Պատումների պատերազմ(2)
https://parstoday.ir/hy/radio/world-i198144-Պատումների_պատերազմ(2)
Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Պատումների (նարատիվների) պատերազմ» հաղորդաշարի հերթական հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք ԶԼՄ-ների դերին՝ կեղծ լուրերի տարածման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2023 09:23 Asia/Tehran

Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Պատումների (նարատիվների) պատերազմ» հաղորդաշարի հերթական հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք ԶԼՄ-ների դերին՝ կեղծ լուրերի տարածման գործում:

Լրատվամիջոցները կարևոր դեր ունեն հանրային կարծիքի վերահսկման և ուղղորդման հարցում: Լրատվամիջոցները փորձում են հանրային կարծիքը շեղել այն ուղղությամբ, որը ձեռնտու է իրենց քաղաքականությունը մշակողներին: Նման օրինակներ կարելի է տեսնել արևմտյան ԶԼՄ-ներում: Տարիներ շարունակ արևմտյան մեդիան օգտագործում է տարբեր մարտավարություններ՝ լրատվության միջոցով հասարակության կարծիքն իր նախընտրած ուղղությամբ փոխելու համար: Ուստի, չնայած այն հանգամանքին, որ այսօր արևմտյան լրատվամիջոցներում մենք հազվադեպ ենք հանդիպում ճշգրիտ և փաստագրված լուրերի՝ հիմնված հավաստի վիճակագրության և թվերի վրա,  հասարակական կարծիքը հակված է հավատալ դրանց:

Սակայն կարծես թե չնայած արևմտյան ԶԼՄ-ների տարիներ շարունակվող քարոզչությանը և չնայած ճանաչողական գիտությունների ոլորտում տեխնոլոգիաների անընդհատ աճող առաջընթացին, այս լրատվամիջոցների գլոբալ լսարանի դատողության և վերլուծության կարողությունը նվազել է:

Արևմտյան լրատվամիջոցների տարածած ամենափոքր կեղծ լուրն անգամ, ունկնդիրների կողմից ընդունվում է որպես ճշմարտություն, ինչը մտահոգում է փորձագետներին:

New York Times-ի վերլուծաբան Էլիզաբեթ Ուիլյամսոնի կարծիքով. «Այս օրերին գոյանում է բնական մի պտույտ: Կեծղ լուրերը, հատկապես համացանցում,  շփոթեցնում են մարդկանց: Այս կառույցի զոհը դարձած մարդկանց համար ճշմարտությունն իմանալու շրջանն ավարտվել է»:

Լրատվության մեջ հատկապես քաղաքական ոլորտի վերաբերյալ կեղծ լուրերը տարածվում են շատ ավելի արագ, քանի փաստերը: Կեղծ քաղաքական լուրերի ազդեցությունը շատ ավելի ուժեղ է, քան բնական աղետների, գիտական ​​խնդիրների կամ քրեական գործերի հետ կապված կեղծ լուրերի ազդեցությունը։ Science ամսագրի կողմից 2018թ իրականացված գիտական հետազոտությունը պարզում է, որ այս պնդումները համապատասխանում են իրականությանը: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են 2008-2017թթ արված թվիթները: Հետազտության արդյունքում պարզվել է նաև, որ կեղծ լուրերն ընթերցողները երբեք չեն հետևում դրանք հերքող լուրերին: Եթե ձևակերպենք ավելի պարզ, ապա եթե ենթադրենք, որ Twitter-ի նման սոցիալական ցանցերը նման են փողոցի, ապա դրանցում կեղծ լուրերը շարժվում են շքեղ մեքենայի պես, իսկ հերքումները՝ ջարդոնի համար նախատեսված մեքենաների նման։ Եվ ակնհայտ է, թե դրանցից որ մեկը կհայտնվի օգտատերերի ուշադրության կենտրոնում:  

Նույն հետազոտության արդյունքում պարզվել է, որ ընթերցողին հասնելու համար ճշմարտությանը անհրաժեշտ է 6 անգամ ավելի շատ ժամանակ, քան կեղծիքին: Մեծ թվով օգտատերեր չեն կարողանում տարբերել կեղծ և իրական լուրերը և չնայած տվյալների մեծ քանակությանն ի վիճակի չեն ստուգել տվյալ լուրի ճշմարտացիությունը: Եվ անգամ միայն պաշտոնական լրահոսին հետևելը չի կարող օգնել այս հարցում, քանի որ պաշտոնական լրատվական գործակալությունները նույնպես կարող են տարածել կեղծ լուրեր:

....

2011թ. հունվարին Սիրիայի հասարակության մեջ կայծակնային արագությամբ տարածվեց ու զայրույթի մեծ ալիք բարձրացրեց երկրի կառավարության դեմ ուղված կարգախոսներ գրող ուսանողների ու կառավարական ուժերի միջև բախումների մասին լուրը: Al Jazeera-ն ոչ պրոֆեսիոնալ քայլի դիմելով, հեռարձակեց հարցազրույց, որի իսկությունը կասկածելի էր: Լուրը հիմնված էր այն պնդման վրա, թե մի քաղաքացի զանգահարել է գործակալություն և ասել. «Դամասկոսի հարավում գտնվող Դարաա քաղաքում ձերբակալվել են 10-ից 15 տարեկան պատանիներ, որոնք հեռուստացույցով տեսել են, թե ինչպես են արաբական երկրների բնակիչները կարգախոսներ վանկարկում իրենց կառավարությունների դեմ և նման կարգախոսներ գրել իրենց դպրոցների պատերին»: 

Այնուհետև տարբեր լրատվամիջոցներ սկսել էին տարածել լուսանկարներ,  նշելով, թե երեխաները ենթարկվել են ամենադաժան խոշտանգումների: Լուրը քաղաքում քաոսային իրավիճակ էր առաջացրել, տարածվելով ամբողջ երկրում և հիմք ստեղծելով Սիրիայի քաղաքացիկան պատերազմի համար: Պատերազմ, որը, բացի Սիրիայի ենթակառուցվածքները ոչնչացնելուց, թողեց մոտ 12 միլիոն տեղահանված և մոտ 500 հազար զոհ:

Հարկ է նշել, որ հետաքննության արդյունքում պարզվեց, որ միջադեպի համար ձերբակալվածները երեխաներ չեն եղել, իսկ երեխաներին խոշտանգելու մասին տեսանյութը իրական չի եղել: Ավելի ուշ, սիրիական կառավարության ընդդիմադիր լրատվամիջոցներին տված հարցազրույցում, վերոնշյալ միջադեպի ժամանակ ձերբակալվածներից մեկը հաստատեց, որ սիրիացիները դարձել են պատերազմներում լրատվամիջոցների նոր գործելակերպի զոհը։ Իսկ ազդեցության գործիքը կեղծ լուրերն էին։

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ասել է. «Իմ բացահայտած հետաքրքիր փաստերից մեկն այն է, որ վերջին 50 տարվա ընթացքում սկսված գրեթե յուրաքանչյուր պատերազմ եղել է լրատվամիջոցների ստերի արդյունք։ Եթե լրատվամիջոցներն ավելի շատ ուսումնասիրություն անեին, կարող էին դա կանխել: Եթե անգամ պետական տպագիր մամուլը չկարդային, կարող էին դա անել: Իսկ դա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ մարդիկ պատերազմ չեն սիրում ու պատերազմում մարդկանց պետք է խաբել: Մարդիկ կամավոր ու բաց աչքերով պատերազմ չեն գնում Հետեւաբար, եթե մենք ունենանք լավ լրատվական միջավայր, կունենանք նաև հանգիստ միջավայր»:

.... 

Իրաքն աշխարհաքաղաքական առումով մշտապես ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել ԱՄՆ-ի համար: 2001 թվականից սկսած, ԱՄՆ-ը տարբեր պատրվակներով  և «ճգնաժամ ստեղծելու» մարտավարության միջոցով փորձում է համաշխարհային հանրության առջև արդարացնել իր ներկայությունն ու միջամտություններն Իրաքում: Փորձագետների կարծիքով, Իրաք ԱՄՆ-ի ռազմական ներխուժումը հնարավոր չէր լինի հանրության աչքում արադարացնել, առանց լրատվամիջոցների  հետ համագործակցության:  

Fairness and Accuracy in Reportiny կազմակերպությունը հայտարարել է. «Ցանկացած սուտ, որը բավականաչափ մեծ է և պարբերաբար կրկնվում է, ի վերջո կընդունվի որպես ճշմարտություն»:  

ԱՄՆ-ն Իրաքի վրա հարձակվեց, պնդելով, թե Սադդամն ունի զանգվածային ոչնչացման զենք: Իրաքի հետ պատերազմի լուսաբանման համար Պենտագոնի կողմից մշակված ամենակարևոր նախագծերից մեկը  Embedded Reporters-ն էր, որում ներգրավված էր 500 լրագրող։ Ըստ տեղեկությունների, ուղղակի գովազդի փոխարեն ԱՄՆ զինվորականները վարձել են «Լինքոլն» անունով գովազդային ընկերություն, Իրաքում ժողովրդավարության աճի մասին ամերիկամետ նորություններ և անհիմն լուրեր պատրաստելու և իրաքյան թերթերում հրապարակելու համար։

Իրաքի Թաջ Ալ-Հազարա հետազոտական ​​կենտրոնի ղեկավար Հասան ալ-Ռաբիին նշում է, որ Իրաքի վրա հարձակվելու ժամանակ, հասարակական կարծիքի վրա ազդելու գործում  ԶԼՄ-ների դերը շատ մեծ էր: Նա նշում է, որ նախքան 2003 թ. ամերկացիները հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով տարածում էին երեք սուտ: Առաջինը վերաբերում էր նրան, թե Իրաքն ունի զանգվածային ոչնչացման զենք, երկրորդը՝ որ Իրաքը դեր է ունեցել սեպտեմբերի 11-ի հարձակումներում և երրորդը՝ որ Բաղդադը համագործակցում է Ալ-Ղաիդայի հետ:

Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակման արդյունքը եղան այդ երկրի տարածքների օկուպացիան, քաղաքացիների իրավունքների խախտումները, տեղահանությունները և տնտեսական, առողջապահական և կրթական ենթակառուցվածքների ոչնչացումը: Այդ ենթակառուցվածքների մասնակի վերանորոգման համար անհրաժեշտ է 112 միլիոն դոլար:

2001 թ. Առևտրի համաշխարհային կազմակերպության աշտարակների վրա իրականացված հարձակումից հետո, նույն թվականի հոկտեմբերին, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ն հարձակվեց Աֆղանստանի վրա: Ամերիկացիների կողմից Աֆղանստանի 20 տարի տևած օկուպացիայի արդյունքը եղավ այդ երկրի անպաշտպան քաղաքացիների սպանությունը և անապահովության տարածումը:   

....

2021թ. Conversation ամսագիրը հրապարակեց Ազիթա Հաթեֆի  «Ինչպես են կրկին ու կրկին ցուցադրվող աֆղանական տառապանքի պատկերները հավերժացնում աֆղանցիների անհավասարությունն ու խնդիրները»  հոդվածը: Հեղինակը նշում էր, որ իր հետազոտության արդյունքում եկել է այն եզրակացության, որ այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Washington Post-ը, Boston Globe-ը և Chicago Tribune-ը, ներկայացնելով աֆղան ժողովրդի տառապանքը,  հավերժացնում են  անհավասարությունն ու վնասը: Աֆղաններին որպես անկախ մարդկանց  ներկայացնելու փոխարեն, ԶԼՄ-ները հաճախ նրանց ներկայարել են որպես անօգնական, հետամնաց կամ փրկության կարիք ունեցող մարդիկ: Դա հնարավորություն է տվել արդարացնել Աֆղանստանում ռազմական գործողությունները:

TRT լրատվական գործակալությունը մի հոդվածում անդրադառնում է ամերիկյան ԶԼՄ-ների կողմից Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձությունների խեղաթյուրմանը և հիմնվելով փաստերի վրա, այդ լրատվամիջոցներին մեղսակից դարձնում Աֆղանստանում ԱՄՆ-ի 20 տարի շարունակված հանցագործություններին և ամերիկացիներին իրականությունը խեղաթյուրված ներկայացնելու քաղաքականությանը:

Հոդվածում ասվում է. «Կարևոր չէ՝ դուք դիտում եք CNN-ը, Fox News-ը, թե NBC News-ը, դրանք բոլորն Աֆղանստանից նույն պատկերն են ներկայացնում: Պատկեր, որում ամերիկացի զինվորները համբուրում են աֆղան երեխաներին, աֆղան երեխաներին տալիս են կոնֆետ և ջուր և, ընդհանուր առմամբ, ծառայում են աֆղան ժողովրդին: Միայն ԱՄՆ-ում է, որ կարող ես 20 տարի այլ երկրում ագրեսիվ ու բռնի գործողություններ իրականացնել և  ընդունել այդ  երկրում մարդասիրական առաքելություն իրականացնող երկրի դեմք»: