Դեսպանը վերահաստատում է ԼՂ հակամարտության առանց էսկալացիայի կարգավորման ՌԴ դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i108294-Դեսպանը_վերահաստատում_է_ԼՂ_հակամարտության_առանց_էսկալացիայի_կարգավորման_ՌԴ_դիրքորոշումը
Ռուսաստանի Դաշնությունը մնում է այն դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի առանց էսկալացիայի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2019 04:05 Asia/Tehran
  • Դեսպանը վերահաստատում է ԼՂ հակամարտության առանց էսկալացիայի կարգավորման ՌԴ դիրքորոշումը

Ռուսաստանի Դաշնությունը մնում է այն դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի առանց էսկալացիայի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանը կարևոր և նշանակալից դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հենվելով այն հարաբերությունների վրա, որոնք կապում են իրեն Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես ռազմավարական գործընկեր, և Ադրբեջանի Հանրապետության, որը հանդիսանում է մեր վաղեմի գործընկերը: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահողների կազմում ենք գործում: Այս հարցում անում ենք ինչպես համատեղ քայլեր մեր գործընկերների հետ, այնպես էլ առանձին քայլեր: Այս մեխանիզմները կան, աշխատում են: Ռուսաստանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը: Մենք կողմ ենք, որ էսկալացիա չլինի և այդ ճանապարհին անում ենք այն քայլերը, որոնք կարող ենք անել: Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցային գործընթաց հաստատվի: Պարզ է, որ հարցի կարգավորման վերաբերյալ վերջնական որոշումը լինելու է հակամարտող կողմերինը, և այստեղ պետք է հավասարակշռված մոտենանք Ռուսաստանի դերին, այն կարևոր է, բայց չի կարող ազդել կողմերի որոշումների վրա»,- ասաց Կոպիրկինը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:

Armenpress.am