Նորություններ-78
Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները։Ընկերակցեք մեզ։

Այս շաբաթվա հաղորդումը սկսում ենք տեխնոլոգիայի ոլորտի վերաբերյալ հոդվածով:
Քաղցկեղի ոլորտում ամենահետաքրիքր հետազոտությունները վերաբերվում են քաղցկեղային գոյացությունների հայտնաբերմանը: Սակայն հատկապես հիվանդության վաղ փուլերում դա հնարավոր չէ արյան հետազոտության միջոցով: Եվ չնայած քաղցկեղի վաղ հայտնաբերման բազմաթիվ թեստերի առկայությանը, դեռևս լայնորեն կիրառվում է բիոպսիայի մեթոդը:
Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ հետազոտողներ իրանցի հետազոտող Մաջիդ Էբրահիմի Վերկիանիի հետ համատեղ մշակել են նոր տեխնոլոգիա, որը ներկայացնում է Ստատիկ կաթիլային միկրոհեղուկ սարք (SDM): Այն կարող է վերահսկել քաղցկեղի աղբյուրից առանձնացած և արյան մեջ մուտք գործած բջիջները: Դա հնարավորություն կտա վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունը և բուժել այն։
Մաջիդ Էբրահիմի Վերկիանին նշում է, որ արյան մեկ միլիմետրում միլիարդավոր արյան բջիջների թվում կարող է լինել միայն մեկ ուռուցքային բջիջ, ինչը դժվարացնում է դրա հայտնաբերումը: Նույնականացման նոր տեխնոլոգիան ունի ավելի քան 38400 խցիկ՝ մի շարք ակտիվ ուռուցքային բջիջներ մեկուսացնելու և դասակարգելու ունակությամբ:
SDM սարքը կարող է հայտնաբերել ուռուցքային բջիջները յուրահատուկ նյութափոխանակության միջոցով։ Երբ SDM-ն հայտնաբերում է խնդրահարույց բջիջները, այն կարող է ավելի լայնածավալ գենետիկ և մոլեկուլային վերլուծություն կատարել՝ հիվանդության աղբյուրը որոշելու և այն բուժելու համար:
Այս սարքը հեշտ կիրառելի է։ Սա նշանակում է, որ կլինիկաներում դրա ներդրման գործընթացը պարզ է և էժան: Այս սարքի կիրառումը նաև պակաս վտանգավոր է հիվանդների համար: Ըստ այս հետազոտողի, արյան նմուշում հայտնաբերված բջիջների միջոցով քաղցկեղի հայտնաբերման ժամանակ, հառակակ բիոպսիայի, վիրահատական միջամտության կարիք չի զգացվում: Իսկ դա բժիշկներին թույլ է տալիս կրկնել թեստերը և ստուգել հիվանդի արձագանքը բուժմանը:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Biosensors and Bioelectronics ամսագրում։
Հաջորդ հայտնագործությունը վերաբերվում է LCD էկրաններին: Նոթինգհեմշիրի, Նոր Հարավային Ուելսի, Կանբերայի և Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները, երկու իրանցի հետազոտողների հետ համատեղ, ստեղծել են նոր էկրանի նախատիպ, որը LCD էկրաններին էժան այլընտրանք է և սպառում է 50 տոկոսով քիչ էլեկտրաէներգիա:
Մոհսեն Ռահմանիի գլխավորությամբ և Խոսրո Զանգանե Քամալիի հետ համագործակցությամբ աշխատող հետազոտողները մշակել են էկրանի նոր տարբերակ, որը կարող է փոխարինել LCD էկրաններին:
Չնայած շատ նոր հեռուստացույցների մոդելներ ունեն քվանտային կետերով կամ OLED վահանակներով էկրաններ, շուկայի ավելի էժան մոդելները հագեցած են LCD տեխնոլոգիայով, և լուսադիոդային լուսավորությամբ:
Ավստրալիայի ազգային համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Դրագոմիր Նեշաուի խոսքերով, սովորական էկրանները սպառել են իրենց հնարավորությունները և որոշ սահմանափակումների պատճառով դրանք բարելավելու հնարավորությունները քիչ են:
Նա նշում է. «Ցուցադրման բարձր որակով էկրանների տեխնոլոգիան այսօր զարգացել է: Մենք նախագծել և մշակել ենք ուլտրամակերևութային պիքսելներ, որոնք իդեալական են հաջորդ սերնդի էկրանների համար: Ի տարբերություն հեղուկ բյուրեղների, մեր պիքսելները չեն պահանջում բևեռացված լույս՝ ակտիվանալու համար: Արդյունքում էկրանների էներգիայի սպառումը կրկնակի կրճատվում է»։
Նոթինգհեմ Թրենտ համալսարանի ավագ գիտաշխատող Մոհսեն Ռահմանիի խոսքերով. «Մենք ճանապարհ հարթեցինք տեխնոլոգիայի նոր արգելքը հաղթահարելու համար: Այս կերպ հնարավոր է լինում արտադրել էժան հարթ էկրաններ՝ առանց հեղուկ բյուրեղների»:
Անցած շաբաթ իրականացվել է իրանական գիտելիքահենք ընկերության կողմից պատրաստված mRNA-ի վրա հիմնված կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին ներարկումը։
Կորոնավիրուսի համավարակի բռնկման հենց սկզբից իրանական գիտահենք ընկերություններն աշխատում են mRNA- ի հիման վրա պատավստանյութի ստեղծման ուղղությամբ: Վերոնշյալ պատավստանյութը վերջերս ստացել է լիցենզիայի համար անհրաժեշտ՝ Իրանի Սննդի և դեղերի կազմակերպության վերջնական հաստատումը և մուտք է գործել կլինիկական փորձարկումների փուլ: Պատվաստանյութը կամավոր կերպով կարող են ներարկել և՛ պատվաստված, և՛ չպատվաստված մարդիկ: Covid 19-ով վարակվածները նույնպես կարող են կամավոր մասնակցել այս պատվաստանյութի կլինիկական փորձարկման գործընթացին։
Հետազոտությունները ցույց են տվել, որ mRNA-ի հիման վրա պատրաստված պատվաստանյութներն օրգանիզմում ավելի շատ հակամարմիններ են ստեղծում: Ուստի ակնկալվում է, որ այս պատվաստանյութն ավելի արդյունավետ կլինի Covid-19-ի կանխարգելման գործում։
Շատ պատվաստանյութեր օրգանիզմ են ներմուծում թուլացած կամ անակտիվացված միկրոբ՝ իմունային պատասխան առաջացնելու համար, սակայն mRNA պատվաստանյութերի դեպքում դա այդպես չէ: Այս պատվաստանյութերը պարունակում են լաբորատոր պայմաններում պատրաստված mRNA, և օրգանիզմ մտնելուց հետո սկսում են արտադրել իմունային պատասխան առաջացնող սպիտակուց: Դրանք ներկայացնում են հակամարմիններ, որոնք արտադրվում են պատվաստանյութի ներարկումից հետո, և երբ վիրուսը ներթափանցում է մեր օրգանիզմ, դրանք կանխում են վարակը և հիվանդությունը մարմնում:
mRNA-ի հիմքով պատրաստված պատվաստանյութերի ամենակարևոր առավելությունն արյան իմունային պատասխանը և բջջային իմունիտետը միաժամանակ խթանելու ունակությունն է՝ առանց պատվաստանյութի մեջ լրացուցիչ նյութերի կիրառման: Այս պատվաստանյութերի արտադրության արագությունն ու ճկունությունը հնարավորություն է տալիս համաճարակային պայմաններում կանխել վիրուսի տարածումը և մարդկային զոհերը։
Վիրահատությունից, իմունոթերապիայից, ճառագայթային թերապիայից, քիմիաթերապիայից հետո թիրախային թերապիան քաղցկեղի բուժման հինգերորդ փուլն է:
Իմունոթերապիայի ոլորտում իմունային համակարգի խթանումը օգնում է սպանել քաղցկեղային բջիջները: Այս մեթոդը կիրառվում է քաղցկեղի բջիջների և մետաստազների զարգացումը կանխելու նպատակով:
Լյարդի քաղցկեղի դեպքում կիրառվում են տարբեր մեթոդներ, այդ թվում՝ տեղական վիրաբուժությունը, ճառագայթային թերապիան, նպատակային դեղորայքային բուժումը և այլն: Սակայն այս տեսակի քաղցկեղի բուժման ամենաարդյունավետ միջոցը լյարդի փոխպատվաստումն է:
Ու թեև քաղցկեղի այս տեսակի դեմ պայքարի ոլորտում գրանցվել են մեծ ձեռքբերումներ, սակայն չնայած քիմիաթերապիային և բուժման այլ մեթոդներին, մահացության թիվերը շարունակում են բարձր մնալ: Հետևաբար, բուժման նոր մոտեցումների կիրառումը, ինչպիսին է իմունոթերապիան, կարող է արդյունավետ լինել:
Ռոյան հետազոտական ինստիտուտի և Շահիդ Բեհեշթիի համալսարանի իրանցի հետազոտողները թուրք, բելգիացի, ամերիկացի և շվեդ հետազոտողների հետ համատեղ հրապարակել են բուժման այս մեթոդի մասին հոդված:
Հոդվածում նշվում է, որ չնայած բուժման դրական արդյունքներին, մի շարք դեպքերում բուժման ազդեցությունը փոքր է: Իրականում հիմնական մտահոգությունը ուռուցքի շուրջ միկրոմիջավայրի առկայությունն է, որը ճնշում է իմունային համակարգը: Հետազոտողները նշում են, որ իմունոթերապիայի նոր մեթոդները թույլ են տալիս մեծ արագությամբ հաղթահարել առկա մարտահրավերները: Հոդվածում նշվում է, որ մոտ ապագայում այս մեթոդը լայնորեն կկիրառվի որպես բուժում՝ ընդունելի արձագանքման մակարդակով:
Հոդվածը հրապարակվել է European Journal of Cell Biology -ում։