Հատուկ թողարկում` Թասուայի օրվա կապակցությամբ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i37948-Հատուկ_թողարկում_Թասուայի_օրվա_կապակցությամբ
Հազրաթ Աբբասը, ով հայտնի է Ղամար Բանի Հաշեմ անունով, (ծնվել է 648 թվականի մայիսի 15-ին, մահացել 680 թվականի հոկտեմբերի 6-ին) շիաների առաջին առաջնորդ՝ Իմամ Ալի Աբութալեբի և Օմոլբանինի որդին էր և շիաների երրորդ Իմամ` Հոսեյնի կրտսեր եղբայրը: Նա հայտնի ու սիրված է մուսուլմանական աշխարհի ,և հատկապես շիաների կողմից իր բազում սխրանքների, ինչպես նաև Իմամ Հոսեյնի նկատմամբ Քարբալայում ցուցաբերած հավատարմության համար:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 10, 2016 12:22 Asia/Tehran
  • Հատուկ թողարկում` Թասուայի օրվա կապակցությամբ

Հազրաթ Աբբասը, ով հայտնի է Ղամար Բանի Հաշեմ անունով, (ծնվել է 648 թվականի մայիսի 15-ին, մահացել 680 թվականի հոկտեմբերի 6-ին) շիաների առաջին առաջնորդ՝ Իմամ Ալի Աբութալեբի և Օմոլբանինի որդին էր և շիաների երրորդ Իմամ` Հոսեյնի կրտսեր եղբայրը: Նա հայտնի ու սիրված է մուսուլմանական աշխարհի ,և հատկապես շիաների կողմից իր բազում սխրանքների, ինչպես նաև Իմամ Հոսեյնի նկատմամբ Քարբալայում ցուցաբերած հավատարմության համար:

 

Թասուայի օրը մեծապես կապված է Աբբաս Իբն Ալիի անվան հետ: Մարգարեի  ընտանիքից ժառանգելով կրոնական արժանապատվության վեհ զգացումը, նա մինչև վերջ մնաց իր եղբոր՝ Հոսեյնի կողքին: Երբ մարտի դաշտում` Եփրատ գետի ափին թշնամին անողոքաբար կտրեց Աբբասի աջ ձեռքը, նա գոռաց.«Աստծու անունով եմ երդվում, թեև կտրեցիք իմ աջ ձեռքը, բայց ես երբեք չեմ դադարի պայքարել կրոնիս համար և երբեք չեմ դադարի աջակցել մեծ մարգարեի ճշմարիտ հավատակիցներին»:

Թասուայի օրը Իմամ Հոսեյնը իր սակավաթիվ, սակայն հավատարիմ ու անշահախնդիր զինակից ընկերներին բաժանեց երեք խմբի: Աբբասին, որի ազդեցիկ հայացքն անգամ բավարար էր թշնամուն սարսափահար անելու համար, հանձնվեց զորքի կենտրոնի հրամանատարությունը: Հեծնելով իր նժույգը, Աբբասն այնպիսի շուքով է անցնում վրանների դիմացից, որ թշնամու վախկոտ սիրտը պատվում է ահ ուսարսուռով: Իսկ թշնամու զորքը, որ բանակել էր Հոսեյնի դիմաց, ղեկավարում էր Օմար Սաադը: Իշխանության հասնելու ձգտումն այնքան էր կուրացրել Օմարի միտքը, որն օր ու գիշեր միայն այդ մասին էր փափագում: Շամարն էլ, որ կարծես չէր ցանկանում Օմար Սաադից հետ մնալ, Քուֆայի հրամանատար Իբն Զիադին անընդհատ քծնելով, կարողացել էր զորքի հրամանատար դառնալ: Շամարը, որ ոչ ոքի չէր զիջում իր փառասիրությամբ, անմիջապես մեկնում է Քարբալա և Օմար Սաադին հանձնում Իբն Զիադի նամակը: Նա դիմում է Սաադին հետևյալ խոսքերով.  «Եթե չես կարող սպանել Հոսեյնին, ինձ զիջիր հրամանատարությունը»:

Ռազմի դաշտը ասես բաժանված էր երկու մասի, մի կողմում Աստծո խրատանքին ենթարկվածների ճամբարն էր, մյուս կողմում`սատանայի հետևորդների: Իմամը լավ գիտեր, որ թշնամու շարքերում տիրող ինքնահավանությունն ու նյութապաշտությունը նրանց դժոխքի բաժին է դարձնելու:

Ըստ ավանդության, Օմար Սաադը Օբայդոլլահ Իբն Զիադի նամակն  ստանալուն պես, հասկանում է, որ եթե չհաջողի Իմամ Հոսեյնի դեմ պայքարը, կզրկվի իր պաշտոնից և իր տեղը կզբաղեցնի Շամարը: Այդ իսկ պատճառով, անմիջապես, առանց որևէ զգուշացման, զորքին հրաման է տալիս ամբողջ թափով գրոհել դեպի Հոսեյնի բանակի վրանները:Նա լկտիաբար ձայն էր տալիս Իմամի զինվորներին. «Ով, Աստծո զորքեր, հեծեք ձեր ձիերը և միմյանց խոստացեք,որ դրախտում կհանդիպեք»: Այս նախադասությամբ Օմարը միամտաբար ցանկանում էր իրեն ուժեղ հրամանատար ցույց տալ և Շամարին հեռու պահել հրամանատարությունից:

Այս չարաբաստիկ  հրամանից հետո Օմարի զինվորները, որոնց Իբն Զիադը մեծ պարգևներ էր խոստացել Հոսեյնին սպանելու համար, միանգամից հանդերձավորվեցին և շարժվեցին դեպի Իմամի վրանները:

Երբ Հոսեյնը նկատեց թշնամուն, անմիջապես կանչեց իր եղբայր Աբբասին և հանձնարարեց իր 20 հավատարիմ ընկերների հետ, որոնց շարքերում էին Զուհայր Իբն Ղայնն ու Հաբիբ Իբն Մազահիրը, գնալ թշնամուն ընդառաջ և մեկ օր ժամանակ պահանջել  նրանցից` Աստծու պաշտամունքի և աղոթքի համար:

Հոսեյնը   իր եղբորը կարգադրեց. « Գնա նրանց մոտ և ասա, որ այս գիշեր սպասեն և ճակատամարտը թողնեն վաղվան: Աստված տեսնում է, թե ինչքան մտորումներ  ունեմ իր հետ կիսվելու, և թե ինչքան եմ կարևորում աղոթքն ու պաշտամունքը»:

 

Այդ գիշեր Իմամ Հոսեյնի հետևորդների ճամբարից միայն աղոթքի ձայներ էին լսվում: Տիրոջ հնազանդ ծառաները հավաքվել և աղոթում էին հանուն ճշմարտության և լույսի հաղթանակի: Իմամ Հոսեյնը Աշուրայի գիշերը իր բոլոր ընկերներին գնալու և մահից խուսափելու հնարավորություն տվեց, որպեսզի նրանք ովքեր չեն ցանկանում զոհել իրենց կյանքը, չամաչեն այդ մասին խոսելուց: Իմամն այսպես դիմեց իր զինակից ընկերներին.«Թող Աստված բոլորիդ իմ կողմից պարգևներ ընծայի, իմացե'ք, որ գիտեմ, ինչ է լինելու վաղը,իմացե'ք, որ ոչինչ չեմ պահանջում ձեզնից և  թույլատրում եմ հեռանաք: Հենց այս պահին էլ` օգտագործելով մթության քողը, կարող եք գնալ ճամբարից, քանզի թշնամին բոլորիս միջից միայն իմ մահն է փափագում տեսնել»։

Այս խոսքերը այնքան տխրեցրեցին Հոսեյնի զինակից ընկերների սրտերը, որ նրանք, ասես, այդ պահին միայն ցանկանում էին, որպեսզի գետինը բացի իր երախն ու կուլ տա նրանց: Ոմանք սկսեցին մտորել, թե միթե Հոսեյնը թերագնահատում է իրենց ուժերը, որ հորդորում է հեռանալ ճամբարից: Ոմանք էլ սկսեցին երդվել, որ քանի դեռ   իրենց սրտերը բաբախում են, չեն հեռանա մեծ Իմամի կողքից և չեն դադարի պայքարել հանուն ճշմարիտ Աստծո: Ղասեմ Իբն Ալ Հասան անունով 13-ամյա մի երիտասարդ, այլևս անկարող լինելով զսպել իրեն, գոչեց.«Աստված վկա, Ձեզ համար նահատակվելը մեղրից էլ քաղցր պարգև է ինձ համար»:

Մաքրության և նվիրվածության բազում խոսքեր հնչեցին Հոսեյնի հասցեին այդ գիշեր: Գիշեր, որը պատմության մեջ մնաց որպես ամենագեղեցիկներից մեկը:

 Երբ բոլորը գնացին հանգստանալու, Հոսեյնը դուրս եկավ վրանից, որպեսզի ռազմի դաշտից հավաքի փշերը: Նա մտահոգվում էր մանուկների ու երիտասարդների համար, որոնց ոտքերը դեռ բավականաչափ ամրացած չէին և չէին  դիմանա փշերի ծակոցներին:

 

Թասուայի գիշերը Իմամ Հոսեյնի վրաններից ոչ հեռու հանկարծ մի ձայն լսվեց: Անիծյալ Շամարի ձայնն էր, որ կանչում էր Աբուլֆազլ Աբբասին ու նրա երեք եղբայրներին,  «Որտեղ եք իմ քրոջ որդիներ» ձայն տալով: Շամարը, ով Աբբաս Իբն Ալիի մայրական գծով բարեկամներից էր  և ցանկանում էր նրանց տանել ճամբարից, ասաց.« Եթե թողնեք Հոսեյնին ու անցնեք մեր կողմը, ապահով կլինեք»:

Աբբասը, Շամարի հանդգնությունից զայրացած գոչեց.«Անիծյալ լինես դու և քո «ապահովությունը»,ոճրագործ ձեռքերդ թող կոտրվեն: Միթե կարծում ես մենք կթողնենք Ֆաթիմայի որդի և Աստծու իսկական հետևորդ Հոսեյնին և կմիանաք ձեզ` արատավոր ոճրագործներիդ: Ինչպես դու կարող ես փրկել մեզ, եթե Աստծո առաքյալի որդին է մեզ առաջնորդում»:

Աբբասը, որ իր հոր` Ալիի պես քաջասիրտ, վեհանձն ու մեծահոգի էր և ժառանգել էր նաև նրա ազդեցիկ ձայնը, իր խոսքերով ստոր Շամարին հեռացրեց ճամբարից:

Աբբասը, ով հայտնի էր իր բարեպաշտությամբ և Աստծո նկատմամբ ունեցած իր խոնարհությամբ, դեռ մանկուց հնազանդ էր իր եղբայր Հոսեյնին և նրա համար չէր խնայի անգամ սեփական կյանքը: Նա իր բազմաթիվ առաքինությունների հետ մեկտեղ ուներ նաև ամուր սիրտ, լուսավոր միտք և խոր հավատ:

 

Աշուրայի օրը, երբ թշնամու շարքերը գնալով ավելի էին խտանում, իսկ անապատային տաք եղանակը չորացրել էր երեխաների շուրթերը:  Աբբաս Իբն Ալին այլևս անկարող էր քայլեր չձեռնարկել: Նա իր եղբորից թույլտվություն ստանալով վերցրեց ջրի տիկն ու շտապեց դեպի Ալղամա գետը: Երբ  հասավ ջրին և ցանկացավ հագեցնել իր ծարավը, անմիջապես հիշեց Հոսեյնին ու ծարավ երեխաներին: Ինչպես կարող եմ ջուր խմել,երբ իմ եղբայրն ու մանուկները ծարավ են». մտածեց Աբբասը և լցնելով ջրի տիկը, շտապեց դեպի վրանները, սակայն թշնամին շրջապատում էր նրան: Քաջարի մարտիկը ամուր գրկելով տիկը, մեջքով թեքվել էր դեպի այն, որպեսզի պաշտպանի թշնամու նետերից, երբ հանկարծ երկաթե գուրզի հարվածից վիրավորվեց. թշնամու մի նետ խրվեց նրա աչքը: Անարգ ոսոխի սրերի հարվածներից կտրվեցին նրա ձեռքերը, բայց չհուսահատվեց նա, այլև այդ դժվարին պահին, ատամներով վերցնելով տիկը փորձեց շարունակել ճանապարհը: Նրա ականջներում արձագանքում էին ծարավ երեխաների ձայները: Հենց այդ պահին թշնամու մի նետ մխրճվեց տիկի մեջ և մանուկներին ջուր հասցնելու Աբբասի վերջին հույսը մարեց: Նա ընկավ ձիուց և միայն այդ ժամանակ, Հոսեյնին առաջին անգամ եղբայր կոչելով, ասաց․«Եղբայր, օգնիր եղբորդ»: