Կարևոր է բիզնես շահերի պաշտպանությունը. Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ-Իրան համագործակցության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Գոլամհոսեյն Շաֆեին Բիշքեքում «Եվրասիական շաբաթ-2019» ֆորումի շրջանակում հանդիպում են ունեցել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կողմերը քննարկել են ժամանակավոր համաձայնագրի շրջանակում ֆինանսական, մաքսային և տեխնիկական համագործակցության ասպետկները, որոնք բերելու են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու այս տարվա հոկտեմբերի 27-ից:
«Մեր երկրներն ունեն լիարժեք փոխըմբռնում: Սակայն շատ կարևոր է առավելագույնս հաշվի առնել գործարար հանրության շահերը, մշակել մեր համագործակցության հասկանալի մեխանիզմները և երաշխավորել բիզնեսին անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին Գոլամհոսեյն Շաֆեին ընդգծել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի փոխգործակցության ուղղությամբ որպես առաջնային խնդիր ինքը տեսնում է քաղաքացիների և կապիտալի տեղաշարժի պարզեցված ընթացակարգի ձևավորումը:
«Իրանական գործարար հանրությունը շատ է հետաքրքրված ԵԱՏՄ երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ: Մեր փոխգործակցության հնարավորությունները, որոնք բացում է համաձայնագիրը, շատ բարձր են»,- ասել է նա:
Armenpress.am