ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i112146-ՀՀ_ԱԳՆ_խոսնակն_անդրադարձել_է_Սերգեյ_Լավրովի_մեկնաբանություններին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է «Վալդայ» համաժողովին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2019 14:51 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է «Վալդայ» համաժողովին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը. 

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»: 

Պատասխան. Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը գրավականն է խաղաղ կարգավորման ու այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից: 

Ձեր հարցում նշված մեկնաբանության առնչությամբ վերահաստատում ենք ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության և փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձևը: Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: 

Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներն առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չեն նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը:  

Հարց. ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է դիակների փոխանակման, ինչպես նաև փոքրաթիվ կալանքի մեջ գտնվող անձանց փոխանակման մասին: Կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչի մասին է խոսքը:

Պատասխան. Դիակների փոխանակում տեղի չի ունեցել, այլ արցախյան կողմը, որպես մարդասիրական քայլ, թույլ է տվել Ադրբեջանի ԶՈՒ ծառայողի դիակի տարհանում: 

Պետք է հստակ ամրագրենք, որ Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում, այլ հանդես է գալիս հումանիտար իրավունքի շրջանակներում յուրաքանչյուր առանձին դեպքի հասցեագրման դիրքերից:

Armenpress.am