Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածության պատճառները և զարգացման առաջիկա սցենարները
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i64460-Կատարի_և_Սաուդյան_Արաբիայի_միջև_լարվածության_պատճառները_և_զարգացման_առաջիկա_սցենարները
Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի և Կատարի միջև լարվածությունից 39 ամիս անց, որի պատճառով այդ երկրների դեսպանները հետ կանչվեցին Դոհայից, այս լարվածությունը ավելի է սրվել: Արդյունքում, երեք երկրները խզել են իրենց կապերը Կատարի հետ:Այս որոշմանը միացել են նույնիսկ Պարսից ծոցի համագործակցության ոչ անդամ երկրներ, ինչպես` Եգիպտոսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2017 21:33 Asia/Tehran

Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի և Կատարի միջև լարվածությունից 39 ամիս անց, որի պատճառով այդ երկրների դեսպանները հետ կանչվեցին Դոհայից, այս լարվածությունը ավելի է սրվել: Արդյունքում, երեք երկրները խզել են իրենց կապերը Կատարի հետ:Այս որոշմանը միացել են նույնիսկ Պարսից ծոցի համագործակցության ոչ անդամ երկրներ, ինչպես` Եգիպտոսը:

2017թ մայիսի 25-ին Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը նշեց իր ստեղծման 37-րդ տարեդարձը: Թեև հատկապես վերջին 20 տարիների ընթացքում  փորձ է արվում տարբեր տարածաշրջաններում կազմակերպություններ ստեղծելով ամրապնդել տվյալ տարածքի անվտանգությունը, սակայն պարսից Ծոցի անվտանգության խորհուրդը երբեք չկարողացավ այդ կապակցությամբ օրինակ դառնալ: Այս խորհուրդն առաջին իսկ օրից վերածվել է լարվածությունների ու տարաձայնությունների խառնարանի: Այս ընթացքում խորացել են տարաձայնությունները մի կողմից Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի և մյուս կողմից` Կատարի միջև: Այս կապակցությամբ կան տարբեր տեսակետներ, որոնց կանդրադառնանք ստորև:

Պարսից ծոցի համագործակցության խորհրդում առաջացած լարվածության երեք պատճառները

 

 

 1. Սաուդյան Արաբիայի  իշխելու ձգտումը

Արաբական աշխարհում Սաուդյան Արաբիայի իշխանությունները մշտապես ունեցել են այլ երկրների վրա իշխելու ձգտում: Կա կարծիք, որ Կատարի հետ լարվածության հիմնական պատճառներից մեկը հենց դա է: Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի համագործակցության անդամ երկրներին նայում է որպես իր տարածքի մի մասը: Եվ չնայած այդ երկրների անկախությունից անցել է արդեն կես դար, այս երկիրը չի ընդունում այդ հանգամանքը: Ռիադը չի ընդունում նաև այն հանգամանքը, որ այդ երկրները չեն ենթարկվում Սաուդյան գերդաստանին: Միջազգային հարաբերությունների փորձագետ Նոսրաթոլլահ Թաջիկը կարծում է, որ  Սաուդյան Արաբիայում առկա այս մտայնությունն է  պատճառ դարձել, որ այդ երկիրը խզի իր հարաբերությունները Կատարի հետ:

ՄԱԿ-ում Իրանի նախկին դեսպան Սաբահ Զանգյանեն նույնպես համոզված է, որ Սաուդյան Արաբիայի նպատակն այն է, որ բարձրացնի իր հեղինակությունը Միջին Ասիայում, Աֆրիկայի հյուսիսում, Միջին Արևելքում և ընդհանրապես` արաբական աշխարհում: Եվ այդ իսկ պատճառով, Սաուդյան Արաբիան փորձում է իր այս ուղերձը տարածել տարածաշրջանում և դրանից դուրս, հայտարարելով, որ համարվում է  արաբական աշխարհի բարոյական հայրենիքը: Սաուդյան Արաբիան այս նպատակին հասնելու համար դեմ է կանգնում երկրում յուրաքանչյուր քաղաքական փոփոխության: Այդ իսկ պատճառով, Ռիադը "Մուսուլման եղբայրներին" համարում է սպառնալիք, որովհետև այս կուսակցությունը ներկայանում է տարածաշրջանի արաբական բռնատերերին փոխաինող ուժ: Հենց այս պատճառով, Սաուդյան Արաբիան ոչ միայն դեմ է արաբական երկրներում "Մուսուլման եղբայրների" գործունեությանը, այլ կարևոր դեր ունեցավ   այս կուսակցությանը որպես ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու հարցում:   Մյուս կողմից, Էմիրությունները այնքան էլ չի փորձում Ռիադի հեգեմոնիայի հարցով  լարվածության  մեջ մտնել Սաուդյան Արաբիայի հետ: Բահրեյնն առերևույթ անկախ է, սակայն կառավարվում է Սաուդան Արաբիայի կողմից: Իսկ Օմանն ու Քուվեյթը, չնայած դեմ են Ռիադի այս նկրտումներին, սակայն չեն թուլացնում իրենց կապերն Արաբիայի հետ: Միայն Կատարի կառավարությունն էր, որ մարտահրավեր նետեց տարածաշրջանում  Սաուդյան Արաբիայի քաղաքականությանը:  Ջորջիո Քաֆիրոն և Դենիել Վագները "Հաֆֆինգթոն Փոսթ" ամերիկյան օրաթերթում անդրադարձել են "Մուսուլման եղբայրների" շուրջ Սաուդյան Արաբիայի և Կատարի միջև առկա տարաձայնությանը: Թերթում լույս տեսած հոդվածում ասվում է, որ Սաուդյան Արաբիան "Մուսուլման եղբայրներին" սպառնալիք է համարում, իսկ Կատարը` հնարավորություն` տարածաշրջանոմ իր ազդեցությունը մեծացնելու համար: Եվ այս կուսակցությունը վերածվել է երկու երկրների միջև ամենամեծ խնդիրներից մեկին: Բացի այդ, Կատարի կառավարությունը դեմ դուրս եկավ արաբա-իսրայելական շոուին, որը տեղի ունեցավ Ռիադում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  ներկայությամբ:  

2. Կատարի անհամաձայնությունը` Սաուդյան Արաբիայի հակաիրանական քաղաքականության հետ

Սաուդյան Արաբիայի կառավարությունը պաշտպանում է  Միացյալ Նահանգների  իրանաֆոբիայի քաղաքականությունը: Չնայած 2015թ. Իրանի և Վեցյակի միջև ստորագրված միջուկային համաձայնությունը կարելի է համարել իրանաֆոբիայի քաղաքականության պարտությունը: Սաուդյան Արաբիան դեմ էր այս համաձայնությանը, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում փորձել է իրանաֆոբիան առաջ տանել և ԻԻՀ-ն աշխարհին ներկայացնել որպես սպառնալիք: Այս հանգամանքը շեշտվեց Ռիադում այս երկրի իշխանությունների և Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ: Հատկանշական է, որ այս քաղաքականությանը չհետևեցին Կատարը, Քուվեյթը և Օմանը: Կատարի 37 ամյա Էմիր, Շեյխ Թամիմ Բեն Համադ Ալ Սանին վերոնշյալ շոուից հետո հայտարարեց, որ Իրանը մեծ ուժ է և Կատարը լավ հարաբերություններ ունի Թեհրանի հետ: Նա հավելեց, որ Իրանը իսլամական ու տարածաշրջանային ուժ է, որին հնարավոր չէ անտեսել և Կատարը չի ցանկանում Իրանի դեմ դուրս գալ: Նրա ասելով, Իրանը մեծ ուժ է տարածաշրջանի կայունության համար: Կատարի էմիրի այս հայտարարությունը կարելի է նաև պարտություն համարել հակաիրանական կոալիցիայի քաղաքականության համար: Միջազգային հարաբերությունների վերլուծաբան Սիմոն Հենդերսոնը   "Foregin affairs" ամերիկյան թերթում հրապարակած հոդվածում  նշեց, որ Կատարի և ԻԻՀ միջև կապը տարբեր է այն քաղաքականությունից, որին հետևում է Սաուդյան Արաբիան: Հենդերսոնը գրել է, որ Իրանի նկատմամբ Կատարի քաղաքականությունը պարտության մատնեց Սաուդյան Արաբիայի իրանաֆոբիայի քաղաքականությունը, որը այդ երկիրը ցանկանում էր իրագործել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միջոցով:

3. ԱՄՆ-ի նոր կառավարության քաղաքականությունը

Այս լարվածության երրորդ պատճառը կարելի է որոնել ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության մեջ: Դոնալդ Թրամփը, ում համար Սաուդյան Արաբիան կաթնատու կով է, որից պետք է հնարավորինս շատ ոսկի ու դոլար կթել, Ռիադ այցելելով հասավ իր նպատակին: Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ ստորագրեց 110 միլիարդ դոլարի պայմանագիր, որը կարող է ավելանալ մինչև 400  միլիարդի: Այս պայմանագիրը մտահոգության առիթ տվեց Կատարին, որովհետև Սաուդյան Արաբիան ցանկացած պահի կարող է այդ զենքը օգտագործել այնպիսի երկրների դեմ, որոնք չեն հետևում Ռիադի քաղաքականությանը: Իսկ նման երկրներից է նաև Կատարը: Բացի այդ, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ջուբեյրը ռազմական սպառնալիք էր ուղղել Կատարին:   Ռուսաստանի քաղաքական ռազմավարության կենտրոնի նախագահ Սերգեյ Միխիևը կարծում է, որ Սաուդյան Արաբիայի և Կատարի միջև լարվածությունը նոր ճգնաժամ կստեղծի արաբական երկրների միջև: Դա իհարկե արդյունքն է Պարսից ծոցում և Միջին Արևելքում ԱՄՆ-ի ոչ կառուցողական քաղաքականության: Նրա ասելով, Միացյալ Նահանգները մինչև այն ժամանակ է փորձում վերացնել տարածաշրջանի լարվածությունը, եթե հնարավորություն է ունենում միջամտել տարբեր երկրների ներքին գործերին` իր շահերը ապահովելու նպատակով: Եվ այս քաղաքականությունը վերածվել է Վաշինգտոնի մշտական քաղաքականության:

Վերջում պետք է ասել, որ չնայած Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը արծարծեց Կատարի վրա ռազմական հարձակման հավանականությունը, սակայն դա հնարավոր չէ և սահմանափակվելու է միայն բանավոր հնչեցված  սպառնալիքով:  Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի և Կատարի միջև լարվածության համար կարելի է երկու սցենար կանխագուշակել: Առաջինն այն է, որ այս տարաձայնությունը կլուծվի երրորդ երկրի կողմից: Քուվեյթը այն երկիրն է, որը փորձում է  միջնորդի դեր կատարել այս երկրների միջև: Մյուս կողմից Կատարը կարևոր աշխարհագրական դիրք է զբաղեցնում ԱՄՆ-ի համար: Այս երկրի ամենամեծ օդային հենակայանը տեղակայված է Կատարում: Ուստի հնարավոր է, որ միջնորդի դերում հանդես գա հենց Վաշինգտոնը: Միխիևի կարծիքով, ԱՄՆ-ն անկասկած  կփորձի միջնորդել  Սաուդյան Արաբիայի և Կատարի միջև` հանրային կարծիքը շեղելու և որպես արաբական երկրների բարեկամ ներկայանալու նպատակով: Երկրորդ սցենարը հեղաշրջումն է և նոր ապստամբությունների կազմակերպումը` Կատարի էմիր, Շեյխ Թամիմ Բեն  Համադ Ալ Սանիի դեմ: Չմոռանանք, որ 2013թ., երբ Շեյխ Համադ Բեն Խալիֆեն իշխանությունը հանձնեց իր որդուն` Շեյխ Թամիմին, շատերը ենթադրեցին, որ դա եղել է Սաուդյան Արաբիայի միջամտությամբ, որպեսզի հետագայում, ԱՄՆ-ի համաձայնությունը ձեռք բերելուց հետո, վերջինս հրաժարվի իր պաշտոնից: Չնայած հիմա առաջ է քաշվում նման վարկած, սակայն չի թվում, որ ներկա պայմաններում Սաուդյան գերաստանը այդպես իրականացնի իր ծրագրերը: Սաուդյան Արաբիայի առաջին նպատակը Կատարին տարածաշրջանային իրադարձություններից դուրս մղելն է: