ՀՀ-ի դիվանագիտական մանևրն Ադրբեջանին դրդելու է ստատուս-քվոն փոխել պատերազմով
https://parstoday.ir/hy/news/armenia-i112479-ՀՀ_ի_դիվանագիտական_մանևրն_Ադրբեջանին_դրդելու_է_ստատուս_քվոն_փոխել_պատերազմով
Որևէ մեկը լիազորված չէ ԼՂ-ի փոխարեն խոսել այն հարցերի մասին, որոնք բացառապես գտնվում են Արցախի իրավասության տակ: Դա կարգավիճակն է, Արցախի տարածքային ամբողջականության խնդիրն է: 94 թվականի համաձայնագիրն ակնհայտորեն ցույց է տալիս, թե ովքեր են հակամարտող կողմերը: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2019 05:52 Asia/Tehran
  • ՀՀ-ի դիվանագիտական մանևրն Ադրբեջանին դրդելու է ստատուս-քվոն փոխել պատերազմով

Որևէ մեկը լիազորված չէ ԼՂ-ի փոխարեն խոսել այն հարցերի մասին, որոնք բացառապես գտնվում են Արցախի իրավասության տակ: Դա կարգավիճակն է, Արցախի տարածքային ամբողջականության խնդիրն է: 94 թվականի համաձայնագիրն ակնհայտորեն ցույց է տալիս, թե ովքեր են հակամարտող կողմերը: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

ՀՀ արտաքին կուրսը տարիներ շարունակ ղարաբաղյան հարցում որդեգրել է մի քաղաքականություն, որն, ի վերջո, կարող է իրավիճակը տանել փակուղի և Ադրբեջանին պատերազմ սկսելու քարթ-բլանշ տա:

Շավարշ Քոչարյանը շեշտում է, որ Արցախն է որոշելու իր կարգավիճակն ու տարածքների հարցը, սակայն Արցախն այսօր ներկայացված չէ բանակցային սեղանին՝ Արցախի փոխարեն դե-ֆակտո բանակցում է ՀՀ-ն: Դե-յուրե Ստեփանակերտի բանակցություններին մասնակցելու համար Բաքուն պետք է ճանաչի Արցախին, որպես բանակցությունների կողմ, այսինքն ճանաչի սուբյեկտայնությունը, սակայն Ադրբեջանը դա երբեք չի անելու:

Այս պարագայում Ստեփանակերտը տարիներ շարունակ հայտարարում է, որ Արցախի այսօրվա սահմանները քննարկման կամ վիճարկման ենթակա չեն՝ 12.000 քկմ  կազմում  է     ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) տարածքն ու անվտանգության գոտին: Ժամանակ առ ժամանակ Ստեփանակերտից հնչում են մեսիջներ, որ Արցախը նույնպես ունի օկուպացված տարածքներ Մարտակերտի շրջանում և այլն, անգամ խոսվում է Գետաշենի, Շահումյանի մասին, որոք գտնվում են Բաքվի օկուպացիայի տակ և նրանք դա հետ են պահանջում:

Սակայն բանակցություններում առկա չէ որևէ կետ այդ տարածքների մասին՝ բանակցություններն ընթանում են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների շուրջ, որտեղ հստակ կա խնդրի լուծման ալգորիթմ, որը ենթադրում է 7 շրջանների վերադարձ Ադրբեջանին, ուր պետք է վերադառնան նաև ադրբեջանցի փախստականները: Արցախի տարածքների մասին խոսք չկա, անգամ խոսք չկա հայ փախստականների մասին՝ կես միլիոն ադրբեջանահայերի, որոնք տեղահանվել են էթնիկ զտումների հետևանքով Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից և այլ քաղաքներից:

Այս պարագայում ինչպե՞ս կարող է Արցախը, որին Բաքուն չի ճանաչում բանակցությունների կողմ, խոսել իր կարգավիճակի կամ սահմանների մասին, երբ Բաքվի հետ բանակցում է Երևանը և Մինսկի խումբը հենց ՀՀ-ից է պահանջելու կյանքի կոչել այն փաստաթուղթը, որի շուրջ տարվում են բանակցությունները:

Հյաստանը դիվանագիտական մանևր է անում՝ չցանկանալով գնալ զիջումների Ադրբեջանին և գնդակը տեղափոխում է Արցախի կիսադաշտ՝ նշելով, թե ՀՀ-ն հակամարտության կողմ չէ, հակամարտության կողմ են Արցախն ու Ադրբեջանը: Եվ որ Շավարշ Քոչարյանի հիշատակած 1994թ.-ի հրադադարի մասին համաձայնագրի տակ դրված է նաև Արցախի ներկայացուցչի ստորագրությունը, այսինքն հրադադարը եռակողմ է՝ ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի մասնակցությամբ:Սակայն դա հեռավոր 1994թ.-ին էր և դրանից հետո Ադրբեջանը դարձել է նավթագազային խոշոր խաղացող և հետաքրքիր է Արևմուտքի համար իր տրանսպորտային, էներգետիկ լոգիստիկայով և նավթագազային ռեսուրսներով, իսկ դա նույնպես ազդում է գեոպոլիտիկ, ռազմական ուժերի վրա և ղարաբաղյան բանակցություններում արդեն իսկ բարդ է լինելու հետ վերադարձնել Արցախը բանակցային սեղան, որպեսզի Իլհամ Ալիևը բանակցությունների մի սեղանի շուրջ նստի ԼՂ-ի  նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հայաստանի նոր իշխանություններն ամեն կերպ մանևրում են, որպեսզի չգնան մադրիդյան սկզբունքներով ղարաբաղյան հարցի կարգավորմանը՝ հողեր չզիջեն ադրբեջանական կողմին:

Սակայն դարձնել Արցախը բանակցային սեղան վերադարձնելը գերխնդիր նշանակում է որդեգրել կոշտ դիրքորոշում, ինչն էլ Ադրբեջանին ի վերջո ստիպելու է ստատուս-քվոյի փոփոխության գնալ ռազմական ուժով: Եթե հայկական կողմը որդեգրում է ոչ մի թիզ հող հակառակորդին սկզբունքը, ապա պետք է ակտիվորեն պատրաստվի լայնածավալ պատերազմի՝ պատրաստի թե՛ երկրի տնտեսությունը, թե՛ բանակն ու հասարակությունը, այլ ոչ թե քարոզի պացիֆիզմ և Արցախի ու ՀՀ-ի միջև արհեստական լարումներ մտցնի՝ հետապնդելով պատերազմի հերոսների ու Արցախի գեներալիտետին դարձնելով թիրախ:

Verelq.am