Երրորդ ճանապարհը դեպի ԼՂ (Արցախ). փակել կարևոր բացը
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է Հայաստան-Արցախ երրորդ ճանապարհի շինարարության քննարկումների մասին: Գրիգորյանը հայտնել է, որ ռեսուրսների խնդիր չկա, և ծրագրում են քննարկումների ավարտից հետո ծրագիրը իրականացնել հնարավորինս արագ:
Հայաստան-Արցախ որևէ ճանապարհի ռազմավարական նշանակության հարցի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Միաժամանակ աներկբա է, որ հարավային ուղղությամբ նախատեսվող՝ Կապան-Հադրութ այդ ճանապարհը էլ ավելի կբարձրացնի Հայաստան-Արցախ ռազմավարական կապի ամրությունն ու, այսպես ասած, թողունակությունը՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական իմաստով:
Միևնույն ժամանակ այստեղ, իհարկե, առկա է ոչ միայն զուտ հաղորդակցության, ճանապարհային ենթակառուցվածքի խնդիր: Երրորդ ճանապարհը պետք է դարձնել Արցախի հարավային գոտու վերաբնակեցման ճանապարհ, որովհետև այդ տեսանկյունից Հայաստան-Արցախ ճանապարհային կապը, մինչ այժմ լինելով հույժ կարևոր, ռազմավարական նշանակության ենթակառուցվածք, իր ամբողջության մեջ եղել է թերի, քանի որ թերի է եղել վերաբնակեցման քաղաքականությունը: Իսկ եթե չկա վերաբնակեցման ամբողջական, համալիր, հայեցակարգային քաղաքականություն, ապա դա նշանակում է, որ Հայաստան-Արցախ ենթակառուցվածքներն էլ պետական շահին ու ռազմավարությանը ծառայում են կիսատ, թերի:
Այդ տեսանկյունից, իրենց թերատությամբ հանդերձ, հյուսիսային՝ Քարվաճառի ուղղությամբ, և փաստացի կենտրոնական ստացվող՝ Քաշաթաղի ուղղությամբ վերաբնակեցման շոշափելի պատկեր առկա է, թեև այդ պատկերն ունի կյանքի որակի էական խնդիրներ: Այդուհանդերձ, իրավիճակը շատ ավելի բաց է հարավային ուղղությամբ՝ դեպի Իրանի սահման: Ուղղություն, որը իր կարևորությամբ անկասկած առաջնայինն ու գերական է գրեթե բոլոր իմաստներով:
Իհարկե, բացարձակապես չենք փորձում դասակարգել այդ կամ այն ուղղության կարևորությունը, քանի որ Արցախն իր ներկայիս սահմանով հայկական պետականության անվտանգության և միջազգային հայկական սուբյեկտության համար կարևոր է անքակտելիորեն, ամբողջության մեջ, սակայն այդուհանդերձ իր մի շարք նուրբ շերտերով առանձնահատուկ է հարավային ուղղությունը, որը սահմանակից է Իրանին:
Այդ տեսանկյունից վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի օրերին հատկանշական էր ԱԱԾ պետի այցը Արցախի հարավ՝ Արաքսավան, որտեղ նա, որպես անվտանգության սպա, հայտարարել էր որևէ տարածքի հանձնումը բացառելու մասին և խոսել վերաբնակեցման անհրաժեշտության ու հեռանկարի մասին: Այդ հայտարարությունները հատկապես կարևոր էին հենց վարչապետի՝ Իրան կատարած առաջին այցի ֆոնին: Իսկ Իրանը հայկական անվտանգային համակարգի հարցում ունի գործընկերային կարևոր դերակատարում ու նշանակություն, ընդ որում՝ չնայած միջազգային կոնֆլիկտային հանգամանքներին, Իրանի այդ դերակատարումը թերևս ճանաչված է նաև Մինսկի խմբի համանախագահների շրջանակում:
Երրորդ ճանապարհի հանգամանքը հայկական կողմի ուղերձը կամ հաղորդագրությունը կլինի, որ արված հայտարարությունները լոկ խոսք չեն, ինչպես եղել է հիմնականում անցնող քսանհինգ տարիներին, այլ գործ: Այդ պատճառով է, որ այն չպետք է կանգ առնի ճանապարհի վրա և ճանապարհով պետք է գնալ վերաբնակեցման հայեցակարգային քաղաքականության և լրացնել անվտանգային ու սուբյեկտային ռազմա և իրավաքաղաքական բացերը:
1in.am