Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը(1)
(last modified Sun, 01 Jan 2017 11:37:43 GMT )
Հունվար 01, 2017 15:07 Asia/Tehran

Ռուսաստանի Դաշնությունը տարբեր բնագավառներում իր քաղաքականությունը իրականացնելու համար մշակում է հայեցակարգեր՝ օրինակ տեղեկատվական անվտանգության հայեցակարգ, ստրատեգիական անվտանգության հայեցակարգ և այլն։

Վերջերս հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի փաստաթուղթը։ Այս փաստաթուղթը բավականին կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ դրա վրա հիմնվելով է մշակվում ՌԴ արտաքին քաղաքականությունը՝ ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Փաստաթուղթը ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2016 թվականի նոյեմբերի 30-ին։ Նմանօրինակ փաստաթուղթ նախորդ անգամ Ռուսաստանում ստորագրվել է 2013 թվականին։ Հարց է առաջանում, թե ո՞րն է նորը ստորագրելու պատճառը․ բանն այն է, որ աշխարհում իրադարձությունների շարունակական զարգացման ֆոնին հաճախ երկրի արտաքին քաղաքականությունը վերանայելու կարիք է զգացվում, քանի որ ճկուն քաղաքականություն վարելու համար մշտապես անհրաժեշտ է շարժվել ժամանակի պահանջների թելադրանքով։ Ռուսաստանի նախագահի կողմից նոյեմբերի 30-ին ստորագրված այս փաստաթուղթը ՌԴ արտաքին քաղաքականության մշակման հիմնադրույթների հավաքածուն է հանդիսանում։

ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգի փաստաթղթում կան այնպիսի կետեր, որոնք առանց փոփոխությունների պահպանվել են դեռ նախորդ՝ 2013 թվականի փաստաթղթից, ինչպես նաև կան այնպիսի հոդվածներ որոնցում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես զգալի փոփոխություններ կան ահաբեկչական շարժումների վերաբերյալ հոդվածներում, ինչը պայմանավորված է վերջին շրջանում ԻԼԻՊ-ի ավերիչ գործողություններով։ Փաստաթղթում մանրամասնորեն անդրադարձ է կատարվել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև սպառազինությունների կրճատման և Սիրիայում տիրող իրավիճակի մասին թեմաներին։ Փաստաթղթի բովանդակությունից պարզ է դառնում, որ Ռուսաստանը ձգտում է աշխարհում իր կապերի զարգացմանն ու տարածմանը։ Մեծ ուշադրություն է հատկացվում նաև աշխարհում ռուսաց լեզվի տարածմանը։ Այս նոր փաստաթուղթը բաղկացած է 5 բաժնից և 108 հոդվածից։ Բաժիններից յուրաքանչյուրը ընդգրկում է արտաքին քաղաքականության կուրսի ընդհանուր ուղղություն, իսկ բաժիններում շարադրված հոդվածները կոչված են հստակեցնելու այդ ընդհանուր ուղղությունները։ Այս առումով պետք է նկատենք, որ փաստաթուղթը տքնաջան աշխատանքի և մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի համադրության արդյունք է։ Գաղտնիք չէ, որ արտաքին քաղաքականության մանրամասնորեն և պատշաճ մշակումը ցանկացած երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի։ Այս տեսանկյունից Իրանն ու Ռուսաստանը բազմաթիվ ընդհանրություններ ունեն, քանի որ իրենց արտաքին քաղաքականությունը մշակում են բարոյականության սկզբունքները հաշվի առնելով, այլ ոչ թե Արևմուտքի նման կուրորեն հետևում են իրենց շահերին՝ խախտելով ամեն հնարավոր սահմանները։

Նոր փաստաթղթում հայտնվել են բազմաթիվ երկրներ, որոնց ներկայումս Ռուսաստանի Դաշնությունը դիտարկում է որպես կարևոր արտաքին քաղաքականության ուղենիշներ։ Որպես օրինակ նշենք, որ այժմ երկկողմ հարաբերությունների կոնտեքստում կարևորվում է Իսպանիայի հետ համագործակցությունների ընդլայնումը։ Ի տարբերություն նախորդ փաստաթղթի, որում Բրիտանիան նշված էր որպես համագործակցության սուբյեկտ, նոր փաստաթղթում այդ երկրի անունը պարզապես սղվել է։ Փաստաթղթում հստակ նշվում է, որ ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Եվրոպայի իմպերիալիստական քաղաքականությունը Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում լուրջ լարվածության ստեղծման պատճառ է դարձել։ Ռուսաստանի դիրքորոշմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների վարած քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ խաթարում է աշխարհի կայուն զարգացման ընթացքը։ Նոր հայեցակարգում Ռուսաստանը ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել  Արևմուտքի նկատմամբ։ Այս առումով հատկանշական է փաստաթղթի հինգերորդ կետը, որտեղ նշված է, որ արևմուտքի երկրների կողմից սեփական դիրքերը պահպանելու նպատակով օտար երկրների արտաքին քաղաքականության կուրսի որոշման վրա տարբեր եղանակներով ճնշում գործադրելը տեղի է ունենում ի վնաս աշխարհում խաղաղության և կայունության պահպանմանը։

Նոր հայեցակարգում հատուկ ուշադրություն է դարձված ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ համաշխարհային կայունության պահպանման շրջանակներում։ Այնուամենայնիվ այժմ ՆԱՏՕ-ն շարունակում է տարածվել դեպի Ռուսաստանի սահմանները։ Տարածվելու հետ մեկտեղ այդ կազմակերպությունը նաև ծավալում է ակտիվ ռազմական գործունեություն։ Բնականաբար այս ամենը Ռուսաստանի բացասական վերաբերմունքի պատճառ է հանդիսացել, քանի որ ՆԱՏՕ-ն գնալով ավելի է մոտեցնում իր ենթակառուցվածքները ռուսական սահմաններին։ Նմանատիպ քայլերը Ռուսաստանին միմիայն ստիպում են ավելի զգոն լինել։ Այս առումով կարևոր է նշել, որ Ռուսաստանը մշտապես պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցել սպառազինությունների կրճատման ուղղությամբ և այդ երկրից նույնն է ակնկալում։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի փաստաթղթում ամրագրված է, որ միջազգային կանոնակարգի և օրենքների ամրապնդմանը աջակցելը ՌԴ քաղաքականության գերակա ուղղություններից է։ Վերոհիշյալ փաստաթղթում նաև նշված է, որ Ռուսաստանը  համաշխարհային անվտանգության պահպանման նպատակով պատրաստ է կրճատել հատկապես միջուկային սպառազինությունները։ Այդ առումով կարևորվում է 2010 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի երկու երկրների հարձակվողական սպառազինությունները զգալիորեն պետք է կրճատվեն։ Ռուսաստանի կողմից կարևորվում է միջուկային սպառազինությունների աստիճանական կրճատումը, ինչպես նաև միջուկային զենքերի տարածմանը ամեն կերպ խոչընդոտելը։ Ռուսաստանի մինչ այժմ վարած  քաղաքականությունից հասկանալի է դառնում, որ այդ երկիրը խիստ բացասական է վերաբերվում սպառազինությունների մրցավազքին։ Նման դիրքորոշումը միանգամայն հասկանալի և գնահատելի է, քանի որ սպառազինությունների մրցավազքը ոչ մի դրական ազդեցություն չի ունենում երկրների տնտեսությունների վրա։ ՌԴ պաշտոնական դիրքորոշմամբ միջուկային մեծ պատերազմի վտանգը ներկայումս այնքան էլ մեծ չէ, սակայն իրավիճակի հետագա բարդացումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ամեն կերպ լուծել տարածաշրջանային հակամարտությունները։

Ռուսաստանը համաշխարհային մակարդակով ահաբեկչության դեմ պայքար մղելը միջազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով համարում է իր արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը։ ՌԴ-ն խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները և դեմ է ահաբեկչությունը որպես քաղաքական նպատակների հասնելու գործիք օգտագործելու դիվանագիտությանը։ Այս առումով կարևորվում է Սիրիայում ճգնաժամի հաղթահարման և անվտանգության հաստատման նպատակով միջազգային հզոր կոալիցիայի ստեղծումը։ Երկրի արտաքին քաղաքականության հայեցակարգը մշակելիս մեծ կարևորություն է տրվել նաև ազգային անվտանգությանը։ Փաստաթղթում նշված է, որ Աֆղանստանում անկայուն իրավիճակի պահպանումը և միջազգային զորքերի դուրսբերումը այդ երկրից Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համար լուրջ սպառնալիք է ներկայացնում։ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ օտար երկրների ներքին գործերին միջամտելը առկա վարչակարգը փոխելու նպատակով դատապարտելի է։ Հայեցակարգում նաև նշված է, որ ՌԴ-ն կօգտագործի նորագույն տեխնոլոգիաները ընձեռած հնարավորությունները երկրի առողջ ինֆորմացիոն դաշտը ապահովելու նպատակով, ինչպես նաև մեծապես կօժանդակի երկրից դուրս գտնվող լրագրողներին։

Նոր փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանը Եվրոպային կարևոր տնտեսական, առևտրային գործընկեր է  համարում և խորապես հետաքրքրված է երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունները զարգացնելու հեռանկարով։ Նշված է նաև, որ ՌԴ-Եվրոպա հարաբերությունները մշտապես հիմնված են եղել փոխադարձ վստահության և հարգանքի սկզբունքների վրա։ Ռուսաստանը իր արտաքին քաղաքականության հիմնական գերակա ուղղություններից մեկը համարում է ԱՊՀ երկրների հետ համագործակցությունների ընդլայնումը։ Այս կոնտեքստում հատուկ շեշտված են Ռուսաստան-Բելառուս ստրատեգիական բնույթ կրող հարաբերությունները։ Ներկայումս Ռուսաստանը մեծ ուշադրություն է դարձնում նաև Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Կարևորվում է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու ընդլայնումը։ ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում իր ուրույն տեղն է զբաղեցնում Եվրասիական տնտեսական միությունը, որը կոչված է նպաստել անդամ պետությունների տնտեսությունների զարգացմանը և ընդլայնել բազմակողմ տնտեսական կապերը։ Փաստաթղթում կարևոր նշանակություն է տրվում նաև Սև և Կասպից ծովերի հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, հատկապես կարևորվել է Կասպից ծովի սահմանամերձ երկրների հետ համագործակցությունների զարգացումը։ Նոր հայեցակարգի հատկանշական կետերից մեկն այն է, որ Ռուսաստանը Կանադայի հետ քաղաքական երկխոսության պատրաստակամություն է հայտնել։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված Կանադան առաջին պետություններից էր, որ պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ։

Նոր հայեցակարգում Սիոնիստական ռեժիմի հետ կապված ոչ մի ակնարկ չկա։ Այս կոնտեքսում կարևորվել է միայն արաբաիսրայելական կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը։ Հատկանշական է Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ կետը, որտեղ նշված է, որ Ռուսաստանը ճանաչում է Սիրիայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և պահանջում է, որպեսզի Սիրիայի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու անօտարելի իրավունքը պահպանվի միջազգային ասպարեզում։ ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգի նոր փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվել Իրանի հետ հարաբերություններին։ Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնումը մեծ նպաստ կբերի երկու երկրներին բոլոր ոլորտներում։ Կասկած չկա, որ երկու երկրները միմյանց համար երկուստեք մեծ հետաքրքրություն են ներկայացնում բոլոր ոլորտներում։ Ներկայումս Ռուսաստանը կարևորում է Ասիական բազմաթիվ այլ երկրների հետ հարաբերությունների և համագործակցությունների ընդլայնումը։