Գրքի հմայքը (23)
https://parstoday.ir/hy/radio/world-i156756-Գրքի_հմայքը_(23)
Տարբեր երկրներում գրքեր կարդալու և գնելու վերաբերյալ վերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2020 թվականին կորոնավիրուսի բռնկումը մեծացրել է մարդկանց գիրք կարդալու հակումը և աշխարհի մարդկանց 35 տոկոսը, ովքեր նախկինում գիրք չէին կարդում, կորոնավիրուսի բռնկումից հետո կարանտինային պայմաններում հայտնվելուց հետո, սկսել են կարդալ: Արդյոք ընթերցասերները կարողացե՞լ են ընթերցանությամբ կառավարել ճգնաժամը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2021 11:16 Asia/Tehran

Տարբեր երկրներում գրքեր կարդալու և գնելու վերաբերյալ վերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2020 թվականին կորոնավիրուսի բռնկումը մեծացրել է մարդկանց գիրք կարդալու հակումը և աշխարհի մարդկանց 35 տոկոսը, ովքեր նախկինում գիրք չէին կարդում, կորոնավիրուսի բռնկումից հետո կարանտինային պայմաններում հայտնվելուց հետո, սկսել են կարդալ: Արդյոք ընթերցասերները կարողացե՞լ են ընթերցանությամբ կառավարել ճգնաժամը:

Ճգնաժամը մի իրադարձություն է, որը տեղի է ունենում հանկարծակի և որի դեպքում նպատակներին հասնելու համար գոյություն ունեցող բոլոր միջոցները դառնում են անբավարար: Անհատի, խմբի կամ համայնքի համար առաջանում են անկանխատեսելի վտանգավոր ու անկայուն իրավիճակներ: Ճգնաժամը ստեղծում է մի իրավիճակ, որի լուծման համար անհրաժեշտ են արմատական և արտակարգ միջոցներ։ Ճգնաժամերը տարբերվում են տեսակով և  ինտենսիվությամբ: Դրանք խաթարում են ավանդական պատկերացումները և համատարած արձագանքներն ու  պատճառում  վնասներ,  ստեղծում սպառնալիքներ, վտանգներ ու կարիքներ:

Այս հաղորդման ընթացքում կփորձենք պատասխանել այն հարցին, թե արդյոք կորոնավիրուսի տարածումով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում և բազմաթիվ սոցիալական ցանցերի առկայության պայմաններում գիրք կարդալը եղե՞լ է  լուծում՝ ճգնաժամին դիմակայելու համար: 

---

Նախ,  ուզում եմ մեջբերել  Ալան Բենեթի «Պատմության տղաները» գրքից մի շատ հայտնի նախադասություն, որն է. «Գիրք կարդալու լավագույն ժամանակն այն է, երբ բախվում ես ինչ-որ մտքի, զգացմունքի կամ ճգնաժամի»: Նման դեպքերում դուք կարող եք մտածել, որ կոնկրետ  այդ թեման մտահոգում է միայն ձեզ, բայց երբ կարդաք գիրքը, կտեսնեք, որ ուրիշը կամ ուրիշները հայտնվել են նման իրավիճակում ու  հաղթահարել այն: Նման իրավիճակներում ընթերցանությունը կարող է լինել ելք ձեզ միայնակ չզգալու և կրիտիկական իրավիճակի վրա լույս սփռելու համար: 

Ընթերցանությունը լավագույն միջոցն է կարեկցանքի ու իրեն ըմբռնելու զգացումը զարգացնելու  համար:  Համավարակի պայմաններում, երբ իրավիճակը մեր վերահսկողությունից դուրս է գալիս, մենք պետք է կարողանանք   փրկության ելք գտնել և գիրքը կարող է  մեզ օգնել այս հարցում:  Գրքի ընթերցանության և այդ ընթացքում իրադարձություններին ու հերոսներին հետևելու ժամանակ, կարող ենք որոշ չափով ձերբազատվել բացասական հույզերից։

Գիրք կարդալը, որը սովորաբար ամենահաճելի զբաղմունքներից մեկն է, շատ արդյունավետ է խնդիրներին կամ կյանքի դժվարություններին, այդ թվում սիրելիների կորուստին կամ ընտանեկան և ամուսնական խնդիրներին դիմակայելու համար:  Օքսֆորդի համալսարանի ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ գիրք կարդալը ոչ միայն զբաղմունք է, այլև շատ օգտակար է հոգեկան առողջության համար։ Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դասական գրականություն կարդալը արդյունավետ է եղել դեպրեսիայի և քրոնիկական ցավերի բուժման համար: Հետազոտության մեջ ասվում է, որ գիրք կարդալը չի ​​կարող փոխարինել բժշկությանը, բայց կարող է լրացուցիչ գործոն լինել: 

---  

Հետազոտությունների և դիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ աշխարհում մարդկանց մեծ մասը կորոնավիրուսի օրերին գիտակցաբար կամ անգիտակցաբար հետևել է այս խորհուրդներին: Global Edit Research  (GEE) ինստիտուտը հրապարակել է ինֆոգրաֆիկա* աշխարհի տարբեր երկրներում գրքերի ընթերցման և գնման տեմպերի վերաբերյալ, որոնք ցույց են տալիս մարդկանց ապրելակերպի փոփոխությունը և գրքերի հետ նրանց շփման մակարդակի աճը։ Ըստ այս ինֆոգրաֆիկայի՝ մարդիկ 2020 թվականին ավելի շատ գրքեր են գնել, քան նախորդ տարիներին, թեև էլեկտրոնային գրքերի տեսակարար կշիռը շատ ավելի մեծ է եղել, քան տպագիր գրքերինը։

Քանի որ կորոնավիրուսի բռնկման հետևանքով փակվեցին հանրային գրադարանները, ամբողջ աշխարհի գրադարանների մեծ տոկոսը իրենց արժեքավոր գրքերի, դիսերտացիաների, փաստաթղթերի և հավաքածուների միլիոնավոր օրինակներ անվճար տեղադրեցին ինտերնետային էջերում: Մյուս գրադարանները նույնպես ընդլայնել են իրենց ինտերնետային ծառայությունները, և ըներցողի տրամադրության տակ դրել գրքերի էլեկտրոնային տարբերակները:

Չինաստանը, Իսպանիան և Իտալիան ունեցել են ընթերցանության ամենաբարձր ցուցանիշները՝ համապատասխանաբար 44, 42 և 36 տոկոս: Բացի այդ, աշխարհի բնակչության 14 տոկոսը կորոնավիրուսի և կարանտինի ժամանակ ավելի շատ գիրք է  կարդացել քան անցյալ տարի:

Բրիտանական ազգային գրադարանի տվյալներով՝ կորոնավիրուսի ժամանակաշրջանում  և  դրանից առաջ, փոխառված էլեկտրոնային գրքերի թիվը հասել է վերջին տասնամյակի ամենաբարձր մակարդակին։ Նախակորոնավիրուսային ժամանակների համեմատությամբ, Էլեկտրոնային գրքեր փոխառող օգտատերերի թիվն աճել է մոտ 358 տոկոսով:

ԱՄՆ NPD հետազոտական ​​խումբն իր վերջին վիճակագրության հետազոտության մեջ հայտարարել է, որ 2020 թվականին տպագիր գրքերի վաճառքը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 8 տոկոսով։

Խմբի վերլուծաբան և տնօրեն Քրիստեն Մաքլինն ասել է.«Վիճակագրական տվյալների համաձայն՝ անցյալ տարի ամենաշատը վաճառվել են քաղաքական,   խոհարարական  և պատմվածքներ  ու հեքիաթներ պարունակող գրքեր: Պատմվածքներ պարունակող գրքերի մեկ երրորդը վերաբերում են մանկական գրականության»:

Ձեզ կարող է հետաքրքրել, որ Աֆղանստանի գրախանութները կարողացել են շատ գրքեր վաճառել կորոնավիրուսի  համավարակի ժամանակ: Աջմալ Մոհամմադին, ով Քաբուլում գրախանութ ունի, փորձել է գրքեր վաճառել առցանց, որպեսզի մարդիկ ավելի քիչ դուրս գան իրենց տներից:  «Մոտիվացիոն և հուսադրող գրքերն այս ընթացքում  ամենաշատ վաճառված գրքերից են եղել: Իրանից մեզ հասած հոգեբանական գրքերը նույնպես շատ ընթերցողներ ունեն»,- ասում է նա։

Մոհամմադին հավելում  է. «Պատմվածքների գրքերը միշտ էլ հետաքրքրել են ընթերցողին։ Սիրային պատմություններն ու այս իրավիճակի հետ կապված գրքերը, ինչպիսին է Ալբեր Քամյուի «Ժանտախտը»,  ամենավաճառված գրքերի ցանկում են»։

---

Լավ է իմանալ, որ գրքերի գնման և ընթերցանության ձևը կորոնավիրուսի միակ ազդեցությունը չէ հրատարակչական կամ ընթերցանության ոլորտի վրա: Բեսթսելլերների հետ կապված տվյալները և որոշ գրավաճառների հետ զրույցները ցույց են տալիս, որ կանխատեսող, հուսադրող և մոտիվացնող գրքերն ավելի սիրված են եղել  կորոնավիրուսի համավարակից հետո, և կարելի է ասել, որ կորոնավիրուսը նպաստել է նոր ընթերցողների թվի ավելացմանը: 

Գրքերի վաճառքի վիճակագրությունը ցույց է տալիս, որ համավարակնա զդել է ընթերցողների մի մասի  ընթերցանության ճաշակի վրա, և գեղարվեստական ​​գրականության և վեպերի հետ միասին, որոնք դեռևս ամենավաճառվող գրքերն են, կորոնավիրուսի հետևանքով առաջացած սթրեսը հաղթահարելու ուղիների թեմայով գրքերն ավելացել են գիրք փնտրողների ցանկում։

Bookmate-ի ուսումնասիրության և հարցման արդյունքները ցույց են տալիս, որ նախորդ տարվա համեմատ , կարանտինային ժամանակահատվածում  հոգեվերլուծության և անձի զարգացման մասին գրքերը՝ 14  և գիտահանրամատչելի գրականությունը՝ 13.8 տոկոսով  արժանացել են ընթերցասերների ուշադրությանը: 

Մալդիվներից գրքաթերապիայի մասնագետ Քրիս Ռայանը Հոնկոնգում South China Morning Post պարբերականին տված հարցազրույցում օգտակար խորհուրդներ է տվել այն մասին, թե ինչպես կարող են գրքեր կարդալը և գրքաթերապիան օգնել ճգնաժամի մեջ գտնվող մարդկանց:

Նա համոզված է, որ գրքաթերապիան օգնում է մարդկանց մեծ հաճույց ստանալ ընթերցանությանը հատկացրած ժամանակից:  Նա խրախուսում է մարդկանց զարգացնել կարդալու առողջ սովորությունը: Նա նախ նրանց հետ խորհրդակցություններ է անցկացնում, որպեսզի աստիճանաբար ծանոթանա նրանց տրամադրությանը, ընթերցելու սովորություններին, ճաշակին ու ապրելակերպին։ Այնուհետև նա օգտագործում է այն ամենը, ինչ նա սովորել է, որպեսզի օգնի մարդկանց  հասկանալ, թե ինչ կշահեն ապագայում սովորելուց:

Քրիս Ռայանն ասում է.«Կարևորն այն է, թե ինչն է  պատճառ դառնում, որ մարդը հաճույք ստանա ընթերցանությունից և վերացնի այն ​​արգելքները, որոնք խանգարում են  նրան ընթերցել: Առօրյա կյանքում մենք ժամանակ չունենք ծախսելու այնպիսի բաների վրա, որոնք մեզ չեն ուրախացնում, այս ոլորտի հմուտ և պրոֆեսիոնալ  մասնագետները գրքաթերապիայի միջոցով օգնում են մարդկանց  հաղթահարել խնդիրները և հասկանալ իրենց հույզերը»:

--- 

Ամերիկացի սարսափ ժանրի գրող Դին Կունցը,համաշխարհային համբավ է ձեռք բերել  իր թրիլեր  վեպերով: Հեղինակը գրել է ավելի քան 100 վեպ, իսկ New York Times-ը նրա ստեղծագործություններն անվանել է «հոգեբանորեն բարդ,  հմուտ և հարուստ»: Ամբողջ աշխարհում նրա գրքերը վաճառվել են ավելի քան 200 միլիոն օրինակով։

Դին Կունցը դեռևս 40 տարի առաջ կանխագուշակել է չինական կորոնավիրուսի բռնկումը, ինչի մասին նա գրել է  1981-ին լույս  տեսած «Խավարի աչքերը» վեպում: Այս գիրքը ևս հրատարակման պահին գլխավորել է ամենաշատ վաճառված գրքերի ցանկը: Վեպը պատմում է մի մոր մասին, ում որդին առեղծվածային կերպով անհետանում է: Նա որդուն գտնելու  համար մեկնում է  Ուհան և այնտեղ փորձում է պարզել   իր որդին մահացել է, թե՝ դեռ ողջ է։

Վեպի հերոսուհու և  նրա ուղեկիցների հետ շատ դեպքեր են պատահում, իսկ պատմության վերջում վիրուսը սխալմամբ տարածվում  է ամենուր ու աղետներ է առաջացնում։

Այս գրքում կան մի քանի կարևոր կանխատեսումներ: Բայց վեպի ամենակարևոր իրադարձությունը, որի հետ այժմ բախվում է ամբողջ աշխարհը, կորոնավիրուսի բռնկումն է: Վիրուսի բռնկումից հետո տարբեր լրատվամիջոցներ գրեցին Դին Կունցի տարօրինակ կանխատեսման մասին, և ակնկալվում էր, որ նա պատասխաներ այդ հարցերին։ Այնուամենայնիվ, Կունցը դեռ լռում է: Նա միայն խոսում է իր վեպերի ու գրականության մասին։

Ներկայացնելով մի հատված «Խավարի աչքերը» վեպից, կավարտենք հաղորդումը:

 «Ուհան-400»-ն իդեալական զենք էր։ Այն ներգործում էր միայն մարդկանց վրա։ Ոչ մի այլ կենդանի արարած չի կարող լինել դրա կրողը։ Ինչպես և Սիֆիլիսը, Ուհան-400-ը մարդու օրգանիզմից դուրս չի կարող ապրել մեկ րոպեից ավելի, ինչը նշանակում է, որ այն չի կարող մշտապես վարակել օբյեկտներ կամ ամբողջական տարածքներ, ինչպես սիբիրախտը և այլ վտանգավոր հիվանդություններ։ Ուհան-400-ը մահանում է վարակակրի մահից մի փոքր ավելի ուշ, երբ մահացածի ջերմաստիճանը նվազում է 30 սանտիգրադից: Այս բոլոր առավելությունները մեկ զենքի մեջ շատ հետաքրքիր էին...»: