Նորություններ(73)
Ամեն շաբաթ եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները։Ընկերակցեք մեզ։

Այս շաբաթվա հաղորդումը սկսում ենք մի գիտական հոդվածի քննարկմամբ:
Քչերը գիտեն, որ հաճույքը, որ առաջանում է շոկոլադի մի կտորի հետ մարդու բերանում, յուղի ու կակաոյի հալվելու արդյունքն է: Թեև շատերը պնդում են, որ այդ զգացողությունը կապված է խոհարարության կախարդանքի հետ, սակայն հետազոտողները չեն բավարարվում նման պնդումներով և փորձում են հասկանալ թե ինչպես և ինչու է դա տեղի ունենում:
Բրիտանիայի Լիդսի համալսարանի մի խումբ հետազոտողներ, Սիավաշ Սոլթան Մահմուդիի ղեկավարությամբ, փորձել են հասկանալ այս զգացողության առաջացման պատճառները, օգտագործելով արհեստական լեզու և մի քանի կտոր շոկոլադ։ Հետազոտողները պնդում են, որ շոկոլադն ուտելու ժամանակ առաջացող հաճույքի զգացողությունը կապված է ճարպի արտազատման հետ: Իսկ դա հնարավորություն կտա արտարդել ավելի առողջ շոկոլադներ, որոնք նաև հաճելի կլինի ուտել:
Հետազոտության ընթացքւոմ գիտնականներն օգտագործել են կակաոյի 70-99 տոկոս պարունակությամբ շոկոլադ: Այնուհետև նրանք ուսումնասիրել են թե ինչ է տեղի ունենում, երբ շոկոլադը հայտնվում է մարդու բերանում: Դրա համար գիտանականներն արհեստական լեզվի վրա դրել են շոկոլադի մի կտոր: Արհեստական լեզուն մշակվել է 2020 թ. Լիդսի համալսարանում: Առաջին անգամ նման տեխնոլոգիան կիրառվել է բերանում շոկոլադի հայտնվելուց հետո առաջացող ռեակցիաներն ուսումնասիրելու համար:
Գիտնականներն օգտագործել են շոկոլադի մի քանի տեսակ և նկարել արդյունքները, փորձելով հասկանալ, թե ինչ է տեղի ունենում երբ շոկոլադը բերանում հալվելով միախառնվում է թքի հետ: Շոկոլադի քայքայումը կախված է հեղուկ և կոշտ մակերեսների ռեակցիայից: Պարզվել է, որ շոկոլադը բերանում հայտնվելուց հետո առաջացնում է փափուկ զգացողություն, որը պայմանավորված է ճարպի արտազատմամբ և կակաոյի յուղով: Հաջորդ փուլում հետազոտողները պարզել են, որ շոկոլադում եղած ավելորդ ճարպն ավելի քիչ ազդեցություն է ունեցել նույն զգացողությունն առաջացնելու հարցում: Եվ հետազոտողները կարծում են, որ հնարավոր է արտադրել շոկոլադ, որը կունենա ավելի քիչ ճարպեր և կարելի է սահմանափակվել միայն արտաքին մակերեսը յուղով պատելով և կակաոյի յուղով: Արդյունքում շոկոլադի ներսի ճարպը կպակասի և սննդամթերքն ավելի առողջ կլինի:
Հետազոտության ղեկավար Մահմուդին նշում է, որ հասկանալով ֆիզիկական մեխանիզմը, որը տեղի է ունենում մարդկանց մարմնում, երբ նրանք շոկոլադ են ուտում, հնարավոր է ստեղծել նոր՝ ճարպի ավելի ցածր պարունակությամբ շոկոլադ, որը սակայն կապահովի նույն զգացողությունը: Դոկտոր Սոլթան Մահմուդին ասում է. «Մեր հետազոտությունն արտադրողներին հնարավորություն կտա ունենալ ավելի շատ տարբերակներ և արտադրել ավելի քիչ ճարպ պարունակող շոկոլադ: Մեր կարծիքով, մուգ շոկոլադը կարելի է արտադրել՝ ճարպով պատելով շոկոլադի դրսի մասը և կակաոյի հատիկները»:
Իրանի Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի, Շահիդ Բեհեշթիի համալսարանի, Թարբիաթ Մոդարեսի համալսարանի, Բելգիայի Լևենի ցողունային բջիջների հետազոտական ինստիտուտի, Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի և Շվեդիայի Կարոլինսկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները հետազոտել են տղամարդկանց մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ուռուցքածին գործոնները և եկել այն եզրակացության, որ այս հիվանդների մոտ քաղցկեղի գեները տարբեր են:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշն ունեցող հիվանդություններից է: Այն ավելի տարածված է տղամարդկանց մոտ և մահացության թվերը նույնպես տղամարդկանց մոտ ավելի բարձր են: Եվ չնայած այդ ուղղությամբ տարվող ջանքերին, բուժման մեթոդները շատ արդյունավետ չեն: Բացի այդ, հնարավոր չէ պարզել տղամարդկանց մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեցի առաջացման մոլեկուլային պատճառները: Սեռի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հնարավոր կապի վերաբերյալ բավարար գիտելիքները կարող են օգնել տեղեկատվություն տալ այն մասին, թե ինչպես է միջմոլեկուլային կապն ազդում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման և հիվանդության ընթացքի վրա:
Փորձելով հասկանալ անդրոգենի՝ արական սեռի հորմոնի և ուռուցքի առաջացման միջև կապը, հետազոտողներն ուսումնասիրել են անդրոգենի գեների ավելացման կամ նվազման ընթացքը, որոնք ունեն հատուկ կապող տեղեր:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ արական հորմոնները կարող են արդյունավետ լինել ուռուցքի առաջացման վրա այնպիսի մեթոդների միջոցով, ինչպիսիք են GLI տրանսկրիպցիոն գործոնների արտահայտումը կարգավորելը և տեստեստերոնի հնարավոր դերը արտաբջջային մատրիցա-բջիջ փոխազդեցության մեջ: Բացի այդ պարզվել է, որ աքսոնային անցկացման կենսաբանական գործընթացը *, գեների արտահայտման ավելացման պատճառով, ավելի ցայտուն է արտահայտվում արական սեռի հիվանդների մոտ: Գիտնականները համոզված են, որ սեռի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման և բուժման համար պատասխանատու գեների հայտնաբերումը, կօգնի մշակել այս հիվանդության դեմ պայքարի ավելի արդյունավետ մեթոդներ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Genetics International Journal-ում։
Անցած շաբաթ Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի 2022 թվականի մրցանակը շնորհվել է Թեհրանի Շարիֆի համալսարանի 2 դասախոսներին։ Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը՝ (International Centre for Theoretical Physics «ICTP»), հայտարարեց, որ Ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ, իրանահայ դոկտոր Շանթ Բաղրամը և համալսարանի շրջանավարտ և հիմնարար գիտելիքի հետազոտական ինստիտուտի անդամ դոկտոր Մոհամմադ Հոսեյն Նամջուն արժանացել են կենտրոնի տարվա մրցանակին
Մրցանակը շնորհվել է երկու տիրզերագետներին՝ տարբեր տիեզերագիտական և աստղաֆիզիկական երևույթների տեսական կանխատեսումները դիտողական բարձր ճշգրտության տվյալների հետ համեմատելու և տեսական, հաշվողական և վիճակագրական շրջանակների մշակման համար:
Թեհրանի համալսարանի արևային էներգիայի հետազոտական ամսագիրը (Journal of Solar Energy Research JSER), որի գլխավոր խմբագիրն է համալսարանի շրջակա միջավայրի ֆակուլտետի պրոֆեսոր Ալիռեզա Նուրփուրին, 8 տարի շարունակ անգլերեն լեզվով հրապարակումներ անելուց հետո, ներառվել է Scopus տվյալների բազայում։ Ֆակուլտետից հայտնում են, որ այս հանդեսում գրախոսվում և տպագրվում են արևային էներգիային առնչվող տարբեր ոլորտների գրախոսական և հետազոտական հոդվածներ և վերջին 8 տարիների ընթացքում լույս է տեսել հանդեսի 25 համար:
Journal of Solar Energy Research (JSER) հանդեսն արևային էներգիայի ոլորտում Իրանի առաջին և աշխարհում 12-րդ ամսագիրն է, որը ներառվել է Scopus տվյալների բազայում: Հանդեսի խմբագրական կազմում ներառված են իրանցի և այլ ազգերի մասնագետներ, ովքեր գործունեություն են ծավալում Ավստրալիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Հյուսիսային Կիպրոսի, Հնդկաստանի և Իտալիայի հեղինակավոր համալսարաններում և գիտական հաստատություններում:
Ամսագրի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են հետևյալ հղմամբ https://jser.ut.ac.ir:
Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց Նորություններ հաղորդաշարի հերթական թողարկումը: Աստված ձեզ պահապան:
.....
* Մեր նյարդային համակարգի բջիջները կոչվում են նեյրոններ և նյարդային հաղորդագրություններ են փոխանցում միմյանց և մարմնի այլ մասերին: Նեյրոնները բաղկացած են երեք հիմնական մասից՝ բջջային մարմին, դենդրիտ և աքսոն։ Բջջային մարմինը պարունակում է ցիտոպլազմա և միջուկ: Աքսոնը բջջի մարմնից առաջանում է որպես երկար և նեղ թել և պարունակում է բազմաթիվ ճյուղեր։ Աքսոնի խնդիրն է նյարդային հաղորդագրությունները փոխանցել այլ բջիջներին: