Նոռուզն Իրանում(1)
Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք նոռուզյան ծեսերն իրանցիների մոտ:
Իրանն աշխարհի բազմամշակութային երկրներից է, որում ապրում են բազմաթիվ ազգեր, սկսած բելուչներից, թուրքմեններից, լոռերից, ավարտած Խուզեստան ու Բուշեհր քաղաքների աշիրաթները: Հազարավոր տարիներ շարունակ, այս ազգերն ապրել են կողք կողքի, պահպանելով իրենց ծեսերը: Սակայն մի ծես նրանց բոլորին միացրել է: Եվ դա Նոռուզն է: Տարիների ընթացքում, Նոռուզը վերածվել է երկրի խաղաղության ու միասնության խորհրդանիշի: Չնայած յուրաքանչյուր շրջան այս տոնը տոնում է յուրովի, սակայն կան նաև բազմաթիվ ընդհանրություններ: Նոռուզը հենց այդ պատճառով էլ համարվում է Իրանի ամենազգային տոներից մեկը, որը նշվում է բոլորի կողմից:
Նոռուզի ժամանակ իրանցիներն առաջին հերթին մաքրում են տները և դիմավորում գարունը: Ձմռան վերջին չորեքշաբթի օրն իրանցիները խարույկ են վառում ու իրենց բոլոր տխրություններն ու խնդիրները հանձնում կրակին: Երբ գալիս է գարունը և բնությունը հագնում է իր նոր հագուստը, իրանցիները նույնպես նոր հագուստ են գնում և Նոռուզը դիմավորում նոր հագուստով: Ինչպես տարին է սկսվում գարնան նոր շնչով: Նոռուզն իրանցիների համար վերածննդի խորհուրդ ունի և նոր տարվա նախօրեին պետք է սրտերը մաքրել քենից ու ոխից:
Այժմ ավելի մոտիկից ծանոթանանք Նոռուզի ծեսերին: Նոռուզը Իրանի տարբեր շրջաններում տոնվում է տարբեր ծեսերով: Թրքալեզու իրանցիներն այս տոնը նշում են յուրահատուկ ուրախությամբ: Թրքալեզու ցեղերը տարածված են Իրանի տարբեր շրջաններում: Սակայն հատկապես կենտրոնացած են Արդեբիլ , Արևելյան ու Արևմտյան Ատրպատական և Զանջան նահանգներում: Այս նահանգերում Նոռուզը նշվում է շատ հատուկ ձևով: Տոնն սկսվում է Նոռուզի գովեստով: Հատուկ խմբերը, փողոցից փողոց շրջելով, պատգամում են Նոռուզի գալուստը: Նորահարսների համար նվերներ են ուղարկվում, մարդիկ համախմբվում են Նոռուզի սեղանի շուրջ և դիմավորում Նոր տարին ու շնորհավորում իրար:
Արևմտյան Արտպատականի ժողովուրդը տարվա վերջին ամիսը` Էսֆանդը, անվանում է Բայրամի` տոնի ամիս: Հին ավանդույթների համաձայն, այս նահանգի մարդիկ, տարվա վերջին ամսվա առաջին շաբաթը անվանել են Չիլլե Ղովան կամ ձմեռը հեռացնող , իսկ չորեքշաբթին`Յալանչի չահարշանբե`սուտ չորեքշաբթի: Հին ժամանակներում Ատրպատականի ժողովուրդը տոնում էր տարբեր նման չորեքշաբթիներ, ինչպես օրինակ` Քուլե չահարշանբե` կարճ կամ երկրորդ չորեքշաբթի, Մուշտուլուղի չահարշանբե`պատգամաբեր չորեքշաբթի, Ղառե չահարշանբե` սև չորեքշաբթի և այլն: Ազգագրական աղբյուրների համաձայն, այդ շրջանի ժողովուրդը ձմեռը բաժանել է 4 չորեքշաբթիների, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր խորհրդանիշը, համապատասխանաբար` ջուր, հող, քամի,կրակ: Եվ յուրաքանչյուր խորհրդանիշ ունեցել է իր հատուկ ծեսը:
Նոռուզի ավանդական ծիսկաատարությունն Իրանի Արդեբիլ քաղաքի մերձակա գյուղերից մեկում
Արտրպատականում նոռուզի ամենակարևոր ծեսերից մեկը, որ պահպանվել է մինչև այսօր, հայրական տնից ամուսնացած աղջկա տուն ճաշ ուղարկելն է: Դա կոչվում է Բայրամ փայի, այսինքն` տոնի շնորհավորանք: Այդպիսով մայրը շնորհավորում է իր ամուսնացած աղջիկներին: Այս ծեսը ծնողներն իրականացնում են իրենց ողջ կյանքի ընթացքում: Տարվա վերջին չորեքշաբթին, Նոռուզից 20 օր առաջ, գիշերներից մեկն աղջկա բարեկամների` հորեղբոր, քեռու կամ եղբոր տանը պատրաստվում են ճաշեր, և հատուկ նվերների` կտորի կամ հագուստի հետ միասին ուղարկվում են ամուսնացած աղջկան: Տարածված է նաև տոնական սփռոց փռելը` հյուրասիրության համար: Բացի ծիսական խորհրդանիշերից, որոնց ավելի ուշ կանդրադառնանք, այս սեղանին դրվում են սիսեռ, չամիչ, նուշ, ընկույզ, արմավ, թուզ, նուռ, խնձոր, կարմիր խաղող, քաղցրավենիք և տնական հալվա:

Ղաշղայի քոչվոր ցեղի անդամներն անընդհատ տեղափոխվում են մի վայրից մյուս վայր: Իսկ գարնանը, երբ վերադառնում են իրենց մշտական բնակության վայրը, որտեղ ապրում են գարնան սկզբից մինչև ամռան վերջ, նույնպես իրականացնում են հատուկ ծեսեր: Ղաշղայի թրքալեզու խմբերը Նոռուզն անվանում են Բայրամ: Նրանց մոտ նույնպես բնականաբար, Նոռուզը սկսվում է գարնան հետ, որն այս մարդկանց համար նշանակում է կյանքի վերածնունդ և կարևոր է հատկապես այն առումով, որ քոչվորության դժվար ժամանակներն անցել են: Եթե ձմեռը եղել է ձնառատ, գարնանը ամենուր ծառերը ծաղկած են, դաշտերը կանաչել են ու լի են ծաղիկներով, հատկապես` վայրի կակաչով: Ղաշղայիները կարմիր կակաչին անվանում են Նոռուզ գոլի այսինքն` նոռուզի ծաղիկ: Գարունն այս մարդկանց համար ակտիվության ժամանակաշրջան է: Իսկ քանի որ նրանց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, ամենագեղեցիկ նվերը, որ բնությունը կարող է նրանց պարգևել, նոր կենդանու ծնունդն է: Տարվա վերջին օրը, այս ցեղի կանայք ալյուրով, յուղով ու արմավով հատոկ հալվա են պատրաստում: Այն պատարստվում է մահացածների հիշատակը հարգելու համար: Մարդիկ գնում են գերեզմանատուն կամ սրբավայր` մահացածների հիշատակը հարգելու համար: Տոնական գիշերվա համար պատարստվում է շատ ճոխ ընթրիք` հիմնականում գառան կամ հավի մսով ու բրնձով փլավ: Նոռուզի գիշերը բոլորը պետք է լինեն իրենց տանը, իսկ նրանք, ովքեր ճամփորդում են, հնարավորության դեպքում պետք է վերադառնան տուն: Մարդիկ համոզված են, որ այդ ժամանակ օջախը պետք է անպայման լինի վառված և սեղանին լինի շատ լավ կերակուր, որպեսզի տարին առատ լինի:
Աշիրաթները Նոռուզի օրերին տունը զարդարում են հատուկ գույնզգույն կարպետներով: Նրանք իրենց վրա կախում են գունավոր զարդեր, որ կոչվում են գուգփուլ: Այս քոչվորներն իրենց ոչխարների մազերի մի մասը ներկում են, հինա են դնում իրենց ձեռքերը , հագնում են նոր հագուստներ: Տոնական օրերին նրանք այցելում են իրար, նախ` ցեղի ղեկավարին ու հետո արդեն վրանից վրան անցնելով, շնորհավորում են նոռուզի կապակցությամբ: Այդ ընթացքում նրանք հյուրասիրվում են տեղական քաղցր հացով, որ կոչվում է յուխե, աղանձով, չոր արմավով, թզով, քաղցրավենիքով և ստանում ու նվիրում են նվերներ: Հատկանշական է, որ հարսանքիների մեծ մասն անցկացվում են գարնանը: