Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (54)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադարձ ենք կատարել Սադդամի ռեժիմի հանցագործություններին դիմակայելու հարցում Իմամ Խոմեյնիի արձագանքին:
Շարունակելով Իրաքի ռազմական մեքենան կանգնեցնելու և ռազմաճակատներում Իրանի առավելությունը պահպանելու համար իրականացվող ռազմական սահմանափակ օպերացիաների մասին մեր զրույցը նախորդ հաղորդման ընթացքում այդ շարքից խոսեցինք Վալֆաջր 4 ռազմական գործողության մասին: Սադդամը ռազմաճակատներում կրած պարտությունը և վնասները փորձում էր փոխարինել քաղաքների ու գյուղերի ռմբակոծությամբ: Սադդամի ռեժիմի կողմից Իրանի դեմ ամենաողբերգական հարձակումներից մեկի թիրախը դարձավ Բեհբահան քաղաքի մի դպրոց, որի հետևանքով զոհվեցին դպրոցի 95 աշակերտներ և 400 մարդ վիրավորվեց: Սադդամի կողմից խաղաղ քաղաքացիների սպանության տմարդի քայլերից հետո հանրության մոտ առաջանում էր պատասխան քայլի դիմելու ակնկալիքը: 1983թ. օգոստոսի 30-ին երկրի եռյակ իշխանությունների ղեկավարների և Իմամ Խոմեյնիի մասնակցությամբ Իմամի որդի Ահմեդ Խոմեյնիի բնակարանում տեղի ունեցավ մի ժողով, որի ընթացքում քննարկվեց Իրաքի կողմից բնակելի տարածքների վրա իրականացվող հարձակումները և դրանց արձագանքելու եղանակների թեման: Իմամը չընդունեց Իրանի կողմից Իրաքին դիմակայելու և այդ երկրի բնակելի տարածքների վրա հարձակում իրականացնելու տարբերակը: Իմամն ասաց, որ այդ քայլը շարիաթի և քաղաքականության առումներով սխալ քայլ է: Այս ժողովից հետո ժողովրդի հետ հանդիպմանն ունեցած ելույթում Իմամ Խոմեյնին ասաց.«Դուք պիտի ուշադրություն դարձնեք այն բանին, որ չլինի թե քաղաքների ռմբակոծությունից ու ձեր հարազատների սպանությունից հետո ինքներդ էլ բարկանաք ու մտածեք նույնպես վարվեք: Այս եղանակով դա Սադդամից վրեժ լուծել չի նշանակում: Դուք այժմ պետք է վրեժ լուծեք Սադդամից ու բաասական կուսակցությունից: Ուշադիր եղեք չլինի թե նույնիսկ մի փամփուշտ կրակեք դեպի սրանց քաղաքները: Նրանք քաղաքներ են, որ այնպես ինչպես մեր Բեհբահան քաղաքը ճնշված է, Բասրա քաղաքն էլ ճնշված է, Մանդլին էլ նույնպես: Բոլոր քաղաները ճնշված են: Սրանք բռնության են ենթարկվում: Մենք պետք է մինչև վերջ պահենք մարդկայնությունը: Մենք մարդկային կողմը մինչև նահատակություն և մինչև մահ պետք է պահպանենք և երբեք չզայրանանք, որ նա այդ գործն է անում, ուրեմն լավ է, որ մենք էլ նրանց քաղաքներից մեկը թիրախ դարձնենք: Ոչ երբեք այդպես չէ»:
Սա Իմամ Խոմեյնիի դիրքորոշումն էր Իրաքի կողմից Իրանի քաղաքների հրթիռակոծման անմարդկային քայլերին արձագանքելու վերաբերյալ, որ առնված է իսլամի ուսուցումներից: Իսլամ կրոնում նպատակը չի արդարացնում կիրառվող միջոցը: Միջոցը պետք է ծառայի մարդկային ու աստվածային ուսուցումներին: Սադդամի անմարդկային քայլերին դիմակայելու հարցում Իմամ Խոմեյնին ասել է.«Չափանիշները իսլամական չափանիշներն են: Այստեղ իսլամական հանրապետություն է: Այստեղ իսլամն է իշխում: Հետևաբար պետք է զգույշ լինեք ձեզանից, որ ուժ ունեք: Կառավարությունը ուժ ունի, ԻՀՊԿ-ն ուժ ունի, բանակն ու բասիջն էլ նույնպես: Սրանք, որ իշխանություն ունեն պետք է մարդկայնությունն ու իսլամականությունն ավելի պահպանեն: Այս իշխանությունը տեղին օգտագործեն: Անտեղի քայլեր չվկատարեն: Ես հուսով եմ, որ իսլամական ու մարդկային կողմը պահպանելով դուք օրինակ ծառայեք այն երկրների համար, որոնք այս խնդիրները ստեղծել ու ստեղծում են մեզ համար»: Բավական է Իմամ Խոմեյնիի այս վերաբերմունքը համեմատեք մարդկային իրավունքների հավակնորդ արևմտյան կառավարությունների երկակի մոտեցումների հետ: Իմամ Խոմեյնիի այս վարքագծի պատճառով էր, որ նրա ժողովրդականությունը ավելանում էր ոչ միայն Իրանում, այլև ողջ աշխարհում: Իմամ Խոմեյնին ռազմաճակատում էլ հավատարիմ էր մարդկային արժեքներին և համոզված էր, որ չնայած սա Իրանին պարտադրված պատերազմ է, սակայն ինքնապաշտպանության ժամանակ էլ պետք է արդար պատերազմ վարել ու պայքարել: Իրանին պարտադրված ութամյա պատերազմի տարբերություններից մեկը մարտի դաշտերում մարդկային և կրոնական արժեքների իշխումն էր։ Ռազմի դաշտ եկած բոլորին հմայում էր ասպետական ոգով պայքարող և բարոյական արժեքներին հավատարիմ հարյուր հազարավոր երիտասարդ կամավորների, ովքեր մարդասիրության և վերամբարձ բարոյական արժեքների խորհրդանիշն էին: Պատերազմի բնույթը բռնությունն ու մահն է: Բայց իրանցի երիտասարդները մարտի դաշտը դարձրել էին մարդկային ու բարոյական արժեքների ոգին ամրապնդելու վայր։ Այդ իսկ պատճառով այս ճանապարհով մահը համարվում էր նահատակություն և մեծ պատիվ, և նրանք միշտ փորձում էին ընդառաջ գնալ վտանգին և բաասական թշնամիների դեմ պայքարում լինել մարտական ընկերների առաջատարը։
Ռազմաճակատներում իր թուլությունը փոխարինելու համար Սադդամի ռեժիմը միայն չբավարարվեց քաղաքների ռմբակոծությամբ ու հրթիռակոծմամբ: Իրաքի բաասական բանակը փորձում էր թիրախ դարձնել Իրանի նավթատարները, նավերը, նավթի արտահանման տերմինալներն ու նավահանգիստները և այսպիսով, Իրանի արտահանումների ու ներմուծումների ընթացքը խոոչընդոտելով ճնշման տակ դնել ԻԻՀ-ին: Պատերազմի սկզբից Իրաքը հարձակվել է իրանական նավերի վրա, հատկապես՝ Իմամ Խոմեյնի նավահանգիստ մեկնող նավերի վրա։ Հարձակումներն իրականացվել են Ռաս ալ-Բիշեհում տեղակայված հրթիռային բազայի միջոցով, ինչպես նաև ուղղաթիռներով կամ Exocet հրթիռներով հագեցած ինքնաթիռներով։ Քանի որ Իրանի ներմուծման ամենամեծ նավահանգիստը գտնվում էր Մուսայի գետաբերանի վերջում, այլ ելք չկար, քան առևտրական նավերը տեղափոխել Իմամ Խոմեյնի նավահանգիստ: Խոցելիությունը նվազեցնելու նպատակով Իրանը ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի օգնությամբ իրականացրեց առևտրային նավերի պաշտպանությունը: Բայց քանի որ Իրաքը «Մետաքսի որդ» դասի հրթիռներ էր օգտագործում առևտրական նավերի վրա հարձակվելու համար, և այդ հրթիռներն արձակվում էին ափից դեպի Մուսա գետաբերանը, նավերի ուղեկցորդները սովորաբար չէին կարողանում կանգնեցնել այդ հարձակումները: Երկրներից մեկը, որը Սադդամի վարչակարգին տրամադրել է համապատասխան զինտեխնիկա՝ նավերի, տանկերների, նավահանգիստների ու նավթային տերմինալների ու նավթային հարթակների թիրախավորման համար, Ֆրանսիան էր։ Exocet հրթիռները և գերստանդարտ կործանիչները այն հայտնի սպառազինություններից էին, որ Ֆրանսիան տրամադրել էր Սադդամին: Այս երկիրը միշտ լավ հարաբերություններ է ունեցել Իրաքի հետ, իսկ պատերազմի ընթացքում քաղաքական, ռազմական, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտներում ընդլայնեց իր հարաբերությունները Իրաքի բաասական ռեժիմի հետ։ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի նախագահության օրոք հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ պարտադրված պատերազմի ժամանակ Ֆրանսիան Իրաքի բաասական ռեժիմին մեծ օգնություն է ցուցաբերվել։
Օրինակ 1983 թվականի փետրվարի սկզբին, Ֆրանսիան սկսեց վերապատրաստել մի շարք իրաքցի օդաչուների՝ գերստանդարտ ինքնաթիռներ այս երկրին տրամադրելու համար։ 1983 թվականի նոյեմբերին Ֆրանսիան Իրաքին հանձնեց այդ ինքնաթիռները և հարակից զինամթերքը, ներառյալ Exocet հրթիռները: 1983 թվականի ամռանը Ֆրանսիան նաև 60 Mirage F1-2000 ինքնաթիռ և չճշտված թվով Super Puma մարտական ուղղաթիռներ, լազերային ռումբեր, Exocet հականավային հրթիռներ և մի շարք Ռազիտ ռադարներ է մատակարարել իրաքյան բաասական բանակին: Զենքը մատակարարվել է 1,6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրով։ Կործանիչ ինքնաթիռների և կառավարվող հրթիռների փոխանցումը զգալիորեն մեծացրեց Իրաքի օդային ուժը Պարսից Ծոցում՝ Իրանի նավթային օբյեկտների դեմ պատերազմն ընդլայնելու համար: Այս քայլից հետո Իմամ Խոմեյնին պատերազմի երրորդ տարելիցի առիթով հղած ուղերձում ասել էր.«Այժմ, երբ Սադդամը ապտակ է ստացել Իսլամական Հանրապետության կողմից և ոչ մի հույս չունի հաղթելու համար՝ դիմել է Ֆրանսիայի կառավարությանը որպեսզի նրանց տրամադրած կործանարար զենքով հարված հասցնի Իրանի տնտեսական ռեսուրսներին և իր հանցագործություններին ավելացնի ևս մի քանիսը: Ես զգուշացնում եմ տարածաշրջանի բոլոր երկրներին և նավթն ինչ-որ կերպ օգտագործող երկրներին, որ Իրանի կառավարությունն իր ողջ ուժով կկանգնի այս հանցագործության դեմ և վճռական է որպեսզի նման հանցագործության իրականացման դեպքում ողջ ուժով փակի Հորմուզի նեղուցը և թույլ չտա, որ այնտեղից նույնիսկ մի կաթիլ նավթ արտահանվի։ Այս մեծ իրադարձության հետեւանքների պատասխանատուն Ֆրանսիայի կառավարությունն է»: