Ամռանը կանցկացվի հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ
https://parstoday.ir/hy/news/armenia-i107017-Ամռանը_կանցկացվի_հայ_վրացական_միջկառավարական_տնտեսական_հանձնաժողովի_նիստ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մայիսի 3-ին քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2019 16:14 Asia/Tehran
  • Ամռանը կանցկացվի հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մայիսի 3-ին քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական պատվիրակությունը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են տարբեր մակարդակներում պարբերական հանդիպումների և քննարկումների անցկացումը։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների, մասնավորապես՝ տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև՝ հումանիտար ոլորտին վերաբերող հարցերի։

Գոհունակությամբ նշվել է այս տարվա ամռանը հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ անցկացնելու շուրջ ձեռք բերված համաձայնությունը, քննարկվեց նաև նույն ժամանակահատվածում հայ-վրացական գործարար համաժողով անցկացնելու հարցը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ այս նախաձեռնությունները նոր հնարավորություններ կստեղծեն երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։

 Armenpress.am