Նորություններ (76)
Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները։Ընկերակցեք մեզ:

Այս շաբաթվա հաղորդումը սկսում ենք տեխնոլգիայի ոլորտի հետ առնչվող մի հոդվածով։
Աշխարհում քաղցկեղի ամենատարածված տեսակը կրծքագեղձի քաղցկեղն է, և ամեն տարի այս քաղցկեղով հիվանդանում է մոտ 2,300,000 մարդ : Այն համարվում է քաղցկեղի հետ կապված կանանց մահվան գլխավոր պատճառը: Վաղ ախտորոշումը կարևոր դեր է խաղում այս հիվանդությամբ տառապող հիվանդների կյանքը փրկելու գործում՝ ապահովելով արդյունավետ և ժամանակին բուժման հնարավորություն։
Այս առումով արյան շրջանառության միկրոՌՆԹ-ները կենսամարկերներ են քաղցկեղի վաղ հայտնաբերման համար: Քանի որ սպիտակուցների համեմատությամբ, նրանք ունեն պարզ կառուցվածք: Նրանց արտահայտման ձևը եզակի է յուրաքանչյուր հյուսվածքում: Նրանք կայուն են մարմնի հեղուկներում, ինչպիսիք են շիճուկը, պլազմային կամ ամբողջական արյունը, և որոնց չափելը հեշտ է:Նահատակ Բեհեշթիի անվան համալսարանի և Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները, կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար համապատասխան միկրոՌՆԹ-ներ գտնելու նպատակով, անցկացրած հետազոտության ընթացքում համեմատել են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների և առողջ անհատների արյան շիճուկում միկրոՌՆԹ-ների արտահայտման վերաբերյալ առկա տվյալները:
Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել 6 միկրոՌՆԹ-ների առկայությունը, որը կարող է օգտագործվել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար։Տվյալներն առավել ուսումնասիրելով, այս նախագծի հետազոտողները ներկայացրել են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման երկու նոր մոդել։ Այս հետազոտության արդյունքները, պարզաբանելով կրծքագեղձի քաղցկեղը կարգավորող հիմնական մեխանիզմները, նոր բիոմարկերներ են ներկայացնում դրա վաղ հայտնաբերման համար:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «International Journal of Scientific Reports» ամսագրում։
Մի խումբ հետազոտողներ, համագործակցելով իրանցի հետազոտող Օմիդ Վեյսեի հետ, հայտնագործեցին արհեստական մաշկի նոր տեսակ, որի մեջ արյուն է հոսում և այն կարելի է օգտագործել առավել փորձերի համար:
Այս արհեստական մաշկը ստեղծվել է մի տեսակ հիդրոգելից: Այս հիդրոգելը օգտագործվել է բազմաթիվ հետազոտություններում, սկսած ջրի մաքրումից մինչև մարդու աճառը փոխարինելը:
Այս հիդրոգելի կտորները պարունակում են արյունատար անոթների նմանակող ուղիներ, և դրանց մեջ կարելի է ներարկել տարբեր հեղուկներ, այդ թվում՝ մարդու կամ այլ տեսակի արարածների արյուն: Հիդրոգելային շերտը փորձարկելու համար գիտնականները դրա մեջ ներարկել են մարդու տաք արյուն, իսկ հաջորդ քայլում դրա 6 կտորը տեղադրել են մոծակներով լի պլաստիկ տուփի մեջ։ Այս տուփը հագեցած էր նաև տեսախցիկներով, որոնցից յուրաքանչյուրը վերահսկում էր մաշկի մի հատված:
Հաջորդ փուլում հետազոտողները օգտագործեցին մեքենայական ուսուցման մոդել՝ վերլուծելու տեսանյութերը և պարզելու, թե արդյոք հատուկ մոծակներ սնվել են հիդրոգելների արյունով: Այս ծրագրում արհեստական ինտելեկտը կարողացել է 92,5% ճշգրտությամբ տարբերել մոծակների 2 տեսակ։ Այս փուլից հետո հետազոտողները մի քանի հիդրոգելի կտորներ պատեցին ջրազերծող DEET-ով և վրան դրեցին ջրեր վանող այլ նյութեր: Որոշներն օգտագործվել են առանց որևէ ծածկույթի։
Այս հետազոտողները պարզել են, որ մոծակները 13,8%-ով ավելի շատ են սնվում առանց ծածկույթի արհեստական մաշկի բծերով։ Չնայած այս ցուցանիշը շատ ցածր է, հետազոտողները կարծում են, որ դա դառնում է մարտահրավեր, երբ մեծացնում են արհեստական մաշկի բծերի չափը: Բայց այն վայրում, որտեղ կային մաշկային բծեր, և որոնք պատված էին ջրազերծող DEET-ով,ոչ մի մոծակ չի սնվել դրանցով:
Հետազոտողների կարծիքով՝ այս ձեռքբերումը կօգնի նրանց ավելի շատ փորձեր անցկացնել ավելի քիչ ծախսերով։ Բացի այդ, նրանք այլևս հետազոտության մասնակիցների կամ փորձարկման համար կենդանիների կաշի գնելու կարիք չեն ունենա: Օմիդ Վեյսեի խոսքով՝ մաշկի այս արհեստական հատվածը ապահովում է վերահսկողական ու շարունակական մեթոդ: Հուսանք, որ հետազոտողները կարող են այս մեթոդով ապագայում հիվանդությունը կանխելու ուղիներ գտնել:
Ալցհեյմերի հիվանդությունը ուղեղի քրոնիկ և առաջադեմ հիվանդություն է, որը բնութագրվում է հիշողության կորստով, անհատականության լուրջ փոփոխություններով, ճանաչողական խնդիրներով, դեմենցիայով և ի վերջո մահով: Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի և Թեհրանի համալսարանի հետազոտողներին հաջողվել է ստեղծել էլեկտրաքիմիական իմունոսենսոր՝ հիմնված cis սպիտակուցի տաու (cis P-tau) հակամարմնի վրա՝ Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտորոշման և կլինիկական օգտագործման համար:
Ալցհեյմերի վաղ ախտորոշումը օգնում է տառապողներին՝ հնարավորություն տալով բուժել և վերահսկել հիվանդությունը վաղ փուլերում: Ավելի վաղ Ռոյանի գիտահետազոտական ինստիտուտի հետազոտողներից դոկտոր Քուրոշ Շահփասանդիին հաջողվել էր ստեղծել առաջին մոնոկլոնալ հակամարմին բարձր ճշգրտությամբ՝ նույնականացնելու cis P-tau-ն։ Այս ինստիտուտի մյուս հետազոտողները նպատակ ունեին ստեղծել հակամարմինների վրա հիմնված իմունոսենսոր՝ բժշկական ախտորոշիչ լաբորատորիաներում Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտորոշման համար օգտագործելու նպատակով,ուստի հետազոտության ընթացքում նրանք ամրացրել են այս հակամարմինը ոսկու էլեկտրոդի վրա և ուսումնասիրել դրա էլեկտրաքիմիական արձագանքը սպեկտրոսկոպիայի և վոլտամետրիայի տարբեր մեթոդներով:
Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մշակված իմունոսենսորն ի վիճակի է հայտնաբերել cis P-tau: Հաշվի առնելով այս իմունոսենսորի երկարաժամկետ պահպանման հնարավորությունը և նրա ճշգրիտ ֆունկցիայի հաստատումը Ալցհեյմերի տարբեր փուլերով հիվանդների ողնուղեղային հեղուկի և արյան շիճուկի բազմաթիվ թեստերից հետո, խորհուրդ է տրվում դրա կլինիկական օգտագործումը,որը կարող է զգալիորեն օգնել ալցեհեյմերի վաղ ախտորոշմանը: Այս հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ այս պարզ իմունոսենսորը կարող է օգտագործվել Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտորոշման համար, որը հրատապ և չնախատեսված կարիք է այսօրվա առողջապահական ծառայություններում ամբողջ աշխարհում:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «Biosensors Journal» միջազգային հեղինակավոր պարբերականում։
Երբ հացը թխվում է, այն արտադրում է վտանգավոր թունավոր նյութ, որը կոչվում է Ակրիլամիդ, որը, մասնագետների կարծիքով, քաղցկեղածին է և ավելի մահացու է դառնում տոստ հացերի դեպքում: Որքան մուգ է հացի գույնը, այնքան մեծ է արտադրվող աղտոտվածությունը, և այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել այրված մթերքներից։
Հացի քաղցկեղածինությունը կանխելու համար «Rothamsted Research» ինստիտուտի և Բրիտանիայի Հերթֆորդշիրի համալսարանի հետազոտողները ցորեն են աճեցրել, որը գենետիկորեն մշակված է քաղցկեղի առաջացման քիմիկատները հեռացնելու համար: Նրանք դաշտային փորձարկումներ են անցկացրել ցորենի վրա, որը գենետիկորեն մշակվել է եփելու ժամանակ ակրիլամիդի պարունակությունը նվազեցնելու համար: Փորձերը ցույց են տվել, որ երբ այս հացահատիկը վերածվում էր ալյուրի, այնուհետև թխվում էր, նրա ակրիլամիդի պարունակությունը 45%-ով ավելի քիչ էր սովորական հացի մեջ պարունակվող ակրիլամիդից: Այս հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Նիգել Հալֆորդն ասել է,-«Հացը պարունակում է ակրիլամիդ, և այդ քանակությունը մեծանում է տոստ հացի դեպքում։Մենք գենային ինժեներիային մեթոդով հակաքաղցկեղային ցորեն ենք մշակել»։
Ակրիլամիդը հայտնաբերվել է 2002 թվականին և այդ ժամանակվանից մտահոգել է սննդամթերք արտադրողներին: Այս նյութը կրծողների մոտ քաղցկեղ է առաջացնում, և Եվրամիության հանձնաժողովը նաև հայտարարել է, որ սննդի մեջ առկա ակրիլամիդը, հավանաբար, մեծացնում է բոլոր տարիքային խմբերի սպառողների օրգանիզմում քաղցկեղի առաջացման վտանգը։ Բացի տոստ հացից, ակրիլամիդը հանդիպում է նաև տապակած, թխած և խորոված մթերքներում, ներառյալ չիպսերը, տապակած կարտոֆիլը և սուրճը: