ԱԳՆ մամուլի խոսնակը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i109717-ԱԳՆ_մամուլի_խոսնակը_վերահաստատում_է_ԼՂ_հակամարտության_կարգավորման_վերաբերյալ_ՀՀ_դիրքորոշումը
Հայաստանի Հանրապետությունը Արցախյան հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2019 17:09 Asia/Tehran
  • ԱԳՆ մամուլի խոսնակը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետությունը Արցախյան հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 23-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Գործընթացի կարգավորման առումով մեր սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումներն ամրագրված են Կառավարության փաստաթղթում, որը բաց է, և որտեղ հստակ բոլոր տարրերն ամրագրված են, և մեր բոլոր հայտարարությունները հիմնված են այդ տարրերում ընդգրկված շրջանակի մեջ: Այն է` հիմնախնդրի կարգավորում բացառապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա` մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի: Մենք ներկայացրել ենք, որ մեզ համար առաջնահերթությունն Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են, և նաև որպես հակամարտության հիմնական կողմ, Արցախը պետք է ներգրավվածություն և որոշիչ ձայն ունենա տևական և իրական խաղաղ կարգավորման գործընթացում»,- ընդգծեց Նաղդալյանը:

Մամուլի խոսնակը նշեց, որ Ադրբեջանի կողմից հայատյացության ու առաջնագծում իրավիճակը լարված պահելու պարագայում հնարավոր չէ զուգահեռ արդյունավետ բանակցություններ վարել:

Armenpress.am