Հարցեր` Արբաինի ուխտագնացության մասին(1)
Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի՝ Արբաինի ուխտագնացության շեմին Քյարբալայում միլիոնավոր ուխտագնացների հավաքը կարող է հարց առաջացնել, թե ինչպես է հնարավոր, որ մի մարդ, որը մահացել է դարեր առաջ, արժանանա միլիոնավոր մարդկանց ուշադրությանը: Եվ ընդհանրապես ի՞նչ է ուխտագնացությունը և ինչո՞ւ են մուսուլմաններն այսքան կարևորում այն: Այս հաղորդման ընթացքում կպատասխանենք այս հարցերին:

Քյարբալա տանող ճանապարհները դարեր շարունակ եղել են ուխտագնացների ուշադրության կենտրոնում: Ուխտագնացներ, որ երբեմն բռնապետական ուժերի վախից գիշերով, իսկ երբեմն` շրջանցելով ճանապարհները, ոտքով հասել են իրենց ուխտավայր: Ուխտագնացներ, որ այս լուսավոր ճանապարհին նույնիսկ նահատակվել կամ պատժվել են, ինչպես օրինակ նրանց ձեռքերը կտրելը: Քյարբալա տանող ճանապարհները լի են դառն ու տխուր հուշերով: Սակայն վերջերս այս ճանապարհը և Հոսեյնի Արբաինի ուխտագնացության նկատմամբ սերը վերածվել են համաշխարհային հրավերի` դեպի արդարություն: Եվ միլիոնավոր մարդիկ դառնում են այդ աննախադեպ հոսքի մի մասնիկը: Ժամանակին խիստ պայմաններում իրականացված ուխտագնացությունն այսօր վերածվել է բազմամիլիոնանոց ուխտագնացության, որ գնալով փորձում է աշխարհի ընթացքը տանել դեպի երջանկություն և կատարելություն: Թերևս առաջին հայացքից նրա համար, ով չի մասնակցում այս ուխտագնացությանը, կամ ծանոթ չէ դրան, հարց առաջանա, թե ինչպես է հնարավոր, որ մի մարդ, որը մահացել է դարեր առաջ, արժանանա միլիոնավոր մարդկանց ուշադրությանը: Եվ ընդհանրապես ի՞նչ է ուխտագնացությունը և ինչո՞ւ է իսլամի շիա ճյուղն այսքան կարևորում այն:
Ուխտագնացություն բառացիորեն նշանակում է այցելել կամ խոնարհաբար գնալ մեկին տեսակցության: Սակայն կրոնական տեսակետից, դա կրոնական արարողություն է և նշանակում է գնալ կրոնական առաջնորդների մոտ կամ այցելել նրանց դամբարաններին կամ որևէ սրբազան վայր, ինչպես օրինակ` Մեքքա: Ուխտագնացությունն իսլամական մշակույթում մշտապես աստվածահաճո արարք է եղել և պատմության ընթացքում մուսուլմանները մշտապես իրականացրել են այն: Եվ չնայած իսլամի շիա և սուննի ուղղությունները հորդորում են ուխտագնացություն իրականացնել, վահաբիական աղանդը կողմնակից չէ դրան և հայտարարում է, որ ուխտագնացությունը չի համապատասխանում մարագարեի ուսմունքներին: Այս ոչ հիմնավորված հայտարարությունը շիա և սուննի կրոնագետներին ստիպել է պատասխանել դրան` յուրաքանչյուրն իր տեսանկյունից, չնայած որ դրանք հիմնականում նույնն են: Այդ պատասխանը կայանում է նրանում, որ մարգարեն ուխտագնացությունը համարում էր աստվածահաճո արարք և ինքն ու իր մերձավորները մշտապես այցելում էին նահատակների ու մերձավորների դամբարաններին: Այդ կապակցությամբ ներկայացվել են տարբեր հադիսներ: Դրանցից մեկի համաձայն, ըստ մարգարեի, ով հաջի ուխտագնացությունը թողնի ու չայցելի իրեն, իր նկատմամբ սխալ արարք կատարած կլինի:
Չնայած ուխտագնացությունը շիականության ամենակարևոր արարողություններից է, որն այդ ուսմունքի կրոնագետները մշտապես հորդորում են իրականացնել, սուննիները նույնպես այն համարում են ընդունելի արարողություն: Սրբերի ուխտագնացությունը շիիզմի տեսակետից հավատարմության նշան է նրանց գաղափարի նկատմամբ: Շիիզմի հիման վրա, որի հիմքում ընկած է Ղուրանը, մարգարեները և իմամները առաջնորդելու իրավունք ունեն և նույնիսկ մահից հետո շարունակում են մնալ այդ պաշտոնին: Իմամներն առաջին հերթին ղեկավարում են մարդկանց սրտերը: Իմամները տիրում են հավատացյալների սրտերին ու հոգիներին և կարող են նրանց երջանկության և առաջնորդվելու պատճառ հանդիսանալ: Բազմաթիվ գրական աղբյուրներում ուխտագնաության վերաբերյալ ասվում է, որ իմամի հոգին, Աստծո կամոք իշխում է իր ուխտագնացի սրտի վրա և Աստծո կողմից պարտավորություն ստանում ուխտագնացին աջակցել կատարելության ճանապարհին, իրականացնելով նրա ցանկությունները: Այս տեսակետն ուխտագնացությունը շիաների համար դարձրել է բարոյական հանդիպում:
Մարգարեն և սրբերը կատարյալ մարդիկ են և Աստծո կողմից սիրված: Նրանք առաքինի են և մոտ են Աստծուն: Աստված նրանց ազատել է սխալից ու մեղքից, դարձրել ժողովրդի առաջնորդներ և մարգարեի շառավիղների նկատմամբ հարգանքն իրականում հարգանքն է նրանց ճանապարհի ու ապրելաձևի նկատմամբ, որի հիմքում ընկած է ծառայությունն Աստծուն: Շիականությունը համոզված է, որ Աստծուն մերձենալու համար, առանց մարգարեների շառավիղների նկատմամբ հարգանքը և առանց առաջնորդության գաղափարի ընդունումը, հնարավոր չէ: Իսկ դա նշանակում է հետևել նրանց պատվիրաններին, ուսմունքներին ու ապրելաձևին, և գործով և խոսքով: Սրբազան վայրեր այցելելը պատճառ է դառնում, որ մարդը ոչ միայն շիա առաջնորդների ուսմունքներին հավատարիմ մնա, այլ փրկվի տգիտությունից ու մոլորությունից: Իսկ երբ նա այցելում է սրբերի դամբարաններ և իրականացնում ուխտագնացություն, համեմատություն է կատարում նրա միջև ինչ կա և պիտի լինի: Նա փորձում է մոտենալ աստվածային օրինակին: Եվ հենց այս համեմատության մեջ հավատացյալը գտնում է իր թերություններն ու սխալները և Աստծուց օգնություն խնդրելով, փորձում ամեն ինչ անել` իր սխալներն ուղղելու համար: Այսպես է որ մարգարեի շառավիղների ուխտագնացությունը կրկնակի ուժ է տալիս ուխտագնացին, որպեսզի մարդկային կատարելության և Աստծուն մերձենալու ուղղությամբ քայլ կատարի, հրաժարվելով մոլորությունից:
Ուխտագնացությունը դրական ազդեցություն է թողնում ոչ միայն յուրաքանչյուր ուխտագնացի, այլ ընդհանուր առմամբ ողջ հասարակության վրա: Կարելի է ասել, որ ուխտագնացությունը դաշինքի վերանորոգումն է հավատացյալների այն առաջնորդի հետ, որ իր կյանքը նվիրեց հանուն ճշմարիտ կրոնի և մարդկանց առաջնորդելու: Այդ դաշինքը դաշինք է նաև այն բոլոր նպատակների ու արժեքների հետ, հանուն որոնց մարգարեն Աստծո կողմից ուղարկվեց և նրա հետևորդներն իրենց կյանքը նվիրեցին դրան: Իսկ իմամ Հոսեյնի ուխտագնացության հասարակական ազդեցությունը շատ մեծ է: Այն տարածում է ջիհադի ու դիամդրության մշակույթը, նահատակության մշակույթը կենդանի պահելը, բռնությունը մերժելը, ճշմարտությունը, արդարամտությունը:
Եթե երկու տասնամյակ առաջ խոսեինք իմամ Հոսեյնի դամբարանի ուխտագնացության մասին, որպես մարդկային հասարակությունը ղեկավարելու ճիշտ ճանապարհ, թերևս դա դժվար կլիներ ընկալել: Սակայն վերջին տարիներին Հոսեյնի ուխտագնացների 20 միլիոնանոց հանրահավաքները, որոնք իրականացվում են իմամի մահվան քառասնօրյակի կապակցությամբ, ճանապարհ են հարթել այդ արարողության ընկալման համար: Եվ այսօր մարդիկ ականատես են մի աննախադեպ երևույթի, ինչը հնարավոր չէ նյութական հաշվարկներով գնահատել:
Ուխտագնացների 20 միլիոնանոց հանրահավաք, որ աղքատ ու զրկված մարդկանց կամքով ու ծախսերով իրականացվում է աշխարհի ամենաանապահով երկրում` Իրաքում: Այստեղ կարելի է տեսնել պատկերներ մարդկայնությունից, նվիրվածությունից, սիրուց և բարությունից: Պատկերներ, որոնք այս խառնաշփոթ դարում հաճելի և երազային են: 20 միլիոնանոց ուխտագնացություն, որ կարող է մարդկային հասարակությունը փրկել անբարոյականությունից ու ոչնչացումից և մեկ անգամ ևս հրեշտակներին ստիպել խոնարհվել մարդու առաջ: