ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը (1)
Հանուն Աստծու: Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ։ Ներկայացնում ենք «ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը» հաղորդաշարի առաջին թողարկումը։ Առաջիկա մի քանի հաղորդումներում կփորձենք բացատրել դեղերի էմբարգոն և դեղերի հասանելիության իրավունքի հարցը ըստ մարդու միջազգային իրավունքների և մարդասիրական իրավունքների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնադրությունների:Հաղորդաշարի առաջին համարում կներկայացնենք դեղորայքին հասանելիության իրավունքը միջազգային կանոններում:
Անկասկած, դեղամիջոցներին հասանելիությունը մարդու անքակտելի իրավունքներից է, քանի որ այն ազդում է մարդու ողջ էության վրա: Իհարկե, մարդու իրավունքների կոնվենցիաներում դեղերին հասանելիության իրավունքը հատուկ նշված չէ, և, հետևաբար, գոյություն ունեցող հայեցակարգերն ու թեմաները պետք է օգտագործվեն այս հարցն ապացուցելու համար։ Մարդու իրավունքները վերաբերում են այն իրավունքներին, որոնք կապված են մարդու էության հետ և, հետևաբար, չեն կարող փոխանցվել կամ չեղարկվել և չեն կարող անջատվել մարդու էությունից և նրա արժանապատվությունից: Նաև մարդու իրավունքները համընդհանուր են և չեն սահմանափակվում աշխարհագրական սահմաններով, ազգությամբ, ժամանակով, վայրով և ռասայով: Այս իրավունքները ներհատուկ են և երբեք կարիք չկա, որ նշված իրավունքները ճանաչվեն կառավարությունների կամ որևէ այլ իրավական համակարգի կողմից, քանի որ մարդու իրավունքների ճանաչման պահանջը իջեցնում է այդ իրավունքների արժեքը օրինական իրավունքների մակարդակի և կառավարությանը վերածում է մարդկային իրավունքների աղբյուրի և հանգեցնում դրանց ժխտմանը:
Առողջության իրավունքի և մարդու առողջության վրա հիվանդությունների զգալի հետևանքների կարևորությունն այնքանով է, որ այդ իրավունքի խախտումը համարվում է միջազգային անվտանգության խախտում, և չնայած որ դեղերին հասանելիության իրավունքը անկախ և բացահայտորեն նշված չէ միջազգային փաստաթղթերում, սակայն այն համարվում է հիմնարար իրավունք և առողջության իրավունքի իրացման հիմնական տարրերից մեկը։ Ելնելով դեղորայքի հասանելիության իրավունքից՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի օգտվելու հիմնական դեղամիջոցներից, ինչպիսիք են պատվաստանյութերը, հակաբիոտիկները, պարկուճները և ներարկային և ուտելի լուծույթները ցանկացած ժամանակ և վայրում, երբ նա հիվանդ է: Դեղամիջոցները կարևոր դեր են խաղում համավարակային, էնդեմիկ և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման, բուժման և վերահսկման գործում և այս առումով համարվում են առողջության իրավունքի իրացման կարևոր գործոն։
Անկասկած, առողջապահությունը անհրաժեշտ է, և այդ հնարավորություններն ունենալը կարևոր տարր է առողջության իրավունքի իրացման համար, և երբ խոսվում է առողջության մասին, առաջին և ամենահիմնական հայեցակարգը, որ առաջանում է մտքում, դա առողջապահական խնամքի և առողջապահական կենտրոնների հասանելիությունն է: Առողջության հետ կապված՝ պետք է տարբերակել «առողջ լինելու իրավունք» և «առողջության իրավունք» հասկացությունները։ Առողջության իրավունքը չի նշանակում առողջ լինելու իրավունք: Առողջ լինելը ենթադրում է հիվանդության բացակայություն, սակայն առողջության իրավունքը վեր է զուտ հիվանդության բացակայությունից և ունի տարբեր ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական հարթություններ: Դա իրավունք է, որը պահանջում է հավասար հնարավորություններ բոլորի համար, որպեսզի նրանք կարողանան օգտվել սույն չափորոշիչը կատարելու համար անհրաժեշտ հարմարություններից, դյուրություններից, ծառայություններից և պայմաններից:
Առողջության իրավունքի բաղադրիչներից մեկն այն է, որ այն համընդհանուր իրավունք է։ Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք առողջության մասին, առաջին և ամենահիմնական հայեցակարգը, որը առաջանում է մտքում, առողջապահական խնամքի և առողջապահական կենտրոնների հասանելիությունն է: Անկասկած, առողջության առաջնային և անհրաժեշտ խնամքը և այդ հնարավորություններն ունենալը կարևոր տարր են առողջության իրավունքի իրացման համար, սակայն դրանցից բացի կան նաև այլ տարրեր, որոնք կոչվում են «առողջության որոշիչ հիմքեր»: Այս հիմքերից կարելի է նշել բավարար և ուժեղ սնունդը, առողջ և մաքուր միջավայրը, անվնաս և առողջ խմելու ջուրը, անվտանգ աշխատանքային միջավայրը և հիմնական դեղերին հասանելիությունը։
Ըստ ասվածի՝ առողջության իրավունքը որպես բնածին իրավունք նշանակում է, որ յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան առողջության ամենաբարձր չափանիշներին հասնելիության իրավունք, և այդ իրավունքը ներառում է բոլոր բժշկական ծառայությունները, հանրային առողջությունը, համարժեք սնունդը, հարմար բնակարանը և աշխատանքային պայմանները և առողջ ու մաքուր կենսոլորտը։ Առողջության տարբեր հարթությունների առկայությունը, առողջության հետ կապված տարբեր ոլորտները և դրա վրա ազդող տարբեր գործոնները դժվարացրել են նշված իրավունքի սահմանումը։
Առողջ կյանք ապահովելու համար կառավարություններից պահանջվում է միջոցներ ձեռնարկել բոլոր ոլորտներում, այդ պարտավորություններից մի քանիսը պահանջում են անհապաղ միջոցներ, իսկ մյուսները պետք է կատարվեն ժամանակի ընթացքում:
*******
Ընդհանուր առմամբ, եթե ուզում ենք նշել առողջության իրավունքի բաղադրիչները, ապա պետք է նշել չորս հիմնական բաղադրիչ: Նախ այն որ առողջության իրավունքը համընդհանուր իրավունք է։ Երկրորդ՝ Առողջության իրավունքը ներառում է մի շարք ազատություններ, այս իմաստով, ազատությունը նշանակում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի հարկադիր բժշկական թեստերի կամ բուժման առանց նրա համաձայնության: Առողջության իրավունքի երրորդ բաղադրիչը ներառում է անհատական իրավունքները: Մարդիկ իրավունք ունեն ապրելու առողջ և ապահով միջավայրում և հասարակությունում, քանի որ առողջ կենսամիջավայրը և առողջ հասարակությունը մարդու աճի անհրաժեշտություններից են: Կառավարությունները պատասխանատու են հնարավորինս առողջ միջավայր ապահովելու համար, որպեսզի իրենց քաղաքացիները կարողանան առողջ և բարեկեցիկ կյանք ունենալ նման միջավայրում:
Առողջության իրավունքի չորրորդ և վերջին բաղադրիչը առողջապահական հաստատությունների և ծառայությունների պատշաճ և արդար բաշխման ժամանակ խտրականության և արդարության սկզբունքի պահպանումն է, ինչը կարևոր դեր է խաղում առողջության ավելի բարձր մակարդակի հասնելու գործում։ Խտրականության արգելման սկզբունքը մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմնարար սկզբունքներից է, և ինչպես նշված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (1966թ.) 2-րդ հոդվածում, անդամ երկրները պետք է առանց որևէ խտրականության բոլորի համար, երաշխավորեն դաշնագրում նշված իրավունքները։
Առողջության ամենաբարձր չափանիշների իրավունքի հարցով նախկին զեկուցող Փոլ Հանթը Մարդու իրավունքների խորհրդին ուղղված իր զեկույցում նշել է, որ «առողջության իրավունքի ծանրության կենտրոնում է առողջապահական համակարգը, որը բաղկացած է 6 արդյունավետ և ինտեգրված տարրերից, որոնցում ներառվում են առողջապահությունը և առողջության հիմնական տարրերը։ Այս տարրերն են՝ 1-առողջապահական ծառայություններ, 2-մասնագիտացված աշխատուժ, 3-առողջապահական և բուժման տեղեկատվական համակարգ, 4-դեղագործական արտադրանք, 5-առողջապահական ոլորտի ֆինանսավորում և 6-կառավարում, ղեկավարություն և վերահսկողություն: Առանց նման համակարգի, չի հաջողվի հասնել առողջության ամենաբարձր մակարդակին:
Այս տեսանկյունից, դեղերի նկատմամբ պատժամիջոցները, լինեն ուղղակի կամ ֆինանսական, որոնք հանգեցնում են դեղերի գնման անհնարինությանը և, հետևաբար, դեղերի հասանելիության բացակայությանը, մարդու իրավունքների խախտում են և, առաջին հերթին, առողջության իրավունքի խախտում: Այնպես որ Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների հետևանքով որոշ հիվանդների, այդ թվում՝ թիթեռ հիվանդությամբ տառապողների համար դեղերը դարձել են անհասանելի։
Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր այս հաղորդման եթերաժամը, հաջորդ հաղորդման ընթացքում կքննարկենք պատժամիջոցները և առողջապահության ու բուժման ոլորտների և իրանցիների առողջության վրա դրանց թողած ազդեցությունը: