Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկները Ծաղկաձորում անցկացնում են անվասայլակներով բասկետբոլի տարածաշրջանային մարզահավաք
https://parstoday.ir/hy/news/armenia-i107069-Հայաստանի_Վրաստանի_և_Իրանի_մարզիկները_Ծաղկաձորում_անցկացնում_են_անվասայլակներով_բասկետբոլի_տարածաշրջանային_մարզահավաք
Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում մայիս 3-10-ն անցկացվում է անվասայլակներով բասկետբոլի տարածաշրջանային մարզահավաք, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2019 11:54 Asia/Tehran
  • Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկները Ծաղկաձորում անցկացնում են անվասայլակներով բասկետբոլի տարածաշրջանային մարզահավաք

Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում մայիս 3-10-ն անցկացվում է անվասայլակներով բասկետբոլի տարածաշրջանային մարզահավաք, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանում նման հավաք առաջին անգամ է անցկացվում:

«Հավաքին մասնակցում է Հայաստանի հավաքականը: Վաղը լինելու է ընկերական հանդիպում Հայաստանի, Իրանի և Վրաստանի թիմերի հետ: Կարծում եմ, որ նման նախաձեռնությունների իրականացումը լուրջ խթան կլինի տարածաշրջանում անվասայլակներով բասկետբոլի զարգացմանը»,-ասաց Հակոբ Աբրահամյանը:

Ծրագրի նպատակն է տարածաշրջանում զարգացնել անվասայլակներով բասկետբոլը, հաստատել կապեր Վրաստանի և Իրանի անվասայլակներով բասկետբոլի թիմերի միջև՝ հետագայում տարածաշրջանային առաջնություններ կազմակերպելու համար:

Իրանի պատվիրակության ղեկավար, Մազանդարան  գավառի սպորտի  պատասխանատու Նաղի Մահդավին կարևոր համարեց նման հավաքների անցկացումը: Նա նշեց, որ մասնակցում են բավական ուժեղ մարզիկներով:

«Հայաստան եկած թիմում կան Իրանի ազգային հավաքականի, Բարձրագույն լիգայի խաղացողներ, այնպես, որ թեժ խաղ ենք ակնկալում: Հայաստանում առաջին անգամ ենք, ուզում եմ ընդգծել կազմակերպչական բարձր աշխատանքը, ինչը կարևոր է»,-ասաց Նաղի Մահդավին: Նա նշեց, որ այս միջոցառումը լավ հնարավորություն է փորձի փոխանակման համար: Իրանը մեծ փորձ ունի, այնտեղ պարալիմպիկ մարզաձևերը բավական զարգացած են:

Իրանի փորձն ընդգծեց Վրաստանի անվասայլակներով բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Գիորգի Ակմետելին: Նա նշեց, որ մրցումների պակասը շատ խիստ ազդում է թիմերի զարգացման վրա: Այս հավաքներին մասնակցելով՝ նա ակնկալում է, որ հնարավորություններ կստեղծվեն ավելի շատ մրցումներ ունենալու, միմյանց հետ մրցակցելու:

Հայաստանում պարալիմպիկ սպորտի զարգացման համար, ըստ Հակոբ Աբրահամյանի, չնայած սուղ միջոցներին, տարիներ շարունակ զգալի աշխատանք է կատարվել: Ամեն դեպքում, դեռ շատ անելիքներ կան, որովհետև բազմաթիվ չլուծված խնդիրներ շարունակում են օրակարգում մնալ:

«Իհարկե, պարալիմպիկ սպորտի զարգացման գլխավոր խնդիրը ֆինանսավորման պակասն է: Դրանից բացի, համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը: Օրինակ, հիմա մենք տարածաշրջանային հավաք ենք կազմակերպում, սակայն չենք կարողանում Երևանում գտնել հարմարեցված հյուրանոց, որտեղ կկարողանանք տեղավորել հաշմանդամություն ունեցող մարզիկներին»,-ասաց նա:

Գիորգի Ակմետելին էլ որպես խնդիր մատնանշեց հասարակության վերաբերմունքը: Թեպետ, տարիների ընթացքում փոփոխություններ կան, սակայն կարծրատիպերը շարունակում են խոչընդոտ լինել:

Armenpress.am