե այն որ ամեն անգամ տարբեր իմաստ ներկայացնի: Ուզում են հարգել այս կանոնները, որ քո պես ստեղծագործեմ, ով աշխարհի բոլոր բանաստեղծներից ամենաբանաստեղծը»:
Հաֆեզի բանաստեղծությունների գերմաներեն թարգմանությունը շատերին է արևելքի այս հրաշքի սիրահարը դարձրել: Նիցչեն Հաֆեզի պոեզիան շքեղ ապարանք է անվանել: Հաֆեզի պոեզիան այնպես է հմայել նրան, որ այն կոչել է արտակարգ երևույթ, որի արարումն անհնարին է թվում: Այնքան անհնար, որ ասես մուկը լեռ է ծնել: Հաֆեզի մտքի թռիչքը նրան հիացմունք է պատճառել, այնպես որ նա ասում է.
Քո կառուցած գինետունը
Բոլոր ապարանքներից ավելի շքեղ է:
Քո տակառների գինին
գերազանցում է աշխարհի պապակը:
Փյունիկ կոչված թռչունը
Քո տան հյուրն է եղել:
Դու այն մուկն ես
Որ լեռ ծնեց:
Դու ամեն ոք ու ոչ ոք ես,
Գավաթ ու գինետուն
Փյունիկ, մուկ ու լեռ:
Հավերժորեն ամփոփվում ես քո մեջ
Ու հավերժորեն թևածում ես հեռուները:
Դու համեստության գագաթնակետն
Ու թռիչքի հեռու հորիզոնն ես:
Դու արբեցողների մեջ ամենաարբեցածն ես
Գինին քեզ ի՞նչ պետք է գալու:
Ֆրանսիացի մտավորական Ֆոշե Դո Քուրը, որ ապրել է Հաֆեզի պոեզիայով, հավատացած է. «Հաֆեզի պոեզիան կյանքի բոլոր պահերի համար է: Հաֆեզի քնարական խոսքը ձևավորվել է իսլամական շրջանակներում, որտեղ չափազանց հզոր է միաստվածապաշտությունը: Սերն ուղղված է մի էության հանդեպ և սերը լիարժեք, եզակի, նախանձելի և օտարներին խորթ սեր է: Հաֆեզի մոտ սիրո թեման սերում է միստիկական միջավայրից»:
Արևելքից արևմուտք աշխարհի մեծ մտավորականներին հիացմունք են պատճառել պարսից գրականության մեծությունների բանաստեղծություններում արտացոլված մտքերն ու գաղափարները: Խայյամի փիլիսոփայական հարցադրումները, Մոլավիի միստիկական սերը, Ֆերդոսիի խոհեմությունն ու Սաադիի պոեզիայում նկատվող իմաստասիրությունը հիացմունք են պատճառել շատերին: Մի ժամանակ բրիտանացի Ֆիթզջերալդի միջոցով կատարված Խայյամի քառյակների թարգմանությունը Աստվածաշնչից ու Շեքսպիրի թատերգություններից հետո ամենաշատ վաճառված գիրքն է համարվել աշխարհում: Դա բանաստեղծությունից վերածվեց կարգախոսի, դարձավ ըմբոստացման խորհրդանիշը և 20-րդ դարում Բրիտանիայում ու ԱՄՆ-ում որևէ տան և կամ ուսանողական գրադարանում անպայման կարելի էր գտնել Խայյամի քառյակների օրինակը: Խայյամը մուտք էր գործել եվրոպացիների տները և դարձել էր նրանց բուժիչ գիրքը և համաշխարհային երկու պատերազմների ժամանակ բրիտանացի զինվորներ այդ գիրքն իրենց հետ տանում էին պատերազմի դաշտ:
Մոլավիի բանաստեղծությունների թարգմանությունն էլ հեղափոխություն առաջացրեց համաշխարհային գրականության մեջ: «Շամսի դիվան»-ը երկար ժամանակ ամենաշատ տպաքանակն ունեցող գրքերից էր համարվում: Աշխարհն ընկալեց Մոլավիի ուղերձն ու հմայվեց նրա քնարական մրմունջներով:
«Շահնամե»-ն անկասկած մարդկային տաղանդի ամենաշքեղ դրսևորումներից է և հավասարվում է Հոմերոսի ու Դանթեի ստեղծագործություններին, իսկ իր հզորութամբ, նրբությամբ, մաքրությամբ, պարզությամբ, ոճով ու լեզվով չի զիջում հունական հայտնի ստեղծագործություններին: Հատկապես ռուս արևելագետներ «Շահնամե»-ն համարել են համաշխարհային գրականության անգտանելի գոհարը: Ռուս արևելագետ և «Շահնամե»-ի ռուսերեն թարգմանության խմբագիր Բերթլեսը համոզված է. «Մինչև այնքան ժամանակ, երբ աշխարհում կշարունակի գոյություն ունենալ «Իրան» հասկացությունը, հավերժ հիշվելու է մեծ բանաստեղծ Ֆերդոսիի փառավոր անունը, ով իր սրտում թաղված այրող սերն ամբողջությամբ նվիրել է իր հայրենիքին»:
«Շահնամե»-ն պատմական փաստաթուղթ է, որն իր մեջ պահպանել է անցյալի ավանդույթները ու չնայած մտքի թռիչքին ու նաև օգտագործված ալեգորիաներին, բացահայտում է ճշմարտություններ, որոնք կարևոր են համարվում թե՛ պատմության և թե՛ մարդկային նախնական հասարակությունների ուսումնասիրման համար:
Ֆրանսիացի արևելագետ Հենրի Մասեի համոզմամբ՝ «Իրանական բոլոր դյուցազնավեպերի մեջ «Շահնամե»-ն առանձնանում է: Քանի որ անդրադառնում է իր անկախությունն ու ազգությունը պաշտպանող ժողովրդի պատմական քաշքշուքին: «Շանամե»-ն մի ժողովրդի փառքի ու տառապանքի բանաստեղծությունն է ու կարելի է այն դասել գրական լավագույն ստեղծագործությունների շարքը: Բայց «Շահնամե»-ն մեկ այլ առանձնահատկություն ունի: Դա այն է, որ իրար է կապում իրարից տարբեր երկու ժամանակաշրջաններ: Մեկ կողմից պատմական Իրանը, որտեղ ծնունդ է առել աշխարհի ամենահայտնի կրոններից մեկը և միևնույն ժամանակ 11-րդ դարի Իրանը, որը նորագույն շրջանի Իրանի արևածագն է համարվում: Իսլամի ու զրադաշտականության երկու աշխարհները ներկայացնող ազգային այդ դյուցազնավեպը պատկերում է ասիական զարգացման ամենաազդեցիկ դրսևորումներից մեկը»:
Սաադիի «Գոլեսթան» և «Բուսթան»-ն էլ բոլորին հիացմունք են պատճառել: Սաադին բարեկամության վրա հիմնված արժեքավոր իմաստասիրության ուսուցիչ է: Արևմուտքին ամենաշատը հիացմունք է պատճառել Սաադիի բարոյական ուսուցումները, որոնց նպատակն է մարդասիրությունը և մարդկային արժանապատվության մեծարումը:
19-րդ դարի ամերիկացի գրող ու մտավորական Էմերսոնը համոզված է, որ Սաադին խոսում է աշխարհի բոլոր ժողովուրդների լեզվով և նրա խոսքը Հոմերոսի, Սերվանտեսի, Շեքսպիրի ու Մոնթինիի նման միշտ թարմություն ունի: Նա «Գոլեսթան»-ը «ավետարան»-ի և աշխարհի սուրբ գրքերի նման մի գիրք է համարում, որը պարունակում է հանրային ու միջազգային բարոյական հորդորներ: