Ընտելանանք (39)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:
Նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք կնոջ կամ ամուսնու հասցեին հնչող քննադատությունները: Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք առցանց հաղորդակցության սկզբունքներին ու ձևերին։
Ներկայումս ինտերնետի միջոցով աշխատանքի հետ կապված հաղորդակցման հարթակներն այնքան են աճել, որ մարդիկ շփոթվում են, և շատ ժամանակ են վատնում հաղորդագրությունները ստուգելու և դրանց արձագանքելու հարցում: Այնպես որ մարդիկ ձգտում են կարգավորել առցանց հաղորդակցություններում իրենց խնդիրները և անհրաժեշտություն են զգում իմանալ առցանց հաղորդակցության սկզբունքները:

Վիրտուալ հաղորդակցության համար օգտագործված առաջին գործիքը էլեկտրոնային փոստն էր: Էլեկտրոնային փոստը զանգվածաբար մուտք գործեց աշխատավայր 1990-ականներին և արդյունավետ միջոց էր մերձավոր և հեռու մարդկանց հետ շփվելու համար, և այն բերեց բազմաթիվ օգուտներ: Համացանցի ընդլայնման և կայունության հետ միաժամանակ, կապի այս գործիքի օգտագործումը մեծացավ, և դրա ուժը դարձավ թույլ կողմ: Հաղորդագրությունների հեղեղը շատ մեծ էր և աշխատանքային միջավայրում սպասում էին, որ դուք ավելի արագ շատ հաղորդագրությունների կպատասխանեք։ Հավանաբար մարդկանց ավելի արձագանքող լինելու ցանկությունը բավարարելու համար ակնթարթային հաղորդագրություններն ի հայտ եկան 2000-ականների սկզբին՝ որպես աշխատակիցների առցանց հաղորդակցության երկրորդ մեթոդ, և այսօր տարածվել է ամենուր: SMS հաղորդագրությունը և հեռախոսազանգը, ևս տարածված են եղել հաղորդակցության ոլորտում։
COVID-19 վիրուսի տարածումից հետո առցանց հաղորդակցության անհրաժեշտությունն ավելի ու ավելի էր զգացվում և գրասենյակային շատ աշխատողների դրդեց հեռավար աշխատելու։ Ներկայումս ֆիզիկական շփման պակասներից շատերը փոխհատուցվում են առցանց հաղորդակցության բոլոր ձևերով: Թեև այս խնդիրն ունի առավելություններ և օգնում է մարդկանց հեշտացնել անցումը, այն նաև խորացնում է ավելորդ հաղորդակցության մարտահրավերները, որոնք ներկայումս ազդում են աշխատանքային միջավայրերի մեծ մասի վրա:
Առցանց հաղորդակցությունը մեզ ստիպել է ընկերներ գտնել ամբողջ աշխարհում, ինչպես նաև դրա միջոցով կատարել մեր շատ գործերը՝ լինի դա գրասենյակային, ընկերական կամ ընտանեկան, ավելի արագ և քիչ ժամանակ վատնելով: Այսպիսով, առցանց հաղորդակցությունը կարող է շատ ոգևորիչ լինել: Միևնույն ժամանակ, եթե մենք չգիտենք առցանց հաղորդակցության վարվելակարգը, կարող ենք թյուրիմացության կամ դժվարության մեջ ընկնել: Նման խնդիրների չբախվելու համար ստորև մենք կանդրադառնանք սոցիալական վարվելակարգը և առցանց հաղորդակցության սկզբունքներն ու ձևերն ավելի լավ հասկանալու ուղիներին:
Նախ՝ աշխատեք զգույշ լինել բառերի ընտրության հարցում՝ արդյունավետ և հստակ հաղորդակցվելու համար: Ցանկացած շփման ժամանակ աշխատեք հստակ խոսել, որպեսզի մյուս կողմը սխալ չհասկանա։ Նախքան ուղարկելու կոճակը սեղմելը, նորից կարդացեք ձեր հաղորդագրությունը և հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք ես որևէ ավելորդ կամ ոչ-անհրաժեշտ բան եմ ասել: Ասե՞լ եմ այն ամենը, ինչ ուզում էի ասել: Միտքս պա՞րզ է: Խոսքերս շփոթեցնող կամ տարօրինակ չե՞ն: Խոսքերս թյուրիմացություն չե՞ն առաջացնում:
Քանի որ դեմ առ դեմ շփման ժամանակ մարմնի լեզուն և ձեռքի շարժումները օգնում են փոխանցել իմաստը: Բայց առցանց և տեքստային հաղորդակցության մեջ դիմացինը կարող է միայն ձեր խոսքերից հաղորդագրություն վերցնել, ուստի զգույշ եղեք կատակ անելիս։ Քանի որ նույնիսկ եթե կատակն ակնհայտ է ձեզ համար, դիմացինը կարող է ձեր կատակը լուրջ ընդունել։ Զրուցելու ժամանակ մի մոռացեք, որ մյուս կողմը նույնպես մարդ է։
Եթե ձեր առցանց ընկերը վշտացնում է ձեզ, պատասխանելուց առաջ սպասեք մի քանի րոպե: Զգույշ եղեք, որ չվիրավորեք նրան կամ հապճեպ դատողություններ չանեք։ Եթե համաձայն չեք առցանց ընկերոջ կարծիքի հետ, նրա կարծիքը վիրավորելու փոխարեն ասեք, որ այլ կարծիք ունեք։ Բացի այդ, եթե ձեր հաղորդագրությունը լի է տպագրական, ուղղագրական և քերականական սխալներով, մյուս կողմը կարող է ձեզ լուրջ չընդունել: Բացի այդ, տառասխալները դժվարացնում են ձեր հաղորդագրությունը կարդալն ու հասկանալը: Ուշադիր կարդացեք ձեր հաղորդագրությունը՝ ուղարկելու կոճակը սեղմելուց առաջ:
Փորձեք շատ ծանոթ արտահայտությունների փոխարեն օգտագործել ճիշտ և ամբողջական նախադասություններ: Իհարկե, շատ մտերիմ ընկերների դեպքում պետք չէ դա դիտարկել. Բայց անծանոթների հետ զրույցում օգտագործեք բառի կամ նախադասության ամբողջական ձևը: Եթե դուք զրուցում եք ձեր ուսուցչի կամ գործատուի հետ, ապա ավելի լավ է խուսափեք օգտագործել խոսակցական նախադասություններ, ինչպիսիք են «Չեմ կարծում, շեֆ»և նման արտահայտություններ: Նաև խմբերում հաղորդագրություններ ուղարկելուց առաջ կարդացեք ֆորումի կամ խմբի կանոնները և ուշադրություն դարձրեք խմբի անդամների փոխազդեցությանը, որպեսզի հասկանաք անդամների հարաբերությունների մակարդակը: Գովազդի արգելվածությունը, միմյանց նկատմամբ հարգանքը, անբարոյական բովանդակություն ուղարկելու արգելքը, անդամներին անհանգստացնելու դեպքում հեռացնելը, ռասիստական և վիրավորական արտահայտությունների արգելումը խմբերի ընդհանուր կանոններից են։

Մարդիկ սիրում են լինել առաջինը, ով հրապարակում է հետաքրքիր, հուզիչ և սարսափելի նորություններ և բովանդակություն։ Այնուամենայնիվ, այս լուրերից և բովանդակություններից շատերը չեն համապատասխանում իրականությանը: Առցանց միջավայրերում կեղծ լուրերի և բովանդակության տարածումը երբեմն անուղղելի վնաս է հասցնում հասարակության մշակութային և հոգեբանական մարմնին: Այսպիսով, համոզվեք, որ լուրը ճիշտ է, նախքան այն հրապարակելը:
Համապատասխան հաղորդակցման գործիք օգտագործելը ևս մեկ սկզբունք և կանոն է, որը պետք է պահպանվի առցանց հաղորդակցության մեջ: Այսպիսով, օգտագործեք էլփոստը, երբ ցանկանում եք պաշտոնական երկար հաղորդագրություններ ուղարկել: Եթե ցանկանում եք մի քանի նախադասությունից բաղկացած կարճ զրույց ունենալ, օգտագործեք մեսենջերներ: Մեսենջերները թույլ են տալիս արագ հարաբերություններ հաստատել ձեր զուգընկերոջ հետ: Բացի այդ, դրանք այնքան էլ ժամանակատար չեն և օգնում են շատ արագ զրույց ձևավորել։ Քանի որ մեսենջերները թույլ են տալիս աուդիո և տեսազանգեր կատարել ձեր կոնտակտների հետ, դուք կարող եք օգտագործել այս գործիքը ավելի երկար խոսակցությունների համար:Տեսազանգ անելուց առաջ մյուս կողմից թույլտվություն ստացեք և համակարգեք: Առանց նախնական պայմանավորվածության որևէ մեկին տեսազանգ անելը քաղաքավարությունից հեռու է:
Ավելի ընդհանուր քննարկումների համար կարող եք գնալ չաթի խմբեր: Ձեր հետաքրքրություններով և ճաշակով մարդկանց գտնելու համար կարող եք օգտագործել հավելվածներ, որոնք թույլ են տալիս խմբային զրույց վարել: Որոշ կայքեր ունեն նաև ֆորումներ, որտեղ դուք կարող եք մասնակցել ձեր նախընտրած քննարկումներին և հետևել քննարկմանը:
Երբ դուք ինչ-որ բան եք տեղադրում ինտերնետում, հավանական է, որ ձեր գրառումը կհասնի մարդկանց, որ չէիք ցանկանա ընդհանրապես նրանք տեսնեն դա: Հնարավոր է, որ վիրտուալ տարածքում ձեր հրապարակած խոսքերն ու կարծիքները ի վերջո հասնեն ձեր ընտանիքի, ընկերոջ, ծանոթի, գործընկերոջ կամ նույնիսկ ձեր գործատուի ականջին։ Ինտերնետում որևէ հաղորդագրություն տեղադրելուց առաջ հաշվի առեք այն կանոնը, որ երբեք չպետք է համացանցում տեղադրեք որևէ բան, որը չէիք ցանկանա ցուցադրել հանրությանը:

Նաև զգույշ եղեք այն փաստից, որ նույնիսկ անձնական տարածքներում, ինչպիսիք են ձեր փակ և անձնական էջերը, ձեր տեղեկությունները կարող են արտահոսել: Օրինակ, ձեր անձնական էջի անդամը կարող է սքրինշոթ անել այն լուսանկարից, որը կիսվել եք միայն ընկերների մերձավոր շրջապատի հետ և տեղադրել այն այլ տեղ: Մեսսենջերներն ու սոցիալական ցանցերն ունեն մի գործառույթ, որը թույլ է տալիս սահմանափակել մարդկանց, ովքեր կարող են տեսնել ձեր հաղորդագրությունն ու գրառումը: Օրինակ, դուք կարող եք ուղարկել ձեր սթորիները միայն որոշակի մարդկանց:
Զգույշ եղեք, որպեսզի գաղտնաբառերը, բանկային տեղեկությունները և այլ զգայուն տեղեկություններ չուղարկեք մեսենջեր հավելվածների և էլ. փոստի միջոցով: Բացի այդ, եթե ինչ-որ մեկը կիսվում է ձեզ հետ լուսանկարով կամ հաղորդագրությունով, դա չի նշանակում, որ ամբողջ համացանցը պատրաստ է իմանալ այդ մասին: Որպես նախազգուշական միջոց, համոզվեք, որ թույլտվություն ստանաք բովանդակության սեփականատիրոջից՝ նախքան ձեզ հետ համօգտագործված բովանդակությունը վերահրապարակելը: Առանց նրանց թույլտվության որևէ մեկի կոնտակտային տվյալները մի տվեք մեկ ուրիշին: Նաև առանց թույլտվության մի կիսվեք ընկերոջ անձնական լուսանկարներով և հուշերով:
Խուսափեք սոցիալական ցանցերում վիճելուց և որևէ թեմայի քննարկումից։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մարդիկ չեն համարձակվում դեմ առ դեմ քննարկել և նախընտրում են այսպես խոսել: Եթե դա կարևոր խնդիր է, նախընտրելի է, որ դուք պետք է խոսեք միմյանց հետ դեմ առ դեմ և արտահայտեք ձեր տարբերությունները վիրտուալ ցանցերից դուրս գտնվող տարածքում: Մեկ այլ կարևոր խնդիր, որը պետք է հաշվի առնել, այն է, որ չպետք է խզել կապերը ուրիշների հետ սոցիալական ցանցերում։ Շատերն ավարտում են հարաբերությունները՝ հեշտությամբ և առանց որևէ խոսակցության արգելափակելով դիմացինին։ Սա դեմ է քաղաքավարությանն ու հարգանքին ու դիմացինի մոտ երկար ժամանակ տհաճ զգացողություն է առաջացնում։ Իհարկե, երբեմն այլ բան չի մնում, քան դա անել:
Նաև աշխատեք որևէ մեկին չավելացնել խմբին առանց թույլտվության: Առանց թույլտվության մի՛ դիմեք մարդկանց ուղիղ հաղորդագրություններին: Մի՛ ենթարկեք միմյանց քննադատության և կեղծ դատողությունների։ Մի վիրավորեք ուրիշներին և ամենակարևորը անձնական հարցեր մի տվեք ուրիշներին, հատկապես անծանոթներին: Յուրաքանչյուր սոցիալական ցանցում, որին միանում եք, գրեք ձեր իրական անունը, որպեսզի մյուսները հստակ իմանան, թե ում հետ գործ ունեն: Մարդիկ, ովքեր մուտք են գործում կեղծ կամ տարօրինակ անուններով, ամենևին էլ վստահելի չեն:
Եվ վերջապես, առցանց հաղորդակցության կատեգորիան շատ դինամիկ է, և դրա վերաբերյալ կանոնները անընդհատ փոխվում են։ Այնուամենայնիվ, այն, ինչ ասվեց այս հաղորդման մեջ, առողջ և արդյունավետ առցանց հաղորդակցության գլխավոր հիմքերն են։ Թափանցիկությունը, համապատասխան գործիքները և անվտանգությունը կարող են լինել ձեր ճանապարհային քարտեզը՝ առցանց հաղորդակցվելու համար:
Բարեկամներ մինչ նոր հանդիպում եթերում, մաղթում ենք ձեզ լավագույնը: