Ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապ մեկնում ԼՂ (Արցախ)
https://parstoday.ir/hy/news/armenia-i105296-Ինչու_է_Նիկոլ_Փաշինյանը_շտապ_մեկնում_ԼՂ_(Արցախ)
Վաղը ԼՂ-ում (Արցախի Հանրապետություն) կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 11, 2019 14:27 Asia/Tehran
  •  Ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապ մեկնում  ԼՂ  (Արցախ)

Վաղը ԼՂ-ում (Արցախի Հանրապետություն) կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի նպատակն ու օրակարգը, բնականաբար, չեն հրապարակվում։ Սակայն ուշագրավ է այն համատեքստը, որում տեղի է ունենալու այդ նիստը։ Խոսքը առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ շաբաթ օրը տարածած հայտարարության մասին է, որը բուռն քննարկման առիթ է դարձել հայկական մեդիատիրույթում ու փորձագիտական հանրության շրջանում։

Այդ հայտարարությամբ համանախագահները, հիշեցնենք, ի թիվս ընդհանրական արձանագրումների՝ նաև նշել էին. «Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»:

Այս հայտարարությունը փորձագետների մեծամասնության կողմից որակվեց որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին հայտարարությանը մերժողական պատասխան։

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս շատ հաճախ է կրկնում իր այդ թեզը։ Վերջին անգամ այդ մասին Հայաստանի վարչապետը խոսել է Իրանում և Բրյուսելում։ Եվրամիութան ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի այդ հայտարարությունը արժանացավ Եվրոպական ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի ու ԵՄ արտաքին քաղաքական հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի երկիմաստ պատասխանին՝ բանակցային ձևաչափը անփոփոխ թողնելու մասին շեշտադրմամբ։

Ինչ վերաբերում է համանախագահների հայտարարությանը, ապա դրանում, բացի Հայաստանի վարչապետին ուղղված անուղղակի պատասխանից, կար նաև բանակցային գործընթացի հիմնական սկզբունքների մասին հիշեցում։ «Հղում անելով Մինսկի խմբի գործընթացի էության վերաբերյալ որոշ հակասական հրապարակային հայտարարություններին՝ համանախագահները վերահաստատում են, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես՝ կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա: Այն նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն»,- նշված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։

Ահա այս համատեքստում Հայաստանի վարչապետը մեկնում է Արցախ՝ մասնակցելու Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին։ Նիստի արտահերթ լինելու հանգամանքը վկայում է, որ առաջացել է ինչ-ինչ հարցեր քննարկելու արտահերթ անհրաժեշտություն, ինչը ստիպել է օպերատիվ ռեժիմով նման միջոցառում կազմակերպել։

Համանախագահների հայտարարությունից հետո բանակցային գործընթացում որոշակի իրավիճակ է փոխվել, և Հայաստանի ղեկավարությունը հայտնվել է ոչ միանշանակ վիճակում։ Նիկոլ Փաշինյանը չի կարող հրաժարվել Ադրբեջանի հետ բանակցություններից, ինչն անթույլատրելի է, մյուս կողմից՝ նա չի կարող հրաժարվել նաև Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու իր հայտարարությունից։ Ստեղծվել է ինչ-որ իմաստով փակուղային իրավիճակ, և դրանից ելքեր ու լուծումներ գտնելու համար Արցախի ղեկավարության հետ խորհրդակցությունները պարտադիր են։

Ի վերջո՝ եթե Հայաստանի իշխանությունը պնդում է Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտության մասին, ապա մինչև այդ տեղի ունեցող բանակցային գործընթացի վերաբերյալ պետք է ոչ միայն տեղյակ պահի Արցախի ղեկավարությանը, այլև նրա հետ համատեղ մշակի բանակցային ռազմավարությունն ու մարտավարությունը։

Բացի այդ, վերջին ամիսներին մի շարք ներքին խնդիրների պատճառով որոշակի սառնություն էր առաջացել Հայաստանի ու Արցախի ղեկավարությունների, վերնախավերի միջև։ Պետք է հույս ունենալ, որ Արցախի ազգային անվտանգության խորհրդի նիստին՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, այդ սառնությունը կամ չհասկացվածությունը որոշակիորեն կմեղմվի, ինչը անհրաժեշտ է նույն բանակցային գործընթացում միասնաբար ու միակամ հանդես գալու համար։

1in.am