Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության հարթակ տրամադրելու պատրաստակամությունը
Ռուսաստանի Դաշնությունը միշտ պատրաստակամ է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապրիլի 5-ին կայանալիք ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանը, կողմերի ցանկության դեպքում, նման հարթակ կտրամադրի:
«Երբ կողմերը տարբեր հարցերով դիմում են ՌԴ-ին՝ նման հարթակ ստանալու համար, Մոսկվան միշտ հարգանքով դիտարկում է այդ դիմումները»,- նշել է Զախարովան:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում, հունվարի 16-ին:
Armenpress.am