Մարտ 06, 2022 09:09 Asia/Tehran

Գունեղ և պատկերազարդ գրքերն այն գրքերն են, որոնք կարող են տեղեկատվություն փոխանցել պատկերների օգնությամբ՝ երբեմն փոքր տեքստով, երբեմն՝ առանց տեքստի։ Պատկերազարդ գրքում հեքիաթն ու պատկերները ներկայացնում են պատմությունը: Այս տեսակ գրքերում առաջին խոսքը վերապահված է պատկերին,նկարչությանը: Նկարներն  ավելի կարևոր են, քան տեքստը:

Վերջերս «Զարմանահրաշ ֆանտազիա համար 15» «Amazing Fantasy No. 15» գրքի վաճառքը, որում առաջին անգամ ներկայացվել  է «Սարդ-մարդը», սահմանել է երբևէ վաճառված ամենաթանկ կոմիքսների ռեկորդը:

Այս պատկերազարդ գիրքը   սեպտեմբերի սկզբին աճուրդում վաճառվել է 3 միլիոն 600 միլիոն դոլարով՝ գերազանցելով «Action Comics համար 1»- գրքի նախորդ ռեկորդը։

«Զարմանահրաշ ֆանտազիա համար  15» 10 էջանոց գրքում հեղինակը  ներկայացնում է Սարդ մարդու հորինված կերպարը,որի իրական անունը Փիթեր Փարքեր է: 

 

--- 

Պատկերազարդ գրքերը շատ սիրված են: Դրանք  գրավիչ են գրեթե ցանկացած տարիքային խմբի համար: Այժմ հպանցիկ հայացք նետենք ամենահայտնի  պատկերազարդ գրքերի պատմությանը: 

Հնագետները համոզված են, որ հայտնաբերել են  աշխարհի ամենահին պատկերազարդ գիրքը, որը համարվում է հին եգիպտական ​​ուղեցույցը՝ հանդերձյալ կյանքի համար:

Հին Եգիպտոսում մարդիկ համոզված էին, որ մարդկային կյանքի ավարտից հետո իրենց այլ բան է սպասվում։ Բայց նրանք պետք է իմանային, թե ինչպես ճամփորդել դեպի իրենց սպասող հանդերձյալ կյանքի աստծո՝ Օսիրիսի թագավորություն:

Օսիրիսը վերածննդի, բնության արտադրող ուժը մարմնավորող եգիպտական աստված է, անդրշիրիմյան աշխարհի արքա:

Այնտեղ հասնելը հեշտ չէր, և եգիպտացիները հավատում էին, որ պատկերազարդ գրքերը ինչ-որ կերպ կօգնեն իրենց այս ճանապարհորդության ժամանակ:

Այս պատկերազարդ գրքերը ժամանակակից գրքեր չէին, այլ պատկերներ և տեքստեր, որոնք   գրվում էին հին դագաղների վրա և առաջնորդում նոր մահացածներին: Նրանք անդրշիրիմյան կյանքը տեսնում էին որպես այլ հոգևոր վայր, որտեղ ճանապարհորդելու համար անհրաժեշտ էր մի ուղեցույց գիրք, որը կոչվում էր «Մահացածների գիրք»՝ Եգիպտական ​​Անդրաշխարհի կախարդական ուղեցույց, որը ներառում է անդրաշխարհի քարտեզները:

Փորձագետները նշում են, որ գրքի պատճենի մի հատված հայտնաբերվել է 2012 թվականին Դեյր ալ-Բարշայում իրականացված պեղումների ժամանակ, սակայն այն անտեսվել է հնագետների  և թալանվել  գողերի կողմից: Սակայն վերջերս այդ գրքերից մեկը հայտնաբերվել է սարկոֆագում (քարադագաղում): Հետազոտող խմբի ղեկավար բելգիացի  բժիշկ Հարկո Վիլեմսի խոսքերով, «Տեքստը, որը  մահացածներին պետք է առաջնորդեր դեպի աստվածների աշխարհ», տեղադրված էր դագաղում: Հայտնաբերված գերեզմանը պատկանում է մի կնոջ, թեև դագաղի տեքստը գրված է այնպես, կարծես ճանապարհորդը տղամարդ է եղել։

Մասնագետները կարծում են, որ սա 4000 տարվա պատմություն ունեցող ամենահին պատկերազարդ գիրքն է։ Այս գրքերը տարբեր են եղել յուրաքանչյուր մարդու համար՝ ըստ նրա հարստության և հասարակության մեջ ունեցած դիրքի: Գտածոյի տեքստը  արևի աստծո (Ra) մասին է, ով  պաշտպանված և կրակոտ օղակից անցնում է, որպեսզի հասնի Օսիրիսին, որը Հին Եգիպտոսի կրոնում համարվում էր  բերրիության, գյուղատնտեսության,  կյանքի, մահվան, մեռյալների, հարության, բուսականության ու կյանքի  աստվածը:

4000 տարվա պատմություն ունեցող ամենահին պատկերազարդ գիրքը 

 

---

Comic Strip-ը պատկերազարդ գրքերի մի տեսակ է, որը շատ սիրված է ամբողջ աշխարհում: 

Կոմիքս կամ ծաղրաշարը, պատկերների միջոցով ստեղծվող պատմություն է։ Կոմիքսները սովորաբար ստեղծում է երկու հոգուց բաղկացած թիմը, որի անդամներից մեկը գրում է պատմությունը,  մյուսը նկարազարդում այն: Եթե ​​նկատի ունենանք ժամանակակից նարատիվների նկարագրությունը, ապա պատկերազարդ պատմություններն իրենց ներկայիս տեսքով առաջին անգամ ձևավորվել են Եվրոպայում՝ տասնութերորդ դարում:

Կոմիքսները միջոց են՝ գաղափարները պատկերների միջոցով փոխանցելու համար  և սովորաբար դրանցում կիրառվում են խոսքի փուչիկները, ենթագրեր  և ձայնային էֆեկտներ՝ զրույցները, պատմությունները կամ այլ տեղեկությունները ցույց տալու համար:

Աշխարհի առաջին կոմիքսները կամ պատկերազարդ պատմությունները պատկանում են նախապատմական ժամանակաշրջանին և հայտնաբերվել են Ֆրանսիայի Լասկո քարանձավում։ Այս պատմություններում մի շարք պատկերներ օգտագործվել են ուղերձը փոխանցելու համար: Եգիպտական ​​տաճարների պատերին նույնպես պատկերված են առասպելական աստվածներ՝ մարդկային մարմիններով և արծիվների, շնագայլերի և այլ կենդանիների գլուխներով։

Կոմիքսներն ի սկզբանե  տպագրվում էին գումար վաստակելու նպատակով: Այն ժամանակ  հրատարակիչներն էժան թերթերում և ամսագրերում տպագրում էին դետեկտիվ պատմություններ՝  նկարելով պատկերների երկար շարք։  Յուրաքանչյուր պատկեր տեղադրվում էր վանդակի մեջ՝ որպեսզի ընթերցողը կարողանա ճիշտ հերթականությամբ կարդալ կոմիքսը։

ԱՄՆ-ում ապրող եվրոպացիներն ունեին ամեն ինչ, բացի պատմություն: Միացյալ Նահանգների նոր բնակիչները կոտորել էին բնիկ ամերիկացիներին,  ինչը նրանց համար պատվաբեր պատմություն  կերտելու հնարավորություն չէր տալիս։ Բոլոր այն ճգնաժամերում, որոնց բախվել է Միացյալ Նահանգները, միայն մի հարց էր գրավում  ամերիկացի գրողների ուշադրությունը՝ Միացյալ Նահանգները չունի պատմական որևէ իրադարձություն, առասպել կամ լեգենդ, որի օգնությամբ կարողանա  միավորել ժողովրդին:

Լասկո քարանձավ

--- 

Քսաներորդ դարում, երբ աշխարհը լավ վիճակում չէր, ԱՄՆ-ն ​​որոշեց ներդրումներ կատարել կոմիքսների վրա, ինչն այն ժամանակ գրականության նոր ձև էր: Կոմիքսների ոսկե դարաշրջանը սկսվեց 1930-ական թվականներին, երբ հայտնվեց կոմիքսների հերոս Սուպերմենը` կապույտ ու նռան գույնի զգեստով: 1930-ականներից մինչև 1950-ական թվականները կոմիքսների ոսկե դարն էր: Շատ հրատարակիչներ հասկացան, որ կոմիքսները կարող են լավ վաճառվել, և սկսվեցին կոմիքսների նախագծման աշխատանքները։

Ժամանակի ընթացքում, 1950-ականների վերջերին, կոմիքսների վաճառքը նվազեց ստեղծագործական ունակությունների բացակայության պատճառով: Սուպերմենը անընդհատ կրկնվում էր,  հրատարակիչները՝ հերթով սնանկանում։ Սակայն ի հայտ եկան նոր կերպարներ, և կոմիկական աշխարհը թևակոխեց արծաթե դար։ Կերպարներ, որոնք Սուպերմենի նման հայտնի չէին, սակայն փոխարենն ունեին երկակի մարդկային հատկանիշներ: 1970-ականներին կոմիքսների ամսագրերը որոշեցին հեռանալ երևակայական աշխարհից և զբաղվել  օրվա սոցիալ-քաղաքական խնդիրներով: Սա հանգեցրեց նրան, որ կոմիքսն ընդունվեց որպես արվեստ, և կոմիքսների աշխարհը մտավ բրոնզե դար:

Բրոնզե դարը լի է իրական աշխարհին զուգահեռ պատմվածքներով: Միևնույն ժամանակ գաղափարախոսների ուշադրությունը գրավեց գրականության այս ձևը, և ​​էկրան բարձրացավ առաջին կինոադապտացիան։ Առապելական Սուպերմենը թռավ կինոէկրանի վրայով։

Կոմիքսների ժամանակակից դարաշրջանը նույնպես սկսվել է 1990-ական թվականներին։  Այս մի քանի տասնամյակում կոմիքսների աշխարհում գրեթե նոր կերպարներ չեն ավելացել, բայց կոմիքսները բոլորին հայտնի են, և ստեղծագործությունների որակը լիովին բարձրացել է։

 

---

Այսօր կոմիքսների ամբողջ աշխարհը հայտնի է երկու մրցակից ընկերությունների՝ Marvel-ի և DC-ի անուններով։

DC-ն  կոմիքսների առաջին  ընկերությունն է, որն իր գործունեությունն սկսել է 1934 թվականին։ 

«DC» հապավումն առաջացել է ընկերության հայտնի «Դետեկտիվ կոմիքսներ» (Detective Comics) շարքի անվանումից, որտեղ առաջին անգամ հայտնվում է Բեթմենը։

Մինչ ոսկե դարը և առասպելական Սուպերմենի ստեղծումը, ընկերությունը հրապարակում էր դետեկտիվ պատմություններ։ Ընկերության նախագծած ամենակարևոր կերպարներն են   Սուպերմենը, Բեթմենը, Կատու-կինը, Ջոկերը, Ակվամենը, Ֆլեշը,  Կանաչ լապտերը և այլն։

Ընկերության հերոսներն առանց թերությունների ու մարդկային սխալների ուշադրությունների կենտրոնում էին։ Այդ հերոսները իրենք չէին որոշում լինել հերոս։

---

Marvel ընկերությունը  հիմնադրվել է 1939 թվականին Timley անվամբ, այնուհետև  իր գործունեությունը շարունակել է Marvel Worldwide  անվամբ։ Ընկերության ամենահայտնի հերոսներն են Երկաթե մարդը, Կապիտան Ամերիկա,Սև այրի,Հալկ, Կապիտան Մարվել և այլն։  Երբ Հիտլերը ուժեղացավ   Երկրորդ համաշխարհային պատերազմում,  Marvel ընկերությունը հրապարակելով «Կապիտան Ամերիկա» կատակերգական գիրքը,մեծ համբավ ու հզորություն ձեռք բերեց։

Կապիտան Ամերիկան միտումնավոր ստեղծված հայրենասեր կերպար է։ Նրան հաճախ նկարագրել են, որպես ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարող կերպար, ով պատմության մեջ սպանում է  Հիտլերին։

Կոմիքսների բովանդակությունը, ըստ էության, զավեշտալի  է։ Առաջին կոմիքսները ներառում էին այնպիսի հերոսների զվարճալի և արկածային պատմությունները, ինչպիսիք են Բակ Ռոջերսը, Տարզանը և Թենթենը: Իհարկե, կոմիքս անվանումը ​​կապված է նրանց պատմության հետ։ Այժմ, չնայած դիզայնի, թեմայի, կոմպոզիցիայի, տեսանկյունների ընտրության և այլ զավեշտական ​​տարրերի հիմնական փոփոխություններին, այս արվեստը շատ է տարբերվում իր անցյալից, և հումորը կիրառվում է միայն դրա որոշակի ճյուղում:

Կոմիքսների տեսակներն են՝ օրաթերթերի կոմիքսները, ամսագրերի կոմիքսները, ինքնակենսագրական կոմիքսները և  ֆիլմերի թեմաներից վերցված կոմիքսները։ Վաղ շրջանում  կոմիքսներում տղայական մթնոլորտ էր տիրում: Գլխավոր հերոսները տղամարդիկ էին, իսկ կին հերոսները ստեղծված էին զվարճանալու կամ կոմիքսն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Տասնամյակներ անց ընկերությունները աստիճանաբար որոշեցին ստեղծել ուժեղ կանայք, ովքեր կպայքարեն անարդարության դեմ և ցույց կտան ֆեմինիստական ​​գաղափարների ազդեցությունն իրենց ստեղծագործություններում:

«Թենթենի արկածները» ամենահայտնի կոմիքսներից է, որը թարգմանվել է ավելի քան 70 լեզուներով և վաճառվել միլիոնավոր հատորներով, որոնց հիման վրա նկարահանվել են անիմացիաներ և ֆիլմեր։

Թենթենի արկածները

 

Այսօրվա հաղորդումը կավարտենք մեկ լուրով։ 

Ֆրանսիայի  Անգուլեմ քաղաքում է գտնվում   պատկերազարդ գրքերի միջազգային ավանը, որն արդյունաբերական և առևտրային բնույթի մշակութային կենտրոն է: Կենտրոնի շնորհիվ, կոմիքսը ճանաչվել է որպես 9-րդ արվեստ։ Այս ավանն ունի տարբեր բաժիններ՝ պատկերազարդ գրքերի թանգարան, գրադարան, արվեստի պատկերասրահներ, փաստաթղթերի կենտրոն, միջազգային արվեստագետների նստավայր,  գրախանութ, կինոթատրոն և կոնֆերանսների կենտրոն:

Անգուլեմում այս ավանի հիմնադրելու  սկզբնական դրդապատաճռը եղել է «Կոմիքսների միջազգային փառատոն»-ի անցկացման մշտական վայր ունենալը։ Համալիրը գործում է 1974 թվականից և այսօր դարձել է պատկերազարդ գրքերի աշխարհի ամենակարևոր փառատոնի վայրը։ Կոմիքսների միջազգային ավանի տնօրենն ասում է. «Այս ավանի գրադարանում հանրությանը հասանելի է 48 հազար պատկերազարդ գիրք: Իսկ  պատկերազարդ գրքերի միջազգային փառատոնի անցկացման շնորհիվ, 2019 թվականին Անգուլեմը հռչակվել  է որպես «ստեղծագործ քաղաք»։

Պիտակ