Հայաստանը դարձավ ԵԱՏՄ ինքնամաքրման կատալիզատորը. անդամ երկրներն ընդունեցին խաղի կանոնները
https://parstoday.ir/hy/news/armenia-i112078-Հայաստանը_դարձավ_ԵԱՏՄ_ինքնամաքրման_կատալիզատորը._անդամ_երկրներն_ընդունեցին_խաղի_կանոնները
Երևանում անցկացվող ԵԱՏՄ վեհաժողովն առաջին անգամ անցկացվում է ԵԱՏՄ – Իրան – Սինգապուր ոչ ֆորմալ ձևաչափով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2019 05:36 Asia/Tehran
  • Հայաստանը դարձավ ԵԱՏՄ ինքնամաքրման կատալիզատորը. անդամ երկրներն ընդունեցին խաղի կանոնները

Երևանում անցկացվող ԵԱՏՄ վեհաժողովն առաջին անգամ անցկացվում է ԵԱՏՄ – Իրան – Սինգապուր ոչ ֆորմալ ձևաչափով:

Պաշտոնական Երևանին փաստացի հաջողվել է ԵԱՏՄ հերթական վեհաժողովին տալ քաղաքական աննախադեպության այդ փաթեթը, որն ինքնին քաղաքական պրոտոկոլ լինելուց զատ, անշուշտ, իրական քաղաքականություն է: Ամեն ինչ կախված է այն օրակարգից, որ կհաջողվի դնել երևանյան հավաքի մասնակիցների առաջ՝ ոչ միայն թղթերի տրցակում, այլ նաև երկրների առաջին դեմքերի շփումներում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը և կառավարման հարցերի փորձագետ Սերոբ Անտինյանը:

Արման Նավասարդյանի դիտարկմամբ՝ Իրանի և Սինգապուրի մասնակցությունը ԵԱՏՄ վեհաժողովին եթե օրակարգում ինչ-որ բան չի փոխում, ապա փիլիսոփայությունն է նոր հարթության վրա դրվում: «Հետաքրքիր է, որ Սինգապուրի նման երկիրն է մասնակցում: Այս վեհաժողովին շատ կարևոր է նաև Ռոհանիի մասնակցությունը՝ մանավանդ նկատի ունենալով, որ նրա և Պուտինի այցելությունները հատվում են՝ անկախ նրանից՝ բանակցություններ եղել են, թե ոչ. սա ինքնին հետաքրքիր աշխարհաքաղաքական երևույթ է: Երևանյան վեհաժողովին Ռոհանիի մասնակցությունը նոր շնչառություն կհաղորդի մեր ինտեգրացիոն քաղաքականությանը…»,- նշեց արտակարգ և լիազոր դեսպանը:

Սերոբ Անտինյանի դիտարկմամբ՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում ԵԱՏՄ-ի նկատմամբ Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն է նկատվում. «Ըստ էության՝ պասիվ, կրավորական կեցվածքից ՀՀն-ն դուրս է եկել և այսօր ԵԱՏՄ-ի հանդեպ դրսևորում է  նախաձեռնողական և պրոակտիվ քաղաքականություն:

Չմոռանանք, որ ԵԱՏՄ-ն, լինելով տնտեսական միություն, այնուհանդերձ գեոքաղաքական պրոյեկտ է, որը նպատակ ունի բավարարել Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները»- նշեց Սերոբ Անտինյանը՝ հավելելով, որ Հայաստանն անցում է կատարել ռեալ քաղաքականության տիրույթ, և Փաշինյանի քաղաքական ակտիվությունը եկավ ֆիքսելու Հայաստանի իրական քաղաքական շահը ԵԱՏՄ-ում»:

Կառավարման փորձագետի դիտարկմամբ՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է՝ դառնալով ավելի պոզիտիվ:

Մանրամասն՝ տեսանյութում:              

1in.am